Արմէն Ռուստամեան. «Այդ Լսարանի Առջեւ Սերժ Սարգսեանը Շահեց»

Զրուցեց ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԵԱՆԸ

«Երկիր»-ը հարցազրոյց մը կատարած է ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, Եւրոպական խորհուրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) մէջ հայկական պատուիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանի հետ:

Զրոյցին ընթացքին հիմնականօրէն շեշտը դրուած է ԵԽԽՎ-ի մէջ վերջերս տեղի ունեցած իրադարձութեան վրայ:

Ստորեւ` հարցազրոյցը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Ռուստամեան, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջեանի հնչեցրած հարցի վերաբերեալ, որը մինչ օրս մամուլում քննարկման առարկայ է:

ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Գիտէք, խնդիրն այն է, որ երեւի մէկ այլ լսարանում այդ հարցը կ՛ունենար այլ հնչեղութիւն, բայց այն լսարանը, որը ԵԽԽՎ-ն է, վստահ եմ, նաեւ յետոյ իմ շփումներում հաստատուեց իմ այն տպաւորութիւնը, որ դրանից աւելի շահեկան վիճակում յայտնուեց հէնց Սերժ Սարգսեանը: Այո, այդ լսարանի համար հարցը բոլորովին այլ ընկալում առաջացրեց, եւ Սերժ Սարգսեանն աւելի շահեկան վիճակում յայտնուեց: Երբ խօսում են ինքնիշխան վարչակարգի մասին, ապա ԵԽԽՎ-ում տեսել են, թէ ինքնիշխան վարչակարգ ունեցող երկրների պատուիրակութիւնների մէջ ինչպիսի ներկայութիւն ունի ընդհանրապէս ընդդիմութիւն ասուածը, օրինակ` նոյն Ազրպէյճանի պատուիրակութեան մէջ երբեւէ չենք տեսել, որ մէկն իրենց երկրի նախագահին ասի` աչքիդ վերեւը ունք կայ կամ տարբեր ձեւակերպումներով իր ընդդիմադիր կեցուածքները փորձի դրսեւորել: Պարզ է, որ երբ նման հարց է տրւում նախագահին, նոյն նախագահը եւ իշխանութիւնները կարող են այս փաստարկը բերել` եթէ այդքան ճնշւում է ընդդիմութիւնը, այդ աստիճանի ինքնիշխան վարչաձեւ է, ինչպէ՞ս կարող է թոյլ տրուի, որ նման մէկը յայտնուի պատուիրակութեան մէջ եւ կարողանայ ազատ հարցադրումներ անել:

Երկրորդ` հարցի երկրորդ մասը, մասնաւորապէս` 70 միլիոն տոլար տանուլ տալու մասը, բոլորի կողմից ընկալուեց որպէս ակնյայտ կեղծիք, անհիմն հարցադրման տպաւորութիւն թողեց, որը նշանակում է, որ ինչ-որ տեղ ընդդիմութիւնը կարող է չհիմնաւորուած փաստերով դիրքորոշում յայտնել: Այս ամէնը գումարելով` ես նկատի ունեմ, որ Սերժ Սարգսեանն այդ լսարանի առջեւ աւելի շահեկան վիճակում յայտնուեց, մանաւանդ որ ինքն էլ հարցին հնարաւորինս զուսպ պատասխանեց:

Հ.- Տեսէք, դուք ասում էք, որ այս ամէնից Սերժ Սարգսեանն աւելի շատ շահեց, իսկ հնարաւո՞ր է այս ամէնը կազմակերպած է. այդ վարկածն էլ կայ, մանաւանդ որ շատ շահարկուեց այն փաստը, որ ՀՀԿ-ական պատգամաւորներն են իրենց` հարց տալու իրաւունքը զիջել Զարուհուն:

Ա. Ռ.- Իրականութեանը չի համապատասխանում այդ` իբր ներքին պայմանաւորուածութիւնը: Մեր պատուիրակութեան մէջ միշտ եղել է այն փորձը, որ ոչ միայն պատուիրակութեան 4 հիմնական ներկայացուցիչները ելոյթներ ունենան եւ հարցեր ուղղեն, այլեւ այդ հնարաւորութիւնը տրուի պատուիրակութեան կազմի 4 փոխարինողներին: Այս աւանդոյթը միշտ պահպանուել է: Մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ սահմանափակումներ էլ կան` մէկ պատգամաւորը 3-ից աւելի ելոյթ չի կարող ունենալ մէկ նստաշրջանի ընթացքում: Այսինքն 5 օրերը աւելի լիարժէք օգտագործելու համար փոխարինող կազմի հնարաւորութիւնները օգտագործելու անհրաժեշտութիւն է առաջանում: Ի վերջոյ, մենք գնում ենք որպէս մէկ խումբ, ներկայացնում ենք Հայաստանը, եւ ճիշդ կը լինի, որ մեր ներուժը, որն առանց այն էլ շատ չէ, լաւագոյնս օգտագործենք: Ձայն զիջելը բխել է անցած փորձից, չեմ կարծում, որ պէտք է յատուկ դաւադրութիւն ման գալ:

Հ.- Այստեղ Փոստանջեանին քննադատողները հիմնականում իրենց քննադատութիւնը պայմանաւորում էին այն բանով, որ պէտք չէ կեղտոտ սպիտակեղէնը դրսում ցոյց տալ: Դուք համաձա՞յն էք այս մտքին:

Ա. Ռ.- Ծայրայեղ մօտեցում է: Ի՞նչ է նշանակում` կեղտոտ սպիտակեղէն, եթէ մենք դիտարկումի տակ ենք, պարտաւորութիւններ ենք ստանձնել: Այն գլխաւոր արժէքները, որի համար մենք անդամակցել ենք ԵԽԽՎ-ին, դրանց կատարման ընթացքը գնահատելը իր մէջ քննադատութիւն է պարունակում, դա պէտք չէ դիտուի կեղտոտ սպիտակեղէնի դուրս հանում, լուանալ, այլ` բնականոն ընթացք: Ի վերջոյ, նոյն իշխանութեան գործն է երկրի վիճակն աւելի դրական լոյսի տակ ներկայացնելը, ընդդիմութեան գործը` վեր հանել այն, ինչ իշխանութիւնը չի ասում, ԵԽԽՎ-ի զեկուցողների գործն էլ այն է, որ դրա հիման վրայ, իրաւարարի դերում լինելով, կարողանան գնահատել` որն է ճիշդ, որը` սխալ: Եթէ մենք խօսում ենք բազմակարծութեան մասին, դրա մէջ տեղաւորւում է այդ քննադատութիւնը: Եթէ ասենք, որ պէտք չէ քննադատուի, որովհետեւ կեղտոտ սպիտակեղէնն է դուրս հանւում, դա ուղղակի տաղտուկ եւ անիմաստ կը դարձնի այնտեղի քննարկումները: Այս ծայրայեղութեան մէջ էլ պէտք չէ ընկնել, այլ բան է, որ պէտք է դրա չափը, ձեւը, ոճը իմանալ, որ դա անում ես` քո երկրի համար սրտացաւութիւնից ելնելով, ոչ թէ երկիրը նուաստացնելու տրամաբանութեամբ:

Հ.- Դուք ինչո՞ւ նման հարց չէիք տայ Սերժ Սարգսեանին:

Ա. Ռ.- Նախ չէի տայ, որովհետեւ յայտարարութիւն անելուց առաջ պէտք է ստուգել ցանկացած տեղեկութիւն: Ես երբեք չեմ առաջնորդւում տարբեր ասեկոսեներով եւ բամբասանքներով եւ, դրանց վրայ հիմնուելով, հարցադրումներ չեմ անում: Ցանկացած հարցադրումից առաջ մի քանի անգամ ստուգում եմ, որ հիմքերը ամուր լինեն, մանաւանդ որ ԵԽԽՎ-ի ամպիոնից ես հարցը տալիս: Այդ ամպիոնը պարտաւորեցնում է, որ դու տասն անգամ չափես, մէկը կտրես: Ի հարկէ, այդ ամպիոնի նշանակութիւնը մեծ է, բայց մեծ է նաեւ պատասխանատուութիւնը` ասել բաներ, որոնք հիմնաւորուած են, նպատակային են եւ ծառայում են մեր խնդիրները լուծելուն: Ես կը տայի շատ աւելի լուրջ հարցեր` պարտաւորութիւնների կատարման հետ կապուած, նախագահի ելոյթի հետ կապուած եւս, երբ երկրի ներքին վիճակը շատ աւելի դրական գոյներով էր ներկայացնում, որի հետ ես համաձայն չեմ:

Ելոյթի` ԼՂՀ-ի մասն ուղղակի հրաշալի էր, վաղուց այդպէս հայեցակարգուած Հայաստանը իր մօտեցումները չէր ներկայացրել ԵԽԽՎ-ում, որն, ի հարկէ, շատ դրական էր, ինչ ազրպէյճանցիների համար շատ անյարմար վիճակ ստեղծեց: ԵԽԽՎ-ում տեսան կոշտ, բայց հայեցակարգուած մօտեցում: Սրա վրայ ես չէի փորձի ստուեր գցել: Աւելի՛ն. պէտք էր այդ տպաւորութիւնն ուժեղացնել, որովհետեւ դրանից շահում ենք բոլորս:

Հ.- Պարո՛ն Ռուստամեան, ինչպիսի՞ն էր եւրոպացիների արձագանգը Փոստանջեանի հարցից յետոյ:

Ա. Ռ.- Բացի նրանցից, ովքեր թուրք-ազրպէյճանական լոպինկից են սնւում, եւ որոնք քիչ տոկոս են կազմում, մնացած 80-90 տոկոսը, ում հետ շփուել եմ, բոլորը համարում էին, որ հարցն աւելի շահեկան վիճակում դրեց Սերժ Սարգսեանին: Այն նպատակը, որ դրել էր իր առջեւ Զարուհին, իրենց համար անընդունելի էր:

Հ.- Եւ վերջին հարցս. տեղեա՞կ էք, որ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը ցանկանում է փոփոխութիւններ կատարել հայկական պատուիրակութեան կազմում, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Ա. Ռ.- Ձեւական առումով Յովիկ Աբրահամեանը դա կարող է անել, որովհետեւ ինքն է պատուիրակութիւնը ձեւաւորում, եւ յունուարին կարող է վերանայել, բայց, բնականաբար, պէտք է պահպանի ԵԽԽՎ-ի կանոնակարգը: Երկու հիմնական հարց կայ, որ պէտք է նկատի ունենայ: Առաջին` պատուիրակութիւնը պէտք է հնարաւորինս ամբողջական ներկայացնի ԱԺ խմբակցութիւնների յարաբերակցութիւնը. սա կատարուել է մինչեւ հիմա: Հիմա եթէ փոխւում է, հարց է առաջանում` ինչո՞ւ փոխուեց: Երկրորդ` խնդիր կայ` պատգամաւորի անձեռնմխելիութեան հետ կապուած. ԵԽԽՎ-ն յստակ ասում է, որ պատգամաւորը չի կարող հետապնդուել իր յայտարարութիւնների եւ ելոյթների համար, այսինքն` իր գործունէութեան համար, դա չի վերաբերում այն դէպքերին, երբ կայ ակնյայտ զրպարտութիւն, ազգային խտրականութիւն: Այսինքն լուրջ հիմնաւորումներով պէտք է փոփոխութիւնը կատարուի, հակառակ դէպքում` իսկապէս կարող է քննուեն ԵԽԽՎ-ում եւ չընդունուեն պատուիրակութեան փոփոխութեան պարզաբանումները:

 

 

 

Share this Article
CATEGORIES