ՍՈՉԻԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ Ի՞ՆՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԶԻՋՒՈՒՄ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆՈՐԱՑՈՒԱԾ ՄԱՏՐԻՏԵԱՆ (ՍՈՉԻԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ) ՓԱԹԵԹԻՑ

Շուէտի արտաքին գործերի նախարար Քարլ Պիլտթի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը յայտարարել էր, որ անհնար կը լինի անցնել ղարաբաղեան կարգաւորման երկրորդ փուլին, եթէ Ստեփանակերտի կողմից համաձայնութիւն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերեալ:

Հայաստանի թիւ մէկ դիւանագէտի այս յայտարարութիւնը կարելի է մի քանի կերպ մեկնաբանել: Առաջին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները դէմ են կարգաւորման սեղանին դրուած Սոչիի առաջարկներին եւ կարող են մերժել այդ փաստաթուղթը, եթէ անգամ Երեւանն ու Պաքուն իրենց համաձայնութիւնը տան: Երկրորդ, Հայաստանը դժուարանում է «այո» ասել Սոչիի առաջարկներին, եւ «օգնութեան» է կանչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւններին: Երրորդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները ամբողջովին տեղեկացուած չեն  Սոչիի փաթեթի մանրամասներից (ինչը քիչ հաւանական է թւում), եւ պաշտօնական Երեւանը գիտակցում է, թէ ինչպիսի՛ն կը լինի Արցախի ժողովրդի եւ Հայաստանի նախկին որոշ բարձրաստիճան պաշտօնեաների ու հասարակութեան մի ստուար հատուածի հակազդեցութիւնը, երբ Սոչիի առաջարկները հրապարակուեն:

«Երկիր»ը հրապարակած երկու յօդուածներով մանրամասնել է Մատրիտեան փաստաթղթի (որից սերող Սոչիի առաջարկներն աւելի անընդունելի են Հայաստանի ու Արցախի համար) այն կէտերը, որոնք վերաբերում են Արցախում նախատեսուող հանրաքուէին (կէտ առաջին) եւ Արցախի միջանկեալ կարգավիճակին (կէտ երկրորդ):

Ի՞նչ տարածքներ են զիջւում Ազրպէյճանին` ըստ Մատրիտեան փաստաթղթի եւ ըստ Սոչիի առաջարկների: Ի դէպ, պէտք է նկատել, որ 1997-ից ԵԱՀԿ Մինսքի խմբի կողմից ներկայացուող բոլոր առաջարկներում (դրանք հրապարակուել են) Հայաստանը սկզբունքօրէն դէմ չի եղել որպէս փոխզիջում Ազրպէյճանին յանձնել Արցախի վերահսկողութեան տակ գտնուող եւ 2006-ին Արցախի սահմանադրութեամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անքակտելի մաս համարուող եօթ շրջանները, բացառութեամբ Լաչինի:

Այս իմաստով, ո՛չ Մատրիտեան փաստաթուղթը եւ ո՛չ էլ Սոչիի առաջարկները սկզբունքօրէն այնքան էլ չեն տարբերւում 1997-ի «փուլային» եւ «փաթեթային», 1998-ի «Ընդհանուր պետութիւն», 2001-ի Քի Ուեսթի առաջարկներից (ոչ պաշտօնական համարուող այս տարբերակը հայկական մամուլում երբեք չի հրապարակուել, սակայն շատ ծանօթ է տողերիս հեղինակին):

Նախ տեսնենք, թէ ի՞նչ են տարածքներ էին զիջուելու Ազրպէյճանին, եթէ Մատրիտեան փաստաթղթի մայր տարբերակին (29 նոյեմբեր, 2007) Հայաստանն ու Ազրպէյճանը կողմ արտայայտուէին որպէս բանակցութիւնների հիմք: Իրականութիւնն այն է, որ ո՛չ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, ո՛չ էլ Ազրպէյճանի ղեկավարութիւնը որպէս հիմք ո՛չ ընդունել են այդ փաստաթուղթը, ո՛չ էլ մերժել են: Հիմնական պատճառն այն էր, որ Մատրիտեան փաստաթուղթը ներկայացուելուց յետոյ Քոչարեանը նախագահ մնաց ընդամէնը եւս չորս ամիս, որից յետոյ Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցրեց Սերժ Սարգսեանը, ով էլ շարունակեց բանակցային գործընթացը հէնց Մատրիտեանի հենքով, սակայն վերջին երեք տարիներին այդ փաստաթուղթը կրեց մի շարք փոփոխութիւններ, որոնք, թւում է, դրանք էլ աւելի անընդունելի դարձրին հայկական կողմի համար:

Մատրիտեան փաստաթղթով ԵԱՀԿ Մինսքի խմբի միջնորդները առաջարկում են հայկական զինուած ուժերը փուլ առ փուլ դուրս բերել Արցախին յարակից բոլոր տարածքներից, բացառութեամբ Քելբաջարի: Երկրորդ նախագահ Քոչարեանը Ալիեւի եւ միջնորդների հետ բանակցութիւններում հնարաւոր է համարել Քելբաջարի վերադարձը Արցախում անցկացուելիք հանրաքուէից յետոյ, ասել է թէ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տէ ժիւրէ միջազգային ճանաչումից յետոյ: Մատրիտեան փաստաթղթով` Քելբաջարը պէտք է դրուէր ԵԱՀԿ անցումային դիտարկման տակ:

Մեր ունեցած տեղեկութիւններով, Սոչիի փաթեթով Քելբաջարի վերադարձի հարցը որեւէ կերպ չի կապւում Արցախում նախատեսուող հանրաքուէի, հետ (Սոչիի առաջարկներում հանրաքուէ, պլեբեսցիտ իրաւական եզրերը բացակայում են եւ խօսք է գնում աւելի մեղմ, ազրպէյճանական կողմի համար ընդունելի «իրաւականօրէն պարտադիր կ՛ամարտայայտութեան» մասին), եւ առաջարկւում է Քելբաջարը վերադարձնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանագիր կնքելուց յետոյ տարիներ անց, բայց ոչ` անմիջապէս միւս հինգ շրջանների հետ միասին:

Դժուար է պատկերացնել, որ Հայաստանի որեւէ իշխանութիւն, որեւէ նախագահ, ի վիճակի կը լինի նման փաստաթուղթ ստորագրել եւ միաժամանակ պահել նախագահի աթոռը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES