Էսպէս Քոլալիսիոն Չեն Վերադառնում

«Թերթ»-ը զրուցել է Հայ յեղափոխական դաշնակցութիւն խմբակցութեան նախկին պատգամաւոր, ՀՅԴ Մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանի հետ` Դաշնակցութեան անդամների տարբեր պաշտօններ ստանալու եւ այլ հարցերի շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Շահբազեան, դաշնակցականների դիւանագիտական պաշտօնների նշանակմամբ, ինչպէս եւ այսօր` ՀՅԴ չափաբաժնով գիւղատնտեսութեան նախկին նախարարին Արարատի մարզպետ նշանակելով արդեօ՞ք կուսակցութիւնը թաւշեայ վերադարձ չի անում դէպի քոալիսիոն:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Քոալիսիոն մտնելը թաւշեայ կամ սուսուփուս չի կարող լինել. կամ դու քոալիսիոնում կաս, կա՛մ չկաս: Սա այն դէպքերից է, երբ ինչ-որ բան կիսատ չի կարող լինել: Քոալիսիոն ասուածը յստակօրէն նշանակում է մաս կազմել կառավարութեանը կամ, այլ խօսքով, ստանձնել քաղաքական պաշտօններ: Յիշեցնեմ, որ տարբեր առիթներով մի շարք դաշնակցական ղեկավարներ, յայտարարել են, որ այս իշխանութեան օրօք ՀՅԴ-ն քոալիսիոն չի վերադառնայ: Ըստ երեւոյթին, մեր մամուլի որոշ միջոցների չեն բաւարարում այս բացատրութիւնները, կամ հաճոյք են ստանում` ամէն անգամ, նորից ու նորից խնդիրը թէժացնելով:

Հ.- Ձեզ ընդհատեմ, այնուամենայնիւ փաստ է, որ Արամայիս Գրիգորեանը նշակուել է, Վահան Յովհաննիսեանը նշանակուելու է…

Պ.- Արդէն իսկ Արամայիս Գրիգորեանը բացատրութիւններ է տուել լրատուամիջոցներին, որ երկու տարի է` Դաշնակցութեան շարքերում չէ, ընտրութիւնների ժամանակ պաշտպանել է Սերժ Սարգսեանին եւ եղել է նրա խմբակի անդամը: Կարծում եմ` սրանով այս հարցը փակւում է: Ի դէպ այս առիթով ասեմ հետեւեալը: Երբ Դաշնակցութիւնը լքեց քոալիսիոն, նա հրաժարուեց քաղաքական պաշտօններից եւ նոյնիսկ մարզպետների, փոխմարզպետերի, փոխնախարարների պաշտօններից, որոնք քաղաքական չէին, այլ` հայեցողական պաշտօններ: Գաղտնիք չէր` մեր ցանկութիւնն էր, որ մեր բազմաթիւ ընկերները մնային իշխանութեան տարբեր գերատեսչութիւններում, տարբեր մակարդակներում` որպէս հայեցողական պաշտօններ զբաղեցնողներ, մասնագէտներ եւ այլն, ինչի իրաւունքն ունի Հայաստանի ցանկացած քաղաքացի` անկախ կուսակցական չլինելուց կամ կուսակցական պատկանելութիւնից: Ընդ որում` նրանց թւում շատերն իրենց աշխատանքը ձեռք էին բերել շատ աւելի վաղ, քան` կուսակցութեան քոալիսիոն մտնելը: Որ այդ մարդիկ այն ժամանակ մնացին իրենց գործին, աղմուկի տեղիք չտուեց, այլ ընդունուեց որպէս շատ բնական մի բան: Ի հարկէ, նոր ղեկավարները կամաց-կամաց գրեթէ բոլոր նրանց դուրս մղեցին համակարգերից, բայց սա այլ խօսակցութեան թեմայ է: Եւ հիմա, երբ մէկ-երկու դէպքի մասին է խօսւում, որ նորից ինչ-որ նշանակումներ կարող են լինել, մի անհասկանալի աղմուկ է սկսուել, «խելօք-խելօք» վերլուծութիւններ են արւում, թէ՛ տեսէ՛ք-տեսէք, բռնացրել ենք, Դաշնակցութիւնը վերադառնում է քոալիսիոն: Նրանք, ովքեր սիրում են «Ֆեյսբուքերում», զանազան կայքերում փիլիսոփայել, լաւ կ՛անեն` նեղութիւն տան իրենց եւ նոյն համացանցով ճշդեն, թէ որո՞նք են քաղաքական պաշտօնները, որոնք` հայեցողականները: Քոալիսիոն մաս չե՛ն կազմում այս կամ այն տեղ այս կամ այն մասնագէտին, պաշտօնեային ունենալով: Ի դէպ, հայեցողական է նաեւ դեսպանի պաշտօնը:

Հիմա կ՛ուզեմ հարցին նայենք այլ կողմից: Ես, օրինակ, անկախ ՀՀՇ-ի ու հհշականների նկատմամբ իմ վերաբերմունքից, բնական  վերաբերուեցի Ղազախստանի դեսպանի պաշտօնում Արա Սահակեանի նշանակմանը

Հ.- Ինքը շատ վաղուց ՀՀՇ-ի անդամ չէր…

Պ.- Լա՛ւ, անգամ եթէ կուսակցական չի: Եթէ մարդը ունի պետական աշխատանքի փորձառութիւն ու կարողութիւն, վա՞տ է, եթէ Հայաստանի իշխանութիւնը նման մարդուժի հնարաւորութիւններից օգտուի: Հայաստանը ո՛չ Չինաստան է, ո՛չ Ռուսաստան, մենք իսկապէս մարդուժի լուրջ խնդիր ունենք: Մեր չինովնիկական համակարգում բազմաթիւ են իրենց գործին չհամապատասխանող պատահական մարդիկ:

Այսօր իշխանութեանն դէմ քննադատութիւնների հիմնական ուղղութիւններից մէկն այն է, որ իշխող ուժը ուզուրպացրել է ամբողջ պետական համակարգը` իր քատրերով եւ երկրում ձեւաւորել է ամենաիսկական կուսակցապետութիւն:

հիմա ի՞նչ է ստացւում, երբ խօսւում է ինչ-ինչ աշխատանքների այլ կուսակցութեան անդամների նշանակելու մասին, դարձեալ փաստը սուիններով է ընդունւում: Ի՞նչ է այս սուինաւորների ուզածը, որ շարունակի իշխել կուսակցական անհանդուրժողութիւնն ու միակուսակցական ամբողջական համակա՞րգը: Հիմա պէտք է ողջունե՞լ, թէ՞ հայհոյել իշխանութեան նման ցանկութիւնը: Կ՛ուզեմ` այս դէպքում հարցին նայուի ընդհանրապէս, այլ ոչ թէ մասնաւորեցնելով խնդիրը` երկու ուժերի յարաբերութիւնների մակարդակով:

Հ.- Միգուցէ սա տեղաւորւո՞ւմ է Արմէն Ռուստամեանի այն յայտարարութեան պարունակին մէջ, որ` «էս ընդդիմութիւնը այդպէս էլ չհասկացաւ, որ պայքարի էս մեթոտներով իշխանափոխութեան չես հասնի»: Այսինքն արդեօք այս յայտարութիւնը չի՞ կարող դիտարկուել որպէս դաշնակցական եզրով ասած` բջիջների ներդրում իշխանութեան մէջ: Նկատենք, որ Դաշնակցութիւնը միակն էր հանրապետականներից ու ՕԵԿ-ականներից բացի, որ որպէս կուսակցութիւն` դէմ չարտայայտուեց Մաքսային միութեանը:

Պ.- Քանի որ ես լաւ չեմ յիշում Արմէն Ռուստամեանի` ձեր նշած յայտարութիւնը` այդ մասին չխօսեմ: Ինչ վերաբերում է Մաքսային միութեանը, ապա մենք շատ արագ եւ շատ յստակ արտայայտել ենք մեր տեսակէտը: Մենք նախ նշել ենք, որ մեզ համար ընդունելի չէր, երբ հերթական անգամ անսպասելի որոշում կայացուեց, եւ ժողովուրդը կանգնեց կատարուած իրողութեան առաջ: Մենք ասացինք նաեւ, որ ենթադրում ենք, թէ նախագահը պարտադրուած է եղել դա անել` նկատի ունենալով յատկապէս երկրի անվտանգութեան, ինչպէս եւ Ղարաբաղի հարցերը, ինչը մեզ համար հասկանալի է: Շատ հասկանալի է, որ եթէ պարտադրանք է լինում, շատ դժուար է Հայաստանի համար «չէ» ասելն ու թիկունքով շուռ գալը: Միաժամանակ մենք նաեւ տարբեր առիթներով ասել ենք, թէ ունենք այն մտահոգութիւնը, որ մէկ բեւեռի վրայ կենտրոնանալով, այսպէս ասած` բոլոր ձուերը մի զամբիւղի մէջ դնելով` Հայաստանը վտանգում է անկախ քաղաքականութիւն իրականացնելու, իր կեանքը ինքնուրոյնաբար տնօրինելու հնարաւորութիւնը: Այդ պատճառով շատ կարեւոր է աշխուժօրէն շարունակելը աշխատանքը Եւրամիութեան հետ, Միացեալ Նահանգների հետ, ինչպէս նաեւ` այլ բեւեռների:

Ես կարծում եմ, այս հարցում Դաշնակցութեան հիմնական տարբերութիւնը շատերից այն է, որ կարեւորելով այս կամ այն բեւեռը` Դաշնակցութիւնը ո՛չ արեւմտասէր է, ո՛չ ռուսասէր է, ինչը որ ակնյայտ է շատերի մօտ: Մենք սիրում ենք հայ ժողովրդին եւ ամէն ինչից գերակայ ենք համարում նրա շահը:

Հայամէտ էլ չենք, հայ ենք, որովհետեւ հայը հայամէտ չի կարող լինել:

Եւ եթէ մենք իշխանութիւն չենք, չի նշանակում, թէ պէտք է պախարակենք այս երկրի համար արուող ցանկացած քայլ: Պէտք է ապակառուցողական ու հակապետական դիրքորոշում որդեգրենք, ինչը ի դէպ անում են ոմանք: Ի վերջոյ իրարից պէտք է տարբերել իշխանութիւնն ու պետութիւնը

Հ.- Չնայած ՀՅԴ-ն բազմիցս անդրադարձաւ Վահան Յովհաննիսեանի դեսպան նշանակուելուն, այնուամենայնիւ ինձ համար գոնէ պարզ չէ` հայեցողական պաշտօնի նշանակուող Վահան Յովհաննիսեանը քաղաքականութիւն մշակող չէ, նա քաղաքականութեան իրականացնող է, այն քաղաքականութեան, որը մշակում է Էդուարդ Նալբանդեանը, այն Էդուարդ Նալբանդեանը, որին ՀՅԴ-ն քննադատում էր եւ պահանջում էր նրա հրաժարականը:

Պ.- Տարիներ շարունակ, Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակներից սկսած, որի հետ ունեցել ենք վատ յարաբերութիւններ, Դաշնակցութիւնը Հայ դատի գրասենեակների, կուսակցական պաշտօնեաների ճանապարհով համագործակցել է իշխանութեան հետ արտաքին քաղաքականութեան հարցերում: Էնտեղ, որտեղ ունեցել ենք ընդհանուր եզրեր: Սա նշանակում է, որ քսան տարուց աւելի գործակցո՞ւմ ենք Հայաստանի իշխանութեան հետ, կամ ենթարկւում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի՞ն:

Վահան Յովհաննիսեանն այսօր փորձառու քատր է, նաեւ արտաքին քաղաքականութեան իմաստով ունի այդ փորձառութիւնը եւ կարծում եմ` օգտակար կը լինի նոր գործի մէջ: Կարող էք չանհանգստանալ` էնտեղ, որտեղ կը լինի քաղաքական տեսակէտների բախում, Վահան Յովհաննիսեանը հերթական անգամ կ՛արտայայտի իր դիրքորոշումը: Բայց արտաքին ճակատում, մանաւանդ, որոշակի երկրներում աշխատանքներ կան, որտեղ անհրաժեշտ են նաեւ մեր կարողութիւնները, մեր կապերն ու հնարաւորութիւնները: Մէկ այլ օրինակ բերեմ: Հայկական համայնքներն իրենց ապրած երկրների իշխանութիւնների առաջ զանազան խնդիրներ կարող են առաջադրել, ճնշում գործադրել նրանց վրայ: Նոյն բանը կարո՞ղ են միթէ անել այդ երկրներում Հայաստանի քաղաքացիները կամ Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչները: Հիմա արտաքին քաղաքականութեան ոլորտում իշխանութեան եւ Դաշնակցութեան համագործակցութիւնը ու՞մ շահերին է դիպչում: Հայաստանում մի՞թէ մարդիկ պիտի գտնուեն, ովքեր այս պարզ ճշմարտութիւնը չեն հասկանայ:

Շատ բաներ այս առումով ինձ թւում են ինքնանպատակ: Մեր երկրում, ի հարկէ, բազմաթիւ հիմնահարցեր կան, հասկանալի է, որ մարդիկ փոփոխութիւններ են ուզում, բայց երբեմն ոմանք ընկնում են ծայրայեղութիւնների մէջ, եւ փոփոխութիւնների անուան տակ քայքայում ու պառակտում են ուզում:

Հ.- Ի դէպ, Լեռնային Ղարաբաղում փոխվարչապետ Արթուր Աղաբեկեան ունէք…

Պ.- Մենք խօսում ենք Հայաստանի մասին, առայժմ Հայաստանն ու Ղարաբաղը իրար չեն միացել, չէ՞: Մեր կազմակերպական կառոյցը ապակենտրոն կառոյց է դեռեւս 1892 թուականից, եւ Ղարաբաղի կառոյցը չի ենթարկւում, մասը չի Հայաստանի կառոյցի: Ընդհանուր Դաշնակցութեան մասն է, բայց հայաստանեան կառոյցի մասնաճիւղը չի: Հետեւաբար, այնտեղի վիճակը ուղղակիօրէն չի շաղկապւում Հայաստանի վիճակի հետ:

Հ.- Այսուհանդերձ, շարքերում ինչպէ՞ս է դա ընդունւում, կայ տեղեկութիւն, որ շարքերում այս նշանակումներից դժգոհ` ժողովներ են պահանջում: Ի դէպ, ՀՅԴ-ի ղեկավարները միշտ ժխտում են, թէ ՀՅԴ-ում թեւեր, հոսանքներ ու պառակտումներ կան:

Պ.- 1990 թուականից սկսած երեւի հարիւրաւոր անգամներ գրուել է, թէ Դաշնակցութեան մէջ խմորումներ են, Դաշնակցութիւնը պառակտւում է եւ այլն: Հիմա եթէ, դեռ որ այս վերջինը դնենք մի կողմ, կ՛ընդունէք չէ՞, որ մնացած բոլորը սուտ են դուրս եկել: Երբեւէ թեւերի բաժանուե՞ց Դաշնակցութիւնը, որտե՞ղ են էդ թեւերը, Դաշնակցութիւնը պառակտուե՞ց: Բայց տեսէք, որ նոյն մարդիկ եւ ուժերը ամէն այդպիսի սարքովի փուչիկի պայթելուց յետոյ, առանց ամաչելու, թութակի պէս կարող են կրկնել նոյն բանը: Մեր կառոյցն էլ մի քիչ տարբեր է, եւ այդպիսի պառակտումներ, բաներ, էդքան հեշտ չեն կատարուի մեզ մօտ:

Դաշնակցութեան մէջ լինում են տարաձայնութիւններ, լինում են` ի հարկէ, եղել են, կան ու կը լինեն: Չէ՞ որ մենք կենդանի մարդիկ ենք, իւրաքանչիւրս սեփական մտածողութեամբ:

Եթէ մասնակցէիք մեր ժողովներին, կը տեսնէիք, որ մենք շատ պարզ ձեւով եղած բոլոր խնդիրներին անդրադառնում ենք եւ ամենասուր ձեւով խօսում ենք ամենացաւոտ հարցերի մասին: Բայց հարցերը անյաղթահարելի տարակարծութիւնների չեն հասնում, որովհետեւ մեզ միաւորում է ընդհանուր արժէքային համակարգը: Ի վերջոյ կայ քուէարկութիւն ու մեծամասնութեան կամք, որից ժողովրդավար մեթոտ` որոշումների կայացման համար, մարդկութիւնը դեռ չի յօրինել: Եւ հաւատացնում եմ, որ ինչպէս նախորդ անգամները, այս մի աղմուկն էլ կ՛անցնի եւ կը պարզուի, որ Դաշնակցութեան հետ ոչինչ չպատահեց:

Հ.- Իսկ հիմա կա՞ն տարաձայնութիւններ:

Պ.- Հիմա որ ժողով լինի, կը կարողանամ ասել, որովհետեւ էստեղ նստած` չգիտեմ: Բայց կարծում եմ, որ տարբեր դաշնակցականներ օրուայ տարբեր խնդիրների վերաբերեալ կարող են ունենալ տարբեր տեսակէտներ

Հ.- Իսկ նշուած ժողովը կը լինի՞, որը ըստ մամուլի պահանջում է ՀՅԴ Երեւանի կառոյցը` Բիւրոյից:

Պ.- Մենք նախատեսել ենք, միւս տարի պէտք է անենք ժողով, հիմա տարբեր բաներ խառնում էք, եւ այն, ինչ որ գրում են, վկայակոչելով, այսպէս կոչուած, իրազեկ աղբիւրներին, գրում են շատ անգրագէտ բաներ, անգամ իրենց նեղութիւն չտալով ճշդել, թէ ինչպիսին է կառոյցը, որ օղակն ինչ գործառոյթներ ունի: Երեւանը ունի մարզային կոմիտէ, որը անմիջապէս չի դիմում Բիւրոյին: Երեւանի մարզային կոմիտէի վերադաս մարմինը Հայաստանի գերագոյն մարմինն է, իր խնդիրները ԳՄ-ի հետ են, եւ եթէ անհրաժեշտ է, Բիւրոյի կապն էլ ԳՄ-ի ճանապարհով է: Ինչ վերաբերում է այդ ժողովին, ապա մարզային կոմիտէները երկու տարին մէկ ժողով են անում, եւ իրենց հերթական ժողովը մօտենում է: Բացի սա, վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիւ ընկերային ժողովներ, որոնց ժամանակ եւս շատ պարզ, շատ ազատ, ժողով անցկացնողները պատասխանել են բոլոր տեսակի հարցերի` սկսած քաղաքական ներքին իրադարձութիւններից, մինչեւ սուրիահայերի խնդիրները: Մարդիկ հարցեր են տուել, պատասխաններ են ստացել:

Եւ վերջում մեր այս խօսակցութիւնից բխող մի հետաքրքիր փաստ ասեմ: Դաշնակցութեանն ամենաշատ ձայն տրուել է այն ժամանակ, երբ եղել ենք քոալիսիոնի մէջ: Երբ որպէս քոալիսիոնի  անդամ մասնակցեցինք խորհրդարանական ընտրութիւնների եւ պարզ ասացինք, որ եթէ իշխանութեան հետ համագործակցութեան առաջարկ լինի, հաւանաբար նորից մաս կը կազմենք քոալիսիոն: Եւ, պատկերացրէք, այդ ժամանակ ժողովուրդը մեզ ամենաշատ ձայները տուեց: Պէտք է ենթադրել` ժողովուրդը գնահատեց, որ Դաշնակցութիւնը կարողանում է խնդիրներ լուծել, ազդել իշխանութեան որոշումների վրայ: Դաշնակցութիւնը կարողացել է այս ընթացքում լաւ մարդուժ աճեցնել:

Այսինքն ժողովրդի շահերից խօսողները պէտք է նկատի ունենան, որ ժողովուրդն այնպէս չի մտածում, թէ որեւէ ուժ աւելի լաւն է, երբ երկրի գործերին մասնակից չէ, այլ միայն քննադատում է:

Քոալիսիոնից դուրս գալը հեշտ չէր: Մենք դուրս եկանք: Ծանր է նման որոշում կայացնելը, որովհետեւ շատ բան ես կորցնում, խօսքը նիւթականի մասին չէ, քաղաքական հնարաւորութիւնների եւ կշռի մասին է: Բայց դուրս եկանք` լաւ կշռադատելով եւ առանց երկմտանքի: Հիմա, այսպիսի գին վճարելուց յետոյ, ինչ-որ մանր-մունր խաղերի մէջ մտնելը անհեթեթ չի՞ լինի: Ինչպէս որ մտածում կամ գրում են, թէ Դաշնակցութիւնը թաւշեայ ճանապարհով փորձում է մտնել իշխանութեան մէջ: Էդպէս իշխանութիւն չեն դառնում: Կ՛ուզէի պլոկերները, լրագրողները, այդ տնաբոյծ վերլուծաբանները նման պարզ բաները հասկանային: Եթէ նպատակ ես դնում իշխանութիւն դառնալ, էդպէս չե՛ն դառնում:

Հ.- Բա ինչպէս ե՞ն դառնում:

Պ.- Երբ Դաշնակցութիւնը կը յայտարարի, թէ միանում է իշխանութեանը` այս, այս, այս պատճառներով եւ քոալիսիոն է կազմում, կը նշանակի, որ վերադառնում է քոալիսիոն: Բայց նորից կրկնեմ, թող ոչ ոք չյուզուի, առայժմ այդպիսի հեռանկար ոչ մէկին չի սպառնում:

 

Share this Article
CATEGORIES