Խնճոյք` Զմիւռնիոյ Հրդեհի Ժամանակ
Թուրքիոյ պաշտօնական պատմագրութեան մէջ, որպէս «թշնամուն ծովը նետելու ազատութեան հերոսապատում» յիշատակուող «սեպտեմբերի 9-ի» հետ միասին, ամէն տարի օրակարգ է բարձրանում նոյն հարցը` «սեպտեմբերի 13-ին Զմիւռնիան ո՞վ հրի մատնեց»: Եթէ անգամ այս հարցին յստակ պատասխան չտրուի էլ, այսօր միակ յայտնի իրականութիւնն այն է, որ դեռեւս «Իոնիոյ մարգարիտ գեղեցիկ Զմիւռնիայում բոցերը չեն մարել…»
«1922 թ. Զմիւռնիան հրդեհելիս, պենզին եւ նաֆթ թափելով, եկեղեցիներում ապաստանած հայերին եւ յոյներին ողջ-ողջ այրեցին: Նախ հրի մատնեցին հայկական թաղամասը: Այրեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որովհետեւ բոլոր հայերը պաշտպանուելու համար ապաստանել էին այդ եկեղեցում: Յետոյ մենք` հայերս, փախանք դէպի ծովեզերք: Ծովում բազմաթիւ նաւակներ կային, սակայն նախօրօք նաւակների յատակին անցքեր էին բացել, որպէսզի նաւակների մէջ ջուր լցուի, եւ հայերը չփրկուեն: Խեղճ հայերը նստում էին նաւակ, որը ճանապարհ ընկնելուց յետոյ լցւում էր ջրով, իսկ հայերը ծովն էին լցւում, ծովի մակերեսին բազմաթիւ ուռած դիակներ կային»:
Ըստ դէպքի ականատես, 1909 թ. ծնուած Գառնիկ Ստեփանեանի եւ 1903 թ. ծնուած Արփինէ Բարդիկեանի` 1922 թ. սեպտեմբերի
13-ին Զմիւռնիայում բռնկուած հրդեհը չորս օր առաջ քաղաք մտած Անգարայի ղեկավարութեան մեղաւորութիւնն էր: Իսկ համաձայն Թուրքիոյ պաշտօնական պատմագրութեան, հրդեհը վառել են թուրքական ռազմական համազգեստ հագած 22 հայ, ովքեր խոստովանել են, որ Զմիւռնիան հրդեհել են, որպէսզի իրենց ունեցուածքը թուրքերին չթողեն: Ամէն դէպքում, կասկածները շատանում են քաղաք մուտք գործած առաջին հրամանատար Սաքալլը Նուրէտտին փաշայի վերաբերեալ, ում անունը, Թուրքիայի հիմնադրման թուականի հետ կապուած, շատ է քննարկւում:
«Կեաւուր Զմիւռնիան, մթութեան մէջ այրուելով, առաւօտեան մխալով վերջացաւ: Հրդեհի պատասխանատուները լոկ հայ սադրիչնե՞րն էին, ինչպէս մեզ ասացին այդ ժամանակ: Շատ էին նաեւ նրանք, ովքեր ասում էին, որ բաւականին վարպետօրէն է գործել բանակի հրամանատար Նուրէտտին փաշան… Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հայերը տեղահանուեցին, Անատոլիայի այն քաղաքներն ու գիւղաքաղաքները, որտեղ կարող էին նրանք ապրել, նորից այս վախի պատճառով հրի մատնեցինք: Սա քանդելու մոլուցքի հետեւանք չէր. ստոր զգացմունքի ազդեցութիւն էր: Իւրաքանչիւր անկիւն, որը նման էր Եւրոպայի մի հատուածի, կարծես թէ մերը չլինելու ճակատագիր ունէր»:
Լրագրող Ֆալիհ Ռըֆքը Աթայը «Չանքայա» գրքում պնդում է (այս պնդումը հաստատում է նաեւ Ֆեւզի Չաքմաքը), որ կապ չունի, թէ ով է սկսել հրդեհը, բոլորը համակարծիք են` 1922 թ. սեպտեմբերի 9-ին քաղաքում մեծ իրարանցում է տեղի ունեցել: Իսկ պատճառն այն է, որ երբ հայկական թաղամաս Հայնոցի հրդեհը փայտաշէն քաղաքում տարածուեց, նաւամատոյցի ճանապարհի երկայնքով երկշարք շարուած թուրք զինուորները, ձեռքներին գնդացիր` սպասում էին: Զմիւռնիայում, որտեղ, ինչպէս գրում է Լորտ Քինրոսն, «ամենալաւատեսական» ենթադրութեամբ երկու հազար մարդ է մահացել, ղեկավարութեան փոփոխութեան վերջին օղակն այս հրդեհը դարձաւ: Առաւօտեան նաւամատոյց հասած դաշնակից երկրների նաւերում ապաստանած յոյներն ու հայերն իրենց հետեւում էին թողում այն հողերը, որտեղ ապրել էին դարեր շարունակ:
Այսօր հետք անգամ չի մնացել թաղամասերից, որտեղ 91 տարի առաջ սկսուեց հրդեհը: Տեղում Մուսթաֆա Քեմալի հրամանով հիմնադրուած Զմիւռնիոյ միջազգային տօնավաճառն է, որի 82-րդ բացման արարողութիւնը մեծացրել է Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան եւ Ժողովրդահանրապետական կուսակցութեան միջեւ առկայ լարուածութիւնը:
«Սեպտեմբերի 9-ի» մուտքից աջ ընկած տօնավաճառի հրապարակը, որտեղ մի ժամանակ գտնուել է այգին եւ յոյներու առաջնորդարանի շէնքը` Զմիւռնիոյ ամենամեծ եկեղեցիներից Սուրբ Էթիեն եկեղեցին, ասում են` հրդեհի ժամանակ ամբողջութեամբ այրուել է, իսկ հանրապետութեան ժամանակ` աւերուել, այսօր այն կանաչ դաշտ է յիշեցնում: Անմիջապէս դիմացից ազդեցիկ բարձրութեամբ ծուխ է բարձրանում շարունակ: Մի ժամանակ հրօ ճարակ դարձած թաղամասում` կերպընկալէ սեղաններին ախորժակով ուտում են Թուրքիոյ տարբեր անկիւններից եկած ուտելիքներ: Աղէտից փախած մարդկանց թողած հետքերով իրենց երեխաների հետ այգի եկողները տօնավաճառի զուարճանքներին հետեւելու համար վազում են այս ու այն կողմ:
Իսկ հայերից մնացած միակ կոթողը, որը հրդեհից չի վնասուել, յոյն ուղղափառների հաւատակից «հայ հոռոմների» Սուրբ Վուքուլոս եկեղեցին է, թէեւ որպէս եկեղեցի չի գործում: Եկեղեցին գտնւում է Հնագիտութեան թանգարանի բակում, ուր կան մի քանի գերեզմանաքարեր, որոնք ցուցադրւում են հրէական համայնքի գերեզմանաքարերի շարքում:
Հանրապետութիւնը Ծածկեց Սրբապատկերները
Շինութիւնը, որը 1924 թ. Մուսթաֆա Քեմալը դարձրեց Հնագիտական թանգարան, իսկ դրանից առաջ որոշ ժամանակ օգտագործել էին որպէս պահեստ եւ օփերայի սրահ, երկար տարիներ մնացել էր անխնամ: Յայտնի չէ, թէ ո՛ր թուականին, սակայն մինչեւ 2008 թ. վերանորոգումը հանրապետական Թուրքիան ծածկել էր եկեղեցու սրբապատկերներն այնպէս, ինչպէս ընդունուած էր Օսմանեան կայսրութիւնում` եկեղեցիները մզկիթների վերածելիս կրօնական խորհրդանշանները վերացնել: Ապսիդի հատուածի Յիսուս Քրիստոսի, աջ պատի վրայի Սուրբ Յովհաննէսի եւ Միքայէլ ու Գաբրիէլ հրեշտակապետների սրբապատկերները յայտնաբերուեցին: Այսօր որպէս մշակութային կենտրոն գործածուող եկեղեցու կցակառոյցը հանդիսանում է Մամուլի թանգարան, որտեղ ոգեկոչում են սպաննուած լրագրողներին: Թանգարանում, որտեղ գտնւում է Հրանդ Տինքի դիմանկարը, տեղ է գտնում նաեւ Ապտի Իփեքչիի գրամեքենան, Մեթին Կէօքթեփէի շապիկը եւ Ուղուր Մումճույի առաջին համակարգիչը:
Զմիւռնիոյ եւ ոչ մի եկեղեցի Սուրբ Վուքոլոսի չափ բախտաւոր չէր: Շատերի տեղն անգամ յայտնի չէ: Լոկ մնացել են խօսակցութիւններ առ այն, որ մի ժամանակ այստեղ եկեղեցիներ են եղել: Սրանցից մէկն էլ Սուրբ Ֆոթինի եկեղեցին է, որը եղել է առաջնորդարան: Քանի որ այն Զմիւռնիոյ ամենաբարձր շինութիւնն էր, յոյների խորհրդանիշն էր համարւում: Իսկ 1856 թ. կառուցուած 33 մ երկարութիւն ունեցող զանգակատունը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի խաչելութեան տարիքը: Կառուցումից 32 տարի անց աշտարակին աւելացրել են նաեւ ժամացոյց: Ասում են, թէ շինութիւնը հրդեհի ժամանակ վնասուել, իսկ ռմբակոծումից աւերուել է, սակայն պաշտօնական պատմագրութիւնը լռում է: Շինութեան վերջը եղել է այնպէս, ինչպէս մետրոպոլիտ Հրիսոսթոմոսի լինչի դատաստանը` «յայտնի չէ, թէ ամբոխի մէջ ով սպաննեց»: 1973 թ. այս մասին դահիճ Ալին պատմում է «Նոր դար» թերթին. «Քահանային դուրս են հանել պահակների հսկողութեան տակ գտնուող վայրից եւ կախաղան բարձրացնելու հրամանն ի կատար ածելու համար քայլել են աղօթարանի ուղղութեամբ: Քայլելիս մեզ հետեւող ամբոխը գնալով բազմամարդ էր դառնում` ստեղծելով վտանգաւոր իրավիճակ… Ոստիկաններն անգամ շուարել էին, չգիտէին` ինչ անել… Սակայն չգիտեմ` ինչպէս քահանան վայրկենապէս անհետացաւ: Մինչ կ՛ասէին` «ի՞նչ էք անում, ժողովո՛ւրդ: Այն, ինչ անում էք, ճիշդ չէ, ըստ էութեան, օրէնքն արդէն վճիռ է կայացրել», քահանային կտոր-կտոր էին արել ու մարմինն էլ նետել մի անկիւն»:
Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան` Զմիւռնիոյ համար պատրաստած համակարգչային կայքում եկեղեցին դեռեւս կանգուն է: Սակայն նշուած հասցէում գտնւում է հոլանտական եկեղեցին: Խառնաշփոթի պատճառն այն է, որ յոյն ուղղափառներն այդ եկեղեցին անուանել են նոր Սուրբ Ֆոթինի:
Բնականաբար կան եկեղեցիներ, որոնք 1922 թ. հրդեհի ժամանակ վնասուել են, սակայն կանգուն մնալու համար կռիւ են տալիս: Օրինակ` Սուրբ Եանիս Թէոլոլոկոսը… Այսօր եթէ մտնէք թաղամաս, որտեղ գտնւում է եկեղեցին, թուրքերէնի փոխարէն մէկ այլ լեզու կը լսէք, սակայն ոչ թէ մինչ 1922 թ. խօսուող յունարէնը, այլ` գնչուների լեզուն:
Ակորայի Սաքարիա թաղամասում պապերի դարաւոր մշակոյթին վերեւից հետեւող եկեղեցու մօտ գտնուող շինութիւնը, որը ծառայել է որպէս յունական դպրոց եւ ուսուցչանոց, դեռեւս կանգուն է: Նոր տէրերն են օգտագործում: Անցեալի մասին յիշեցնող միակ նշանը դիմացի դրան վրայի խաչն է, որը անգամ հեռուից, թէկուզ աղօտ, բայց նշմարւում է:
Իսկ եկեղեցուց մնացել են դուռն ու մուտքի հատուածը: Մնացած մասի վրայ կառուցուել է Իսմեթ փաշայ դպրոցը: Եկեղեցու դիմացի այգում գտնուող եկեղեցին չի խնամւում, լքուած է: Որոշ հատուածներ օգտագործում են որպէս կցակառոյցներ. Աթաթուրքի աւելորդ կիսանդրիները, չօգտագործուող պահարաններն ու նստարաններն այնտեղ են դնում: Իսկ ներսի պատը երեխաների համար թատրոնի բեմ է ծառայում…
Եկեղեցու վիճակը խօսում է մի իրականութեան մասին. անյայտ մնացած «Զմիւռնիոյ հրդեհը» ոմանք տասնեակ տարիներ շարունակ չեն կարողացել մարել…
«Ակօս»
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»