ԿԱՐԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ. «ԲԵՐԴ» ՊԱՐԸ ՄԵՐ ԽՄԲԻ ՄՏԱԾՈՂՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆ Է»

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՆԻԺՆԻ ՆՈՎԿՈՐՈՏԻ «ԿԱՄՈՒՐՋ» ԱԼՄԱՆԱԽԻՆ

Կարէն Գէորգեան

«Բերդ» պարային համոյթի հիմնադիրն ու անփոփոխ գեղարուեստական ղեկավարն է Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ Բորիս Գէորգեանը: Համոյթի գլխաւոր պարուսոյցն է մանկավարժական գիտութիւնների թեկնածու, Հայաստանի ազգային պարարուեստի միութեան նախագահ, Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ Կարէն Գէորգեանը: 1967թ. Լաթվիայում առաջին անգամ մասնակցելով միջազգային փառատօնի, «Բերդ» պարային համոյթն արժանացել է դափնեկրի կոչման եւ նուաճել գլխաւոր մրցանակը: 1970-80թթ. «Բերդ»ը մասնակցել է բազմաթիւ միջազգային փառատօների եւ համերգների` Լեհաստանում, Հունգարիայում, Յունաստանում, Պուլկարիայում, Ալճերիայում, Աւստրիայում, Կիպրոսում  եւ աշխարհի այլ երկրներում:

«Բերդ» համոյթը հայկական ազգային պարարուեստը ներկայացրել է միջազգային փառատօներում` Քաուշունկում (Թայուան), Պատախոսում (Սպանիա), Ֆրիպուրկում (Զուիցերիա), Աւիանոյում (Իտալիա), Օլորոն Սենթ Մարիում (Ֆրանսա) եւ շատ այլ հանրայայտ միջազգային ֆոլքլորային փառատօներում: 2000 թուականը ոսկէ տառերով է գրուել համոյթի պատմութեան էջերում. առաջին անգամ Հայաստանը ներկայացնելով Տիժոնի (Ֆրանսա) Ժողովրդական եւ ֆոլքլորային պարերի միջազգային մրցոյթում, «Բերդ» համոյթը յաղթող է ճանաչուել աշխարհի տարբեր երկրների աւելի քան քսանհինգ խմբերի շրջանում` նուաճելով ոսկէ մետալը: «Բերդ» համոյթը համերգներով բազմիցս հանդէս է եկել Մոսկուայի Քրեմլի համագումարների պալատում, Թայուանի մայրաքաղաք Թայփէյի «Սուն Եաթ Սեն» համերգային դահլիճում: Միաժամանակ, «Բերդ» պարային համոյթը մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան պետական եւ կառավարական բազմաթիւ տօնական միջոցառումների` «էրեբունի-Երեւան», «Համահայկական խաղեր», «Հայաստանում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունելու 1700-ամեակ», «Հայաստանի անկախութեան օր» եւ այլն:

Ընդհանուր առմամբ, «Բերդ» պարային համոյթն իր ստեղծագործական գործունէութեան աւելի քան 45 տարիների ընթացքում հիւրախաղերով հանդէս է եկել աշխարհի աւելի քան քսան երկրում, մասնակցել  500 միջազգային փառատօների, տուել աւելի քան հազար համերգ` գրաւելով մօտ մէկ միլիոն հանդիսատեսի: «Բերդ» պարային համոյթի պարացանկում ներկայացուած են հարիւրից աւելի ժողովրդական եւ ֆոլքլորային պարեր, ինչպէս Հայաստանի Հանրապետութեան, այնպէս էլ պատմական Հայաստանի տարբեր մարզերից: Այդ պարային գլուխգործոցների շարքում են հերոսական, աշխատանքային եւ կենցաղային, ծիսական, քնարական, կատակ պարեր, մենապարեր եւ այլն:

Մի քանի տարի յետոյ Հայաստանի վաստակաւոր «Բերդ» պարային համոյթը կը նշի իր 50-ամեակը: Այս համոյթի պատմութիւնը կերտել է Գէորգեան ընտանիքի աւագը` Բորիս Եղիշէի Գէորգեանը, մարդ, որն իր ամբողջ կեանքում մեր երեխաներին ուսուցանում է իրենց նախնիների պարը: Ժամանակի ընթացքում ընտանիքի գլխաւորի կողքին կանգնեցին նաեւ նրա որդիները` Կարէնը եւ Ստեփանը, որոնք առանց վարանելու որոշեցին շարունակել հօր սկսած գործը: Անգամ ամենածանր տարիների դժուարութիւնները չկարողացան խանգարել ստեղծագործական եռեակին` ժողովրդական արուեստը տարածելու գործում: Գէորգեան ընտանեկան տոհմի ջանքերի շնորհիւ տարբեր սերունդների հանդիսատեսները հնարաւորութիւն են ունեցել տեսնելու, թէ հին ժամանակներում ինչպիսի ազգային պարեր են կատարուել Տիգրանակերտի բեմում, այսինքն` վայելել իսկական հայկական պարարուեստը:

Այսօր «Բերդ» համոյթը ոչ միայն ուսումնասիրում է հայկական ֆոլքլորային պարերի պատմութիւնը, այլեւ դարձել է հայ ժողովրդի նշանաւոր դէմքերի` Նարեկացու, Սայաթ Նովայի, Կոմիտասի եւ այլոց ստեղծագործութիւնների իսկական ջատագովը: Նիժնի Նովկորոտի Գորկու անուան տրամաթիքական թատրոնում կայացած համերգից յետոյ «Կամուրջ» ալմանախին բախտ վիճակուեց զրուցելու Կարէն Գէորգեանի հետ եւ բազում թեմաներ քննարկել նրա հետ, ինչպէս «Բերդ» համոյթի պատմութեան, այնպէս էլ` ներկայիս այլ հրատապ հարցերի շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ուրախ եմ ձեզ տեսնելով Նիժնի Նովկորոտում: Դուք առաջին անգամ էք մենահամերգներով այցելել Ռուսաստան: Ո՞րն է հիւրախաղերով շրջագայելու ձեր հիմնական նպատակը Ռուսաստանի խոշոր քաղաքներ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այն նուիրուած է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին: «Բերդ» համոյթը մէկ անգամ եւս ցանկանում է սփիւռքի եւ համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ արդէն երկու տասնամեակ Հայաստանը անկախ պետութիւն է: Բացի այդ, համերգային ծրագրերի շնորհիւ մենք ձգտում ենք պահպանել մեր հայրենակիցների հայկական ինքնութիւնը, որոնք ստիպուած ապրում են հայրենիքի սահմաններից դուրս: Այսօր միայն այսպիսի արտագնայ ելոյթները հնարաւորութիւն կը տան ամբողջ մարդկութեանը տեսնելու եւ հասկանալու, թէ մեր ժողովուրդն ինչպիսի հարուստ եւ գեղեցիկ պարեր է ստացել իր նախնիներից որպէս ժառանգութիւն: Պէտք է նշել, որ յատուկ ծրագիր է նախապատրաստուել Ռուսաստանի համար: Այս անգամ մեր համոյթի ղեկավարութեան որոշմամբ նախապատուութիւն է տրուել Ռուսաստանի հէնց այս հատուածին: Քաղաքներն ընտրուել են հայ բնակչութեան հոծ բնակութեան սկզբունքով: Յաջորդ տարի նախատեսում ենք ընդգրկել Ռուսաստանի այլ քաղաքներ:

Հ.- Ինչպէս նշեցիք, Ռուսաստանի հանդիսատեսների համար պատրաստուել էր պարային յատուկ ծրագիր: Ուստի, խնդրում եմ մեր ընթերցողներին պատմել այդ պարերից թէկուզ մի քանիսի մասին, որոնք ներկայացուեցին Նիժնի Նովկորոտի հանդիսատեսին: Դուք այնքան բան գիտէք դրանց մասին…

Պ.- Ժողովրդական պար «Քոչարի», «Ծափ պար», «Բերդ», «Մոկաց հարսներ», «Հայկական զարդանախշեր», «Արեւորդիներ», «Հոյ-նար», «Հայկազուններ», «Ջանգիւլում»,  «Շուշիկի պար». սրանք  դեռ բոլորը պարերը չեն, որոնք մեր համոյթը ներկայացրել է Նիժնի Նովկորոտում: Պատմել այս բոլոր պարերի պատմութիւնը, նշանակում է Հայաստանի պարարուեստի մասին դասախօսութիւնների շարք սկսել: Օրինակ, «Հայկական  զարդանախշեր»ում պարաձեւերը եւ խրթին ուրուապատկերների միահիւսումը վերածնում են հայկական մանրանկարչութիւնն ու ճարտարապետութիւնը` դրանց բնորոշ ազգային զարդանախշերով, խճանկարով եւ խորհրդանշական նկարներով: Իսկ ահա հարուածներով պարերը համարւում են ռազմական պարեր: Մեր նախնիների ժամանակաշրջանում այդպիսի պարերը կատարւում էին ճակատամարտի արդիւնքը կանխատեսելու համար: Դրանք պարում էին ոչ միայն գալիք ճակատամարտի բարեյաջող ելքն ապահովելու նպատակով, այլեւ մարտից յետոյ, որը յաղթանակ էր նշանակում: Եւս մէկ` «Հոյ-նար» ժողովրդական պարը կապուած է նախաքրիստոնէական ժամանակաշրջանի հայկական Նարէ աստուածուհու անուան հետ:

Հ.- Այո, պատկերացնում եմ, թէ ուսանողներն ինչ հետաքրքրութեամբ են լսում ձեր դասախօսութիւնները: Որքան հետաքրքիր բաներ կան  հայկական ազգային պարերի պատմութեան մէջ: Մի փոքր խօսենք այլ թեմայի շուրջ:  Պարոն Գէորգեան, ձեր հայրը` Բորիս Գէորգեանը «Բերդ» պարային համոյթի հիմնադիրն է: Հետաքրքիր է, թէ որտեղի՞ց են նրա գերդաստանի արմատները:

Պ.- Մեր հայրը բնիկ երեւանցի է: Սակայն նա արմատներով Մուշից է, որով մենք շատ ենք հպարտանում: Ինչ վերաբերում է մայրիկիս, ապա նա արմատներով Իրանից է:

Հ.- Իսկ ինչպէ՞ս ստացուեց, որ ձեր հայրը որոշեց ստեղծել «Բերդ» պարային համոյթը:

Պ.- «Բերդ» համոյթը ստեղծուել է 1963 թուականին, Երեւանում: Այն ժամանակ հայրս դա արել է առաջին հերթին փոքրիկների մասնակցութեամբ: Ոչ մէկի մտքով չէր կարող անցնել, որ ապագայում «Բերդ»ը կը դառնայ երիտասարդական համոյթ եւ ընդամէնը մի քանի տարի անց Ռիկայի միջազգային փառատօնում կ՛արժանանայ դափնեկրի կոչման: Ի դէպ, եթէ խօսենք այն մասին, թէ որտեղից է առաջացել համոյթի «Բերդ» անուանումը, ապա ամէն ինչ եղել է այսպէս, երբ 1969 թուականին հայրս իր պարային խմբի հետ պատրաստուել է մեկնել Լաթվիա, մտածել են` ինչպէս անուանել համոյթը: Հայրս երկար խորհելուց յետոյ որոշել է` քանի որ համերգային ծրագիրը սկսւում է «Բերդ» պարով, ուրեմն համոյթը եւս այսուհետեւ կը կրի «Բերդ» անուանումը: Եւ վե՛րջ: 1963 թուականից մինչեւ 2011 թուականը անցել է շուրջ 47 տարի, Բորիս Եղիշէի Գէորգեանը, այսինքն` մեր հայրը, նպատակադրուել է հայկական ժողովրդական պարերով պահպանել ոչ միայն ժողովրդական արուեստը, այլեւ` ազգային մտածողութիւնը: Հայրս այդ նոյն ոգով դաստիարակել է նաեւ մեզ` իր որդիներին: Մենք չենք ձգտել էժանագին ծափահարութիւնների: Դուք, հաւանաբար, յիշում էք, որ Հայաստանի անկախութեան ձեռքբերումից յետոյ երկրում շատ բան փոխուեց: Փոխուեցին արժէքները, հասարակութեան մէջ ի յայտ եկան գնահատման բոլորովին այլ չափանիշներ, կարելի է ասել` ոչ բնորոշ մեր ժողովրդին, եւ նոյնիսկ արուեստում շատ բան փոխուեց: Սակայն, ի հեճուկս դրանց, «Բերդ» համոյթը պահպանեց իր աւանդոյթները, ազգային պահանջները եւ հաւատարիմ մնաց իր ժողովրդին, իր գաղափարներին, իր մտածողութեանն ու անկախութեանը:

Հ.- Իսկ ձեր հայրիկի մօտ ինչպէ՞ս է սէր առաջացել ժողովրդական պարերի հանդէպ:

Պ.- Հայրս ծնուել է մի ընտանիքում, որտեղ մշտապէս հետաքրքրուել են արուեստով եւ գտնուել մեր երկրի մշակութային իրադարձութիւնների կենտրոնում: Նրա հայրը` Եղիշէ Գէորգեանը, այսինքն` մեր պապը, նկարիչ-վերականգնող է եղել: Հայաստանում շատ հին եկեղեցիներ եւ պատմական արժէքներ են վերականգնուել նրա ձեռքերով: Նշեմ, որ կեանքի մի ժամանակահատուածում հայրս գնացել է իր ծնողի հետքերով եւ յաճախել նկարչութեան դասընթացների: Սակայն դեռ մանկուց նա թաքուն սէր է տածել ժողովրդական պարերի հանդէպ: Եւ ահա, 40-50-ական թուականներին, երբ Հայաստանում բացուել  է Պիոներների պալատը, որտեղ նաեւ հայկական պարեր են ուսուցանել, հայրս թողել է նկարչութիւնն ու ընկերների հետ գնացել պարարուեստը ճանաչելու:

Հ.- Պարոն Գէորգեան, հասկանում եմ, որ դուք մշտապէս գտնուել էք ձեր հայրիկի կողքին: Ձեր ստեղծագործական ուղին սկսուել է ձեր յարգարժան հօ՞ր ուղեկցութեամբ:

Պ.- Վեց տարեկանից պարել եմ հօրս մօտ եւ նրա մօտ «մկրտուել» որպէս պարող: Աւարտել եմ մանկավարժական համալսարանի պարային բաժինը, պարուսույցների դպրոցը, սակայն, չնայած այս ամէնին, երբեք չեմ դաւաճանել հօրս  աշխատանքին` ո՛չ որպէս պարող եւ ո՛չ որպէս մանկավարժ: Անգամ հիմա շարունակում եմ նրա աւանդոյթները: Պէտք է ասեմ, որ որպէս պարուսոյցներ, վերջին քսան տարիների ընթացքում «Բերդ» համոյթի պարային ծրագիրը ես եմ բեմադրում: Հայրս վճռեց, որ «Բերդ» համոյթին նոր ձեռագիր է պէտք եւ ուղիղ քսան տարի առաջ իր էստաֆետային փայտիկը յանձնեց ինձ` ձեր խոնարհ ծառային: Դա նրա կամքն էր: Հայրս մտածում էր, որ «Բերդ» համոյթում նոր պարային ծրագրի յայտնուելուն զուգընթաց, ի յայտ կը գայ նոր շնչառութիւն, իսկ դրա հետ մէկտեղ նաեւ` մտածողութիւն: Դուք չէք կարող պատկերացնել, թէ հոգեբանօրէն որքան ծանր էր ինձ համար ամբողջովին փոխել ծրագիրը, որը գոյութիւն էր ունեցել 25 տարի շարունակ, եւ բացի այդ, ամբողջ աշխատանքը կատարուել էր հարազատ հայրիկիս ջանքերով: Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ Նիժնի Նովկորոտի հանրութեանը ներկայացուած պարերը իմ 20-ամեայ աշխատանքի արդիւնքն էին:

Հ.- Իսկ ձեր հայրը պարարուեստ չի՞ բերել իր կնոջը:

Պ.- Կար ժամանակ, որ մայրս նոյնպէս պարում էր, սակայն պարը չդարձաւ նրա կեանքի նպատակը: Նա մասնագիտութեամբ տնտեսագէտ է: Բայց իմ եւ եղբօրս երեխաները շատ են սիրում պարել:

Հ.- Շատ հետաքրքիր է: Ձեր բոլոր երեխաները պարո՞ւմ են:

Պ.- Այո՛, իրօք, մեր բոլոր երեխաները պարում են, բայց ոչ բոլորի համար է այն  դարձել հիմնական մասնագիտութիւն: Օրինակ, եղբօրս` Ստեփանի աւագ որդին` Արգիշտին տնտեսագիտական համալսարանի ուսանող է: Կրտսեր որդին` Մենուան սովորում է 8-րդ դասարանում եւ պարում է պապիկի մօտ: Իմ դուստրը` Ռենան եւ որդիս` Արենը, նոյնպէս յաճախում են «Գէորգեան» պարային կենտրոն: Արենը, որը 11 տարեկան է, թւում է, որ պատրաստւում է լրջօրէն շարունակել մեր ընտանեկան մասնագիտութիւնը (ծիծաղում է): Նա շատ լաւ պարային տուեալներ ունի, եւ բոլորս ուրախ ենք նրա համար:

Հ.- Պարոն Գէորգեան,  բեմական գործն ամբողջութեամբ ձեզ յանձնելուց յետոյ, ձեր հայրը չի՞ փորձում արդեօք միջամտել ստեղծագործական  գործընթացին, խորհուրդ տալ:

Պ.- Հայրս աշխատում է չմիջամտել այդ գործընթացին: Նա այդ գործն ամբողջութեամբ ինձ է յանձնել: Սակայն, չնայած դրան, մենք մշտապէս զգում ենք նրա խորհուրդների կարիքը եւ միշտ խորհրդակցում ենք իր հետ: Այժմ նա ղեկավարում է «Գէորգեան» պարային կենտրոնը, ուր հարիւրաւոր երեխաներ են յաճախում: Ժամանակի մեծ մասը հայրս նուիրում է կրտսեր խմբերին:

Հ.- Կը ցանկանայի, որ մի փոքր պատմէիք «Բերդ» համոյթի մասին: Քանի՞ պարող ունէք, ո՞ր տարիքից են նրանք պարում:

Պ.- Մեր համոյթում բոլորը արհեստավարժ պարողներ են: Մեզ մօտ պարում են հիմնականում 18-30 տարեկան պարողները: Ինչո՞ւ այսպիսի տարիք, որովհետեւ բեմն իր պահանջներն ունի: Բեմը պարողներին չի ընդունում 30 տարեկանից յետոյ: Շատ դժուար կը լինի մեր ծրագիրն իրականացնել 30-ն անց պարողների հետ: Այդպիսի ծրագրի համար պէտք է ունենալ թեքնիք պատրաստուածութիւն, տիրապետել բարձր պարային արուեստի: Իմ կարծիքով, ամբողջ աշխարհում այժմ այդպէս է ընդունուած: Դէ, թող առաւելագոյնը լինի 33 տարեկան: Դրա համար էլ ասում են, որ պարողի կեանքը թիթեռնիկի կեանք է: Նա պարում է ընդամէնը տասը տարի` 18-ից մինչեւ 28 տարեկանը: Ի դէպ, մեր համոյթում պարուսոյցներ կան, որոնք մասնակցում են մեր պարերին. նրանք իրենց ամբողջ կեանքը նուիրել են պարարուեստին:

Հարցազրոյցը վարեց` ԼԻԱՆԱ ԶԱՔԱՐԵԱՆԸ
«Կամուրջ» ալմանախի գլխաւոր  խմբագիր

Թարգմ.` Ռ. ԱՒԱԳԵԱՆԻ

(Շար. 1)
(Յապաւուած)

Share this Article
CATEGORIES