Մենք- Ամառ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կորցրած  ծովերի անանց կարօտս զսպում եմ ու որոշում ամառային արձակուրդս Հայաստանում անցկացնել: Ծերացող ծնողներիս (ինչ ծանր է բարձրաձայնելը) հետ կը լինեմ` ամարանոցում ու քաղաքական աշուն-ձմեռ-գարուն անվերջ անհամ ու անհեռանկար ինքնապտոյտից յոգնած հայեացքս ու միտքս մի քիչ կը խաղաղուի Ծաղկաձոր-Հանքաւան ոլորաններին:

Արձակուրդիս առաջին մասը յաջողուած է ու` աւելի քան արդարացուած. ծնողներս անսպասելի որոշումիցս անասելի ուրախ են, երջանիկ: Հարեւանները քաղաքից եկած ու հեռուստացոյցով ու թերթերով տեսած «յայտնի» հարեւանի համար մեղր, պանիր ու նոր թխած լաւաշ են բերում: Ճիշդ է, բնաւորութեանս համաձայն (փաստօրէն բնութիւնից եմ ընդդիմադիր) փնթփնթում եմ ու կենցաղային «սխալներ» գտնում, բայց, միեւնոյն է,  ծնողների հետ լինելու պարգեւն ուրիշ է, ու նորից ու դարձեալ նոյն բանաձեւն է թանձրանում ուղեղումս` էս փսորուող ու դառնացնող, մարդուն մենակ թողնող աշխարհում որքան կարեւոր է ընտանիք տաք ու անդաւաճան քառակուսին: Առաւօտուայ, աւելի շուտ վաղորդայնի կաթնալոյսի մէջ շօշափուող ցօղի, անտառից եկող հողի զարթօնքի, ուրցի, հատապտուղների, հնձած խոտի ու գոմերից դուրս պրծած ոչխարների հոտից գրեթէ ալպիական մանուշակի բզէզի օրն եմ ընկնում ու համարեա հաւատում Քոքա-քոլայի հանրայայտ գովազդին` կեանքը հիասքանչ է:

Ծաղկաձոր-Հանքաւան ոլորապտոյտ ճանապարհը դեռ մանկութիւնից է ծանօթ: Մինչեւ ամարանոց ունենալը Մարմարիկի գետամերձ ափերին «փիքնիք»-ի էինք գնում, յետոյ, անպայման ձմերուկով, տեսակցում կիրճի ճամբարներում հանգստացող բազմաթիւ զարմիկներիս հետ, իսկ աւելի յետոյ` պիոներիայի ու Խորհրդային Միութեան վերջին հնչիւններին, «տեսչական» այցով ճամբարներն էի ստուգում: Այդ օրերի քաղաքակիրթ, ապահով ու կազմակերպուած մանկական աղմուկը մինչեւ հիմա ականջներումս է. Ծաղկաձոր-Հանքաւան կիրճը բւուում էր խանձուած դէմքերով «քեաչալ» պատանիների ու երկարահիւսք, վզկապաւոր աղջիկների աղմուկից, օդի մէջ աշխատանքի, բարի քրտինքի, օթոքարի ու մաքարոնով փլաւի հոտ կար, անտեսանելի, բայց ապահով տանիքի զգացողութիւն, միջակ հաւասարութեան ու տանելի,  չքննուող արդարութեան զգացողութիւն:

Նոյն ճանապարհով, էլի օգոստոսին, մեքենան շարժւում է դէպի Հանքաւան: Մարմարիկի ձախ ափամերձը պատնէշող խիտ ու թանձր կանաչ անտառը տիրական է, չյարդարուած, արական անպաճոյճ գեղեցկութեամբ: Անտառը տեղ-տեղ պատռած բացատներին կարծես թաւշէ հանդարտութիւն իջած լինի ու թւում է, թէ լսում եմ այդ կողմերով սահած ժամանակի արձագանգը: Այստեղով Աստծոյ ձեռքն է անցել, մտածում եմ ես ու զարմանում, թէ ինչ ճիշդ էր զգացել Անտրէյ Պիթովը, երբ գրել է, թէ Աստուած աշխարհի արարման առաջին օրը Հայաստան է արարել` անվարժ ու պատասխանատու ձեռքով: Իսկապէս. մեր սովոր աչքն ու միտքն այսքան դիպուկ չէր լինի:

Գետի աջ ափին գիւղերն են. մինչեւ Հանքաւան չորս-հինգ գիւղ կայ: Գիւղերից երկուսում Գետաշէնից ու Բաքուի ջարդերից փրկուած հայեր են ապրում: Նրանց մինչեւ հիմա փախստական են ասում: Գրեթէ տասնհինգ րոպէ անցնում է մեքենան եւ ոչ յընթացս, ոչ հանդիպակած մեքենայ չի երեւում: Լսում եմ լռութիւնն ու ակների տակ ընկնող փոքրիկ քարերի ճտճտիւնը: Կարծես կեանքը կանգ առած լինի. ամառուայ տապին սառած գիւղեր, նոյնիսկ սովորաբար գիւղական խանութների պատերի տակ նստած, ձեռնափայտերին  կռթնած տարեցներ չկան: Մերթ ընդ մերթ աչքիս են ընկնում անշնորհք, ծռտիկ-պռտիկ  ցանկապատերին կամ հէնց տների վրայ ծորացած ներկով «Վաճառւում է» գրութիւններ: Ճանապարհի երկու կողմերում նախկին հանգստեան տների ու առողջարանների շէնքեր են` կմախքներ յիշեցնող, հանած լուսամուտափեղկերից դատարկ խոռոչներով, ժանգոտ, ծեծուած ու ճռռացող դարպասներով: Այս ամէնը Սառը պատերազմի մասին հոլիվուտեան ժապաւէն է յիշեցնում` աղէտից յետոյ մեռած քաղաքի ու բանին անտեղեակ բնութեան շքեղ հակադրութեամբ:

Վարորդը նկատում է զարմանքս ու ասում. «Էս անտառներն ու հանդերը վաղուց տէր ունեն, հեչ չմտածես, բայց գիւղացին մնայ` ի՛նչ անի, գործ չկայ, սաղ Ռուսաստան են»: Ես ի հարկէ զարմացած չեմ, ոչ էլ պատասխանն է անծանօթ:

Հանքաւանի հանքային ջրերի առասպելից չորս-հինգ տաշտաչափ մի քանի աւազան է մնացել` «ռմբակոծուած» ու բոլորովին մերկ երեք-չորս  սենեակի մէջ: Եօթ տարի առաջ էի եղել այդտեղ, ոչինչ չի փոխուել. սենեակների դռներն աւելի են ժանգոտել, իսկ սառը ջրով խողովակը, որ «ցնցուղ» էր աշխատում, այլեւս չկայ: Արեւային ակնոցներով ինքս ինձանից թաքնուելով ու հնարաւոր ծանօթներից խուսափելով` արժանապատուութիւնս հաւասարակշռում եմ  Հանքաւանի հանքային ջրերի մասին խորհրդային  առասպելով ու մտնում եմ աւազան: Ուզում եմ հաւատալ առասպելին ու ողջ ընթացքում մտածում, թէ ո՛չ Պատեն-Պատենի, ո՛չ Մինվոտիի, ո՛չ էլ Կառլովի Վարիի ջրերը հաստատ սրանից բուժիչ չեն: Նորից ակնոցներով դուրս եմ գալիս աւազան-սենեակից ու բանաստեղծի թախծոտ դէմքով աշխատեցնողին ասում. «Գոնէ մի քիչ բարեկարգէք այս…»: «Հայ ժողովրդին էս էլ ա շատ», շպռտում է «օպիէքթ նայողն» ու մեր երկխօսութիւնն աւարտւում է: «Մի քիչ խելքի բերեն, ձեռներից կ՛առնեն», իմանալով մեր զրոյցի մասին` համոզուած ասում է վարորդը, «հեշտ չի»:

Նոյն  ճանապարհով յետ ենք գալիս. հայեացքս մօտալուտ մայրամուտի մէջ աւելի խիտ թուացող անտառին է, հեզացած ու դանդաղահոս գետին, հեռուից բարեկարգ թուացող մէկ-երկու ճամբարներին, բացատներում իրար վրայ բերած ու արեւի տակ չորացող խոտի դէզերին, նոյն բացատներում մերթ ընդ մերթ յայտնուող ձիերին, մտքիս մէջ` «Հայ ժողովրդին էս էլ ա շատ» նախադասութիւնը:

Շրջադարձին մեքենան կանգնեցնում է տաս-տասներկու տարեկան մի տղայ ու խնդրում հասցնել ճանապարհի գիւղերից մէկը:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )