Ինչո՞ւ Վանը Չի Գրաւում Զբօսաշրջիկներին

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

Վանի Աղթամար կղզում արդէն չորրորդ անգամ տեղի ունեցած Ս. Խաչի արարողութիւնը, որին այս անգամ մասնակցեց մօտ ութ հարիւր մարդ, տեղացիների համար չդարձաւ սպասուած բացառիկ եկամտաբեր օրը:

Տեղաբնակներն առաջին տարիներին շատ մեծ սպասումներ ունէին զբօսաշրջութեան այդքան էլ խոշոր հնարաւորութիւններ չունեցող Վան քաղաքի հայկական եկեղեցիների վերանորոգումից: Յատկապէս քրտերը չէին թաքցնում իրենց տնտեսական ծրագրերն` ասելով. «Հո եւրոպացին չի գալու մեր չոլերը տեսնելու»: Իսկ այն հարցին, թէ չե՞ն վախենում սփիւռքի եւ Հայաստանի հայերի ուշադրութեան կտրուկ սեւեռումից, ինքնավստահ պատասխանում էին. «Հարիւր տարի առաջ տեսել են` ովքեր են տէրերը, այս անգամ էլ ցոյց կը տանք»:

Հայերի տներում ապրող, հայերի տնկած ծառերից մինչ այսօր բալ քաղող, եղբայրութեամբ լցուած քրտերի մի մասը, կարօտելով հայերին, իրապէս ցանկանում է տեսնել նրանց վերադարձը, բայց քիչ չեն նաեւ նրանք, որ նման արարողութիւնների ձեւական բնոյթը շատ լաւ ընկալելով` դա դիտում են որպէս շուկայական յարաբերութիւնների հնարաւոր աշխուժացում եւ օժանդակում են դրան:

Վանի զբօսաշրջական կազմակերպութիւնների ղեկավարներն ասում են, որ վերջին երկու տարիներին սպասուած աշխուժութիւնը չի գրանցւում, քանի որ կղզու եկեղեցու մասին լուրջ գովազդային աշխատանք չի տարւում: Պէտք չէ մոռանալ նաեւ, որ ընդամէնը մի քանի շաբաթ առաջ այն թուրք ազգայնական խումբը, որի հիմնական գործը «Ցեղասպանութեան հայկական անհիմն պնդումների» դէմ պայքարն է, յայտարարել էր, թէ եկեղեցին պատկանում է պեչենեգ թուրքերին: Բացի սփիւռքից եւ Թուրքիոյ հայերից, զարմանալիօրէն սակաւ էր նաեւ թուրքական եւ միջազգային հասարակական կազմակերպութիւնների, լրատուամիջոցների եւ դիւանագէտների մասնակցութիւնը:

Այս տարի եկեղեցում նախատեսւում էր նաեւ մկրտութիւն: Թուրքիոյ հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշեանը սուրբ պատարագն աւարտեց ընդամէնը վեց մարդու մկրտութեամբ: Աթեշեանն իր հերթին հարկաւոր համարեց նշել, որ հայերը չեն եկել այստեղ զինուորական, պետական կամ տնտեսական նուաճումներ տօնելու, այլ ընդամէնը` կատարելու իրենց հաւատքի պարտքը:

Պետութիւնն իր հերթին վերջապէս կարողացաւ մի խելամիտ որոշում իրականացնել ու չթոյլատրել թուրք ազգայնականներին եւ նրանց ազրպէյճանցի գործընկերներին 1915թ. հայերի բռնաբարութիւններից ազատուելու համար կղզի բերուելուց իրենց նաւերից ծովը նետած յիսուն թուրք պատուաւոր կանանց յիշատակի քողի տակ խանգարել եկեղեցական արարողութիւնը: Այս հայատեաց ազգայնական խաժամուժը սահմանափակուեց կղզու դիմացի ափին խեղդուած յիսուն մահմետական կանանց յիշատակի համար կատարուած նամազով եւ Վանայ լիճ ծաղիկներ նետելով:

Մինչ այսօր թուրքերը չեն կարողանում հաշտուել եկեղեցու վերականգնման հետ` իշխող կուսակցութեանը մեղադրելով պետական պիւտճէից 1.5 միլիոն տոլար ծախսելու, մի անգամ խոստացուած, սակայն արդէն չորրորդ անգամ մատուցուող պատարագների թոյլատրութեան եւ ամենակարեւորը` թանգարանի վերածուած եկեղեցու գլխին խաչ կանգնեցնելու համար: Որոշ թուրքերի նոյնիսկ շատ է յուզում նաեւ այդ օրը վառուած մոմերից ստացուած եկամտի ճակատագիրը:

Այս ամէնն այնքան էլ չի զարմացնում ինձ: Երբ թուրքական պետութեան կողմից որպէս թարգմանիչ հրաւիրուել էի եկեղեցու բացմանը, որպէսզի իրենց խօսքը հասկանալի դառնայ Հայաստանից եկած պատուիրակութեան եւ այլ հայ հիւրերի համար, վերջին պահին Գեւաշի քաղաքապետը մօտեցաւ ինձ եւ ասաց. «Հայերէն թարգմանութիւնը չեղեալ ենք յայտարարում, այս կղզում հայերէնը պաշտօնապէս չի հնչելու»:

Ուրեմն այնքան էլ դժուար չէ հասկանալ, թէ բարեկամութեան ձեւական խոստումներն ու հայկական մի քանի եկեղեցիների վերականգնմանն ուղղուած փոքրիկ քայլերն ինչո՛ւ պտուղ չեն տալիս նոյնիսկ տեղական զբօսաշրջութեան զարգացման շրջանակներում:

«Սիվիլնեթ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )