Թուրքական Բարբարոսութեան Սովորական Պատմութիւն. Վերյիշելով 1955 Թուի Սեպտեմբերի 6-7-ը

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Փարիզում գործող «Եւրոպա եւ Արեւելք» ընկերութեան տնօրէն Վարուժան Սիրապեանի յիշողութիւնները` այդ դաժան օրերի մասին:

«Ազգ»

Երեւի հազիւ տասը տարեկան էի, երբ Պոլսում  տեղի ունեցան սեպտեմբերի 6-7-ի դէպքերը, որոնք իրականում ցեղասպանութեան համազօր էին: Ինը ժամուայ ընթացքում կատաղած խմբաւորումներ, գիւղացիներ, բանուորներ, անգործներ` հեռաւոր շրջաններից մեքենաներով Պոլիս բերուած, շրջում էին փողոցներով, իւրաքանչիւրի ձեռքում նմանատիպ մահակներով, որոնք կարծես գործարանային արտադրանք լինէին: Սկզբում նրանց վերահսկում էին քեմալականութեան մոլեռանդ գործիչները, ծայրայեղական ազգայնականների մի խումբ ուսանողներ: Բայց շուտով ամէն ինչ դարձաւ անվերահսկելի: Ոստիկանութիւնը կրաւորական էր, երբեմն նոյնիսկ` համագործակցող:

Ամէն ինչ ապատեղեկատուութիւնից էր սկսուել: «Իսթամպուլ էքսփրես» թերթում «Ռումբ է գցուել Աթաթուրքի տան վրայ» սադրիչ վերնագրով մի յօդուած էր տպագրուել: Իրականում դա ինքնաշէն մի փոքրիկ սարք էր, որը թուրքական հակահետախուզութեան աշխատակիցներից մէկը գցել էր տան վրայ` շատ փոքր վնաս պատճառելով: Թեսաղոնիկէի այդ տանը երիտասարդ տարիներին ապրել էր Մուսթաֆա Քեմալը: Թերթի` սեպտեմբերի 6-ի յաւելեալ համարների տպագրութեան որոշումը կայացրել էր խմբագրի տեղակալ Կէօքսին Սիփահիօղլուն:

Տարերային ցոյցերն անմիջապէս վերածուեցին կազմակերպուած սպանութիւնների եւ հետապնդումների: Ազգութեամբ յոյն 16 քաղաքացի, որոնցից 2-ը` քահանաներ, եւ մէկ հայ սպաննուեցին: 32 յոյներ ստացան լուրջ վնասուածքներ: 4348 խանութներ, որոնք պատկանում էին յոյների, հայերի եւ հրեաների, յարձակման ենթարկուեցին եւ թալանուեցին: 110 պանդոկներ, 27 դեղատներ, 23 դպրոցներ, 21 գործարաններ, 70 եկեղեցիներ, երեք գերեզմանատներ եւ ոչ մահմետական համայնքների անթիւ-անհամար տներ լրջօրէն վնասուեցին: Բռնաբարութիւնների թիւը հնարաւոր չեղաւ ճշգրտել, որովհետեւ նման բարբարոսութեան զոհ գնացած ընտանիքները չէին ցանկանում ամօթանքն աւելացնել անպատուութեանը: Բայց հետզհետէ բերանները բացուեցին, եւ յայտնի դարձաւ, որ զոհերի թւում ճանաչուած հրեայ մի ոսկերչի կինն էր եղել:

Մեր թաղամասում` Շիշլիում, մի ալպանացու պատկանող հացի խանութ կար, որի տէրը ամէն երեկոյ «չորեք» էր բաժանում դիմացի ոստիկանատան աշխատակիցներին: Սեպտեմբերի 6-ի երեկոյեան ամբոխը ենթադրելով, որ տէրը յոյն է, ջարդ ու փշուր արեց նաեւ նրա խանութը. երբ խեղճ մարդը ոստիկանատուն էր գնացել բողոքելու, նրան պատասխանել էին. «Ներեցէք, բայց ոչինչ անել չենք կարող: Այսօր մենք թուրք ենք, ոստիկաններ չենք»:

Դէպքերին յաջորդող ամիսներին եւ տարիներին փոքրամասնութիւններին պատկանող մեծ թուով քաղաքացիներ, որոնք ենթարկուել էին բռնութիւնների, հեռացան Թուրքիայից: Նրանք հասկացել էին, որ Հայոց ցեղասպանութիւնից 40 տարի անց թուրքը մնում է թուրք, եւ արտաքնապէս արդիական թուացող այդ հանրապետութիւնում մարդկանց մտայնութիւնը չէր փոխուել:

Հետագայում հաստատուեցին այն ենթադրութիւնները, որ թուրքական հակահետախուզութեան աշխատակիցն էր մասնակից Աթաթուրքի տան վրայ կատարուած այդ յարձակմանը: Բայց մեղաւոր ճանաչուելու փոխարէն, նա պաշտօնի բարձրացում ստացաւ` ի նշան երախտագիտութեան: Իսկ թերթում տպագրուած հրահրող վերնագրի հեղինակը` Սիփահիօղլուն, որոշ ժամանակ անց տեղափոխուեց Փարիզ եւ այնտեղ հիմնեց (ո՞ւմ փողերով) «ՍԻՓԱ» լրատուական գործակալութիւնը: Հետագայում նախագահ Շիրաքի կողմից նա նոյնիսկ արժանացաւ Պատուոյ լեգէոնի շքանշանին:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )