Վրաստանը Կ՛ունենայ Նոր Նախագահ. Հայերի Եւ Ազրպէյճանցիների Քուէն` Վճռորոշ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2013 թուականը նախագահական ընտրութիւնների տարի է Հարաւային Կովկասի` միջազգայնօրէն ճանաչուած բոլոր երեք երկրներում: Փետրուարին Հայաստանում կայացած վիճելի ընտրութիւնների արդիւնքում Սերժ Սարգսեանը երկրորդ ժամկէտով զբաղեցրեց նախագահի պաշտօնը` յաղթելով Րաֆֆի Յովհաննիսեանին: Ըստ պաշտօնական տուեալների, Սարգսեանը ստացաւ քուէների 58, իսկ Յովհաննիսեանը` 37 տոկոսը: Մի քանի շաբաթ առաջ ընտրութիւններ անցկացուեցին Ազրպէյճանում եւ, ինչպէս սպասւում էր, Իլհամ Ալիեւը երրորդ անգամ անընդմէջ մնաց նախագահի պաշտօնում: Միջազգային կազմակերպութիւնները եւ Միացեալ Նահանգները յստակ յայտարարեցին, որ Ազրպէյճանում ընտրութիւնները չեն համապատասխանել եւրոպական չափանիշներին: Իլհամ Ալիեւը ստացաւ քուէների 85, իսկ ընդդիմութեան թեկնածուն` Ճամիլ Հասանլին` ընդամէնը 5 տոկոս:

Եկող կիրակի` հոկտեմբերի 27-ին, Վրաստանում կայանալիք նախագահական ընտրութիւններին մասնակցում են 23 թեկնածուներ, որոնցից երեքը` կին: Հիմնական պայքար կը ծաւալուի «Վրացական երազանք» դաշինքից 44-ամեայ Կիորկի Մարկուելաշվիլիի եւ «Միացեալ ազգային  շարժում» կուսակցութիւնից, 41-ամեայ Դաւիթ Պաքրածէի միջեւ: Ընտրութիւններին մասնակցող թեկնածուներից մի քանիսը եւս բաւականին յայտնի քաղաքական գործիչներ են, որոնց թւում` խորհրդարանի նախկին նախագահ, 49-ամեայ Նինօ Պուրճանածէն, Քրիստոնեայ-դեմոկրատական շարժման առաջնորդ եւ յայտնի լրագրող, 39-ամեայ Կիորկի Թարկամածէն, Աշխատաւորական կուսակցութեան նախագահ, 55-ամեայ Շալվա Նաթելաշվիլին:

Մարկուելաշվիլին, որպէս քաղաքական գործիչ, ո՛չ Վրաստանի ներսում, առաւել եւս` ո՛չ Վրաստանից դուրս, այնքան էլ յայտնի չէ: Նա փիլիսոփայութեան տոքթոր է: Երբ անցեալ տարի Իվանիշվիլին դարձաւ վարչապետ, Մարկուելաշվիլիին նշանակեց կրթութեան նախարարի, ապա` փոխվարչապետի պաշտօնում: Դաւիթ Պաքրածէն խորհրդարանի նախկին նախագահն է, կարճ ժամանակ եղել է արտաքին գործերի նախարար:

Վրաստանի այս ընտրութիւնները ուշագրաւ են մի քանի առումներով: Առաջին. գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեռանում է, եւ Վրաստանը կ՛ունենայ նոր նախագահ: Անկախութիւնից ի վեր Վրաստանն ունեցել է երեք նախագահ` Զվիատ Կամսախուրտիան (1991-1992), Էտուարտ Շեւարտնածէն (1995-2003) եւ Միխայիլ Սահակաշվիլին (2004-2013): Երբ առաջին նախագահ Կամսախուրտիան իշխանութիւնից հեռացուեց ռազմական յեղաշրջման արդիւնքում, մի քանի տարի` 1992-1995 թուականներին, Վրաստանի փաստացի նախագահը եւ առաջնորդը հէնց Շեւարտնածէն էր: Երկու անգամ Վրաստանը ունեցել է ժամանակաւոր նախագահ, երկու դէպքում էլ` 40 օրով: Երբ 2003-ի նոյեմբերին Վարդեայ յեղափոխութեան արդիւնքում Շեւարտնածէն հրաժարական տուեց, նախքան նոր ընտրութիւնների անցկացումը` խորհրդարանի այն ժամանակուայ նախագահ Նինօ Պուրճանածեն դարձաւ ժամանակաւոր նախագահ: Պուրճանածէն եւս մէկ անգամ զբաղեցրեց ժամանակաւոր նախագահի պաշտօնը, երբ Սահակաշվիլին 2007-ի աշնանը հրաժարական տուեց, եւ կազմակերպուեցին վաղաժամկէտ ընտրութիւններ: Այդ ընտրութիւններում եւս Սահակաշվիլին յաղթեց` ստանալով քուէների 53 տոկոսը: Ճիշդ է, միջազգային կազմակերպութիւնները համարեցին, որ այդ ընտրութիւնները, ընդհանուր առմամբ,  համապատասխանել են եւրոպական չափանիշներին, սակայն վրացի դիտորդները նշում էին, որ պէտք էր անցկացնել երկրորդ փուլ, քանի որ Սահակաշվիլին առաջին փուլում չէր հաւաքել անհրաժեշտ 50 տոկոս գումարած մէկ քուէն: Մասնաւորապէս այդ ընտրութիւններում Սահակաշվիլին անհամեմատ մեծ թուով քուէներ էր ստացել գերազանցապէս հայաբնակ Ջաւախքում եւ գերազանցապէս ազրպէյճանաբնակ Քուէմօ-Քարթլի երկրամասում, որը սահմանակից է Հայաստանի հիւսիսային Տաւուշի եւ Լոռու մարզերին: Վրացական ընդդիմութիւնը պնդում էր, որ հէնց Ջաւախքում եւ Քուէմօ-Քարթլիում են զանգուածաբար կեղծուել ընտրութիւնները` յօգուտ Սահակաշվիլիի:

Վրաստանը բազմազգ երկիր է: Ազրպէյճանցիները եւ հայերը միասին կազմում են այդ երկրի բնակչութեան շուրջ 12 տոկոսը: Ահա այդ պատճառով է, որ ընտրութիւններում հայաբնակ եւ ազրպէյճանաբնակ շրջանները յայտնւում են իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Վերջին մարդահամարի տուեալներով, մայրաքաղաք Թիֆլիսում հայերի թիւը շուրջ 90 հազար է: Ջաւախքում, վրացերէնով` Սամցխէ Ջաւախեթիի երկրամասում, հայերի թիւը 130 հազարի սահմաններում է: Տասնեակ հազարաւոր հայեր են բնակւում նաեւ Վրաստանի այլ շրջաններում:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրութիւնները ուշագրաւ են նաեւ նրանով, որ նախագահի երկու հիմնական թեկնածուները իշխանութեան մաս են կազմում: Մէկ տարի առաջ Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրութիւններ, որոնցում յաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը: Այս դաշինքի առաջնորդը աշխարհի ամենահարուստ վրացին է` Պիծինիա Իվանիշվիլին,  ով էլ դարձաւ վարչապետ: Փաստօրէն, արդէն մէկ տարի գործող նախագահ Սահակաշվիլին ընդդիմութիւն է, քանի որ նրա գլխաւորած կուսակցութիւնը` «Միացեալ ազգային շարժումը», խորհրդարանում փոքրամասնութիւն է:

Վրաստանի նախագահական նախկին բոլոր ընտրութիւնները աւարտուել են մէկ փուլով: 1991թ. կայացած առաջին ընտրութիւններում յաղթեց ազգայնական Զվիատ Կամսախուրտիան` ստանալով քուէների գրեթէ 88 տոկոսը: Սակայն կարճ ժամանակ անց նա գահընկէց արուեց, ապա սպաննուեց: 1995-ին կայացած ընտրութիւններում քուէների 77 տոկոսով յաղթեց Էտուարտ Շեւարտնածէն, ով եղել էր Խորհրդային Վրաստանի առաջնորդ, ապա դարձել Խորհրդային Միութեան արտաքին գործերի նախարար: 2000 թուականի նախագահական ընտրութիւններում կրկին յաղթեց Շեւարտնածէն` ստանալով քուէների 82 տոկոսը: Երկու դէպքում Շեւարտնածէի ստացած քուէները կասկածի տեղիք տուեցին, միջազգային կազմակերպութիւնները համարեցին, որ ընտրութիւնները չեն համապատասխանել եւրոպական չափանիշներին: 2004-ին կայացած վաղաժամկէտ ընտրութիւններում քուէների 96 տոկոսով յաղթեց Միխայիլ Սահակաշվիլին: Եթէ այս ընտրութիւնները համարուեցին ազատ եւ արդար, ապա Սահակաշվիլիի երկրորդ ընտրութիւնը 2008-ին կասկածի տեղիք տուեց: Նա ստացաւ քուէների 53 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը` Լեւան Կաչեչիլածէն` 26 տոկոսը: Եթէ Ջաւախքում եւ Քուէմօ-Քարթլիում Սահակաշվիլին չստանար խիստ կասկածելի բարձր տոկոսներ, ապա երկրորդ փուլը անխուսափելի էր:

Հոկտեմբերի 27-ի ընտրութիւնները ժողովրդավարութեան իրական փորձութիւն է լինելու Վրաստանի համար: Եթէ այս անգամ էլ ընտրութիւնները անցնեն ազատ, արդար եւ մրցակցային պայմաններում, ինչպէս 2012-ի խորհրդարանական ընտրութիւններն էին, որոնցում յաղթեց ընդդիմութիւնը, ապա կարելի է ասել, որ Վրաստանը իր ժողովրդավարական ցուցանիշներով ակնյայտ առաջ կ՛անցնի ինչպէս Հայաստանից, այնպէս էլ նախկին խորհրդային միւս հանրապետութիւններից:

Ընկերաբանական հարցումները ցոյց են տալիս, որ ընտրութիւններում յաղթելու է Մարկուելաշվիլին: Միակ տարածաշրջանը, որտեղ, ըստ այդ հարցումների, յաղթելու է Պաքրածէն, հէնց հայահոծ Ջաւախքն է: Մի քանի օր առաջ վարչապետ Իվանիշվիլին եւ նախագահի թեկնածու Մարկուելաշվիլին նախընտրական հանդիպում անցկացրին Ջաւախքի կենտրոն Ախալքալաքում: Իվանիշվիլին, դիմելով հաւաքուած շուրջ երկու հազար հայերին, ասել է. «Ես հայերին շատ եմ սիրում, եւ դա երբեք չեմ թաքցրել: Ես տեսնում եմ, որ դուք սպասում էք նոր նախագահի, եւ այն անպայման կը դառնայ Կիորկի Մարկուելաշվիլին: Մենք իսկապէս եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ էք, ինչպէս եւ մենք: Սա ձեր հայրենիքն է»:

Վերադառնալով Թիֆլիս` վարչապետ Իվանիշվիլին ասել է. «Միակ տածաշրջանը, որտեղ «Վրացական երազանք»-ի թեկնածուն կարող է պարտուել, հայաբնակ Ջաւախքն է: Դա են վկայում վերջին հետազօտութիւնների արդիւնքները: Սակայն ես չեմ պատրաստւում դիմել հայկական ընտրազանգուածի վրայ ներազդեցութեան անարդար մեթոտներին: Ես չեմ պատրաստւում զանգահարել Հայաստանի նախագահին նման խնդրանքով: Այդպիսի նախադէպեր մեր երկկողմ յարաբերութիւններում արձանագրուել են, բայց ես նման բան անել չեմ պատրաստւում»:

Եթէ ընտրութիւններում յաղթի Մարկուելաշվիլին, իսկ Ջաւախքում Պաքրածէն աւելի շատ քուէներ ստանայ, ապա դա Ջաւախքի եւ ջաւախահայութեան համար կը ստեղծի ոչ շահեկան վիճակ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES