Եւրոպացի Կամաւորները Սուրիական Պատերազմում

«ՌՈՏՈՆ»

Եւրոպացի կամաւորները մեկնում են Սուրիա` պատերազմելու կառավարական ուժերի դէմ: Տարբեր գնահատականներով` նրանց թիւը 2-10 հազար է: Ովքե՞ր են այդ մարդիկ: Ինչպէ՞ս են հաւաքագրում նրանց: Ի՞նչ ճանապարհով են նրանք թափանցում Սուրիա: Ի՞նչ դրդապատճառներով են առաջնորդւում: Եւ վերջապէս, ինչպէ՞ս խոչընդոտել դրան:

Այսօր, երբ յայտնի է, որ Սուրիայում մարտնչում է աւելի քան 200 պելճիքացի, ներառեալ` անչափահասներ, ընդ որում` թագաւորութեան աւելի քան 20 քաղաքացի այնտեղ արդէն կնքել է մահկանացուն, այս հարցերն աշխուժօրէն քննարկւում են պեքճիքական լրատուական դաշտում: Զանգուածային լրատուամիջոցները, պաշտօնեաները, փորձագէտները եւ հոգեւորականութեան ներկայացուցիչները փորձում են գտնել դրանց պատասխանները: Ար. Թի. Պի. Էֆ. պելճիքական հեռուստաալիքն ապրիլի 11-ին ցուցադրել է մի տեղեկագրութիւն, որում եզակի հեռախօսազրոյց է ներկայացրել ֆրանսական բանակի նախկին սպայի հետ: Ար. Թի. Պի. Էֆ.-ն չի նշել նրա անունը, նշել է միայն գաղտնանունը` «կալեն», նրան ներկայացնելով որպէս «մասնաւոր կառոյցի ներկայացուցիչ, որը կանոնաւորապէս լինում է Սուրիայում»: Այսպիսով, այնքան էլ պարզ չէ` արդեօք նա եւրոպական վարձկա՞ն է, թէ՞ խորհրդական:

Կալենի վկայութեամբ, Սուրիա մեկնող եւրոպացի կամաւորները հիմնականում երիտասարդներ են, որոնք «երբէք զէնք չեն բռնել»: Նրանք մարտական պատրաստութիւն փաստօրէն ստանում են հէնց մարտական գործողութիւնների ընթացքում` այդպիսով «հանդէս գալով թնդանօթի մսի դերում»:

Նախկին սպայի դիտարկումներով` եւրոպացի կամաւորները Սուրիայում բաժանւում են երկու կարգի: Նրանց մի մասն արմատական իսլամական հայեացքներ ունեցող երիտասարդներ են, որոնք եթէ ողջ են մնում, սովորաբար համեմատաբար արագ են ընդգրկւում գրոհայինների ջոկատներում: Միւս մասն իտէալիստներն են, որոնք գալիս են մարտնչելու չգիտես ազատութեան, ժողովրդավարութեան, թէ պարզապէս հերոսներ դառնալու համար: Նրանց մեծամասնութիւնն արագ կորցնում է մարտերին մասնակցելու կամքը, բայց Սուրիայից հեռանալն անհամեմատ աւելի դժուար է, քան` այնտեղ ընկնելը:

«Նրանք գալիս են Թուրքիայով: Սուրիոյ սահմանամերձ թուրքական գիւղում նրանց դիմաւորում են մարդիկ, որոնք ապահովում են սահմանն անցնելը: Սուրիայում նրանցից վերցնում են փաստաթղթերը, փողերը, բջջային հեռախօսները, այսինքն` այն ամէնը, ինչը կարող է նպաստել երկիրը լքելուն», տեղեկացրել է Կալենը:

«Ես հանդիպեցի մէկին (պելճիքացի), որն այլեւս չէր ուզում կռուել եւ փաստօրէն վտարեալ էր դարձել իր ջոկատից: Նրան օգտագործում էին օժանդակ կարիքների համար: Նա Պելճիքա վերադառնալու կամ սահմանը հատելու համար ոչ մի միջոց չունէր: Ես օգնեցի նրան հասնել մինչեւ Ազազ փոքր քաղաք (երկրի հիւսիսում, Հալէպի եւ սիրիա-թուրքական սահմանի միջեւ-ԻԹԱՐ-ԹԱԱՍ-ի թղթ.): Բայց դեռ պէտք էր նաեւ խորամանկութիւն բանեցնէր, որպէսզի կարողանար ապօրինի անցնել սահմանը, քանի որ փաստաթղթեր չունէր: Որքան էլ տարօրինակ է, եւրոպացին ստիպուած էր գաղտնի անցնել սահմանը», պատմել է ֆրանսացին:

Կալենը տեղեկացրել է, որ պելճիքացիների մեծ մասը Սուրիայում է յայտնւում շնորհիւ Պելճիքայում գտնուող մի ինչ-որ կազմակերպութեան, բայց հրաժարուել է տալ դրա անունը: Նա նաեւ չի պատասխանել այն հարցին, թէ արդեօք գրոհայինների հաւաքագրմամբ զբաղւում է թագաւորութիւնում յայտնի իսլամական «Շարիաթը Պելճիքայի համար» (Sharia4Belgium) կառոյցը: Այս կառոյցը, չնայած իր դէմ յարուցուած բազմաթիւ դատական գործերի, որոնցով մեղադրւում է ծայրահեղականութեան մէջ, օրինական գոյութիւն ունի Պելճիքայում ահա արդէն քանի տարի` ֆինանսաւորում ստանալով Սէուտական Արաբիայից:

«Մերնիեր Էտ» թերթի հարցազրոյցում Պելճիքայում իսլամադաւան` ծագումով սուրիացի, 68-ամեայ Պասսամ Այաշին, Սէուտական Արաբիան նշել է որպէս Սուրիայում պատերազմին մասնակցելու համար պելճիքացիների գլխաւոր հաւաքագրող: Այաշին քաջ յայտնի է եւրոպական յատուկ ծառայութիւններին, մեղադրուել է ահաբեկչական կազմակերպութեան ստեղծման եւ Իրաքի ու Աֆղանիստանի համար վարձկաններ հաւաքագրելու մէջ, բայց նրա դէմ ոչ մի դատական գործ չի աւարտուել մեղադրական վճռով:

«Սուրիա են գալիս հիմնականում մարդիկ «Շարիաթ Պելճիքայի համար» կառոյցից, նրանք չէին կարող աւելի լաւ բան մտածել,- ասել է Այաշին:- Իսկ նրանք, ովքեր այդ կառոյցից չեն, պարզապէս արկածախնդիրներ են, որոնք ուզում են Ռամպօ խաղալ»:

Նա կտրականապէս հերքեց իր մասնակցութիւնը պելճիքացիներին պատերազմի ուղարկելու գործում: «Մեզ Սուրիայում օտարերկրացիներ պէտք չեն: Այնտեղ իսկական մարտիկներն էլ քիչ չեն` աւելի քան 200 հազար: Եթէ այնտեղ ես ուղարկում մայոնեզով տապակած գետնախնձոր ուտելով մեծացած երիտասարդ եւրոպացու, հետն էլ 10 մարդ պէտք է ուղարկես, որ պաշտպանեն նրան», ընդգծել է արմատական քարոզիչը: Ըստ նրա, եւրոպացիները Սուրիայում «բեռ են ժողովրդի համար»: «Նրանց պէտք է սովորեցնել, կերակրել, տանիք ու զէնք տալ», նշել է նա:

Այաշին պատմել է նաեւ, որ սուրիացի գրոհայինները «չեն հաւատում եւրոպացիներին»: «Ո՞վ կարող է երաշխաւորել Ժան-Փիեռի կամ Ժոզէի համար, որ նա մաքուր սրտով է եկել, եւ որ լրտես չէ, որը մեր դէմ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր կ՛ուղղի», հարց է տուել «Դերնիեր Էր» թերթի զրուցակիցը, որի հետ հարցազրոյցը, պելճիքացի լրագրողների խոստովանութեամբ, տեղի է ունեցել Պրիւքսէլի կենտրոնում` Պելճիքայի Արդարադատութեան պալատից երկու քայլ հեռաւորութեան վրայ գտնուող սրճարանում:

Պելճիքական «կամաւորների» ծագման մասին «Սուար» թերթին պատմել է մի քանի պելճիքական ընտանիքների փաստաբան Սեպասթիեն Քուրթուան, այն ընտանիքների, որոնց անդամները մեկնել են Սուրիա: «Նրանց մեծ մասը 20-30 տարեկան է: Նրանք կայուն եկամուտներ ունեցող ընտանիքներից են, մշտապէս յաճախում են մզկիթներ, բայց ոչ ոք չի նկատել, որ նրանք արմատական հայեացքներ ունեն: Ինձ յայտնի մարդկանցից եւ ոչ մէկի համար ոստիկանութիւնում «Գործեր» չկան,- նշել է նա: Փաստաբանն ասում է, թէ իսլամական հանրակցութիւնում ապրող եւրոպացիներն «այն տեղեկութիւնը չեն ստանում Սուրիոյ պատերազմի մասին, ինչ ներկայացնում են արեւմտեան լրատուամիջոցները»: «Ոչ յստակ եւ լղոզուած պատկերի փոխարէն նրանք այլ ուղիներով ստանում են լուսանկարներ եւ տեսանիւթներ, որոնք ցնցում են իրենց բացութեամբ եւ դաժանութեամբ, որոնք մատուցւում են իբրեւ բռնութիւն իրենց հաւատակից եղբայրների հանդէպ»: Իրաւաբանը նշել է նաեւ, որ արեւմտեան առաջնորդների հռետորաբանութիւնը` ուղղուած Պաշշար Ասատի կառավարութեան դէմ, «Որը լսում են բոլորը», ամրացնում է այդ երիտասարդների վստահութիւնն առ այն, որ իրենք գնում են «ազնիւ գործի համար եւ իրենց, վերադառնալու ժամանակ, դիմաւորելու են իբրեւ հերոսների»: Նա նաեւ ասել է, որ կամաւորների մէջ կան ոչ միայն ծագումով մերձաւորարեւելցիներ, այլեւ հէնց պելճիքացիներ: Նրանց մէջ յատկապէս շատ են վերջերս իսլամ ընդունածները:

Բայց գործնականում այլ կերպ է ստացւում: Պելճիքական յատուկ ծառայութիւնները սեւեռուն ուշադրութիւն են դարձնում Սուրիայից վերադարձող պելճիքացիներին: «Սիւրըթէ» հակահետախուզութիւնն աւելի վաղ յայտարարել էր, թէ Պելճիքայի այն քաղաքացիներին, ովքեր տուն են վերադառնում Սուրիայում մարտական գործողութիւններին մասնակցելուց յետոյ, «Համարում է հաւանական ահաբեկչական սպառնալիք» երկրի անվտանգութեանը:

Այս պայմաններում իշխանութիւնները փորձում են գտնել օրինական եւ գործուն միջոցներ` արգելելու Սուրիա գնալը: Բայց դա նրանց դեռեւս չի յաջողւում: Ապրիլի 11-ին անարդիւնք աւարտուեց Անթուերփեն, Վիլուորտէ եւ Մեխելեն ֆլամանտական քաղաքների քաղաքագլուխների` այս խնդրին նուիրուած չնախատեսուած հանդիպումը: Այդ քաղաքների բնակիչներն են կազմում երիտասարդ պելճիքացիների այն հիմնական զանգուածը, որոնք մարտնչում են Սուրիայում: «Մենք եկանք այն եզրակացութեան, որ այս իրավիճակում ցանկացած պարզեցում անտեղի է: Մեր երիտասարդութեան արմատականացման պատճառները միշտ չէ, որ կապուած են աղքատութեան կամ խտրականութեան խնդիրների հետ», սա էր այն ամէնը, ինչ կարողացաւ ասել հանդիպումից յետոյ Անթուերփենի քաղաքապետ եւ Ֆլանտրիայում ամենամեծ ժողովրդականութիւն վայելող քաղաքական գործիչ Պարթ տէ Վեւերը: «Աւաղ, արմատական երիտասարդութեան համար այսօր անհամեմատ աւելի հեշտ է Սուրիա հասնել, քան Աֆղանստան: Հարկաւոր է միայն Թուրքիա գնացող ինքնաթիռի տոմս գնել», խոստովանել է նա:

Այսօրուայ դրութեամբ մեծ արդիւնքների չի հասել նաեւ Պելճիքայի ոստիկանութիւնը: Ներքին գործերի նախարար Ժոէլ Միլքէն ընդամէնը տեղեկացրել է, որ թագաւորութեան ներքին գործոց նախարարութիւն ստեղծել է յատուկ խումբ, որը հսկում է իրավիճակը Սուրիա մեկնող երիտասարդ պելճիքացիների հետ կապուած եւ «երաշխաւորագրեր» է պատրաստում:

Առայժմ միակ որոշակի գաղափարն առաջադրել է Վիլուորտէի քաղաքապետ եւ ֆլամանտական պատգամաւոր Հանս Պոնթէն, որը պարզապէս առաջարկել է «վերցնել այն երիտասարդների անձը հաստատող վկայականները, ովքեր մտադիր են ուղեւորուել Սուրիա»: Բայց նման միջոցի օրինականութիւնը Պելճիքայում մեծ կասկածներ է առաջացնում, դրա գործադրումը` առաւել եւս: Չէ՞ որ դեռ պէտք է պարզել, թէ ո՛ր քաղաքացիներն են պատրաստւում մեկնել Սուրիա:

Վալոնի պատգամաւոր Տենի Տիւքարմը հանդէս է եկել նախաձեռնութեամբ` ընդունել կառավարութեան որոշում, որը կ՛արգելի մասնաւոր ուղեւորութիւնները մերձաւորարեւելեան այդ երկիր: Աւաղ, այս միջոցառման արդիւնաւէտութիւնը նոյնպէս կասկածելի է: Տեղական աղբիւրների համաձայն, ապագայ վարձկանները երբեք ուղիղ գծով Սուրիա չեն գնայ. նրանք թռչում են Թուրքիա, որտեղ ճամբորդելն արգելելը հնարաւոր չի թւում:

Ինչ վերաբերում է առհասարակ պելճիքական հասարակութեանը, ապա երեւոյթի ընկալումն այստեղ միանշանակ չէ: Ոմանք կամաւորներին համարում են «Ժիհատի հերոսներէ կամ «անցեալ դարում Սպանիոյ միջազգային գունտերի» գործը շարունակողներ: Միւսները նրանց անուանում են «յիմարներ» կամ «խաբուած ջահէլներ»:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )