Սօս Սարգսեանի Յիշատակին. Նա Հայրենիք Էր Ստեղծում

Հիմա, երբ հարկադրուած հաշտւում ենք իրողութեան հետ եւ Սօս Սարգսեանի աւարտուած երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամայ ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահութեան հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, իւրացրել, իրացրել է նա փոքրիկ համարուող այս երկրում: Բանից պարզւում է` չկայ փոքրիկ տարածք, կան չզբաղեցրած, չիւրացուած, չիրացուած հողակտորներ, որոնց միացութիւնն է, ի վերջոյ, առաջացնում փոքրիկ երկրի կամ փոքրիկ հայրենիքի պատրանք: Իր մեծ, հարուստ կեանքով, այնինչ, Սօս Սարգսեանը հաւաստեց, իր օրինակով ցուցադրեց, որ  զբաղեցրած, իւրացրած, իրացրած հողակտորների միացութիւնը միայն կարող է ստեղծել մեծ երկիր ու մեծ հայրենիք: Եւ` առանց տարածքի:

Թերթենք նրա կենսագրութեան էջերը եւ կը տեսնենք, որ նա ամէնուր էր ու ամենագոյ: Նա թատրոնի եւ շարժապատկերի մարդ էր, բայց նրան չէր կաշկանդում ո՛չ բեմի վարագոյրը եւ ո՛չ էլ շարժապատկերի խցիկի սառը աչքը: Նրան չէին կաշկանդում ո՛չ իշխանութիւնները եւ ո՛չ էլ հարազատ ու միւս կուսակցութիւնները, իշխանաւորներն ու քաղաքական այրերը, հարուստներն ու աղքատները, ներքին ու արտաքին թշնամիները, նոյնիսկ բարեկամներն ու ընկերները: Նա ամէնուր էր, ուր պահանջում էր ժամանակը: Երբ հարկ եղաւ, չխուսափեց նաեւ քաղաքական յանձնառութիւնից: Նա իր ժամանակի մարդն էր: Նա իր ժամանակն էր ապրում, իր հողն էր մշակում, իր տարածքն էր ընդարձակում: Հարց չկար, որ նրան չհետաքրքէր, խնդիր չկար, որի լուծման համար ջանք չգործադրէր, երազանք չկար, որի իրականացման համար երեւակայութիւն չմսխէր: Կարելին իրագործում էր, անկարելին թողնում երազանքների` առաջին իսկ պատեհ պահին կրկին թռչելու պատրաստ թեւերին: Երկրաշարժի գօտում էր, Ղարաբաղում, մոսկովեան հացադուլում, հայաստանեան քաղաքական կեանքի թոհուբոհում… Ինչ հնարաւոր էր` իրագործեց, ինչը դեռեւս հնարաւոր չէր` մնաց երազանքի թեւերին: Թատրոն ստեղծեց` «Համազգային»-ը, թատրոնի շէնքի կառուցումը մնաց երազանքների թեւերին: Երեք տնկատուն հիմնեց, հազարաւոր ծառեր տնկեց նրա հիմնադրած կազմակերպութիւնը, ձորերի, մերկ լեռնալանջերի, գիւղամիջեան ճանապարհների ծառապատումը մնաց երազանքի թեւերին: Գրեթէ վերահիմնադրեց թատրոնի եւ շարժապատկերի հիմնարկը: Գրքեր գրեց, յուշեր, յուշապատումներ` անյայտութիւնից փրկելով հարիւրաւոր մարդկանց, առանց որոնց հայի թուաքանակը այս աշխարհում աւելի փոքր էր լինելու:

Նա տէր էր: Եւ միաժամանակ` ծառայ: Ծառայ` իր մտայղացումներին, իր երազանքներին: Անխոնջ, աշխատաւոր, աշխատունակ ծառայ, ով, թերեւս, վերջին օրերին ամաչում էր բացթողումների, բայց ոչ երբեք չարածի համար, որովհետեւ, ինչպէս ինքն էր ասում. «Երբ ուզում եմ չարուած գործերս դնել իմ կեանքի որեւէ հատուածում, բաց տեղ չեմ գտնում»: Բաց տեղ չի եղել: Եղել է անընդմէջ աշխատանք:

Նա իր կեանքն է ապրել, իր հողն է մշակել, իր տարածքը ընդարձակել: Եւ ժողովուրդը ընկալել է նրա այս առողջ կենսակերպը: Նրան սիրում էին ոչ միայն իր ստեղծած կերպարների, այլ իր իսկ կերպարի համար, ինչն, ի դէպ, նոյնպէս ինքն էր ստեղծել:

Ժողովուրդը բնազդաբար հասկանում էր, որ գործ ունի իր հարազատ զաւակի հետ: Եւ նրան տրուած «ժողովրդական» կոչումը հէնց ինքը` ժողովուրդն էր տուել: Նոյն բնականութեամբ էլ առաջին իսկ օրից անդամագրուեց ու ապրեց իր կուսակցութեամբ` ՀՅ Դաշնակցութեամբ:

Եթէ գոյութիւն ունի ազգի հաւաքական կերպար հասկացութիւնը, ապա մարմնաւորողը Սօս Սարգսեան մեր ընկերն է: Յաւերժ փառք մեր մեծ ժամանակակցին:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

28 սեպտեմբեր, 2013

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )