Երեք Օր Լիթուանիայում. Հայաստանը Ընտրում Է Մաքսային Միութիւնը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հոկտեմբերի 6-9 Հայաստանում Լիթուանիայի դեսպանութեան օժանդակութեամբ եւ այդ երկրի արտաքին գործերի նախարարութեան հրաւէրով ուղեւորուեցի մայրաքաղաք Վիլնիուս: Լիթուանիան յետխորհրդային երկիր է, սակայն շատ քիչ բան կայ այսօր, որը կարող է մարդուն յիշեցնել, որ այս պետութիւնը ընդամէնը 25 տարի առաջ եղել է ամբողջատիրական Խորհրդային Միութեան կազմում: Այսօր Լիթուանիան ՆԱԹՕ-ի եւ Եւրոպական Միութեան անդամ է, նախագահում է Եւրոպական Միութիւնում, բարեկեցիկ է եւ ժողովրդավար:
Լիթուանիան նախկին ԽՍՀՄ միութենական 15 հանրապետութիւնների մէջ առաջինն էր, որ անկախացաւ ԽՍՀՄ-ից: Դա տեղի ունեցաւ 1990-ի մարտին: Պալթեան երեք հանրապետութիւնների շարքում Լիթուանիան եւ՛ տարածքով, եւ՛ բնակչութեամբ ամէնից մեծն է: Լիթուանիան գտնւում է Պալթիք ծովի ափին, ունի 65 հազար քառակուսի քիլոմեթր տարածք եւ շուրջ 3 միլիոն բնակչութիւն: Ընդհանուր սահմաններ ունի Լաթուիայի, Լեհաստանի, Պիելոռուսիոյ եւ Ռուսաստանի Քալինինկրատի մարզի հետ: Պալթեան երեք հանրապետութիւններից Հայաստանը դեսպանութիւն ունի միայն Լիթուանիայում: Վիլնիուսում Հայաստանի դեսպան Արա Այվազեանը համատեղութեան կարգով դեսպան է նաեւ հարեւան Լաթվիայում եւ Էսթոնիայում:
Իմ այցը ծրագրուել էր դեռ օգոստոսին, երբ գրեթէ բոլորը վստահ էին, որ Հայաստանը նոյեմբերի 29-ին Վիլնիուսում Եւրոպական Միութեան հետ նախաստորագրելու է Ընկերակցութեան համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գօտու պայմանագիրը: Սակայն սեպտեմբերի 3-ին անակնկալ այցով Մոսկուա մեկնեց Սերժ Սարգսեանը, հանդիպեց Վլատիմիր Փութինին, ապա յայտարարեց, որ Հայաստանը ցանկութիւն ունի միանալ Ռուսաստանի կողմից ձեւաւորուած Մաքսային Միութեանը եւ ապագայում ստեղծուելիք Եւրասիական Միութեանը:
Հայաստանի այդ քայլը Եւրոպական Միութեան, այդ թուում` Լիթուանիայի համար մեծ անակնկալ էր, քանի որ Երեւանը շուրջ երեքուկէս տարի բանակցել էր աւելի քան հազար էջանոց փաստաթուղթ, բանակցութիւնները հասցրել տրամաբանական աւարտի: Եւրոպացիների մօտ որեւէ կասկած չկայ, որ Սերժ Սարգսեանը Վլատիմիր Փութինի մեծ ճնշումների արդիւնքում է ցանկութիւն յայտնել հրաժարուել եւրոպական ուղուց եւ մաս կազմել Մաքսային միութեանը, որին անդամակցում են Ռուսաստանը, Պիելոռուսիան եւ Ղազախստանը:
Վիլնիուսում գտնուելու երեք օրերի ընթացքում ես ունեցայ բազմաթիւ հանդիպումներ, այդ թուում` Լիթուանիոյ նախագահի գլխաւոր խորհրդարական Եովիթա Նելիուփշիենոյ, արտաքին գործերի փոխ նախարար Աուտրիուս Պրուզկայի եւ խորհրդարանի փոխնախագահ Փեթրաս Աուշթրեվիչուսի հետ:
Իմ բոլոր զրուցակիցները շատ յստակ նշում էին, որ Հայաստանի հետ Վիլնիուսի գագաթաժողովում որեւէ փաստաթուղթ չի ստորագրուի: Հայաստանի ղեկավարութիւնը ձգտում է եւ փորձում հասնել նրան, որ ստորագրի գոնէ Ընկերակցութեան համաձայնագիրը, որը աւելի շատ քաղաքական փաստաթուղթ է: Ազատ առեւտրի գօտու պայմանագիրը ստորագրելու մասին պէտք է մոռանալ, քանի որ Հայաստանը ընտրել է Մաքսային միութիւնը: Եւրոպացիները բազմիցս ասել են, որ հնարաւոր չէ լինել Մաքսային միութեան անդամ եւ միաժամանակ Եւրոպական Միութեան հետ ստորագրել Ազատ առեւտրի գօտու պայմանագիր: Ազատ առեւտրի գօտու պայմանագիր ստորագրելը Հայաստանի առաջ կը բացէր Եւրոպայի 500 միլիոնանոց շուկան: Եւրոպական Միութիւնը այսօր Հայաստանի առեւտրային թիւ մէկ գործընկերն է, Հայաստանի արտահանման համար եւրոպական շուկան ամենամեծն է` երկրի ողջ արտահանման 40 տոկոսը:
Մաքսային միութեանը անդամակցելով` Հայաստանը ստիպուած է լինելու իր ներմուծման եւ արտահանման սակագները ներդաշնակեցնել Ռուսաստանի, Պիելոռուսիոյ եւ Ղազախստանի ներմուծման եւ արտահանման սակագների հետ: Թէ ինչ է շահելու Հայաստանը Մաքսային միութեանը անդամակցելուց, ցոյց կը տայ միայն ժամանակը: Մէկ բան այսօր ակնյայտ է. Բելառուսը եւ Ղազախստանը Մաքսային Միութեանը մաս կազմելուց յետոյ տնտեսական լուրջ վնասներ են կրում: Եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ աշխարհաքաղաքական իմաստով շահողը Ռուսաստանն է:
Լիթուանիոյ նախագահի գլխաւոր խորհրդարական Եովիթա Նելիուփշիենէն մեզ հետ զրոյցում նշեց, որ Եւրոպական Միութեանը համարկուելուց Հայաստանի հրաժարումը եւ Մաքսային միութեանը միանալու ցանկութիւնը առաջին հերթին հիասթափութիւն է հայ ժողովրդի համար: Նա ափսոսանք յայտնեց նաեւ այն բանի համար, որ երեքուկէս տարի Եւրոպական Միութեան հետ բանակցելուց յետոյ մէկ օրում Հայաստանը անսպասելի շրջադարձ կատարեց դէպի Մաքսային միութիւն:
Արտաքին գործերի փոխ նախարար Անտրիուս Քրիվասը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան որոշումն է միանալ այս կամ այն կառոյցին: Սակայն նա համոզուած է, որ Հայաստանի վրայ ճնշումներ են բանեցուել, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի հարցում: Քրիվասը յիշեցրեց, որ Սերժ Սարգսեանի` սեպտեմբերի երեքին Մոսկուայում արուած յայտարարութեանը նախորդել էին ռուսական մեծաքանակ զէնքի վաճառքը Ազրպէյճանին եւ օգոստոսին Վլատիմիր Փութինի ցուցադրական այցը Պաքու: Լիթուանիայի արտաքին գործերի փոխ նախարարի խօսքերով` այսօր Քրեմլինը տնտեսական ուժեղ ճնշումներ է բանեցնում Մոլտովայի եւ Ուքրանիոյ վրայ, որպէսզի նրանք եւս Հայաստանի օրինակով հրաժարուեն Եւրոպական Միութեան հետ Վիլնիուսում փաստաթղթեր ստորագրելուց եւ Մաքսային միութեանը միանալու ցանկութիւն յայտնեն:
Հայաստանի հասցէին առաւել կոշտ արտայայտուեց Լիթուանիոյ խորհրդարանի փոխնախագահ Փեթրաս Աուշթրեւիչուսը: Նա յատուկ շեշտեց, որ եւրոպական քաղաքականութիւնը ենթադրում է կանխատեսելիութիւն եւ թափանցիկութիւն, մինչդեռ Հայաստանի պահուածքը աւելի նման էր արեւելեան ոճին: Նա յոյս յայտնեց, որ Հայաստանը այնուամենայնիւ չի միանայ Մաքսային միութեանը, մի կառոյց, որը ոչ թէ ապագայ է, այլ` անցեալ:
Վիլնիուսում գտնուելու մի քանի օրերին ես այցելեցի այն վայրը, որտեղ նոյեմբերի 29-ին հաւաքուելու են Եւրոպական Միութեան անդամ 28 երկրների ղեկավարներն ու Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութեան մաս կազմող հետխորհրդային վեց հանրապետութիւնների` Ուքրանիոյ, Մոլտովայի, Պիելոռուսիոյ, Հայաստանի, Վրաստանի եւ Ազրպէյճանի պատուիրակութիւնները: Սպասւում է, որ Ուքրանիան Եւրոպական Միութեան հետ կը ստորագրի, իսկ Վրաստանն ու Մոլտովան կը նախաստորագրեն Ընկերակցութեան համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գօտու պայմանագիրը:
Հայաստանի հետ Վիլնիուսում Եւրոպական Միութիւնը առանձին որեւէ փաստաթուղթ ամենայն հաւանականութեամբ չի ստորագրի: Այնուամենայնիւ, սպասւում է, որ Սերժ Սարգսեանը կը մասնակցի Վիլնիուսի գագաթաժողովին: Չի բացառւում, որ Իլհամ Ալիեւը եւս մասնակցի գագաթաժողովին: Ինչ վերաբերում է Պիելոռուսիոյ, ապա այս երկրի համագործակցութիւնը Եւրոպական Միութեան հետ շատ ցածր մակարդակի վրայ է: Պելոռուսիոյ ինքնատիրական նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոն անցանկալի անձ է Եւրոպական Միութեան բոլոր 28 երկրներում: Նա ընդհանրապէս չի հրաւիրուի Վիլնիուս:
Յատուկ «Ազդակ»-ի համար

