«Ագուլիսի 1919 Թ. Ողբերգութիւն-Եղեռնը»
Մ. Հ.
Լոյս է տեսել «Ագուլիսի 1919 թ. ողբերգութիւն-եղեռնը» գիրքը, որտեղ ներկայացուած է, թէ ի՛նչ վայրագութիւններ են տեղի ունեցել Արեւմտեան Հայաստանում:
«Հատորում ներառուած են 1919 թ. դեկտեմբերի 24-25-ին Գողթն գաւառի սիրտը համարուող Ագուլիս քաղաքի հայ բնակչութեանը կոտորածի ենթարկելու վերաբերեալ 7 ականատեսների (Ի. Տէր Անտոնեան, Ն. Աւշարեան, Կ. Սիմոնեան, Շ. Հախնազարեան, անյայտ հեղինակ, Թ. Հայրապետեան, Հ. Հախնազարեան) եւ 8 ժամանակակիցների (. Սարգսեան, Պ. Պետրոսեան, Հ. Անագչեան, Գ. Փանեան, Վ. Միքայէլեան, Վ. Կզարթմեան, Է. Մելիք-մուսեան, Աւօ) վկայութիւն-յուշագրութիւնները: Վերջիններս, չորսից բացի
(Ի. Տէր Անտոնեան, Հ. Հախնազարեան, Ն. Աւշարեան, Աւօ), հրատարակւում են առաջին անգամ եւ կարեւոր փաստաթղթեր են Ագուլիսի ողբերգութիւնը, ինչպէս եւ Նախիջեւանի գաւառի 1918-1921 թթ. իրադարձութիւնները հանգամանալից ուսումնասիրելու համար», ասաց գրքի հեղինակ Արգամ Այվազեանը:
Ըստ նրա, այդ շրջաններում Հայաստանում եղած եղեռնագործութիւնները քիչ են լուսաբանուել. «Յուշագրողները պատահական մարդիկ չեն, նրանք բոլորն էլ կիրթ մարդիկ են, որոնք յստակօրէն պատմում ու ներկայացնում են այն ամէնը, ինչ կատարուել է»:
«Ագուլիսի 1919 թ. ողբերգութիւն-եղեռն» աշխատութիւնը լոյս է տեսել 300 օրինակով եւ արդէն կայ գրախանութներում: Գրքի հեղինակը ցաւով փաստեց, որ նման գրքերը գրախանութներում վաճառւում են հինգ, տասը տարիների ընթացքում:
Նշենք, որ գրքի յաւելուածին կցուած են Ագուլիսի 1919-1920 թուականների 15 փաստաթղթեր եւ Նախիջեւանի մի քանի բնակավայրերի փաստավաւերագրական լուսանկարներ: Աշխատութեան մէջ զետեղուած են հատուածներ ծնունդով ագուլեցի, Ազրպէյճանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի «Քարէ երազներ» վէպ-եղերերգից:
«Ազգ»