Զիլանի Կոտորածի Հետքերը

ՕՐԱԼ ՉԱԼԸՇԱՐ

Սատըք Քելեշը պատմեց այն մեծ կոտորածի մասին, որը կատարուել է 1930 թ. յուլիսի 16-ին, Զիլանի ձորում:

Այո՛, Թուրքիայում նոր էջ բացելիս անհրաժեշտ է անցեալի վէրքերը չփորփրել: Անհրաժեշտ է չբոցավառել ատելութիւնը, սակայն պէտք է առերեսուել նաեւ պատմութեան հետ:

Սատըք Քելեշը Վանի Արճէշ գաւառի Քիւնդիւկ գիւղից է: Գիւղը յայտնի է նրանով, որ Զիլանի կոտորածի ժամանակ այստեղ զոհերի թիւն ամենաշատն է եղել: Զիլան կիրճի սկզբնահատուածում, որտեղ տեղի է ունեցել կոտորածը, Սատըք Քելեշը պատմում է գիւղի եւ Զիլանի կոտորածի ցաւալի պատմութիւնը:

1930 թուականն էր: Քիւնդիւք գիւղը, շրջանի մի շարք գիւղերի պէս, ամբողջութեամբ հրի ու սրի մատնուեց:

Քայլում ենք այրող հողի եւ ցրուած քարերի միջով…

Կոտորածից յետոյ 30 տարի շարունակ շրջանը փակ էր: Շրջակայ գիւղերից ողջ մնացածները դիակները հաւաքել եւ թաղել են: Մազապուրծ փրկուած գիւղացիները շատ հեռուներում նոր գիւղեր են հիմնում: Այժմ կարող են իրենց պապերի ու տատերի գերեզմանների աւերակներին նայել:

Սատըք Քելեշն ու իր ընտանիքը երկար տարիներ անց` եկել եւ հաստատուել են իրենց պապերի հողերում: Հակառակ ոստիկան- զօրաց կտտանքներին եւ պետութեան ճնշմանը` որոշել են չլքել իրենց հողերը: Տներ են կառուցել, խնձորենիներ տնկել: Քիւնդիւկ գիւղը թոռների ջանքերով կրկին ոտքի է կանգնում, սակայն կատարուածը չի մոռացւում…

Զիլանի Կիրճը Լի Էր Դիակներով

«Ճիւմհիւրիյէթ» թերթը 1930 թ. յուլիսի 16-ին Զիլանի կիրճի կոտորածն այսպէս է ներկայացնում. «Արարատ լերան գագաթներից մեր ինքնաթիռները հուժկու ռմբակոծում են աւազակներին: Արարատ լեռը մշտական պայթիւնների եւ կրակների մէջ թնդում է: Թուրքիոյ երկաթէ արծիւները մաքրում են սերունդների հաշիւները: Զիլանի կիրճը լի է դիակներով»:

Հաքքարի-Եուքսեքով ճանապարհորդութիւնից յետոյ ճանապարհ ընկայ դէպի Արճէշ: Հանդիպեցինք Պէօյիւքատացի ընկերոջս` արմատներով արճէշցի Մեհմեթ Ալի Տուրսունի եղբայրների եւ հօրեղբօր երեխաների հետ: Գնացինք Արճէշից 30 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Քարաթաւուք (Ճուտկահ) գիւղի թաղը համարուող Եաղլըք (Ագգիլիսետեր):

Մառախլապատ Սիփան լեռը վեհաշուք տեսք ունէր: Մեծաւ մասամբ Պէօյիւքատայի եւ Արճէշի միջեւ բնակուող մեր ընկերների հետ «կարգաւորման գործընթացի» վերաբերեալ գիւղում երկար-բարակ զրուցեցինք: Ըստ էութեան, մեր հանդիպման հիմնական նպատակն էր շրջել այն շրջանում, որտեղ սպաննել էին Արարատի ապստամբութիւնից յետոյ Զիլանի կիրճում ապաստանած քիւրտ գիւղացիներին: Եաղլըք գիւղի տարեցները պատմեցին իրենց հայրերից լսած կոտորածների պատմութիւնները: Իրականում տեղի է ունեցել անմարդկային եւ սարսափելի կոտորած:

Նախնիներին Զիլանի կոտորածի ժամանակ սպանդի ենթարկած մի խումբ արճէշցիների հետ գնացինք շրջան, որտեղ կոտորածներ էին իրականացրել: Սատըք Քելեշին այնտեղ հանդիպեցինք: Սատըքը, ով մեծերից լսել է, թէ ինչպէս են գիւղը հրի ու սրի մատնել, շրջակայ գիւղերն ինչպէս են հողին հաւասարեցրել, մէկ-մէկ թուարկեց գիւղի տներն ու պատմեց, թէ տանտէրերի գլխին ինչեր են եկել:

Այդ ժամանակուայ թերթերը կոտորածների ծաւալն այսպէս են ներկայացնում. «1930 թ. Արարատի ապստամբութիւնը ճնշելուց յետոյ Զիլանի հովտում ապաստանած քրտերի դէմ իրականացուել է պատմութեան ամենամեծ կոտորածը: 44 գիւղ հրի է մատնուել, 15 հազարից աւելի մարդու դաժանաբար կոտորել են (որոշ աղբիւրների համաձայն, այս թիւն աւելի փոքր է)»:

Ինէօնիւ. «Նրանք, Ովքեր
Սերում Են Թուրքական Ցեղից»

Կոտորածից յետոյ` 1930 թ. օգոստոսի 31-ին, «Միլլիյեթ» թերթը հրապարակել է այդ ժամանակուայ վարչապետ Իսմեթ Ինէօնիւյի յայտարարութիւնը, որն ազգայնամոլական տարրեր է պարունակում. «Այս երկրում լոկ թուրք ազգը կարող է ցեղային եւ ազգային իրաւունք պահանջել: Թուրք ազգից բացի, ոեւէ մէկը նման իրաւունք չունի: Նրանք, ովքեր իսկական պատճառ չունեցող քարոզչութեամբ խաբուել, արդիւնքում ճանապարհից շեղուել են, արեւելքի թուրքեր են»:

Կոտորածից յետոյ շրջանի բնակչութեան ունեցուածքը բռնագրաւուել է: 1950 թ. իրենց ունեցուածքը յետ ստանալու համար Արճէշի Առաջին ատեանի դատարան դիմած գիւղացիները որեւէ արդիւնքի չեն հասել: 2012 թ. հարցը տեղափոխուել է Եւրոպայի մարդու իրաւունքների դատարան: Հայցն ընդունուել է: Հայցուորներից մէկը, այժմ Քրտական համայնքների միութեան գործով Վանում ձերբակալուած Մեհմեթ Կիւրպիւզը, յայտնել է, որ իր պապից մնացած 6 հազար տէօնիւմ հողակտորը բռնագրաւուել է, այդ ժամանակից մնացած սեփականութեան վկայագիրը` թափուն, չեն ընդունում: Թոռներից Ճահիտ Արլըն, Իսմայիլ Արլըն, Մեհմեթ Տուրսունը, Լաթիֆ Տուրսունը պահանջում են հողակտորները, որոնք յանձնուել են Գիւղատնտեսական աշխատանքների վարչութեանը: Անգամ գերեզմաններն են օգտագործում որպէս փարախ` «սա մեր սիրտը մղկտացնում է»:

Թուրքիայում նոր էջ բացելիս անհրաժեշտ է չփորփրել անցեալի վէրքերը: Անհրաժեշտ է չբոցավառել ատելութիւնը, սակայն պէտք է առերեսուել նաեւ պատմութեան հետ: Այո՛, Զիլանի կիրճն այսուհետ պէտք է վշտերի կիրճ դառնայ, որտեղից ոչ թէ արիւն, այլ բարեկամութիւն թող հոսի:

«Ռատիքալ»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )