ՄԻՋԱՆԿԵԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՒ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՅՈՅՍԸ. ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐ` ՔԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽՕՐԷԻՆ
1997թ. ի վեր անփոփոխ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտօնը զբաղեցնող լեհ դիւանագէտ Անճէյ Քասփրչիքը, ով յայտնի է իր քչախօսութեամբ, այդ թւում նաեւ` մամուլի հետ շփումներում, «Նոր Արեւելեան Եւրոպա» հանդէսի հետ զրոյցում վերջերս որոշ մանրամասնէր է ներկայացրել Մատրիտեան փաստաթղթում ամրագրուած Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի մասին: Քասփրչիքի խօսքերով` «նախքան վերջնական խաղաղութեան ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ այդ տարածքում (Արցախ) հանրաքուէի անցկացումից յետոյ, գոյութիւն ունի Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի հարցը: Յատուկ կարգավիճակը չի կարող զգալիօրէն տարբերուել այն կարգավիճակից, որը այս պահին ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Անհրաժեշտ կը լինի այդ ժամանակաւոր կազմաւորման միջազգային ճանաչումը»:
Ընդհանրապէս, միջանկեալ կարգավիճակի մասին շատ չի գրւում, եւ Քասփրչիքի կողմից թոյլ տրուած փոքրիկ արտահոսքը հետաքրքրութիւն է առաջացրել հայկական լրագրողական, փորձագիտական ու քաղաքական շրջանակներում: ԵԱՀԿ Մինսքի խմբի միջնորդները նշում են, որ բանակցային սեղանին է դրուած առաջարկների այն փաթեթը, որը կողմերին է ներկայացուել նախագահների վերջին հանդիպմանը` Սոչիում: Այդ առաջարկների բովանդակութիւնը յայտնի է միայն միջնորդներին ու Հայաստանի ու Ազրպէյճանի բարձրագոյն ղեկավարութեանը, սակայն քանի որ ընդունւում է, որ փաստաթղթի հիմքում Մատրիտեան փաստաթուղթն է, կարելի է ենթադրել, որ Սոչիի տարբերակը արմատապէս չի կարող տարբերուել Մատրիտեանից: Միւս կողմից, ակնյայտ է, որ փաստաթղթում անգամ մէկ մանրամասնութեան փոփոխութիւնը կարող է գլխիվայր շրջել փաստաթուղթը ի վնաս կողմերից մէկի կամ միւսի եւ տապալել երկար տարիների աշխատանքը:
14 կէտերից կազմուած Մատրիտեան փաստաթղթում ամենաերկար հատուածը կամ երկրորդ կէտը, հէնց միջանկեալ կարգավիճակին է վերաբերում, որի մասին որոշ ընդհանուր մանրամասներ է տուել Քասփրչիքը: Եթէ մէկ նախադասութեամբ ասենք, ապա ԼՂ միջանկեալ կարգավիճակի տրամադրումը նշանակում է միջազգայնօրէն օրինականացնել այսօրուայ սթաթիւս-քուոն:
Միջանկեալ կարգավիճակը, ըստ Մատրիտեան փաստաթղթի, նշանակում է, որ միջանկեալ շրջանում, նախքան հանրաքուէի անցկացումը, մինչեւ Լեռնային Ղարաբաղի իրաւական վերջնական կարգավիճակի որոշումը, «Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ունենալու է որոշակի իրաւունքներ ու առաւելութիւններ», գրուած է Մատրիտեան առաջարկներում: Որո՞նք են այդ իրաւունքներն ու առաւելութիւնները:
Առաջին` Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը իրաւունք է ունենալու պաշտպանել եւ վերահսկել իր քաղաքական եւ տնտեսական կենսագործունէութիւնը եւ անվտանգութիւնը:
Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը իրաւունք է ունենալու ընտրութիւնների ճանապարհով ձեւաւորել իշխանութեան մարմիններ: Լեռնային Ղարաբաղի պաշտօնեաները իրաւունք են ստանալու արտաքին շփումների մէջ մտնել:
Այստեղ հարց է ծագում. իսկ այսօր ԼՂ-ն ընտրութիւններ անց չի՞ կացնում, ընտրութիւնների ճանապարհով չե՞ն ձեւաւորւում իշխանութեան մարմինները, ԼՂ պաշտօնեաները չե՞ն մեկնում արտասահմանեան այցերի: Անշուշտ, այո՛: Խնդիրն այն է, որ միջազգային հանրութիւնը, էլ չենք խօսում Ազրպէյճանի ու Թուրքիայի մասին, այդ ընտրութիւնների անցկացումը այսօր դատապարտում եւ անօրինական է համարում, իսկ ԼՂ օրինական իշխանութիւնների ներկայացուցիչներին ընդունում է որպէս մասնաւոր անձեր:
Երրորդ, Մատրիտեան փաստաթղթով «ԼՂ միջանկեալ իշխանութիւնները» կարող են ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ այն նստաշրջաններում, երբ քննարկւում է անմիջականօրէն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Բացի այդ, ԼՂ-ն իրաւունք է ունենալու անդամակցել միջազգային այն կազմակերպութիւններին, որոնց անդամակցութիւնը չի ենթադրում, որ անդամակցողը պէտք է ունենայ պետականութիւն:
Եւ վերջապէս, չորրորդ, միջանկեալ կարգավիճակը ենթադրում է, որ ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւնը:
Մատրիտեան փաստաթղթի առաջին երկու կէտերը` հանրաքուէի կամ պլեբեսցիտի (հանրաքուէ, Ա.) հեռանկարն ու ԼՂ-ի միջանկեալ կարգավիճակի տրամադրումը, անկասկած, հայկական կողմի համար ամենաընդունելի կէտերն են: Իսկ ահա միւս կէտերը, որոնք վերաբերում են պատերազմի հետեւանքներին` տարածքներ, փախստականներ, խաղաղապահ ուժեր, ճանապարհներ, մեղմ ասած, անընդունելի են հայկական կողմերի համար:
Յունիսի 25-ին Քազանում կայանալիք ղարաբաղեան կարգաւորման նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման նախօրէին ազրպէյճանական կողմը ամենաբարձր մակարդակով շարունակում է տարածել իրականութեան հետ կապ չունեցող տեղեկատուութիւն, թէ իբր բանակցութիւնների սեղանին դրուած փաստաթուղթը ենթադրում է մի լուծում, որով Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը չի խախտուելու: Դա սուտ է: Հայկական քաղաքական որոշ ուժեր եւ լրատուամիջոցներ, յատկապէս նրանք, որոնք հակուած են 1997 թուականի` առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի կողմից ջատագովուած փուլային կարգաւորման տարբերակը համարել ընդունելի լուծում եւ նաեւ կորսուած հնարաւորութիւն, մէջբերում են հէնց ազրպէյճանական աղբիւրներին` ցոյց տալու, թէ որքան ապաշնորհ են Հայաստանի գործող իշխանութիւնները:
Հայաստանի ընդդիմութիւնը` խորհրդարանական թէ արտախորհրդարանական, անշուշտ, իրաւունք ունի քննադատելու իշխանութիւններին, մերժելի համարել Մատրիտեան փաստաթուղթը կամ նրա նորացուած տարբերակները (Սոչիի կամ Ս. Փեթերսպուրկի առաջարկները), քանի որ այդ առաջարկներով, հայկական կողմը պատրաստակամութիւն է յայտնում հող զիջել Ազրպէյճանին, աւելի յստակ` առնուազն հինգ շրջան փաստաթղթի ստորագրումից յետոյ, ապա եւս մէկ շրջան` Քարվաճառը` տարիներ անց, ապա եւս որոշ տարածքներ նախկին Լաչինի շրջանի հիւսիսային ու հարաւային հատուածներից, բացառութեամբ Հայաստանը Արցախին կապող ցամաքային միջանցք-սահմանը, որի լայնութիւնը պէտք է դառնայ քննարկման նիւթ` բանակցութիւնների հետագայ փուլերում:
Այսպիսով, ճիշդ են բոլոր նրանք, այդ թւում Տէր Պետրոսեանն ու ՀԱՔ-ը, ովքեր յայտարարում են, որ 1997 թուականի առաջարկներով հայկական կողմը զիջում էր միայն հինգ շրջան հաստատապէս, Քարվաճառի հարցը մնում էր վիճելի, իսկ Լաչինի ամբողջ շրջանը` մօտ 2000 քառակուսի քիլոմեթր, մնում էր Հայաստանն ու Արցախը միմեանց կապող տարածք: Առաջին հայեացքից թւում է, թէ Տէր Պետրոսեանի փուլային լուծումը պակաս ցաւալի է, քան Մատրիտեան փաստաթուղթն է: Սակայն մոռացութեան է տրւում, որ 1997 թուականի լուծումը Արցախի կարգավիճակի հարցին ընդհանրապէս չէր անդրադառնում: Այսինքն կարգավիճակի հարցը` հիմնական վիճելի, գուցէ անվիճելի խնդիրը, թողնւում էր բաց, ապագային, իսկ լուծում էր տրւում պատերազմի միայն հետեւանքներին` տարածքներ, փախստականներ, խաղաղապահներ, ճանապարհներ:
Այո՛, Մատրիտեան փաստաթուղթը տարածքային զիջումների իմաստով աւելի վատն է, քան 1997-ի փուլայինը, սակայն Մատրիտեանի առաւելութիւնը հէնց այն է, որ Արցախի կարգավիճակը չի անտեսում, չի թողնում բաց, չի թողնւում անորոշ ապագային: Ահա այստեղ է, որ Ազրպէյճանը տարածում է սուտ, թէ իբր Մատրիտեան փաստաթուղթը չի ոտնահարում Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը:
Խորհրդապահական համարուող եւ ԵԱՀԿ պահեստում ի պահ տրուած Մատրիտեան փաստաթղթի առաջին կէտում ասւում է. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշուելու է պլեբեսցիտի ճանապարհով, որը ԼՂ բնակչութեանը ազատ եւ անկեղծ կամարտայայտութեան հնարաւորութիւն կը տայ: Աւելի՛ն. նոյն առաջին կէտում յստակ ասւում է, որ պլեբեսցիտի, այսինքն` հանրաքուէի ժամանակ տրուող հարցը պիտի չլինի սահմանափակող եւ կարող է թոյլ տալ ամէն կարգավիճակ: Նոյն առաջին կէտում ասւում է, որ հանրաքուէի հիմք պիտի ընդունել ԼՂ-ի` 1988 թուականի ազգագրական կազմը:
Եթէ ազրպէյճանական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում անցկացուելիք (ըստ փաստաթղթի) հանրաքուէի ժամանակ հայերը կ՛արտայայտուեն Ազրպէյճանին միանալու օգտին, ապա դա իրենց խնդիրն ու ցանկութիւնն է: Բայց նրանք հաստատ այդպէս չեն մտածում, այլապէս տարիներ շարունակ բանակցութիւնների սեղանի շուրջ կռիւ չէին տայ հէնց ընդդէմ հանրաքուէի անցկացման:
Մատրիտեան փաստաթուղթ, անշուշտ լաւը չէ, բայց աւելի ընդունելի է, քան 1997-ի փուլայինը: Լաւն ու վատը համեմատութեան ու հնարաւորութիւնների մէջ է: Եթէ հայ ժողովրդին յաջողուի տէ ժիւրէ ամրագրել 12 հազար քառակուսի քիլոմեթրանոց այսօրուայ տէ ֆաքթօ Արցախը որպէս անկախ պետութիւն կամ Հայաստանի մաս, ապա անկասկած` ապագայ սերունդները զարմանքով ու խիստ քննադատութեամբ են վերաբերուելու Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու նրանց վարչակարգերին, որոնք պատրաստակամութիւն են յայտնել առնուազն վեց շրջան զիջել Ազրպէյճանին: Ամբողջ վտանգն ու մարտահրաւէրն այն է, որ մենք չգիտենք, թէ ինչպիսին է լինելու Հայաստանի ու Արցախի (կամ միասին) քաղաքական քարտէսը տասը, յիսուն կամ հարիւր տարի անց:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար