Յետ Մահու Յարգանքի Եւ Սրտի Խօսքեր

Ցաւակցական Խօսքեր

Մեծ է նրա աւանդը մեր լրագրութեան, հրապարակախօսութեան, թարգմանական գրականութեան հարստացման, ինչպէս նաեւ հրատարակչական եւ գրական կեանքի կազմակերպման գործում:

Խորին ցաւակցութիւն եմ յայտնում Լեւոն Անանեանի ընտանիքին, հարազատներին եւ գրական հանրութեանը, որին նա ծառայեց մեծ նուիրումով ու եռանդով:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
ՀՀ նախագահ

 *
*  *

Լեւոն Անանեանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականութեան եւ լրագրութեան մէջ թէ՛ որպէս արձակագիր ու հրապարակախօս, թէ՛ որպէս «Գարուն» ամսագրի երկարամեայ գլխաւոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչութեան միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականութեան գլուխ-գործոցները: Լեւոն Անանեանի շնորհիւ Հայաստանի Գրողների Միութեան գործունէութիւնը բարձրացաւ նոր մակարդակի, աւելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կեանքի վերջն էլ Լեւոն Անանեանն ակտիւ գրական-հասարակական գործունէութիւն էր ծաւալում եւ մեր յիշողութեան մէջ կը մնայ որպէս երկրի ու հասարակութեան հոգսերով ապրող սկզբունքային մտաւորական:

ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ

 *
*  *

Լեւոն Անանեանը մեծ հայրենասէր էր եւ պատկանում էր հայ ժողովրդի այն զաւակների շարքին, ովքեր անմնացորդ նուիրուել են հայրենիքին ծառայելու, նրա հոգսերով ապրելու, հարազատ երկիրը համայն աշխարհին ներկայացնելու պատուաբեր առաքելութեանը:

Անգնահատելի է Լեւոն Անանեանի ներդրումը հայ գրականութեան զարգացման գործում: Նրա բազմաթիւ արժէքաւոր ստեղծագործութիւններն արդէն իսկ իրենց արժանի տեղն են զբաղեցրել հայ դասականների շարքում:

Լեւոն Անանեանը մեծ յարգանք ու պատիւ է վայելում նաեւ Արցախում, որտեղ մեծ գրողին գիտեն որպէս ազգային-ազատագրական պայքարի երախտաւորի, ով ակտիւ աշխատանք է տարել միջազգային մշակութային շրջանակներում արցախեան հիմնախնդիրն արդարացիօրէն ներկայացնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչելի դարձնելու ուղղութեամբ:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ
Արցախի Հանրապետութեան նախագահ

*
*  *

… Կեանքով ու եռանդով լի, միշտ շարժման մէջ, միշտ նախաձեռնող Լեւոն Անանեանի մահը որոտ է անամպ երկնքում… Լեւոն Անանեանը գրող ու հրապարակագիր լինելուց զատ, նաեւ թատրոնի մարդ էր, թատրոնի մասին գրուած մի քանի տասնեակ խոր ու իմաստաւոր յօդուածների հեղինակ, ժամանակին աշակերտել էր նշանաւոր թատերագէտ Լուիզա Սամուէլեանին… Մեր մշակոյթը, գրական կեանքը կորցրեցին խոշոր անհատականութեան, ճշմարիտ մտաւորականի… Մենք բոլորս կորցրեցինք լաւ ընկերոջ, լաւ բարեկամի, կորցրեցինք ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆԻՆ… Խոնարհում ենք մեր գլուխները…

ՅԱԿՈԲ ՂԱԶԱՆՉԵԱՆ
Թատերական Գործիչների Միութեան նախագահ

*
*  *

Ծանր է անցեալով խօսել այնպիսի մարդու եւ մշակութային գործչի մասին, որպիսին էր Լեւոն Անանեանը:

Մեր ժողովուրդը նման դէպքերում ասում է. «Նա մեռնելու մարդ չէր»: Այո՛, Լեւոնը ապրելու եւ գործելու բազում ճանապարհներ դեռ ունէր անցնելու, չնայած, որ նրա գրական եւ հասարակական ոլորտի ձեռքբերումները նշանակալից են եւ անմոռաց:

Մեզ համար նա վստահելի եւ սիրուած գործընկեր էր, մարդ, ով մեր ծանր ու յեղյեղուկ օրերում ծառայեց մէ՛կ նպատակի` հայ գրականութեան եւ հայ մշակոյթի պահպանմանն ու զարգացմանը: Լեւոն Անանեանը ստեղծագործական միութիւնների մասին օրէնսդրութեան ստեղծման, առհասարակ պետութեան եւ հասարակութեան կեանքում ստեղծագործական միութիւնների դերի բարձրացման անխոնջ ջատագովներից էր. նրա գործն իր շարունակողին է սպասելու:

Եւ նրա տեղը մնաց թափուր:

Բարի ճանապարհ, սիրելի Լեւոն:

ԿԱՐԷՆ ԱՂԱՄԵԱՆ
Հայաստանի Նկարիչների Միութեան նախագահ

*
*  *

Երբ մարդը աշխարհ է գալիս`
աւելանում է աշխարհի վրայ,
Իսկ երբ մարդը գնում է աշխարհից`
պակասում է քեզանից…
Ու իջնում է ծանր մի լռութիւն.
յոգնում ու լռում են երազները…

Բոլոր այն պահերին, երբ մենք մի քանի հոգով` ճարտարապետ ու նկարիչ, ժուռնալիստ ու երաժիշտ, թատրոն ու կինօ հաւաքւում էինք իր մօտ` միասնաբար մտորելու եւ փորձելու մեր ապրել-չապրելու անելիք-պատասխանը գտնել, ես մշտապէս տեսնում-զգում էի, թէ ինչպէս է Լեւոնը վառւում յաջորդ վայրկեանով, թէ ինչպէս է նա իր անելիքով լցուած ու լծուած յաջորդ վայրկեանին: Դու իր հետ մտքով դեռ խօսում ես այստեղ, իսկ նա արդէն մտորում է ու գիտի, թէ իր յաջորդող քայլերը ինչպէս պիտի կազմակերպի: Որ հասցնի, որ լինի…

Այս ո՞ւր ես շտապում, ա՛յ եղբայր… Չէ՞ որ այնքան բաներ ունենք դեռ միասին անելու եւ դրանով լցնելու մեր յաջորդ գոյավայրկեանը: Թէկուզ նաեւ, ոչինչ, միասնաբար չյաջողելու…

Կեանքը մեզ տրուած է կեանքին դիմանալու համար: Իսկ դու չդիմացար, ուրեմն:

Շշկռուել ու մոլորուել է մեր բոլորիս յաջորդ վայրկեանը…

ՌՈՊԵՐԹ ԱՄԻՐԽԱՆԵԱՆ
ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագէտների Միութեան նախագահ

 *
*  *

Դժուար է պատկերացնել, որ կեանքից հեռացել է մեր լաւ ընկեր, ազնուագոյն մարդ, իսկական հայրենասէր` մեր սիրելի Լեւոնը:

Չեմ կարող չյիշել, որ երբ մենք` միութիւնների նախագահներս, հաւաքւում էինք որեւէ հարց լուծելու համար, ամենադժուար պարտականութիւնները նա վերցնում էր իր վրայ:

Դեռ կեանքի օրօք նա իր ուրոյն տեղն է զբաղեցրել թէ՛ ստեղծագործական եւ թէ՛ հասարակական կեանքում:

Նրա անզուգական եւ վառ յիշատակը միշտ կը մնայ մեր սրտերում:

ՌՈՒԲԷՆ ԳԷՈՐԳԵԱՆՑ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միութեան նախագահ

*
*  *

Անժամանակ, յանկարծակի ու անողոք մահը տարաւ մեր սիրելի ընկերոջը: Չկայ այլեւս անհանգիստ, պրպտող, հասնող ու պայքարող մեր ընկերը:

Ականջիս մէջ է մեր վերջին խօսակցութեան պատառիկը. «Գիւղում եմ, մայրիկիս շատ էի կարօտել, կը գամ, կը հանդիպենք, կը պայմանաւորուենք»:

Տեսնես ինչքան ծրագրեր կիսատ մնացին, ինչքան անկատար ստեղծագործութիւններ, չգրուած տողեր… Իր գրական գործին եւ Միութեանը նուիրուած էր մի առանձին սիրով ու տառապանքով: Իր տոկունութեան մէջ էլ չափազանց փխրուն էր: Մենք դեռ շատ կը փնտռենք նրան Երեւանի որեւէ փողոցում, մեր հեռաւոր ու մօտիկ գիւղերում, արտերկրի հայկական համայնքների դպրոցներից մէկում ու, աւա՜ղ, չենք գտնի: Դժուար է մխիթարական խօսքեր գտնել: Մխիթարականը մեր սիրելի ընկերոջ` Լեւոն Անանեանի թողած գործերն են եւ նրա բարի յիշատակը, որը միշտ մեզ հետ կը լինի:

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍԵԱՆ
Հայաստանի Ճարտարապետների Միութեան նախագահ

*
*  *

Ես հանդիպեցի Լեւոնին մի քանի տարի առաջ: Անմոռանալի պահեր էին: Թւում է, դեռ երէկ էր ու յաւերժ պիտի լինէր: Մենք շատ հարցեր քննարկեցինք: Երջանիկ էինք մեր հանդիպմամբ ու այն զգացողութեամբ, որ պոեզիան ու գրականութիւնը սահմաններ չունեն. ամէնուր արեւոտ օրուայ էր նման:

Հաճելի էր նրա էներգիան, ջերմութիւնը եւ նրա սիրալիր վերաբերմունքը: Ցաւալի է, որ նա այդքան շուտ հեռացաւ. այնքա՜ն շատ բան կարող էր անել:

ՄԱՐԻՈՒՍ ՉԵԼԱՐՈՒ

*
*  *

Հեռանալով` Բոլորին Պատգամ Թողեց.
«
Բարութեան Սերմեր Ցանէք, Չարութիւնը Վատ Խորհրդատու Է»

Ամէն ինչ անաւարտ մնաց. սկսած գրական գործը, հրապարակախօսական յօդուածը. մրցոյթներին ներկայացուած գործերի ընտրութիւնը. Հայաստանի եւ Սփիւռքի գրողների նոր ստեղծագործութիւնների շնորհանդէսները, ամէն ինչ ընդհատուեց. անսպասելի դաժան, անընկալելի, անբացատրելի, անհասկանալի…

անժամանակ հեռացաւ մեր ընկերը, գործընկերը, ստեղծագործական մեր բոլոր միութիւնների շարժիչ ուժը, մարտնչողը:

Մենք դա գիտէինք. գիտէինք նաեւ նրա կենդանութեան օրօք, պարզապէս այսօր չենք էլ պատկերացնում, որ այլեւս մեզ հետ չէ Լեւոն Անանեանը, ով այնքան արիաբար, նաեւ հումորով էր վերաբերւում չարակամներին, ամայացած հոգով ապրողներին ու մի անգամ հեգնախառն ժպիտով ասաց. «Բարութեան սերմեր ցանէք, չարութիւնը վատ խորհրդատու է»:

Մենք կը շարունակենք կատարել քո պատգամը, մեր անմոռանալի ընկեր:

ԱՍՏՂԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայաստանի Ժուռնալիստների Միութեան նախագահ

*
*  *

Լեւոնը Ջրաղացպան Չէր, Ջրաղաց Էր

Անընդհատ շարժման մէջ էր: Թեւաւորուած էր գործ անում: Յոգնութիւն չունէր: Զարմանալի եռանդ: Աշխարհի գրողների հետ գործ ունէր: Հասցնում էր ամէն ինչ անել յօգուտ Հայ գրի, Հայ ժողովրդի:

… Գնա՛, Լեւոն ջան, գնա՛, Կողբում ծնուած տղայ: Հետդ Երեւան բերեցիր քո Կողբի գրաբարոտ բարբառը, բերեցիր զարմանալի աշխատասիրութիւն, բերեցիր քո Սալքարի, քո Խլագոմի, քո Զիկատարի հեքիաթական գեղեցկութիւնը եւ… «Ես էնքա՛ն բան եմ տեսել, էնքա՛ն աղբ ու աղէտ կայ մեր կեանքում, որ միշտ ձգտում եմ գոնէ փոքրիկ մի նշոյլ, աննշան մի շող մատնանշել, որը կարող է ջերմացնել, դառնալ մի լաւ բանի սկիզբ, որ չյուսահատուես, անձնատուր չլինես: Ես էդ խրամատում եմ»: Դու զանգահար էիր, յարեհաս էիր, դու ամէն գործի քո բանաստեղծն էիր: Ճգնաւորի նման աշխատեցիր, հեռուն մօտիկ դարձրիր եւ կարողացար գրել քո կանչը` «Նամակ թուրք գրողին»: Դու էն հրամանատարը եղար, որ իրեն զինուոր ճանաչեց ու մարդուն ու լեզուն ձուլեց իրար: Ընկար թռիչքի պահին: Դու սովորեցրիր դիմանալ հաւատալու ցաւին: Կողբի անտառներում այսօր մի աղբիւր է ծնւում, որ պիտի կոչուի Լեւոնի աղբիւր:

Խոնարհումս արդար վաստակիդ, գիր ու գրականութեան տէր ու մշակ սիրելի Լեւոն:

ՀՐԱՉՕ

*
*  *

Էութեամբ Ստեղծող Տեսակից Էր

Յայտնի ճշմարտութիւն է` մարդիկ, թերեւս նախախնամութեան բերմամբ, երկու տեսակի են լինում` խափանող եւ ստեղծող: Լեւոն Անանեանն իր էութեամբ ստեղծող տեսակից էր, որովհետեւ ինչի էլ ձեռք էր զարնում, մի ծիլ էր ծլարձակում` լինէր դա գրական գործ թէ գրական գործի կազմակերպում: Սիրտ ու հոգի էր դնում իր բոլոր նախաձեռնութիւնների մէջ, դրա համար էլ պարզապէս չէր հասկանում կողքից անտարբեր դիտողների կամ չարակամների գոյութիւնը:

Օրեր առաջ յիշեց ժամանակին իր 50-ամեակի առթիւ «Գրական թերթ»-ում տպագրած իմ խօսքը, ասաց` թղթերիս մէջ չեմ գտնում այդ համարը: Յաջորդ օրը բերեցի, կարդաց ու գոհունակ ժպիտով ասաց. «Ուզում էի իմանալ անցած այս տարիների ընթացքում այդ մաքուր կերպարից մի բան մնացե՞լ է: Եւ ուրախ եմ, որ չեմ փոխուել, մնացել եմ նոյն Լեւոնը, ինչ որ առաջ»:

Իսկ ես յիշում եմ մեր երիտասարդ տարիները` ու «Գարուն»-ի Լեւոն Անանեանին լրագրողական մեր խմբի մէջ, որ 80-ական թուականների վերջերին բառիս բուն իմաստով ոտնատակ էր տալիս ամբողջ Հայաստանը` աւելի մօտիկից ու խորքով ժողովրդի կեանքին, հոգսերին ու խնդիրներին ծանօթանալու ջանասիրութեամբ: Անդադար որոնելու, պեղելու եւ գտնելու այդ եռանդը հետագայ աւելի դժուարին ժամանակներում անգամ չլքեց Լեւոնին: «Գարուն»-ը, նրա շնորհիւ, ոչ միայն պահպանեց իր գոյութիւնը, այլեւ շարունակեց սուր ու արդիական հրապարակագրութեան, գրական նոր սերնդի քայլերը սատարելու աւանդոյթները:

ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃԵԱՆ

*
*  *

Լուսապսակ՝ Անոր Յիշատակին

Ցաւով տեղեկացայ, որ վախճանած է Հայաստանի Գրողներու  Միութեան վարչութեան նախագահ Լեւոն Անանեանը: Անցեալ տարի, ճիշդ այս օրերուն, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի տուչութեան առթիւ Հայաստանի նախագահի պատուիրակութեան կազմի մէջ պատիւ ունեցայ հիւրընկալելու նաեւ զինք: Ճակատագրին խաղով թէ քմահաճութեամբ այսօր Լեւոն Անանեան ոչ եւս է:

Անիկա Գրողներու Միութեան ղեկն իր ձեռքն առաւ գրողներու բախտորոշ  շրջանի մը, երբ նոր-նոր միայն սկսած էին Հայրենիքի եւ Սփիւռքի գրողներու եւ մտաւորականներու միջեւ մերձեցումի քայլեր ծայր առնել ու իր այցելութիւններով, կազմակերպած յոբելենական ու գրամշակութային հանդիսութիւններով կրցաւ համախմբել երկու թեւերը` Սփիւռքի, այդ հաշուոյն նաեւ պոլսահայ գրողներուս ներկայութիւնը ապահովելով հայաստանցի ընթերցողներու սեղանին:

Յաւերժական լուսապսակ անոր յիշատակին:

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ

*
*  *

Մարդը, Հայրենասէր Հայ Մարդը`
Լեւոն Անանեանը

Խօսիլ կամ գրել Լեւոն Անանեանի մասին, կը նշանակէ խօսիլ բացառիկ ու արտակարգ եռանդով օժտուած գրողի, հրապարակագիրի, թարգմանիչի ու հրապարակախօսի մը մասին, որ որպէս մարդ, որպէս հայ մարդ, անձնազոհ ու գիտակից մտաւորական ու քաղաքացի, հանդիսացաւ իրապէս անխոնջ ու գնահատելի երեւոյթ:

Ան, որպէս ժամանակակից գրող, ու նամանաւանդ որպէս Հայաստանի Գրողներու Միութեան նախագահ, կը խորհիմ, որ եղաւ ուշադիր ու քննամիտ բծախնդրութեամբ շարժող անձնաւորութիւն, որ յաջողեցաւ կամրջել Հայաստանի, Արցախի ու սփիւռքի գրողները, նոր էջ բանալով հայ գրականութեան անդաստանէն ներս: Այս ուղղութեամբ ալ, շնորհիւ իր վարչական կարողութեան, շրջահայեաց բնաւորութեան, կազմակերպեց հերթական համագումարներ, առանձնապէս կարեւորելով երիտասարդ գրողները:

Այս բոլորը,  անկասկած կու գայ Լեւոն Անանեանի իր հայրենիքին, հայ ժողովուրդին, հայ լեզուին ու հայ գրականութեան հանդէպ ունեցած պաշտամունքէն, որոնց ճանապարհին ան իրապէս եղաւ բառի իսկական իմաստով հայրենասէր ու հաւատարիմ զինուոր, հաւատաւոր երկրպագու ու համեստ ծառայ` Մեծն Մաշտոցին, անմնացորդ սիրով ու յարգանքով գուրգուրալով իր բոլոր հեռաւոր ու մօտաւոր գրչեղբայրները:

 ՀԱՄԲԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

*
*  *

Մոմի Պէս Հանգչեց

Աշխատում էինք «Գարուն» ամսագրի խմբագրութիւնում, ջահել էինք, Լեւոնն այն ժամանակ մօրուք էր պահում եւ ինձ թւում էր 19-րդ դարից է եկել, հայ արուեստի ու լրագրութեան մշակներից է: Միշտ լրջախոհ, մերթ ընդ մերթ ժլատ ժպտացող եւ անվերջ վազքի մէջ:

Զարմանալի է, որ այդ անդուլ վազքը շարունակուեց նաեւ Գրողների Միութեան նախագահ աշխատելու ընթացքում եւ ո՞վ ինքն իրեն չի հարցրել. որտեղի՞ց այս մարդու մէջ այդքան ջանք, սատար լինելու կամք, անվերջ նոր նախաձեռնութիւնների ու իրագործումների կարողութիւն:

Նաեւ հասցնում էր գրել յօդուածներ, ելոյթներ: Ամէն տեղ յայտնւում էր ու արագ հեռանում, մի ուրիշ տեղ լինելու նպատակով:

Գրողների Միութիւնը զգաց նրա մտքի ու սրտի անմնացորդ այրման ջերմութիւնը եւ չզգաց, թէ ինչպէս յանկարծ մոմի պէս հանգչեց: Այդպէս ապրում եւ մարում են ժամանակի մէջ չտեղաւորուող մեր հրաշալի մշակները:

ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆԵԱՆ

*
*  *

«Գարուն»-ի Մի Սիւնը

Վարդգէս Պետրոսեանի հիմնած «Գարուն» ամսագիրը Անժիկ Յակոբեանի խմբագրման տարիներին մի ուրիշ շնչառութեան մէջ էր,- ես կարծում եմ, որ լրագրողականութեան եւ հրապարակախօսութեան տեսակէտից դրանք ամսագրի լաւագոյն տարիներին էին: Թէեւ ամսագրի վրայ մշտապէս զգալի էր պետրոսեանական լրագրութեան մտածողութեան ազդեցութիւնը, բայց կային մարդիկ, ովքեր իրենց ուրիշ ոճն էին ստեղծել. Մարգօ Ղուկասեանը սկսել էր Վ. Պետրոսեանի ժամանակ, բայց ինքն իրենով լրագրողական դպրոց էր, Լեւոն Անանեանը «Գարուն» էր եկել նրանից յետոյ եւ աշխատաոճի եւ գրելաոճի միանգամայն այլ տեմպ ունէր: Ես ուզում եմ ազնիւ լինել եւ ասել, որ Լեւոն Անանեանը ամսագրի գութանի մաճը բռնածներից ամենաեռանդունը եւ ամենաչարքաշն էր: Առանձնապէս մեծ էր նրա դերը այն պահին, երբ ամսագիրը սկսեց նկարազարդել Վիգէն Թադեւոսեանը. դա «Գարուն»-ի համար նոր ոճ եւ շրջան էր, Լեւոնը այդ ժամանակ պատասխանատու քարտուղարն էր, եւ, բնականաբար, այդ շրջանի մտայղացումների իրականացման ողջ ծանրութիւնը ընկնում էր նրա վրայ: Ես յիշում եմ Լեւոնի խանդավառ, նկարչին սատարող կեցուածքը,- եւ դա էր, որ ապահովեց «Գարուն»-ի այդ շրջանը, ինչը, այո, շատ բանով նրանից էր կախուած: Յետոյ, երբ արդէն նա ինքն էր խմբագրում «Գարուն»-ը, ծանր ժամանակաշրջան էր, բայց նա կարողացաւ պահել ամսագիրը: Եթէ երբեւէ գրուի,- չի կարող չգրուել,- «Գարուն» ամսագրի պատմութիւնը, Լեւոն Անանեանին յատուկ գլուխ պէտք է նուիրուի…

Իմ յիշողութեան մէջ նա կը մնայ իբրեւ ժրաջան, աշխատասէր, առաւօտից երեկոյ բանող մարդ: Այս ամէնին գումարէք իր ընտանիքի հանդէպ վիթխարի սէրն ու պատասխանատուութիւնը – երբեմն թւում էր, թէ մէջտեղից երկու կէս կը լինի, բայց չէ` արագութիւնը պարզապէս նրա բնոյթն էր: Ի դէպ, նա արագ էլ մտածում էր: Ես կատակով նրան ասում էի. «Հօ դու Տէր Վռազը չե՞ս»: Այդ արագութեան մէջ էլ նա մնաց: Այդ ոճին նա չդաւաճանեց նաեւ գնալիս…

ՅԱԿՈԲ ՄՈՎՍԷՍ

*
*  *

Անհաւատալի Լռութիւն

Միստիկ, անհաւատալի է Լեւոն Անանեանի այսքան երկար անշարժութիւնն ու լռութիւնը: Միշտ շտապում էր, միշտ անհանգիստ էր, այն զգացողութիւնն էր, որ մշտապէս ինչ-որ բան չի հասցնում կամ չի հասցնելու, մի Լեւոն Անանեանը քիչ էր թւում, միանգամից մի քանի Անանեաններ էին անհրաժեշտ` միաժամանակ մի քանի տեղում ներկայ լինելու համար: Եւ հիմա այս դաւադիր, թերեւս վտանգաւոր եւ դաւաճան անշարժութիւնն ու լռութիւնը: Մի տեսակ վիրաւորական է, թէ այդ ամէնն ինչի համար էր, եթէ, միեւնոյն է, ուշանալու էր, չէր հասցնելու: Նրա ոչ միայն մարմինը, միտքն էլ էր անընդհատ շարժման ու աշխատանքի մէջ: Նրա մտքի արգասիքն էր «Գիրք նուիրելու օր» յայտարարելը, որ համահայաստանեան ընդգրկում ունեցաւ, սփիւռքահայ գրողներին մի յարկի տակ հաւաքելը, օտարագիր հայ գրողներին հայրենի արմատներին վերադարձնելու գործընթացը, երիտասարդ ստեղծագործողների համաժողովները եւ էլի ինչքան իրականացուած ծրագրեր ու մտայղացումներ… Եւ ինչքանը կիսատ մնաց:

Հաւատում էր, որ գրական երկխօսութիւնների միջոցով հնարաւոր է ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական յաջողութիւններ արձանագրել: Ոգեւորւում էր, երբ արձագանգներ էին լինում բազմաթիւ լեզուներով հրատարակած իր «Նամակ թուրք գրողին» հրապարակման առիթով: Ընդհանրապէս նրա կեանքը մտայղացումներով բեռնուած գերարագընթաց ճեպընթաց էր յիշեցնում: Նրա մահն էլ էր արագընթաց, չնայած նրա մտայղացումների մէջ տեղ չունէր, որովհետեւ ստեղծող, օգնող, օժանդակող ռասայից էր: Թւում է նրա յետմահու կեանքն էլ է արագընթաց լինելու ու այնտեղ էլ անընդհատ շտապելու է, միայն թէ հիմա՞ ուր:

ՍԱՄՈՒԷԼ ԿՈՍԵԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES