Իթթիհատականների Եւ Քեմալականների` Ալեւիների Եւ Պեքթաշիների Նկատմամբ Վարած Քաղաքականութիւնը

Ըստ Պայթար Նուրի Տէրսիմիի, եթէ անգամ Պեքթաշի թիւրքմէն աշիրեթներից մէկը ստեղծէր «Պեքթաշի մոճահետների (հաւատի մարտիկ, «Ակունք»-ի խմբ.) գունդ», ապա գըզըլպաշ քրտերը նման միաւորման նկատմամբ հետաքրքրութիւն չէին ցուցաբերի:

Կառավարութեան` արդէն չգիտեմ, թէ որերորդ քրտական «նախաձեռնութեան» կապակցութեամբ, առանց աստուածաբանական քննարկումներին անդրադառնալու, գըզըլպաշ-ալեւի-պեքթաշի պատմութեան ուղիներով զբօսապտոյտ  կատարելուն դէ՞մ էք արդեօք:

Այն, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան ու Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան (այսուհետ ՄՅԿ-«Ակունք»-ի խմբ.) գլխաւորութեամբ ընդդիմութիւնը Ապտիւլ Համիտի ղեկավարութիւնը սասանեց, հնարաւորութիւն ընձեռեց, որ գըզըլպաշների եւ քրտերի պէս հաւաքական ինքնութիւնները բացայայտուեն: ՄՅԿ-ը հէնց սկզբից իրավիճակն իր վերահսկողութեան տակ առնելու համար ռազմական ուժ կիրառելու փոխարէն` ընտրեց քաղաքական համոզման տարբերակը: Եթէ նայենք 1910 թ. մայիսի 25-ի մի փաստաթղթի, կը տեսնենք, որ այս քաղաքականութեան վաղ սերմերից մէկն էլ այն է, որ գըզըլպաշ թիւրքմէն աշիրեթներից Պալապան աշիրեթի առաջնորդ Կիւլ աղան ընդունուել է ՄՅԿ: 1912 թ. ընտրութիւնների ժամանակ Կիւլ աղան սատարել է ՄՅԿ-ի թեկնածուներին եւ իր միաւորումներով մասնակցել 1914 թ. նոյեմբերին սկսուած Սարիղամիշի գործողութեանը:

Պեքթաշի մոճահետների գունդը

Երբ 1915 թ. որոշուել է հայերին աքսորել, Խարբերդի վալի Սապիթ պէյը Ներքին գործերի նախարարին նամակ է գրել` առաջարկելով Տէրսիմի գըզըլպաշներին միաւորել հայերի եւ ռուսների դէմ: Առաջարկին հաւանութիւն տալով` Թալէաթ եւ Էնվեր փաշաները ստուգելու համար ճանապարհւում են Խարբերդ: Նրանց հետ հանդիպած որոշ աշիրեթների առաջնորդներ ստիպուած են լինում համոզել Տէրսիմի արեւմուտքում մեծ հեղինակութիւն վայելող Սէյիտ Ռիզային, մինչդեռ իթթիհատական փաշաներին ասել էին, որ կարող են խնդրել Հաճի Պեքթաշ դերգահի չելեպի (առաջնորդ,  «Ակունք»-ի խմբ.) Ահմեթ Ճելալէտտին էֆենտիի աջակցութիւնը: Այսպէս, օրինակ, չելեպին պատրաստ էր, գարնանը Արգոււանի Մինայըք (ներկայիս` Քույուտերէ) գիւղում հաւաքել է «տէտէների  ժողով», որին մասնակցելու էր մօտ 40 «սէյիտների խումբ», սակայն, ըստ Տէրսիմի գաղափարական առաջնորդներից Պայթար Նուրի Տէրսիմիի, ով այս առաքելութեան ողջ ընթացքում ուղեկցել է չելեպիին, եթէ անգամ Պեքթաշի թիւրքմէն աշիրթեներից մէկը ստեղծէր «Պեքթաշի գունդ», ապա գըզըլպաշ քրտերը նման միաւորման նկատմամբ հետաքրքրութիւն չէին ցուցաբերի: Այս դէպքը բաւականին սասանել է նաեւ չելեպիի հեղինակութիւնը, որովհետեւ, ինչպէս եւ հասկանալի է գնդի անունից, այն ստեղծուել է սիւննի իսլամի ժիհատի գաղափարի հենքի վրայ:

Զիա Կէօքալփի նախագիծը

Անատոլիայի կրօնական եւ ցեղային  խմբերին ձուլելու ՄՅԿ-ի ջանքերի հիմքում ընկած էր Զիա Կէօքալփի ղեկավարութեամբ մշակուող ցեղա-քաղաքական աշխատութիւնը: Այս նպատակով նախ ստեղծւում է գաղթականների եւ աշիրեթների ընդհանուր վարչութիւն, որի ղեկավար է նշանակւում Շիւքրիւ Քայեան: Այնուհետեւ գըզըլպաշներին, մեւլեւիներին, ալեւիներին եւ նուսայրիներին ուսումնասիրելու համար Անատոլիա են ուղարկում Պահաա Սայիտին եւ Զաքարիային (Սերթել), ահիներին ուսումնասիրելու համար` պուրսացի Մեհմեթ Թահիրին (Օլկուն) եւ Հասան Ֆեհմիին (Թուրկալ), թիւրքմէնական եւ քրտական աշիրեթներին ուսումնասիրելու համար` Նաճի Իսմայիլին  (Փելիսթեր), ով աւելի շատ յայտնի էր Հապիլ Ատեմ անուամբ, իսկ հայերին ուսումնասիրելու համար` Ահմեթ Էսատին (Ուրաս): Բացի այդ` արաբական, քրտական եւ թիւրքմէնական աշիրեթների վերաբերեալ Զիա Կէօքալփը ընկերաբանական ուսումնասիրութիւն էր կատարում:

Ըստ Պահա Սայիտ պէյի, իրեն այս յանձնարարութիւնը տուել են, քանի որ Մերզիֆոնի քոլեճում որոշ ցուցակներ էր ձեռք բերել, որտեղ գրանցուած էին տէրսիմցի ալեւիների անուններ, որոնց 1800-ականների սկզբից որոշ բողոքական միսիոներներ փորձել էին քրիստոնէացնել: Այս ցուցակները ՄՅԿ-ին շատ է անհանգստացրել, եւ մտածել են հակառակ քարոզչութիւն պարունակող գրութիւններ պատրաստել եւ տարբեր միջոցներով հրատարակել «Թուրքական հայրենիք» ամսագրում: Եւ ահա այս յօդուածները գրելու պարտականութիւնը ստանձնել են Մեհմեթ Ֆուատը (ՔԷօփրիւլիւ), Եուսուֆ Զիան (Եորուքան), Համիտ Սատին եւ Սուլէյման Ֆիքրին:

1912 թ. պատգամաւորների խորհրդի քննարկումներից յետոյ արաբերէնին, պարսկերէնին, ռուսերէնին, գերմաներէնին եւ ֆրանսերէնին տիրապետող Պահա Սայիտ պէյին յանձնարարում են ուսումնասիրել Անատոլիայի համքարութիւնները (արհեստակցական միութիւնները): Անգարայում եւ Քըրշեհիրում կատարած աշխատանքների արդիւնքում լոյս է ընծայում «համքարութիւնն Անատոլիայում» յօդուածը: Նրա երկրորդ կարեւոր աշխատութիւնն «Ալեւիականութիւն»-ն է:

Գըզըլպաշական քարոզչութիւն

Պահա Սայիտ պէյը 1914-1915 թթ. կատարած իր աշխատանքների արդիւնքում բաւականին շատ գրութիւններ է հաւաքել, որոնք այդ տարիներին առանց գրաքննութեան անհնար էր հրապարակել, քանի որ սուլթանական պալատը` սուլթան Մեհմետ 5-րդ Ռեշատն ու շէյխուլիսլամը, ՄՅԿ-ի նախագիծը որակեցին որպէս գըզըլպաշական քարոզչութիւն: Ինչպէս եւ ենթադրուելու էր, Պահա Սայիտ պէյը իր այս յօդուածներում առաջ է քաշում այն տեսակէտը, համաձայն որի` ալեւիականութիւնը, գըզըլպաշութիւնն ու պեքթաշիականութիւնը շամանիզմի եւ իսլամի միախառնումից բաղկացած թուրքական արմատներով հաւատքներ են:

Երբ 1920 թ. Պահա Սայիտ պէյը, առանց Մուսթաֆա Քեմալի իմացութեան, ոստիկանութեան անունից պոլշեւիկների հետ համաձայնագիր է ստորագրում, որոշ ժամանակ Քեմալի աչքից ընկնում է, սակայն սառոյցը շուտով հալւում է. նա Անատոլիայի բնակիչներին համոզելու համար ներառւում է «Իրշատ» պատուիրակութեան կազմի մէջ (իրշատ բառը թուրքերէնից թարգմանաբար նշանակում է ճշմարիտ ուղին ցոյց տուող: Այս պատուիրակութիւնը ստեղծուել է 1920 թ.: Պատուիրակութեան գործառոյթի մէջ մտնում էր հայրենիքի ամբողջականութեան պահպանումը), որից յետոյ Օդագնացութեան միութեան հսկիչ է նշանակւում Սամսոնում: Պաշտօնավարութեան ընթացքում նրան յանձնարարւում է ուսումնասիրել յատկապէս արեւելքի լեռնային շրջաններում բնակուող գըզըլպաշ, քիւրտ եւ թուրք աշիրեթների հաւատքը, լեզուն, ցեղը եւ աւանդոյթները` նպատակ հետապնդելով քեմալականութեան արդիականացման ծրագրի շրջանակներում փնտրել ուղիներ, որոնցով հնարաւոր կը լինէր այս հատուածներին ձուլել: Իսկ Պահա Սայիտ պէյի` ՄՅԿ-ի ժամանակներից ի վեր գրած յօդուածները` «Թուրքիայում ալեւի հասարակութիւնը, թեքքէների ալեւիականութիւնն ու ընկերային ալեւիականութիւնը», «Գըզըլպաշական սուֆիզմ», «Գաղտնի տաճարներն Անատոլիայում` նուսեյրիներ եւ գաղտնի աղանդաւորներ», «Պեքթաշիները», կարողացաւ տպագրել լոկ 1926-1927 թթ. «թ(յ)ուրք եուրտու (Թ(յ)ուրքական հայրենիք)» ամսագրում:

Վելիյուտտին Չելեպիի յայտարարութիւնը

1921 թ. Քոչգիրիի ապստամբութիւնը,  Անգարայի եւ քիւրտ գըզըլպաշների յարաբերութիւնները փճացրեց, սակայն յայտնի է, որ 1920 թ. իր գործունէութիւնը սկսած առաջին խորհրդարանը չեղեալ համարելուց յետոյ յայտարարուած նոր ընտրութիւնների ժամանակ Հաճի Պեքթաշի Վելիի թոռ Վելիյուտտին Չելեպիին կոչ է անում ալեւի «թարիքաթ»-ին (աղանդ. – Ա.) կեանքի կոչել Ազգային ուխտը: Ինչպէս եւ կարելի էր ենթադրել, ալեւիները յուսադրուել էին գլխաւորապէս հանրապետութեան «աշխարհիկութեան» քաղաքականութեամբ, սակայն` ապարդիւն, քանզի երբ քեմալական վարչակարգը 1923 թ. յայտրարարեց հանրապետութեան ստեղծման մասին, վերանայեց «թարիքաթ»-ների հետ իր յարաբերութիւնները: 1924 թ. վերացուեց խալիֆայութիւնը, ստեղծուեց Կրօնական գործերի վարչութիւնը, որի հիմքում ընկած էր իսլամի սիւննի հանաֆիական ուղղութիւնը, իսկ  1925 թ. դեկտեմբերի 13-ին ընդունուած որոշմամբ փակուեցին «թեքքէ»-ներն ու սուֆիական «թարիքաթ»-ները: Նպատակը` պետութեան կողմից վերահսկուող որոշակի կրօնի որոշակի ուղղութիւնը մաքրելով որոշ հաւատալիքներից, աւանդոյթներից եւ ծիսակարգերից` այն օգտագործել հասարակութեանը կառավարելու համար այնպէս, ինչպէս կատարեցին 1789 թ. ֆրանսական յեղափոխութեան ժամանակ: Իսկ ալեւիներին սկսեցին ձուլել սիւննի հանաֆի իսլամի հետ:

Ռեշիտի ցեղային քաղաքականութիւնը 

1925 թ. յետոյ ՄՅԿ-ի սկսած ցեղային քաղաքական աշխատանքները ղեկավարում էր Հասան Ռեշիտը (Թանքութ), ում անձամբ Մուսթաֆա Քեմալը, որպէս Արեւելեան վիլայեթների հասարակական կարգը պահպանելու գծով խորհրդատու եւ Թուրքական օճախների համակարգող, ուղարկել էր Տէրսիմի շրջան: Երբ պահակազօրի  սպայ հայրը Դամասկոսում պաշտօնակատարութեան ժամանակ հնդկախտից քոլերայից մահանում է, մի քանի տարեկան Հասան Ռեշիտին էլպիստան-քալայճըլըքցի Սէյտօ աղան վերցնում է իր խնամքի տակ` տալով իրաւաբանական եւ քաղաքագիտական կրթութիւն: 1928 թ. Հասան Ռեշիտն իր առաջին զեկոյցը ներկայացրել է Առաջին համընդհանուր տեսուչ Իպրահիմ Թալիին (Օնկէօրէն), որից յետոյ 1930 թ., 1938 թ., 1949 թ. եւ 1961 թ. գաղտնի զեկոյցներ է ներկայացրել անձամբ Մուսթաֆա Քեմալին եւ Ժողովրդահանրապետական կուսակցութեանը: Այդ զեկոյցներից մէկում քրտական աշխարհագրութիւնը բաժանում է երեք հատուածի. հիւսիսում` զազա գըզըլպաշներ, արեւմուտքում` ալեւի գըզըլպաշ քուրմանճըներ եւ արեւելքում` շաֆիի ուղղութեանը պատկանող քուրմանճըներ: Մեհմետ Ռեշիտը այս երեք հատուածները միմեանցից բաժանելու համար առաջարկում է նրանց միջեւ կառուցել «թրքականութեան արհեստական պատնէշը»: Հաւանաբար քեմալական վարչակարգը այս «միջոցն» անբաւարար է համարել, քանի որ իրագործել է 1937-1938 թթ. Տէրսիմի ցեղասպանութիւնը: Այս թուականից յետոյ երկար ժամանակ ճնշուած վիճակում գտնուող ալեւի գըզըլպաշները 1950 թ. իրենց ձայները տուեցին նաեւ Ժողովրդավարական կուսակցութեանը, որը, սակայն, այդքան էլ մեծ աջակցութիւն չէր, ինչպէս պնդում էին: Իրաւունք ունէին, որովհետեւ Ժկ-ի տասնամեայ կառավարման օրօք կառուցուեց 15 հազար նոր մզկիթ, սկսեցին ազանն արաբերէն կարդալ, ալեւիների յոյսերը չարդարացան: 1960 թ. մայիսի 27-ի յեղաշրջումը եւս ալեւիների համար դրական հաղորդագրութիւն չէր պարունակում (նոյնիսկ Կրօնական գործերի վարչութիւնն այդ տարեթուից յետոյ է՛լ աւելի կազմակերպուեց), սակայն 1961 թ. սահմանադրական մթնոլորտը ալեւիներին քաջալերեց:

Հէնց այդ ժամանակ էր, որ գըզըլպաշ ալեւի գրողները, թէկուզ եւ շեշտելով թրքականութիւնը, սկսեցին գրել իրենց մշակոյթի մասին: Առաջին բաց սեման (ֆոլքլորային պար, «Ակունք»- խմբ.) տեղի ունեցաւ 1965 թ. Զմիւռնիոյ Նարլըտերէում Մուհարեմի տօնակատարութիւնների ժամանակ: 1965 թ. ալեւիների զգալի մասն իր քուէն տուեց Թուրքիոյ աշխատաւորական կուսակցութեանը: 1966 թ. ալեւիները հիմնեցին իրենց առաջին կուսակցութիւնը` Միութիւն կուսակցութիւնը, սակայն վերջինս 1969 թ. ընտրութիւնների ժամանակ միայն 2.8 տոկոս ձայն հաւաքեց, իսկ 1970 թ. զրկուեց ամբողջ յենարանից: Այս ընթացքում Օրթաչայում եւ Էլպիսանում ալեւիների նկատմամբ յարձակումներ կատարուեցին: 1971 թ. Քըրքհանում, 1978 թ. Մալաթիայում, Սվազում եւ Մարաշում, 1980 թ. Չորումում ուրուային պետութեան կազմակերպած կոտորածներից յետոյ ալեւի գըզըլպաշ համայնքը կրկին ներամփոփուեց: 1980 թ. վերջին Տէրսիմի նահանգապետ նշանակուած Քենան Կիւվենը շրջանում «կրկին ազանի ձայնը բարձրացրեց»:

Երբ 10 տարուայ ներամփոփ կեանքից յետոյ 1990 թ. փետրուարին Համպուրկի ալեւիական միութեան ղեկավարութեամբ 34 ալեւի, սիւննի, անհաւատ գրողի, բանաստեղծի, արուեստագէտի, գիտնականի ստորագրած «Ալեւիների զեկոյցը» տպագրուեց որոշ թերթերում, իրավիճակն սկսեց փոխուել: Կարճ ժամանակ անց ալեւիականութեան եւ պեքթաշիների վերաբերեալ բազմաթիւ հրապարակումներ եղան (գըզըլպաշութեան մասին խօսելը դեռեւս թապու էր): Երկու հասարակութիւնն էլ սկսեց այլեւս չթաքցնել իր ինքնութիւնը, անգամ բացայայտ քննարկում էին ինքնութեան վերաբերեալ հարցերը: Քրտերէն խօսող որոշ ալեւիներ սկսեցին ընդգծել քրտական ալեւիականութիւնը: Բնականաբար այս իրավիճակն սկսեց անհանգստացնել պետութեանը: Պետութիւնն իր հովանաւորութեան տակ առաւ Հաճի Պեքթաշի տօնակատարութիւնը, որն առաջին անգամ տօնուեց 1964 թ., 1970-ական թթ. ընդգծուած ձախակողմեան երանգ ստացաւ, 1980-ական թթ. ապաքաղաքականացուեց, 1990-ական թթ. կրկին քաղաքականացուեց: Մեծ թափ ստացաւ ալեւիական գիւղերում մզկիթ կառուցելու շարժումը: 1993 թ. յուլիսի 2-ին Սվազի Մատըմաքի կոտորածը ալեւիներին մեծ վէրք պատճառեց: 1995 թ. մարտի 12-16 Պոլսոյ  կազիօսմանփաշայում անյայտ անձանց կողմից բացած կրակի պատճառով 17 հոգու մահուամբ եւ տասնեակ մարդկանց վիրաւորուելով աւարտուած «Կազիի դէպքերը» բաւականին մեծացրեցին ալեւիների անվստահութիւնը սիւննի պետութեան նկատմամբ:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան 10-ամեայ իշխանութեան ժամանակ ե՛ւ ներքին զարգացումների ե՛ւ Եւրոմիութեան ու աշխարհի հետ համարկուելու շնորհիւ ալեւի-գըզըլպաշական ինքութիւնը չթաքցնելու կարեւոր հիմք է ստեղծուել, սակայն քեմալական հասարակարգի իսլամի սիւննի ուղղութեանը հարող կրօնական կազմակերպութիւնները, օրէնքներն ու կիրառութիւնները գրեթէ անփոփոխ շարունակւում են: Աւելի՛ն. երրորդ կամուրջն անուանելով սուլթան Սէլիմ Ահեղի անունով` խաղում են ալեւիների նեարդերի հետ: Ոմանք ասում են, որ այս վերջին ալեւիական «նախաձեռնութիւնը» ծրագրուել է, որպէսզի չէզոքացնեն նմանատիպ հրահրող քաղաքականութիւնը եւ Կեզիի պայքարը: Ճի՞շդ է արդեօք, թէ՞ ոչ, ժամանակը ցոյց կը տայ:

Գըզըլպաշ, ալեւի, պեքթաշի 

Կարծում եմ կարիք կայ համառօտ անդրադարձ կատարել յօդուածում յիշատակուած գըզըլպաշ, ալեւի եւ պեքթաշի եզրերի պատմութեանը` առանց անդրադառնալու աստուածաբանական քննարկումներին: Գըզըլպաշ եզրը, որին առաջին անգամ հանդիպում ենք շահ Իսմայիլի Տիվանում (նա, ում սիրտը լեռ չի դարձել, կուրծքը` կարմիր սուտակի պէս արիւն, իրաւունք չունի գըզըլպաշ դառնալ), ըստ արաբ պատմաբան Նեհրեւալիի (?-1582)` ծագում է կարմիր մահուդից կարուած 12 շերտանոց գլխարկից, որը շահ Իսմայիլի հայրը` շահ Հայտարը, հագցրեց իր զինուորներին: Նմանատիպ տեղեկութիւններ են հաղորդում նաեւ իրանցի պատմաբան Ահմետ էլ Քիրմանին (?-1610), օսմանեան շրջանի պատմաբան Միւնեճճիմպաշը Ահմեթ Տէտէն (?-1702) եւ Իրան այցելած ճանապարհորդներ ու առեւտրականներ:

Ոմանք առաջ են քաշում այն տեսակէտը, թէ գըզըլպաշ եզրը սեֆեաններից առաջ կիրառութեան մէջ են դրել Կենտրոնական Ասիոյ թուրքերը, սակայն եթէ անգամ այդպէս է եղել, ապա 16-րդ դարից սկսած գըզըլպաշ եզրը Օսմանեան կայսրութիւնում օգտագործել են սեֆեան արմատներ ունեցող շիականութեան համար որպէս վիրաւորական անուանում: Այսպէս, օրինակ, 1500-ական թթ. մինչեւ 1700-ական թթ. օսմանեան ֆեթուաներում (կրօնական հրահանգ) գըզըլպաշ եզրը օգտագործուել է անհաւատ, անկրօն իմաստով:

Ալեւի եզրը, որն Իրանում նշանակում է «Ալիի տոհմից սերող», Ատրպատականում` «Ալիին պաշտողներ», օսմանեան պետութիւնում լոկ 19-րդ դարում է կիրառւում` այն էլ միայն բանաստեղծների կողմից, ովքեր հետեւում եւ հաւատում են Ալիի ուղուն: Հանրապետութեան առաջին ժամանակաշրջանում ալեւի կամ գզլպաշ եզրերի փոխարէն` աւելի շատ «մազհապ», «թարիքաթ», «չեփնիներ», «սիւնիներ», «գիւղական պեքթաշիներ եզրերն են կիրառել: Ալեւիղզլպաշական սովորոյթների ամենակարեւոր տարրը կազմող սեման  կոչել են եթուրքական գիւղական պարէ, «թուրքական կրօնական պարեր», «կրօնական պարեր», «պեքթաշիական պար», «սեմա պար» եւ այլն: Ինչպէս յօդուածի սկզբում արդէն ասացի, այդ ընթացքում Պահա Սայիտի յօդուածները չէին հրապարակւում, իսկ 1921 թ. «Աքշամ» թերթում մասամբ լոյս տեսած Եագուպ Քատրի Քարաօսմանօղլուի «Նուր պապա» վէպը Կրօնական գործերի վարչութիւնը գրաքննութեան ենթարկեց` հիմնաւորելով, որ «սիւնիների եւ ալեւի-պեքթաշիների միջեւ թշնամութեան պատճառ կարող է հանդիսանալ», ինչպէս նաեւ կը վիրաւորի ալեւի-պեքթաշիներին, ովքեր «ռազմաճակատում մարտնչում են` կանչելով կա՛մ ալլահ, կա՛մ Ալի, կա՛մ Հաճի Պեքթաշ»: Ալեւիականութիւն եզրը, որպէս սատարող հասկացութիւն, սկսել են կիրառել 1960-ական թթ. յետոյ: Իսկ պեքթաշի եզրը, որին հանրապետութեան պատմութեան ընթացքում անդրադարձել են ալեւիականութեան հետ միասին, հաւանաբար 13-րդ դարում ապրած Հաճի Պեքթաշի Վելիի հիմնած ալեւիական «թարիքաթ»-ից է սերում: Պեքթաշի սուֆիական թարիքաթը, որի հիմնադիրը յայտնի չէ` Հաճի Պեքթաշի Վելին է, թէ Պալըմ սուլթանը (?-1516), երկու ուղղութիւն ունի` Պապաքեան եւ Չելեպիեան: Չելեպիեան ճիւղը, որը հաւատում է, որ Հաճի Պեքթաշին ամուսնացած է եղել Անայի հետ եւ ունեցել է Սէյիտ Ալի սուլթանին, տարածուած է գիւղական շրջաններում: Այս ճիւղը շատ աւելի մօտ է գըզըլպաշ-ալեւիականութեանը:

«Ռատիքալ»

Թարգմանեց` ԱՆԱՀՈԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )