Նախագահ Սերժ Սարգսեանի Ելոյթը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովի Բացման

Ուրախ եմ գտնուելու համար այստեղ` հայոց հոգեւոր կենտրոնում, բոլորիս համար նուիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ` Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասին, եւ յատկապէս աշխարհասփիւռ հայութեան հեռաւոր օճախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգեւոր առաջնորդներին: Առիթից օգտուելով` պէտք է ասեմ, որ լաւատեղեակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանուէր ձեռնարկումներին եւ շնորհակալ եմ այդ ամէնի համար:

Երախտապարտ եմ Ամենայն հայոց հայրապետին ինձ հրաւիրելու եւ ողջոյնի խօսքով ձեզ դիմելու այս հնարաւորութեան համար: Այստեղ գտնուելով, ինչպէս եւ մեր ժողովրդի իւրաքանչիւր զաւակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սէրը, նուիրումը եւ աջակցութիւնը մէկ անգամ եւս յայտնել Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն:

Հայոց պատմութեան վայր ի վերումներին ծանօթ մարդիկ կարող են իրաւամբ գնահատել այն կարեւորագոյն առաքելութիւնը, որ կատարել եւ այսօր էլ շարունակում է կատարել մեր մայր եկեղեցին: Առաքեալների ջանքերով հիմնադրուած այս հոգեւոր հաստատութեան շնորհիւ` պետականութիւնից զրկուած եւ աշխարհասփիւռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժէքների հետ, որոնք սօսնձում են հայոց ինքնութիւնը:

Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լոյս սփռել մեր մէջ, իսկ Հայոց եկեղեցու սպասաւորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայութիւնը` հաւատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսէս Շնորհալու, Գրիգոր Տաթեւացու եւ Հայ եկեղեցու լուսամիտ հայրապետներ` Ներսէս Աշտարակեցու, Խրիմեան Հայրիկի, Վազգէն Ա.-ի եւ մեր միւս հոգեւոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, մինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականութիւնը, սակայն հայոց ազգային կեանքում մայր եկեղեցու հայապահպան դերակատարութիւնը շարունակում է մնալ նոյնչափ կարեւոր: Այսօր, առաւել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգեւոր արժէքները, որոնք մեզ կապում են եւ դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր սահմանադրութեան ուժով Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու` որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Մեծագոյն հաճոյքով գոհունակութիւն եմ յայտնում պետութեան եւ եկեղեցու միջեւ հաստատուած սերտ համագործակցութեան եւ մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմեանց փոխլրացնելու կապակցութեամբ:

Գերաշնո՛րհ հոգեւոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ մայր եկեղեցին` Հայաստանի ու հայ ժողովրդի վէմն ու յենասիւնը: Դարեր շարունակ աստուածապաշտ հայ ժողովրդի հայեացքն ուղղուած է եղել առ Սուրբ Էջմիածին: Հէնց այստեղ է բաբախում մեր մայր եկեղեցու սիրտը, որը սնուցւում է միլիոնաւոր մեր հաւատաւոր քոյրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղօթքներով:

Այժմ մենք յիրաւի դարակազմիկ իրադարձութեան ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնաւորապէս վերջին վեց հարիւրամեակների ընթացքում, հնարաւոր չի եղել գումարել Հայոց եկեղեցու եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախութեամբ պէտք է արձանագրեմ, որ այժմ հնարաւորութիւն է ստեղծուել յաղթահարելու այդ հիմնախնդիրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն` մեր հայրենի հողի վրայ գումարելով եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձութիւնը կարեւորագոյն ազդակ է մեր հաւատաւոր ժողովրդին եւ կոչուած է ապացուցելու մայր եկեղեցու հաւատարմութիւնը աշխարհասփիւռ հայութեանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կ՛ազդարարի նոր առաջընթաց հայոց հոգեւոր կեանքում եւ թոյլ կը տայ համայն հայութեանը նոր եռանդով ու լիցքով լծուել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին թեւակոխում է իր պատմութեան նոր փուլ: Այն հնարաւորութիւն է ստանում գտնելու մեր հոգեւոր ու բարոյական կեանքի բազմաթիւ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրաւէրներին համապատասխան բարեփոխելու եւ արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թէ որքան ծանրաբեռնուած է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ` քննարկուող հարցերից մէկին անհրաժեշտ է յատուկ ուշադրութիւն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու հայոց երկու հայրապետների կարեւորագոյն նախաձեռնութիւնն է:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկութեան դէմ յանցագործութիւններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի եւ ամբողջ մարդկութեան հանդէպ, որպէսզի ապագայում հնարաւոր լինի կանխել նոր ցեղասպանութիւնների կրկնութիւնը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփիւռ մեր ժողովրդի ակնկալիքը նաեւ Հայ եկեղեցուց եւ իր եպիսկոպոսաց պատուական դասից:

Այս օրերին Սուրիայում շարունակւում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձաւ սուրիահայ համայնքի ծանրագոյն փորձութիւնը: Սուրիայում կատարուողը մեր ամենամեծ ցաւն է եւ մեր ամէնօրեայ թիւ մէկ մտահոգութիւնը: Սուրիոյ ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղածներին եւ իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծուած իրավիճակի համար հնարաւորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնուի եւ դադարեցուի արիւնահեղութիւնը մեր բարեկամ երկրում:

Քրիստոնէական հաւատքը, սէրը եւ բարոյականութիւնը, մեր դաւանանքը աչքի լոյսի պէս պահելու եւ պաշտպանելու պատասխանատուութիւնը օրհնութիւն է բոլորիս համար: Խորապէս համոզուած եմ, որ դարերէ ի վեր այդ ամէնի մարմնաւորողն ու իրագործողը մեր ժողովրդի կեանքում Հայոց եկեղեցին է իր բոլոր նուիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառոյցներով: Սա այն հաստատութիւնն է, որը իւրաքանչիւր հայ պէտք է սիրի, փայփայի ու պահպանի` իբրեւ դէպի յաւերժութիւն մեր ժողովրդի մշտագնայ ճամբորդութեան գրաւական:

Վերահաստատելով ուրախութիւնս Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցութեամբ` յոյս եմ տածում, որ այն նոյն միասնականութեան ոգու վկայութեամբ այսուհետ գումարուելու է պարբերաբար` ի փառս մեր հաւատաւոր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ յաջողութիւն եւ արդիւնաւէտ աշխատանք:

Թո՛ղ Աստուած պահի ու պահպանի Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին եւ Հայաստան մեր աշխարհը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )