Աղաբեկեան. «Այլ Երկրներում Ներդրումներ Անելու Փոխարէն Արցա՛խ Գնացէք»
ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ
«Ազդակ»-ի երէկուան թիւով լոյս ընծայած էինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանի` հայրենի «Հայոց աշխարհ» օրաթերթին տուած հարցազրոյցին առաջին բաժինը:
Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցին մնացեալ բաժինը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ ընթացքի մէջ է Արաքսի հովտի հողերի իւրացման ծրագիրը, յայտնի է, որ դրանց ընդամէնը 5-10 տոկոսն է օգտագործւում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայրենիքին յստակ գործեր են պէտք, եւ Արցախի կառավարութիւնը յստակ գործից է սկսել. դա Արաքսի հովտի հողերի օգտագործման ծրագիրն է: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարում, որպէսզի Արաքսի հովտում համատարած զարգանայ ե՛ւ հացահատիկային մշակաբոյսերի մշակումը, ե՛ւ այգեգործութիւնը:
Հայաստանից հրաւիրուած «Բերրիութիւն» կազմակերպութիւնը վերականգնել է էրոզիայից տուժած հարիւրաւոր հեկտար հողեր: Պատրաստ ենք դրանք երկարաժամկէտ պայմանագրային հիմունքներով տրամադրել Հայաստանից, Արցախից, սփիւռքից ցանկութիւն յայտնող իրաւաբանական ու ֆիզիքական անձանց: Արաքսի հովտում հրաշալի բնակլիմայական պայմաններ են, ցորենի, եգիպտացորենի, բանջարաբոստանային մշակաբոյսերի բերքատուութիւնն աննախադէպ բարձր կը լինի:
Չնայած արդէն իսկ կան դիմողներ, բայց նրանց թիւը դեռ բաւարար չէ, որովհետեւ հազարաւոր հեկտարներ են իրենց մշակողին սպասում: Կան մարդիկ, որ ներդրումային յարմար միջավայր են փնտռում ու չեն գտնում: Այդպիսիներին խորհուրդ կը տամ ոչ թէ պենզալցակայաններ սարքել, այլ գալ Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ անել: Համոզուած եղէք, մէկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջութեամբ կը վերադարձնէք` կրկնապատկուած:
Հ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանը դեռ 5 տարի առաջ յայտարարեց, թէ Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը: Արդեօք այդպէ՞ս է:
Պ.- Ես նման գնահատական չեմ կարող տալ, թէ Արցախը հացով կը կերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարէցտարի աւելանում է Արցախից Հայաստան արտահանուող հացահատիկային մշակովի բոյսերի բերքի քանակը: Այս տարի ակնկալում ենք մօտ 20,000 թոն ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանում: Ես մեծ հպարտութիւն եմ ապրում` տեսնելով բարձուած բեռնատարները, որոնք գնում են դէպի Հայաստան: Բացի հացամթերքից այսօր Հայաստան է տեղափոխւում նաեւ վառելափայտ:
Հ.- Յայտնի է, որ Արցախը ունեցել է նռնենիների փարթամ ու բերրի այգիներ, ինչն այսօր չկայ: ժամանակը չէ՞ մտածել նաեւ նռան այգիներ հիմնելու մասին:
Պ.- Արցախը հիմա էլ ունի նռան այգիներ. Տիգրանակերտում, Ասկերանի տարածքում, Արաքսի հովտում, Մարտունու շրջանի ցածրադիր գօտիներում միշտ էլ նուռ է մշակուել: Այն եղել է եկամտաբեր աշխատանք, քանի որ նռան մշակումը դժուար գործ չէ: Այսօր արցախցիներից շատերն են իրենց սեփականաշնորհած հողերը վերածել նռան այգիների:
Բայց այստեղ դարձեալ մեզ խանգարում է մեր փոքր պաշարը, արտադրուած նռան քանակն այնքան քիչ է, որ երեք օրում սպառւում է: Ունենք երկու տնտեսավարող կառոյցներ, որոնք արտադրում են նռան օշարակ եւ անսահմանափակ շուկայ ունեն: Սրանից գործարարները պէտք է անհրաժեշտ հետեւութեան յանգեն: Յոյս դնել 140,000 արցախցու վրայ, որոնք ե՛ւ նռան այգիներ կը հիմնեն, ե՛ւ հացահատիկ կ՛արտադրեն, ե՛ւ խաղող կը մշակեն, չի՛ կարելի, մեր մարդկային պաշարը սահմանափակ է, ուրեմն մեզ պէտք է օգնութեան հասնեն այն մարդիկ, որոնք ունեն աշխատելու ցանկութիւն:
Հ.- Ե՛ւ տնտեսութեան զարգացման, ե՛ւ սահմանների անձեռնմխելիութեան համար ամենակարեւորը Արցախի վերաբնակեցումն է. 2001-ին մշակուեց վերաբնակեցման ռազմավարութեան 10-ամեայ ծրագիր, բայց իրողութիւնը փաստում է, որ այն չիրականացաւ: Ինքներդ էլ մտահոգութիւն էիք յայտնել. «Մէկ, երկու միլիոն բնակիչ կերակրելու հնարաւորութիւն, բերրի հողեր, աղբիւրներ ունեցող տարածքում ապրում է ընդամէնը 140 հազար մարդ: Անթոյլատրելի է»:
Պ.- Արցախում վերաբնակեցումը սկսուեց զինադադարի հաստատումից անմիջապէս յետոյ եւ առ այսօր շարունակւում է: Գուցէ ժամանակին այս կարեւորագոյն հարցում սխալներ են թոյլ տրուել, բայց այսօր մեր գլխին կախուած մարտահրաւէրները պարտադրում են մեզ առաւել աշխուժ լինել այս հարցում:
Այո, վերաբնակեցման կշռոյթները շատ դանդաղ են: Արցախի պիւտճէն չունի հնարաւորութիւն վերաբնակեցումը լիարժէք կատարելու: Դրա համար որոշեցինք նախաձեռնել Ազգային վիճակախաղ, որից ստացուած շահոյթը ուղղուելու է վերաբնակեցման ծրագրերին: Դեկտեմբերի 28-ին տեղի կ՛ունենայ խաղարկութիւնը: Եթէ ամէն մի հայ վիճակախաղի մէկ տոմս գնի, որի գինն ընդամէնը 5 տոլար է, ու եթէ մենք կարողանանք 7-8 միլիոն վիճակախաղի տոմս թողարկել, հաւատացէք, շատ հարցեր կը լուծուեն:
Հ. –Ոմանք էլ դժգոհ են վարկային քաղաքականութիւնից` ասելով, թէ տոկոսները բարձր են:
Պ.- Նման բան չկայ, կեղծ տեղեկատուութիւն է: Արդէն 8 տարի է, որ գիւղատնտեսութեան, փոքր ու միջին պիզնըսի զարգացման համար Արցախում տրամադրւում են ցածր` 8 տոկոսով վարկեր:
Հ.- Ասացիք` մեր հայրենակիցները չեն նախընտրում ներդրումներ անել Արցախում, բայց անվերջ խօսւում է դէպի Արցախ սուրիահայերի մեծ հոսքի մասին, նոյնիսկ Ազրպէյճանը սկսեց աղմկել:
Պ.- Ազրպէյճանը միշտ էլ աղմկում է` Արցախի հետ կապուած ցանկացած հարցում: Արցախի իշխանութիւնները պատրաստակամ են ընդունելու սուրիահայերին, մենք արդէն իսկ ընդունել ենք գիւղատնտեսութեամբ զբաղուող սուրիահայերի, որոնք այսօր հաճոյքով հող են մշակում, կառուցում իրենց տնտեսութիւնը, չսպասելով պետական պիւտճէից օգնութեան` նրանք կառուցում են իրենց ապագան Արցախում: Բայց, ցաւօք, այդպիսիների թիւը շատ փոքր է:
Չնայած դրան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութիւնը յոյսը չի կտրել, համոզուած ենք, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կը փնտռեն ոչ թէ եւրոպաներում կամ Երեւանում, այլ հէնց Արցախում: Գիտէք, մի քիչ էլ վիրաւորուած ենք, որ Արցախն անտեսւում է հէ՛նց մեր հայրենակիցների կողմից, ոչ միայն սփիւռքի, նաեւ հայաստանցիների, ինչո՞ւ էք այլ երկրներ փնտռում ներդրումների համար, երբ հայրենիքը ձեր կարիքն ունի:
Հ.- Գիւղատնտեսութիւնից բացի, ո՞ր ոլորտներում Արցախը կարող է գրաւիչ լինել ներդրողի համար:
Պ.- Թեթեւ արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան ոլորտներում: Կան հայաստանցի գործարարներ, որոնք ներդրումներ են իրականացրել Արցախի հանքարդիւնաբերութեան ոլորտում: Ունենք ոսկու, պղնձի հանքեր: Արցախը բաց է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփիւռքի մեր գործարարների առաջ: Այսօր Արցախով հետաքրքրուած են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացայայտեն Արցախն ու այն գրաւիչ չդարձնեն, օտարը դա չի անի:

