«Ես Շատ Լաւ Ապագայ Եմ Տեսնում Մեր Ժողովրդական, Գուսանական Երգերի Համար» Ասում Է Հայաստանի Մշակոյթի Վաստակաւոր Գործիչ Գէորգ Չաքմանեանը

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Գէորգ Չաքմանեանը «Կանթեղ» մեծահասակների  աշուղական  երգչախմբի գեղարուեստական ղեկավարն է եւ հիմնադիրը: Այս երգչախումբը միւս երգչախմբերից տարբերւում է այն հանգամանքով, որ այստեղ ընդգրկուել են 45-98 տարեկան մարդիկ: Գէորգի պատմելով` երգչախմբի ստեղծման  գաղափարն առաջացաւ, երբ Միացեալ Նահանգներում համերգի ժամանակ նկատեց, որ համերգի մեծ մասը կազմում են աւագ սերնդի ներկայացուցիչները: Եւ քանի որ Միացեալ Նահանգներում AMGA TV-ով  ունի «Կանթեղ» մշակութային հաղորդաշարը, յայտարարութիւն տարածեց` նշելով, որ հաւաքագրում է տարեցներին` աշուղական երգչախումբ հիմնելու նպատակով: «Շաբաթ օրը  ժամը հինգին տեսայ, որ սրահը լեցուն էր տատիկ-պապիկներով, ովքեր ժամանակին երգել են խմբերում, ոմանք` եկեղեցիներում, ովքեր, սակայն, տարիքներն առել էին եւ նստել էին տներում: Նրանք ուրախութեամբ ընդունեցին իմ հրաւէրը: Ընդամէնը մի քանի փորձից յետոյ սկսուեցին մեր պարապմունքները, մեր փորձերը, եւ դարձանք ոչ թէ խումբ, այլ մի կուռ ընտանիք: Այսօր այդ կուռ ընտանիքում մենք աւելի ենք ջերմացել իրար հանդէպ», նշում է Գ. Չաքմանեանը:  Նշենք, որ բացի «Կանթեղ» երգչախմբից` Գ. Չաքմանեանը նաեւ Էջմիածնի «Տարօն»  մանկապատանեկան գուսանական երգչախմբի գեղարուեստական ղեկավարն է, որն արդէն 15 տարի է` գործում է: Նրա ասելով, դեռ օրօրոցից պէտք է սովորեցնել ժողովրդական, գուսանական երգերը: Գուցէ երեխաները չեն հասկանում այդ երգերի բառերը, բայց ըստ երգչի, ժամանակի ընթացքում ընկալելու են: Իր Միացեալ Նահանգներում գտնուելու ժամանակ էլ «Տարօն» երգչախումբը ղեկավարում է իր` առաջի սերնդի սաներից մէկը: «Տարօն» երգչախումբը մասնակցել է մի շարք համաշխարհային երգչախմբային ողիմպիականների, եւ 83-90 երկրների մէջ երգչախումբը ստացել է պրոնզէ մետալ

Չնայած` դժուարութիւններ կան, բայց Գ. Չաքմանեանի ասելով` ինքը յաղթահարում է դրանք, քանի որ սիրում է իր աշխատանքը:

Երգչախմբի ամենաերիտասարդ մասնակիցը 45 տարեկան է, իսկ ամենատարեցը Յովհաննէս պապիկն է, որ 90-անց է: «Փորձերի ժամանակ ասում եմ` բարեւ ձեզ, իմ բալիկներ: Դասի ժամանակ այդպէս եմ դիմում իրենց, որից հետ իրենք ասում են, որ ես էլի իրենց տղան եմ, բայց դասը մնում է դաս: Ասեմ նաեւ, որ խիստ եմ իրենց նկատմամբ», ասում է Գ. Չաքմանեանը` պատմելով մի դէպք. «Մայաթ Նովայի երգի խօսքերն եմ յանձնարարել` ասելով, որ լաւ կարդալ սովորեն, եւ որ անգիր չեմ տալիս: Յաջորդ օրը բոլորը փորձում են, եւ մասնակիցներից մէկը` 80-անց,  երգեց-երգեց, ասացի` ախր, էսպէս չի լինի, տանը նայի բառերին: Ի պատասխան իմ ասածի` նա նշեց, թէ յաջորդ փորձին անպայման լաւ կը լինի: Այդ փորձին եւս մի հնարաւորութիւն տուեցի, բայց բառերն էլի շփոթեց: Ու պատկերացրէք` ի՞նչ ասեմ, որ լաւ լինի` «Յաջորդ փորձին գալիս ես ծնողիդ հետ»: Ասաց. «Ազիզ ջան, իմ ծնողը գիտես` քանի տարի է չկայ»: Այսինքն կատակը, հումորն ամէն ինչ  միաձուլուել է, եւ մենք, իրօք, մի ընտանիք ենք, աշխատում ենք սիրով»:

Մեր դիտարկմանը, թէ բաւական պատասխանատու, նաեւ համարձակ քայլ է` ովկիանոսը կտրել, հասնել Հայաստան եւ համերգ ունենալ` հաշուի առնելով աւագ սերնդի ներկայացուցիչներին առանձնայատուկ ֆիզիքական թուլութիւնը, Գ. Չաքմանեանը նշում է, որ երգչախմբի անդամները առողջական խնդիրներ չունեն, ֆիզիքապէս էլ թոյլ չեն: Ասում է` օրեր առաջ մի խնճոյքի էին մասնակցում, ու երբ երիտասարդները յոգնեցին-նստեցին, երգչախմբի անդամները դեռ պարում էին:

Երգացանկն էլ կազմում է Սայաթ Նովայի, Հաւասիի, Գուսան Շահէնի, Գուսան Շերամի երգերը: Երգչախումբն իր այցէաքարտն է  համարում Գուսան Շահէնի «Զեփիւռի նման» երգը:  Թէեւ մի քանի տարի է, որ հիմնականում բնակւում է Միացեալ Նահանգներում, բայց ասում է, որ այնքան յաճախակի է գնում-գալիս Հայաստան, որ իրեն չի համարում Հայաստանից հեռացած:

Երբ նրանից հետաքրքրուեցի, թէ ի՞նչ տարբերութիւններ է տեսնում սփիւռքում ապրելով Հայաստանի կեանքի համեմատ, նա ասաց, որ սփիւռքում լինելով` հայերն ապրում են հայրենիքով, հայրենիքի օդով ու ջրով: «Ամէն ինչ լաւ կը լինի: Մեր մշակոյթով քանի՜ երկրների ենք ճանաչել տուել մեր ազգը», նկատում է Գ. Չաքմանեանը, ում խօսքով` կան տաղանդաշատ երիտասարդներ, բայցեւ կան այնպիսինները, ովքեր իրաւունք չունեն մտնել երգարուեստ: «Ամէն ինչ կորած չէ: Ես շատ լաւ ապագայ եմ տեսնում մեր ժողովրդական, գուսանական երգերի համար», աւելացնում է նա:

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )