«Պակասում Է Մարդկանց Ներքին Խաղաղութիւնը»
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Փիթըր Ճամը (Ճամպազեանը) Պէյրութից է: Նա երաժիշտ է, ով իր նախաձեռնութեամբ շրջում է աշխարհի երկրներով եւ իր երաժշտութիւնը տարածում: Բացի դա նա նաեւ ՄԱԿ-ի խաղաղութեան դեսպանն է, ով երաժշտութեան միջոցով տարածում է խաղաղութիւն: Իր երաժշտական գործունէութեան մասին խօսելիս նա նշեց, որ դա նոյնն է, ինչ խօսի մէկ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների մասին: Փիթըրի խօսքով, սկզբից իր ընտանիքի անդամներին թւում էր, թէ երաժշտութիւնն ուղղակի նախասիրութիւն է իր մօտ, որը ժամանակի ընթացքում կ՛անցնի:
– Երաժշտութիւնն այնպիսի հորիզոններ բացեց իմ առջեւ, որ ես կարող էի անընդհատ ստեղծագործել: 17-18 տարեկան էի, բայց արդէն զօրաւոր երաժիշտ էի, մանկական երաժիշտ չէի: Դպրոցական ընկերներիս հետ խումբ ստեղծեցի եւ դրա շնորհիւ սկսեցի խորանալ երաժշտութեան մէջ: Այնուհետ սկսեցի երաժշտութիւն սովորեցնել:
ՀԱՐՑՈՒՄ.- Իսկ արդեօ՞ք ընտանիքդ ընդդիմացաւ քո որոշմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անշո՛ւշտ, սկզբից ընդդիմացաւ` ասելով, որ երաժշտութեամբ չեմ կարող վաստակել հաց: Բայց մէկ հանգամանք կար` ես հոգով-սրտով կապուած էի երաժշտութեանը: Երբ ինձ հարցնում են, թէ երաժշտութիւն սիրո՞ւմ եմ, վիրաւորւում եմ այդ հարցից, որովհետեւ երաժշտութիւնը կապուած է իմ հոգու հետ: Մինչ օրս էլ կան շատ զոհողութիւններ, եւ եթէ դա նայենք նիւթականութեան տեսակէտից, ապա, ի հարկէ, դժուարութիւններ կան, բայց միւս կողմից` երաժշտութիւնն գործածում եմ իմ` խաղաղութեան դեսպան լինելու նախագծերի համար:
Հ.- Դժուար չէ՞ անընդհատ շրջելը տեղից տեղ: Ի վերջոյ, ի՞նչ ես փնտռում:
Պ.- Դժուար է, բայց երբ ծայրայեղ կերպով ես սիրում ինչ-որ բան, որը կեանքիդ ամենասիրելի բանն է, որքան էլ յոգնեցուցիչ կամ ցաւցնող լինի, ուրախ ես լինում, քան այն, որ կարող ես անել ամենադիւրին բանը, բայց` չցանկանալով: Աշակերտներս միշտ հարցնում են ինձ, թէ ո՞ր երաժշտական գործիքն է աւելի դիւրին: Ես պատասխանում եմ, որ ամենադիւրինն այն երաժշտական գործիքն է, որը սիրում ես:
Հ.- Քո երաժշտութեան մէջ խաղաղութեան ուղերձներ կան: Քո կարծիքով, այսօր խաղաղութիւնը պակասո՞ւմ է աշխարհին:
Պ.- Ես սկսեմ ոչ թէ աշխարհից, որն աւելի քան դրսում է, այլ` ներքին խաղաղութիւնից: Պակասում է մարդկանց ներքին խաղաղութիւնը: Երբ մարդը կորցնում է իր ներքին խաղաղութիւնը, խաղաղութիւն չի տեսնում նաեւ աշխարհում: Այս նիւթը արծարծել եմ նաեւ իմ գրքում: Խաղաղութիւնը կարող է լինել ժամանակաւոր, որը կայուն, իսկական խաղաղութիւնը չէ: Իսկական խաղաղութեան դէպքում լինում է կայունութիւն, ինչը միշտ սկսում է մեր միջից: Այսինքն, եթէ իմ ձեռքին չկայ, ենթադրենք այս բջջային հեռախօսը, չեմ կարող տալ քեզ:
Նոյնը վերաբերում է նաեւ բացասական երեւոյթներին: Եթէ բացասական բան չկայ իմ մէջ, չեմ կարող տալ քեզ. այսինքն, եթէ ես հայհոյելու, գոռալու, կռիւ անելու պատրաստ չեմ, ապա չեմ կարող դրսեւորել դա: Մենք պէտք է զբաղուենք մեր ներքին խաղաղութեամբ, դրսի խաղաղութիւնը կեղծ է: Մարդիկ միշտ փորձում են նայել դրսի աշխարհին` երբեմն ասելով, որ դրսի աշխարհում խաղաղութիւն չկայ: Իսկ ինչո՞ւ չկայ: Դա միայն կառավարութիւնների պատասխանատուութիւնը չէ: Ամենակարեւոր թիրախը ժողովուրդն է ինձ համար: Եթէ մենք խաղաղութիւն չգտնենք մեր մէջ, չենք կարող սպասել դրսի խաղաղութեանը:
Հ.- Իսկ ինքդ քո ներսում կարողացե՞լ ես հասնել կայուն խաղաղութեան:
Պ.- Ես մարդ արարած եմ: Կարող եմ ասել, որ հիմա աւելի լաւ վիճակի մէջ եմ, քան` 5 տարի առաջ, երբ աւելի շուտ էի նեարդայնանում: Եթէ դու սէր ես ծնում քո մէջ, այն կարող ես դուրս տալ: Սէրը, արդարութիւնը, խաղաղութիւնը փորձում եմ ստեղծել իմ մէջ, որպէսզի կարողանամ տալ նաեւ իմ շրջապատին: Դա փորձառութիւն է, որ, կարծես, յաջողւում է: Եթէ մենք հոգեբանօրէն աշխատենք մեզ հետ, սովորենք մեր սխալներից, ապա կը տեսնենք, որ աւելի լաւ մարդ արարածներ ենք դառնում: Այս մասին գրել եմ իմ գրքում: Ինձ համար կարեւոր է, թէ որտեղի՞ց է սկսում խաղաղութիւնը: Խաղաղութիւն ունենալը եւ խաղաղասէր լինելը տարբեր են: Եթէ դուրս գանք ճանապարհ եւ մարդկանց հարցնէք, թէ ուզո՞ւմ են, որ խաղաղութիւն լինի, ամէնքն էլ կ՛ասեն, որ, ի հարկէ, ուզում են, բայց արդեօ՞ք իրենք խաղաղութիւն ունեն իրենց մէջ, որպէսզի կարողանան դուրս հանել դա: Դա մեծ հարց է: Եթէ մէկն ուզում է, կարող է ունենալ: Իմ «If you want» երգի մէջ կայ այդ հարցի պատասխանը: Ի հարկէ, դա ցանկանալուց աւելի մեծ բան է: Դու պէտք է կարողանաս գործողութիւն անել քո ցանկութիւնն իրագործելու համար` «act with will»: Հաւատքը, սակայն, բաւարար չէ այժմեան օրերում: Գործունեայ պէտք է լինել: Այս մասին վերջերս խօսել եմ նաեւ ՄԱԿ-ի համաժողովում: Կամք պէտք է ունենալ, որ իրագործենք ցանկութիւնը: Պատմութեան մէջ կան անձինք, ինչպիսիք են, օրինակ, Մայր Թերեզան, Մահաթմա Կանտին, Մարթին Լիւթեր Քինկը, որոնց կեանքից կարող ենք սովորել: Պատմութիւն-կրօն կապը շատ հետաքրքիր է ինձ համար, որտեղ գտել եմ նաեւ իրականութիւն:
Հ.- 2011թ. դարձաք ՄԱԿ-ի խաղաղութեան դեսպան: Ինչպէ՞ս ստացուեց:
Պ.- 2010թ. երբ գտնւում էի Միացեալ Նահանգներում, առաջին ձայնասկաւառակս լոյս տեսաւ, խաղաղութեան պատգամը կար այնտեղ: Նախագծեր էի փորձում իրականացնել ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպութիւնների հետ, եւ վերնագիրն այսպիսին էր` «Դրական պատգամը, որ կարող ենք դնել երաժշտութեան եւ արուեստի ուժի մէջ»: Ես միշտ հաւատում եմ, որ երաժշտութիւնն ու արուեստը շատ մեծ ազդեցութիւն ունեն մարդու վրայ: Եւ ես որոշեցի, որ արուեստի, երաժշտութեան այն ուժը, որ ունեմ, օգտագործեմ խաղաղութեան եւ արդարութեան համար: 2011թ. համերգներ ունեցայ Պէյրութում, որոնց տեսագրութիւնը եւ ձայնագրութիւնը տարածեցինք հեռուստատեսութիւններում եւ ձայնասփիւռներում: Դրանից յետոյ գնացի Եւրոպա, եւ եւրոպական խաղաղութեան շրջագայութիւնը յղացաւ ինձ մօտ: Կայ մի գործ, որ ասում է` եթէ գաղափար է յղանում քեզ մօտ, ապա հաւատալով այդ գաղափարին` գործունեայ լինելու դէպքում կարող ես իրականացնել դա: Ինձ համար մի քիչ երազ էր, որ Պէյրութից կարող էի գնալ Եւրոպա, որովհետեւ ո՛չ հարուստ ընտանիքից եմ, ո՛չ էլ բարերար ունեմ: Լիբանանի քաղաքացիութիւն ունենալով` դժուարութիւն ունէի Եւրոպա մուտք գործելու այցեգիր ստանալու, նիւթական ապահովելու հարցերում: Եւ որոշեցի մի քիչ փող հաւաքել, գնալ եւրոպական մի երկու քաղաք, ձեռքի փոքրիկ տեսախցիկով նկարել, իսկ երբ գնացի Եւրոպա, 2-3 քաղաքը դարձաւ 10 քաղաք, յետոյ` 15, 18: Այս նախագիծն ինձ օգնեց, որ ես իսկական տեսնեմ եւ անեմ: Այդպէս շարունակուեց: Դրանից յետոյ գնացի Պոլիս, որտեղ թուրքերի հետ ցանկանում էի խօսել իմ ուղերձի մասին: Իմ ուղերձի մէջ կայ նաեւ Հայոց ցեղասպանութեան հարցը: Դա ես տեսնում եմ մարդկային իրաւունքների տեսակէտից: Խաղաղութիւնն առանց արդարութեան չի կարող լինել, իսկ արդարութիւնն` առանց մարդկային իրաւունքների: Իմ մեծ հայրերը պատմական Հայաստանից են, եւ ես ուզում էի հարցնել իրենց, թէ ինչպէ՞ս են բացատրում արդարութիւնն ու խաղաղութիւնը, մարդկային իրաւունքները: Պոլսում տեղի ունեցած վերջին բողոքի ցոյցերի ժամանակ գնացի եւ հասարակութեան լայնախոհ հատուածի հետ: Հայութիւնը մարդկութեան մի մասն է, եւ ես հայկական իրաւունքներից առաջ տեսնում եմ մարդկային իրաւունքները: Այդպէս այլ ազգերը չեն նայի մեզ եսասիրութեան դիտակէտից: Ես շատ հարցեր ուղղեցի իրենց, իրենք էլ` ինձ: Շատ ներշնչուած մթնոլորտ էր: Նրանք ցեղասպանութիւնների` իբրեւ մարդկային իրաւունքների մասին, ասում էին, որ խնդիր չունեն: Այնտեղ շփուեցի նաեւ հայկական գաղութի, «Անատոլու քիւլթիւր» հայկական մշակութային կենտրոնի հետ, որտեղ ունենք հոյակապ տղաներ, ովքեր գործունեայ են, եւ մինչեւ իսկ հայկական դասաւանդումներ կազմակերպում են, նոյնիսկ կան թուրքեր, ովքեր գնում են հայերէն սովորելու: Չեմ կարծում, որ թուրքերը դէմ լինեն ընդունել Ցեղասպանութիւնը, եթէ այն ներկայացնենք մարդկային իրաւունքների տեսակէտից: Ի հարկէ, կան նաեւ այս հարցին ընդդիմացողներ, բայց ես կարող եմ նրանց ընդդիմանալ` ասելով, որ ես էլ ուզում եմ խաղաղութիւն եւ արդարութիւն:
Հ.- Շուտով Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: Որպէս խաղաղութեան դեսպան` ի՞նչ էք անելու արդարութեան վերականգնման համար:
Պ.- 100 մղոնանոց ճանապարհն սկսում է մէկ քայլից: Վերջին 10-15 տարուայ մէջ հպարտ եմ հայութեան քարոզչութեամբ, որ աշխարհում, սփիւռքում հասցնում են այն ուղերձը, որ Հայոց ցեղասպանութիւն է եղել, ինչի մասին շատ մարդիկ լուր չունեն: Քանի որ ես մեծացել եմ հայկական գաղութի մէջ, կարծում էի, թէ ամբողջ աշխարհը գիտի Հայոց ցեղասպանութեան մասին, իսկ երբ խորացայ, տեսայ, որ Եւրոպայում կան շատ քաղաքներ, մարդիկ, ովքեր չեն լսել ոչ միայն Ցեղասպանութեան, այլեւ` հայի մասին: Կարծում եմ` վերջին տարիներին մենք սկսել ենք մօտենալ մեր նշանակէտին: Հայոց ցեղասպանութիւնը եւ արդարութեան ուղերձը, որ ունենք, պէտք է անենք ամէն օր` չսպասելով ինչ-որ բանի: Այդ ուղերձը պէտք է չյիշենք միայն ապրիլի 24-ին: Իմ տարեդարձը, որ կարող եմ ուրախ ժամանց անցկացնել իմ ընկերների հետ, կարող եմ կազմակերպել ամիսը մի անգամ: Բայց ապրիլի 24-ը տարեդարձ չէ, այնտեղ կան մարդկային իրաւունքներ, եւ երբ մենք կենտրոնանանք Ցեղասպանութեան ճանաչման արդարութեան ուղերձի վրայ, մեր պատգամն աւելի ճիշդ կերպով կը հասցնենք: Հիմա աշխարհը պիզնըսի, նիւթական աշխարհ է: Պոլսում հանդիպեցի հոլիվուտեան մի բեմադրիչի հետ, ումից հարցրեցի, թէ ինչո՞ւ Միացեալ Նահանգներն չի ճանաչում Հայոց ցեղասպանութիւնը, չէ՞ որ Միացեալ Նահանգներն շատ է ցանկանում պաշտպանել մարդկային իրաւունքները, բայց կայ պիզնըսի, քաղաքականութեան հարցեր Թուրքիոյ հետ: Ես հաւատում եմ միայն ժողովրդի ուժին, որը կարելի է գործածել, եւ եթէ ամբողջ ժողովրդին ասենք, որ դուք մարդ էք, մենք էլ ենք մարդ, եւ մենք ջարդուած ենք եղել իբրեւ մարդ, կարող ենք հասնել արդիւնքի:
Հ.- Ո՞րն է մարդու առաքելութիւնն այս աշխարհում:
Պ.- Մարդու առաքելութիւնը մտածելն է, թէ եկող սերունդներն ինչպէ՞ս կարող են ապրել: Դրա համար ես նախագիծ ունեմ մանուկների հետ, ովքեր ապագան են, եւ որոնց պէտք է մեծացնենք խաղաղութեան մթնոլորտում, հակառակ դէպքում` նրանք կարող են դառնալ Գ. Համաշխարհային պատերազմի պատճառ, ինչի աղբիւրը մենք կարող ենք լինել: Մեր առաքելութիւնը պէտք է լինի այն, որ շատ աշխատենք մեր ներքին աշխարհի վրայ` լաւութիւն տարածելով մեր արտաքին շրջապատում, մանաւանդ մեր երեխաների շրջանում: Եթէ կենտրոնանամ հայութեան վրայ, ապա կարող եմ ասել, որ մենք ունենք շատ արժէքաւոր պատմութիւն, մշակոյթ, ինչը չունեն ուրիշ ազգեր: Ես փորձել եմ փնտռել հարուստ մշակոյթ շատ ազգերի մէջ, որոնք հին են, սակայն չեմ կարողացել գտնել: Վերջերս, ՄԱԿ-ի համաժողովից յետոյ, դեռ ՄԱԿ-ի համալիրում, խօսեցի մի այլազգի աղջկայ հետ, ով հետաքրքրուած էր, թէ ովքե՞ր են հայերը: Երբ սկսեցի խօսել, միանգամից տեսայ խաչքար, որը Հայաստանի Հանրապետութիւնն էր նուիրել ՄԱԿ-ին: Այդ խաչքարի վրայ կար մեր արուեստը, մեր կրօնը, մեր հարուստ եւ արժէքաւոր պատմութիւնը: Միանգամից պատասխանեցի նրան, որ մէկ ժամ է` փորձում եմ ասել, թէ մենք ովքե՛ր ենք, բայց այս քարն ամէն ինչ կ՛ասի իմ փոխարէն: Ինձ համար շատ խանդավառ բան էր, որ նման խաչքար կար ՄԱԿ-ի մէջ, ընդ որում` միակն էր: Լուսանկարուեցի այդ խաչքարի մօտ եւ այնքան հպարտ էի, որ ես հայ եմ: Ես կ՛ուզեմ, որ մենք էլ միշտ լինենք այդ խաչքարի պէս, ուր էլ լինենք, մեր լեզուն, մեր մշակոյթը, մեր կրօնը լինի մեր մէջ: Գիտեմ, որ հիմա բարդ է: Իմ երգերն անգլերէն են, բայց իմ երգերի մէջ ես դնում եմ հայկականութիւնը: Համաշխարհայնացման եւ համացանցի դարաշրջանում պէտք է չմոռանանք, որ հայ ենք, որ մեր թանկ հայրենիքն ու մշակոյթն ունենք, որ` կան ազգեր, որոնք մշակոյթ ունեն, բայց հայրենիք չունեն: Ցաւօք, հայութիւնը շատ է լքում Հայաստանը, ի հարկէ, մենք սփիւռքում յիշում ենք մեր հայրենիքը, ես ինքս էլ միշտ ուզում եմ գալ Հայաստան, որ աւելի շատ համագործակցենք իրար հետ, որ` Հայաստանն աւելի լաւ տեղ տանենք, որ աշխարհում լաւ տեղ ունենաք, որ ամէն մարդ իմանայ` Հայաստանը ոչ թէ որպէս զբօսաշրջութեան վայր, այլ` պատմական երկիր լինելու հանգամանքը: Անշուշտ, զբօսաշրջային երկիր լինելն էլ վատ չէ պիզնըսի տեսակէտից, բայց մենք պէտք է մեր խորունկ մշակոյթը սովորեցնենք ամբողջ աշխարհին: Անշուշտ ես չեմ մոռանում նաեւ Արցախի պատմութիւնը: Այդ ամէնը միասին մեր հայկական ինքնութիւնն է, եւ ամենակարեւորը, որ իրար կապենք հայութիւնն ու արդարութեան պատգամը` որպէս մարդկային իրաւունքներ:
Երեւան-Պէյրութ


