Հայոց Ցեղասպանութիւնը Օտար Պատմաբանի Գրչի Տակ Ֆիլիփ Վիտըլիէ

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿԵԱՆ

Ֆրանսացի երիտասարդ պատմաբան Ֆիլիփ Վիտըլիէն Ֆրանսայի «Գիտական հետազօտութիւնների ազգային կենտրոնի» ճանաչուած անդամներից է: Մասնագէտ է ընկերային մեծ շարժումների, ժողովրդական մշակոյթների եւ 20-րդ դարի ցեղասպանութիւնների պատմութեան: Նիւ Եորքում, Հարվըրտում, Լոնտոնում, ինչպէս նաեւ Ժընեւում, Մատրիտում, Լիզպոնում եւ Հռոմում կատարած նրա հետազօտութիւնները նրան թոյլ են տուել հետեւել իրենց բնօրրանից բռնի տեղահանուած ժողովուրդների անցած տառապալի ճանապարհին, այն մարդկանց, ովքեր, Փարիզի «քոմիւն»ից յետոյ խոյս տալով դաժան հետապնդումներից` իրենց հետ երկրից երկիր տարան առաւել արդար մի աշխարհի գաղափարը:

Նա հրատարակել է մի քանի արժէքաւոր գրքեր, որոնցից են` «Բակունինի այգին», «Չէ Կեւարայի աստղը», «Թուրքական գիշեր» եւ այլ պատմա-գեղարուեստական աշխատութիւններ:

Պատմաբան Ֆիլիփ Վիտըլիէն միաժամանակ գեղարուեստական բարձր ճաշակով օժտուած տաղանդաւոր գրող է: Նրա պատմական աշխատութիւններն ունեն գեղարուեստական զգեստաւորում եւ, որպէս այդպիսին` դրանք անվարան կարելի է համարել պատմուածքներ կամ վիպակներ: Այս իմաստով առաւել յատկանշական է «Թուրքական գիշերը», որը պատմական վաւերական փաստերի վրայ կառուցուած գեղարուեստական իւրօրինակ փայլուն ստեղծագործութիւն է: Ֆրանսերէնից թարգմանել է Պարգեւ Շահբազեանը:

Հայոց մեծ եղեռնի վերաբերեալ արխիւներում պահպանւում է աւելի քան 12000 փաստաթուղթ, լոյս են տեսել եւ շարունակում են լոյս տեսնել վերապրածների, ինչպէս նաեւ հայ եւ այլազգի գրողների, պետական ու հասարակական գործիչների բազմաթիւ գրքերն ու յօդուածները: Յիշենք թէկուզ միայն Փրոֆեսէորներ Ճոն Կիրակոսեանի եւ Վերժինէ Սվազլեանի հատորները…

Յայտնի է, որ ՄԱԿ-ի ընդհանուր ժողովը 1948 թ. դեկտեմբերի 9-ին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը դատապարտելու, եւ աշխարհի բազմաթիւ պետութիւններ ու միջազգային կազմակերպութիւններ իրար հետեւից ընդունեցին եւ շարունակում են ընդունել այն. 2015 թ. ապրիլին մեծ ծաւալով նշուելու է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ամեակը:

Անուրանալի փաստ է, որ Ֆրանսան աշխարհի առաջին երկիրն է, որ ընդունեց ԳԵՆՈՑԻԴԸ եւ խիստ դատապարտեց այն, եւ Ֆրանսան այն երկիրն է, որ իր պատմութեան ու գրականութեան մէջ բազմիցս է անդրադարձել այս կարեւորագոյն հարցին. շատերին է ծանօթ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարութեան հրատարակած «Դեղին Գիրքը» փաստաթղթերի ժողովածուն, ինչպէս նաեւ` քաղաքական ականաւոր գործիչների ու անուանի գրողների հրատարակած շատ գրքեր ու յօդուածներ: Այդ բազմաթիւներից յիշենք թէկուզ մէկին` հայ ժողովրդի մեծ բարեկամ Անաթոլ Ֆրանսին, որը մինչեւ կեանքի վերջը մնաց հայ ժողովրդի աննկուն պաշտպանը եւ արժանացաւ Նոպելեան մրցանակի:

Եւ ահա այսօր էլ հայ ընթերցողի սեղանի վրայ է ֆրանսացի անուանի գրող ու պատմաբան, Ֆրանսայի «Գիտական հետազօտութիւնների ազգային կենտրոնի» ճանաչուած անդամ, 20-րդ դարի ցեղասպանութեան, ընկերային մեծ շարժումների եւ Ժողովրդական մշակոյթների մեծ մասնագէտ Ֆիլիփ Վիտըլիէի «Թուրքական գիշերէ (Երեւան, «Ամարաս», 2010, 204 էջ) փաստերով շատ հարուստ, սահմռկեցուցիչ տեսարաններով ու հոգեցունց պատկերներով լեցուն, թուրք մարդակէր բարբարոսների կողմից կատարուած աննախադէպ բազմաթիւ ոճրագործութիւններ ներկայացնող ոչ ծաւալուն, բայց հսկայական նիւթ պարունակող գիրքը: Այս պատմական ողբերգութիւնը հայերէն է թարգմանել ֆրանսերէն լեզուին հրաշալի տիրապետող, Գէորգեան ճեմարանի եւ այլ համալսարանների դասախօս, մեծ մտաւորական Պարգեւ Շահբազեանը. նա բազմաթիւ թարգմանութիւնների հեղինակ է. վերջերս նրա թարգմանութեամբ լոյս տեսան Ռոմեն Ռոլանի «Պեթհովենի կեանքը» եւ Անտրէ Ժիտի «Հովուերգական սիմֆոնիան»: Նա նաեւ հմուտ բանասէր է. նրա «Մատեան երախտիքի» յօդուածների ժողովածուն շատ արժէքաւոր ուսումնասիրութիւններ է պարունակում: Նաեւ շատ լաւ խմբագիր է:

«Թուրքական գիշեր» գրքի թարգմանութիւնն ու հրատարակութիւնը հովանաւորել է ֆրանսահայ բարերար, «Horizon Armenie» ընկերութեան տնօրէն ԺԵՐԱՐ ՄԻՀՐԱՆԵԱՆԸ, որին հայ ժողովուրդը յայտնում է իր խորին շնորհակալութիւնը:

«Թուրքական գիշեր» գրքի հեղինակը հէնց սկզբից յիշեցնում է, որ դեռ հեռաւոր դարերից Թուրքիան վատ համբաւ է վայելել ոչ միայն Եւրոպայում, այլեւ` ամբողջ աշխարհում. բաւական է յիշել մեծն Հիւկոյին. «Այստեղով թուրքն է անցել. ամէն ինչ աւէր է, ամէն տեղ սուգ» հրաշալի բնութագրումը:

Իր` մի շնչով, յափշտակութեամբ կարդացուող խիստ արժէքաւոր գրքում Ֆիլիփը նախ ներկայացնում է բռնակալ սուլթան Ապտիւլ Համիտի` չափազանց տգեղ դէմք ու այդ դէմքին համապատասխան հոգի ունեցողի երկաթեայ արիւնալի վարչակարգը եւ նրա կողմից հայերի նկատմամբ կազմակերպուած աննախադէպ վայրագութիւններն ու սպանդը:

Տիգրանակերտի ֆրանսացի հիւպատոսը 1895 թ. նոյեմբերի 2-ի եւ նրան յաջորդող 3 օրերի վերաբերեալ գրում է. «Քաղաքը կրակի մէջ է… Երեկոյեան գալիս էին նրանք` զինուած երկաթապատ գաւազաններով, եաթաղաններով, խոհանոցի սրածայր մեծ դանակներով, կացիններով. լայնաբերան դանակներով մտնում էին փայտաշեն տները, դուրս քաշում մարդկանց, սկսում դանակահարել, թրատել, կացնահարել: (Շնորհալի նկարչուհի Արմինէ Գրիգորեանը այս տեսարանը շատ լաւ է պատկերել գրքի շապիկի առաջին էջին եւ ամբողջ գիշերն էլ կարմիր է ներկել):

Ահաբեկուած ու սարսափահար ականատես հիւպատոսի վկայութիւնները ցնցում են ոչ միայն գրքի հեղինակին, այլեւ` ընթերցողին… «Անշունչ մարմնի անդամներ, թպրտացող ձեռքեր, ոտքեր թռչում էին օդում… արիւնը ցայտում էր` ուժգնօրէն` առուակներ կազմելով` հոսում զառիվայր…»:

Հեղինակը բերում է նաեւ ֆրանսուհի մի կնոջ օրագրութիւններից հատուածներ. «Շուկայում սպաննեցին բոլոր հայերին, ոչ մի հայ չվերապրեց… Զոհերի գարշահոտութիւնը բռնել էր ամբողջ քաղաքը… փակ եկեղեցիներում այրւում էին հազարաւոր անմեղ հայեր…»: Արիւնը հոսում էր առուակներ կազմելով, իսկ թուրքերը՝ թալանելով:

Յայտնի լրագրող-հրապարակախօս Ուիլիըմ Միթչել Ռեյմզը անորակելի այս սպանդի առջեւ մնացել էր ծայրաստիճան ապշած եւ գրում է. «Մի գրող, որ օժտուած լինի Ալեքսանտր Տիւմային յատուկ աշխոյժ երեւակայութեամբ եւ ունենայ Էմիլ Զոլային յատուկ չարի ճանաչողութիւնը, իր ամենաճարտար նկարագրութեամբ չի կարող գործել այն ազդեցութիւնը, որ թողնում է կոտորածի այս տեսարանը ականատեսի վրայ: Ցաւալի աղաղակները, ողբերը, լացուկոծը եղերական դառնութեամբ լցրին Տիգրանակերտի, Տրապիզոնի, Երզնկայի, Էրզրումի, Սեբաստիոյ, Մուշի, Խարբերդի, Վանի, Մալաթիոյ, Պիթլիսի, Ատանայի, Ուրֆայի, Ալեքսանտրեթի ցերեկներն ու գիշերները…

Ականատես հիւպատոսների, լրագրողների եւ գրողների վկայութեամբ, 1895 թուի նոյեմբերի միայն 3 օրերին 119 հայկական գիւղեր մոխրի էին վերածուել միայն այդ գաւառում, իսկ մեռածների ու կորածների թիւը հասնում էր 30 հազարի: Եւ այս բոլորը` սուլթան Ապտիւլ Համիտի օրօք ու միջոցով, որը պատմութեան մէջ մտել է Կարմիր սուլթան անունով. նրա վերաբերեալ նոյն վերնագրով (նրա թափած արեան գոյնով) 1935 թ.  բեմադրիչ Քարլ Կրիւնը մի ժապաւէն է նկարահանել` անգլերէն լեզուով, որը շատ ուժեղ տպաւորութիւն գործեց Եւրոպայում:

Գրքոյկի աւելի ընդարձակ բաժինը նուիրուած է երիտթուրքերին ու նրանց` աւելի զարհուրելի քաղաքականութեանը: 1908 թ. յեղափոխութեան միջոցով կառավարութեան գլուխ անցան երիտթուրքերը` ներքին գործոց նախարար Թալէաթ փաշայի, ռազմական նախարար Էնվէր փաշայի, որը դարձաւ գլխաւոր հրամանատար, եւ ծովային նախարար Ճեմալ փաշայի գլխաւորութեամբ: Սրանց համալրեցին Նալըիմը, Շաքիրը, Սայիտ Հալիմը: Թալէաթ փաշան հրապարակաւ յայտարարեց. «Ապիւլ Համիտ, դուք գահից զրկուած էք, ձեր իշխանութիւնը վերջացած է… Թուրքիան այլեւս արիւն չի ուզում… Մեր կարգախօսներն են` «Ազատութիւն», «Հաւասարութիւն», «Եղբայրութիւն»: Բայց դրանք միայն խօսքեր էին, եւ երիտթուրքերը վերադարձան իրենց նախնիների` Ապտիւլ Համիտի եւ միւսների արեան լոգանքներին` աւելի դաժան ու ընդգրկուն ձեւերով… Նրանք մէկ տարի յետոյ` 1909 թ. կազմակերպեցին Ատանայի ջարդերը, որին զոհ գնացին աւելի քան 30 հազար հայեր, իսկ 1915-ին` Հայկական մեծ եղեռնը, որի նմանը պատմութեան մէջ չի եղել…

«Եւ ահա 1915 թ. ապրիլի 24-ին` շաբաթ օրուայ գիշերուանից մինչեւ կիրակի` 25-ի գիշերը եւ մինչեւ երկուշաբթի` ապրիլի 26-ի գիշերը ձերբակալուեցին աւելի քան 500 հայեր` հասարակութեան բոլոր խաւերից` մասնաւորապէս բժիշկներ, լրագրողներ, գրողներ, մտաւորականներ, ինչպէս նաեւ` մի քանի երեսփոխաններէ: Այսպիսի հեռագիր է ուղարկում Պերլին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան պարոն Հանս Ֆոնը:

Գրքում բերուած են այդ օրերին Թուրքիայում գտնուող Ամերիկայի, Գերմանիոյ, Իտալիոյ եւ այլ երկրների ականատես դեսպանների յուշագրութիւններում ու գրքերում նկարագրուած սահմռկեցուցիչ տեսարաններ: Ահա թէ ինչ է գրում Միացեալ Նահանգների դեսպան Մորկենթաուն. «Մեռածները իրար վրայ կուտակուած էին ճանապարհների երկայնքին, ջրհորների, ձորերի խորքերում, գետերի եզերքներին, հրդեհուած գիւղերի ու եկեղեցիների աւերակների տակ, անապատների քարանձաւներում… Կանանց եւ երեխաներին ժայռերի բարձունքներից նետում էին Եփրատ եւ Մուրատ գետերը… խլում էին ամէն ինչ, խուզարկում էին նոյնիսկ նրանց ամօթոյքը` ոսկի եւ դրամ յափշտակելու համար: «Նիւ Եորք թայմզ» թերթի ապրիլի 28-ի եւ 29-ի համարներում հարիւրհազարաւոր հայերի կոտորածների մէջ նշւում են նաեւ երեսփոխաններ Վարդգէսի եւ Զօհրապի սպանութիւնները. «Ես պայթեցրի Վարդգէսի ուղեղը, ապա բռնեցի Զօհրապին, գետին գցեցի նրան եւ մի մեծ քարով ջարդեցի գլուխը, մինչեւ որ մեռաւ», պարծենում է թուրք մի հրէշ (95-96):

Իտալացի հիւպատոսը գրում է. «Ինչ ես տեսել եմ` իսկապէս մի բնաջնջում էր… անմեղների կոտորած, աներեւակայելի ոճիրներ. մի սեւ էջ` դրոշմուած մարդկութեան ամենասրբազան իրաւունքների բացայայտ ոտնահարումով…է (էջ 139):

«Յոյները, որ շատ արհաւիրքներ տեսած եւ աւելի դիմացկուն ժողովուրդ են, սարսափահար նայում էին տեղի ունեցածին` լցուած այն նախազգացումով, որ նոյն ճակատագիրը սպասում է նաեւ իրենց», գրում էին թերթերը:

Ամերիկացի մէկ ուրիշ հիւպատոս` Լեսլի Ամմերթոն Տէյվիսը, սարսափահար գրում է. «Ես չեմ հաւատում, որ աշխարհի պատմութեան մէջ երբեւիցէ գոյութիւն ունեցած լինի մի կոտորած այդքան ընդհանրական եւ այդքան արմատական, որքան այն կոտորածը, որը կատարւում է այս պահին, այս շրջանում եւ ոչ մի ծրագիր այն ահաւոր եւ այնքան սատանայական, որը երբեւիցէ յղացած լինի մարդու մտքում եւ նա, ով եզրակացնում է. «Գաղտնիք չէ, որ նախատեսուած ծրագիրը միտում էր կործանել հայ ժողովրդին»:

Ամենաշատ ընթերցուող եւ ամենաշատ տպաքանակով լոյս տեսնող «Իլիւսթրասիոն» հանդէսը 1915 թ. հոկտեմբերի 9-ի համարում «Հայերի բնաջնջումը» 20 տողից բաղկացած համառօտ մի տեղեկագրում գրում է, որ հայոց ազգի երեք չորրորդը կամ չորս հինգերրոդը ոչնչացուած է, եւ պատմութեան մէջ չկայ մի էջ անշուշտ Լենկթիմուրի ժամանակներից ի վեր, ուր նշուած լինի նոյնքան զարհուրելի եւ նոյնքան մեծ չափի մի այլ կոտորած» (էջ 141): Բոլոր հիւպատոսների ու լրագրողների հաշուարկումներով հայ միայն սպաննուածների թիւը անցնում է մէկ միլիոնից, մօտենում է մէկուկէս միլիոնի:

Որ եւրոպական ժողովուրդներից հայերի ամենամօտ բարեկամները ֆրանսացիներն են, դրա լաւագոյն ապացոյցներից մէկն էլ այն է, որ Եղեռնի մղձաւանջային օրերին Մուսա լերան վրայ հերոսաբար մաքառող 4000 հայերի ֆրանսական նաւերը ազատագրեցին եւ յանձնեցին Կարմիր խաչի խնամքին:

Ասուածի լաւագոյն վկայութիւններից մէկն էլ այն է, որ շնորհալի գրող ու մարդասէր Ֆիլիփ Վիտըլիէն սրտի կսկիծով այնպէս է վերարտադրում Եղեռնի սրտաճմլիկ փաստերը, որ կարծես թէ ինքն էլ դրա մասնակիցը եղել ու ինքն էլ հայ է:

Գրքի արժէքը աւելի է ընդգծւում, երբ հեղինակն անդրադառնում է երիտթուրքերի վախճանին եւ թուրք փաշաների` հայ երիտասարդ քաջարի վրիժառուների կողմից շանսատակ լինելուն: Թալէաթ փաշան շանսատակ եղաւ Պերլինում 1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրեանի գնդակով: Էնվէր փաշային Տաճիկաստանում սպաննեց Յակոբ Մելքումովը 1922 թ. օգոստոսի 4-ին: Ճեմալ փաշան սպաննուեց Ստեփան Ծաղիկեանի կողմից Թիֆլիսում 1932 թ. յուլիսի 25-ին: Շաքիրն ու Ճեմալն սպաննուեցին Պերլինում 1922 թ. ապրիլի 17-ին Արամ Երկանեանի եւ Արշաւիր Շիրակեանի կողմից: Նազըմը դատապարտուեց զինուորական ատեանի կողմից եւ ընկերոջ» Ճաւիտի հետ կախաղան հանուեց 1926 թ.:

«Ազգ»

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )