Միացէք «Հակապոյքոթ»-ի Շարժմանը

«ԱԼԻՔ»

Իրանի տնտեսագէտների, իրաւաբանների եւ լրատուամիջոցների տնօրէնների ներկայացրած բանաձեւը` ուղղուած գործակիցներին աշխարհում:

«Հակապոյքոթ» կոչուող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատուամիջոցների խմբագիրներ  եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին` միանալու Իրանի դէմ կիրառուող պատժամիջոցների վերացման օգտին:

Ըստ «Ֆարարու» կայքէջին, Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղուած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ զանգուածային լրատուամիջոցների ակնառու դէմքերին` սատարելու Իրանի «Հակապոյքոթ»-ի շարժման գործիչներին` ժողովրդի դէմ կիրառուող պատժամիջոցներին վերջ դնելու նպատակով:

Հրապարակուած բանաձեւի համաձայն, կոչն ուղղուած է միւս երկրների ազդեցիկ դէմքերին, որոնք կարող են ազդեցութիւն գործել պատկան պետութեան այրերի որդեգրած որոշումների վրայ` սատարելու Իրանի դէմ կիրառուած պոյքոթի վերացմանը:

Բանաձեւը ամբողջութեամբ ներկայացնում ենք ընթերցողներին:

Յարգարժա՛ն գործընկերներ,

Մեր հիմնական նպատակը Իրանի ժողովրդի դէմ կիրառուած պատժամիջոցների աղէտալի հետեւանքներից խուսափելն է: Կիրառուած պոյքոթը, ոչ միայն չի սատարել յանուն խաղաղութեանն ուղղուած նպատակներին, այլ` սպասուող բացասական հետեւանքների բերումով` կարող է յանգեցնել յարաբերութիւնների մթագնմանը եւ բարդացմանը:

Միացեալ Նահանգները եւ իր որոշ եւրոպացի համախոհները կիրառուած տնտեսական-առեւտրական պոյքոթը բացատրում են որպէս Իրանի միջուկային ծրագրերի թափանցիկութեանը հասնելու լծակի:

Հասկանալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ծագած տարակարծութեան խնդիրը կարող է եւ լինել այլ փորձագիտական ասպարէզ տանող թեմա, որի մասին խօսելը մեր իրաւասութիւնների սահմանից դուրս կարող է լինել, սակայն մենք չկիսելով կիրառուած մեքանիզմների արդարութիւնը` կը փորձենք արձանագրել հետեւեալ ցուցումները.

– Իրանի քաղաքացիներին իրենց ազատ առեւտրի ամենանախնական իրաւունքից զրկելը մարդու իրաւունքների բացայայտ խախտում է: Երեխաների, տարեցների, հիւանդութիւններից տառապողների եւ հասարակութեան միւս անապահով շերտերի նախնական պահանջները հոգացող առեւտրի շրջանառութիւնը խափանող պատժամիջոցները յանգեցնում են անվերադարձ եւ հատուցում չունեցող կորուստների, այն էլ ի դիմաց ներկայացրած մեղադրանքի չուսումնասիրուած բոլոր հնարաւոր վնասների` անհնարին է մարդկային խղճի դիտանկիւնից արդարացնել այն:

– Իրավիճակի շարունակութեան դէպքում ապագան չի ներելու պոյքոթի հեղինակ երկրներին տեղի ունեցած աղէտալի արդիւնքների համար: Բոլոր հնարաւոր վնասների մասին խօսելն այս նամակի համբերութեան սահմաններից դուրս է, որով ընդամէնը բաւական կը լինի նշել միայն բժշկական կենտրոններում եւ հիւանդանոցներում դեղորայքի չգոյութեան հետեւանքներից տուժած «յատուկ կարգավիճակով» հիւանդների մասին:

– Նորօրեայ աշխարհը կանգնած է տնտեսական հսկայածաւալ շրջանառութիւնների փորձաքարի դիմաց, որտեղ տնտեսութիւնը պոյքոթի ենթարկելով` նպաստաւոր իրավիճակ կ՛առաջանայ ստուերային տնտեսութեան ի յայտ գալուն հարկաւոր ենթահողի համար, որով տարածուելու են նաեւ անթափանցիկ, անօրինական եւ անարդար տնտեսաշրջանառութիւնը, ինչը, բնականաբար, անհամապատասխանելու է համաշխարհային ընթացքին, որտեղ արդարութեան համար ենթադրւում է` թափանցիկութիւն, պատասխանատուութիւն, արդար իշխանութիւն եւ հաղորդակցուելու ազատ իրաւունք: Պատժամիջոցները իրականութեան մէջ միայն խրախուսելու են միջազգային ընդունուած կանոնների շրջանցմանը: Իրավիճակ, որտեղ կաշառակերութիւնն ու փտածութիւնը փոխարինելու են օրինականութեանն ու հարստութեան արդար բաշխմանը, որն էլ իր հերթին տարածուելու ուժականութիւն ունի դէպի տարածաշրջանի հարեւան երկրներ:

– Թեթեւ հայեացք նետելով անցեալում կիրառուած պոյքոթներին` պարզ կը դառնայ, որ թելադրող կողմին երբեք չի յաջողուել` արդարացնելու սպասածը: Պատժամիջոցները նոյնիսկ հակամարտութիւնների եւ մարդկային աղէտալի դէպքերի հիմնական պատճառն են հանդիսացել:

– Պատմութեան ներկայ կտրուածքում, երբ Միջին Արեւելքը տառապում է իր ամենաանմխիթար վիճակից, ի՞նչ արդարացում կարող է ունենալ դառը բանաձեւերի կրկնումը: Եւ արդեօք այն ինչպէ՞ս է սատարելու համաշխարհային խաղաղութեանը:

– Իրանի պատմութիւնը կարող է վկայել, որ Իրանի ժողովուրդը միշտ եղել է խաղաղ ապրելակերպի հետեւողը եւ միշտ արձագանգել է որեւէ ոտնձգութեանն ու անարդարութեանը: Եկէք արձանագրենք, որ անկախ նշուած համաշխարհային պատմութեան փորձերից` պոյքոթի հեղինակների աչքից վրիպել է այս ժողովրդի պատմական եւ քաղաքակրթական հսկայական ներուժը` կապուած խնդրի լուծմանն ուղղուած որդեգրուած ելքի հետ:

– Իրանի վերջին շրջանի նախագահական ընտրութիւնների ելքը բացառիկ հնարաւորութիւն է: Պատժամիջոցների համահեղինակների համար մօտեցումները վերանայման ենթարկելով` որդեգրել խաղաղութեանն ուղղուած ճկուն ելքեր, որով հնարաւոր կը լինի Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ տարածաշրջանը հանգստացնելով` նորամուծութիւն մտցնել տարածաշրջանային հակամարտութիւնների դադարեցման գործում:

Իսկ մեր ակնկալիքը աշխարհի մտաւորականութիւնից, ի մասնաւորի տնտեսագէտներից եւ իրաւաբաններից ու հանրային կարծիք ձեւաւորողներից այն է, որ սատարելով խաղաղասիրական նպատակներով կեանքի կոչուած` «Հակապոյքոթ»-ի այս շարժմանը` պատկան երկրների քաղաքական այրերին մղել վերցնելու համապատասխան առաջին դրական քայլերը` ստեղծուած բարդ իրավիճակը շտկելուն ուղղուած ճկունութեան գծով:

 

 

 

Share this Article
CATEGORIES