ԻՍՐԱՅԷԼԵԱՆ ԳՈՐԾՕՆՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԻՍՐԱՅԷԼ-ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ

Վերջին տարիներին որոշակի փոփոխութիւններ են նկատւում հարաւկովկասեան ուղղութեամբ Իսրայէլի ռազմավարութիւնում: Վերլուծաբանների զգալի հատուածը դա պայմանաւորում է 2008թ. վրաց-հարաւօսեթական պատերազմով: Յետպատերազմեան շրջանում Ուաշինկթընը որոշակիօրէն սառեցրեց Վրաստանի հետ յարաբերութիւնները` փորձելով չգնալ առճակատման Կրեմլի հետ: Աւելի՛ն, Ուաշինկթընում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշուիլուն դադարել են ընդունել նախկին բարձր մակարդակով: Այս զարգացումների պարունակում Իսրայէլի ղեկավարութիւնը վերանայեց հարաւկովկասեան ռազմավարութիւնը` Վրաստանի հետ համագործակցութիւնը հասցնելով բաւական ցածր մակարդակի: Զգալիօրէն կրճատուեցին իսրայէլացի բարձրաստիճան պաշտօնեաների այցերը Թիֆլիսի, սառեցուեց երկկողմ ռազմական համագործակցութիւնը: 2010թ. օգոստոսին Իսրայէլի արտաքին գործերի նախարար Աւիկտոր Լիպերմանը Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցուածքների նախարար Ռամազ Նիքոլայիշուիլու հետ հանդիպմանը յայտարարեց, որ` «Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում տիրող զգայուն իրադրութեան առկայութեան պայմաններում ռազմական համագործակցութեան հարցը դրուած չէ երկկողմ յարաբերութիւնների օրակարգում»:

Վրաստանի հետ համագործակցութեան թուլացմանը զուգահեռ` իսրայէլեան կողմը ջերմացրեց համագործակցութիւնը Մոսկուայի հետ: Իսրայէլի հարաւկովկասեան ռազմավարութեան փոփոխութեան մասին են խօսում նաեւ Իսրայէլի նախագահ Շիմոն Փերեսի ու արտաքին գործերի նախարար Լիպերմանի այցերը Պաքու: Վարչապետութեան երկու տարուայ ընթացքում Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն (նա ստանձնեց վարչապետի պարտականութիւնները 2009թ. մարտի 31-ին) հասցրել է արդէն 3 անգամ այցելել Ռուսիա:

Ռուսական կողմն, իր հերթին, մեծապէս շահագրգռուած է Իսրայէլ-վրաստան համագործակցութեան սառեցմամբ: Այս առումով, կարեւորւում է Աբխազիայի հետ իսրայէլեան կապերի հաստատման խնդիրը, որն ազդարարեց որակապես նոր գործընթացի մեկնարկը Իսրայէլ-հարաւային Կովկաս յարաբերութիւններում: Դա կը նպաստի Աբխազիայի միջազգային կշռի ընդլայնմանը, հետեւաբար եւ տարածաշրջանում ռուսական դիրքերի ամրապնդմանը: Միւս կողմից, Աբխազիայում իսրայէլեան գործօնի աշխուժացումը կապուած է ինչպէս իրանա-աբխազական կապերի զարգացման, ինչն առաւել նկատելի է յատկապէս 2009-2010թթ. կտրուածքով, այնպէս էլ այս ուղղութեամբ ռուս-թուրքական շահերի մրցակցութեան հետ:

ԻՍՐԱՅԷԼ- ՎՐԱՍՏԱՆ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄ

Ինչպէս նկատում են որոշ վերլուծաբաններ, հարաւկովկասեան ուղղութեամբ իսրայէլական կողմի նախկին դիրքորոշման փոխակերպումը, այդ թւում եւ` Աբխազիայում իսրայէլեան գործօնի աշխուժացումը ուղղակի հետեւանք են Իսրայէլ-Վրաստան երկկողմանի յարաբերութիւնների սառեցման: Խօսքը վերաբերում է 2010թ. հոկտեմբերին Պաթումում իսրայէլցի մեծ գործարարներ Ռոն Ֆուքսի (Էյլաթում Թուրքիայի պատուաւոր հիւպատոս) եւ «Նիռնեթիօ Օվըրսիզ» ընկերութեան նախագահ Զէեւ Ֆրենքելի` Վրաստանի ֆինանսների փոխնախարար Աւթանտիլ Խարայիձէի կաշառման փորձի մեղադրանքով ձերբակալութեանը: 2011թ. ապրիլի 1-ին Թիֆլիսի դատարանի որոշմամբ իսրայէլցի գործարարները դատապարտուեցին համապատասխանաբար 7 եւ 6,5 տարուայ ազատազրկման, ինչպէս եւ պարտաւորւում էին վճարել շուրջ կէս միլիոն տոլար տուգանք: Միջադէպի նախապատմութիւնը վերագրւում է Զուիատ Կամսախուրտիայի նախագահութեան շրջանին, երբ Ֆուքսին ու Ֆրենքելին 1991թ. յաջողուել էր ձեռք բերել Վրաստանի տարածքում գործող խողովակաշարերի կառավարման ու առկայ բոլոր ածխաջրածնային հանքավայրերի վերամշակման բացառիկ իրաւունքի վերաբերեալ անժամկէտ համաձայնագիր: Համաձայնագրի հետ կապուած լուրջ խնդիրներ առաջացան արդէն նախագահ Սահակաշուիլու նախաձեռնած հակափտածութեան քաղաքականութեան արդիւնքում: Նշենք, որ 2010 թ. հոկտեմբերին իսրայէլցի գործարարների ձերբակալութիւնից 7 ամիս առաջ գործը քննուեց Ներդրումային վէճերի լուծման միջազգային կենտրոնում, որտեղ վէճը հարթուեց ի վնաս Վրաստանի կառավարութեան. վերջինս պարտաւորուեց գործարարներին վճարել շուրջ 100 միլիոն տոլար: Պաշտօնական Թիֆլիսը սակայն, բողոքարկեց այդ որոշումը: Իսրայէլցի գործարարները խոստացան 7 միլիոն տոլար կաշառք տալ Վրաստանի ելեւմուտքի փոխնախարար Խարաժիծէին` ձախողելու Վրաստանի կառավարութեան կողմից որոշման բողոքարկումը, ինչը եւ բացայայտուեց տեղադրուած տեսախցիկի միջոցով: 2010թ. հոկտեմբերին, նրանց ձերբակութիւնից անմիջապէս յետոյ, Վրաստանի ներքին գործոց նախարարութիւնը հրապարակեց Ֆուքսի եւ Ֆրենքելի հետ Խարայիծէի հանդիպման տեսագրութիւնը, որը կայացել էր մի քանի շաբաթ առաջ, Պոլսոյ հիւրանոցներից մէկում:

Ֆուքսի ու Ֆրենքելի ազատ արձակման հարցով Վրաստանի ղեկավարութեանն էին դիմել Իսրայէլի նախագահ Շիմոն Փերեսն ու արտաքին գործերի նախարար Լիպերմանը, ինչը որեւէ դրական արդիւնք այդպէս էլ չտուեց: Պէտք չէ մոռանալ, որ Ռոն Ֆուքսը վաղեմի կապեր ունի Շիմոն Փերեսի հետ: Վրացի գործընկեր Գրիկոլ Վաշածէին Լիպերմանի յղած ուղերձում ասւում է. «Այն, որ Վրաստանի իշխանութիւնները Ֆուքսին եւ Ֆրենքելին հրաւիրել են երկիր, յետոյ ձերբակալել, կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ երկու պետութիւնների յարաբերութիւնների զարգացման համար: Սա կը փլուզի երկու երկրների միջեւ բոլոր տնտեսական կապերը, որոնք վերջին տարիներին այդքան արագ զարգանում էին»: Իր հիւպատոսի ձերբակալման առթիւ դժգոհութիւն է արտայայտել նաեւ Թուրքիան:

Ի պատասխան Վրաստանի իշխանութիւնների գործողութիւնների, 2011թ. սկզբներին Իսրայէլի արդիւնաբերողների միութեան նախագահ Շրակայ Պրոշը կոչ արեց երկրի կառավարութեանը` կրճատել Վրաստանի հետ համագործակցութեան ծաւալները եւ իսրայէլցի գործարարների այցերը: Իսկ այս տարուայ մարտին Քնեսէթի նախագահ Ռէոււեն Ռիւլինը խորհուրդ տուեց իր վրացի գործընկերոջը` Դաւիթ Պաքրածէին, չեղեալ յայտարարել վերջինիս Իսրայէլ ծրագրուած այցելութիւնը: Իսրայէլի զբօսաշրջութեան նախարար Սթաս Միսեժնիքովն, իր հերթին, յայտարարեց, որ մտադիր չէ հանդիպել Վրաստանի տնտեսութեան ու կայուն զարգացման նախարար Վերոնիքա Քոպալիայի հետ:

Ֆուքսի ու Ֆրենքելի ձերբակալութիւնից բացի, վրաց-իսրայէլեան յարաբերութիւնների վրայ բացասաբար անդրադարձաւ նաեւ 2010թ. օգոստոսին Թիֆլիսի կողմից Վրաստանում գործող իսրայէլեան  «Աշթրոմ ինթըրնէշընըլ» շինարարական ընկերութիւնը երկրից դուրս մղելու փաստը: Ըստ ոչ պաշտօնական տուեալների, Կովկասում այդ ընկերութեան գործունէութեան հետ է առնչւում Իսրայէլի իշխող քոալիսիոնի գլխաւոր դէմքերից մէկը: Իսկ 2010թ. նոյեմբերին Թիֆլիսի դատարանն անշարժ գոյքի վաճառքից նախատեսուած հարկերը չվճարելու համար մեղադրանք ներկայացրեց իսրայէլցի միլիառատէր Աբրահամ Նանիքաշուիլու եւ Քնեսէթի նախկին երեսփոխան Էֆրայիմ Կուրի նկատմամբ: Վրաց-իսրայէլեան յարաբերութիւններն է՛լ աւելի լարուեցին, երբ այս տարուան մարտին Իսրայէլում հիւրընկալուեց Աբխազիայի ղեկավարութեան ուղարկած պատուիրակութիւնը: Աբխազական պատուիրակութեան այցն իրականացւում էր Իսրայէլի կողմից Վրաստանի խորհրդարանի նախագահ Դաւիթ Պաքրածէի եւ տնտեսութեան նախարար Վերոնիքա Քոպալիայի այցերի մերժման խորապատկերին:

ԻՍՐԱՅԷԼԵԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԻՆ
ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԵՏ

Աբխազիայի իշխանութիւնները, ձգտելով ընդլայնել երկրի միջազգային վարկը, իսրայէլեան կողմի հետ կապերի հաստատման մտադրութեան մասին ուղերձներ էին ուղարկում իսրայէլեան կողմին` Կրեմլի կողմից այդ հանրապետութեան անկախութեան ճանաչումից դեռ 4 տարի առաջ: 2004թ. յուլիսի վերջերին համագործակցութեան նպատակով Աբխազիա այցելեց Վրաստանում Իսրայէլի դեսպան Ռիվքայ Քոհենի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում էին Վրաստանում ու Հայաստանում «Սոխնութ» գործակալութեան ներկայացուցչութեան ղեկավար Տով Փիքուլինը, Հարաւային Կովկասում ամերիկա-հրէական «Ճոյնթ» կազմակերպութեան ղեկավար Մէիր Զիզովը: Հանդիպման ընթացքում Աբխազիայի նախկին փոխնախագահ Վալերի Արշպան յոյս յայտնեց, որ` «Իսրայէլը կը լինի Աբխազիայի անկախութիւնը ճանաչող առաջին երկրներից մէկը»: Իսկ 2008թ. օգոստոսին` վրաց-հարաւօսեթական պատերազմից յետոյ, Աբխազիայի այդ ժամանակուայ արտաքին գործերի նախարար Սերգէյ Շամպան յայտարարեց, որ` «Աբխազիայի համար Իսրայէլը հանդիսանում է հեռանկարային ուղղութիւններից մէկը»:

Կողմերի միջեւ շփումները յաճախակիացան 2010թ. ընթացքում: Նախորդ տարում ոչ մէկ անգամ Աբխազիա էր այցելել իսրայէլեան նախաձեռնող խումբը` գործարարներ Էլիա Իւդայի եւ Մարք Պուրլէի գլխաւորութեամբ: Այցերի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան վարչապետ Ս. Շամպայի եւ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Տաուր Քովէի հետ: Նախաձեռնող խումբը ներկայացրել էր առաջարկութիւններ` զարգացնելու Աբխազիայում գործարարութեան, բժշկութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտները: Էլիա Իւդայի եւ Մարք Պուրլէի հերթական այցն իրականացուեց 2010թ. դեկտեմբերի 23-ին: Գործարարներին ուղեկցում էին բժշկութեան ոլորտի մասնագէտներ, որոնք մեծ փորձ ունէին ողջ աշխարհում ախտորոշիչ կենտրոնների հիմնադրման հարցում: Ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների արդիւնքում նախատեսւում է Աբխազիա ներկրել բժշկութեան արդիական արհեստագիտութիւններ եւ սարքաւորումներ: Նախորդ տարուայ յուլիսի 18-ին Իսրայէլում Քնեսէթի երեսփոխանների ու գործարարների հետ հանդիպումներ ունեցաւ այս անգամ Աբխազիայի կառավարութեան առաջին պատուիրակութիւնը` փոխվարչապետ Տաուր Թարպայի գլխաւորութեամբ: Բանակցութիւնների արդիւնքում իսրայէլացի գործարարները շահագրգռուածութիւն յայտնեցին Աբխազիայում ներդրումների իրականացման եւ գործարարութեան զարգացման հարցերում:

Կողմերի միջեւ համագործակցութիւնն աշխուժացաւ այս տարուայ առաջին կէսերից: Այս տարուայ ապրիլի 14-ին իսրայէլեան հեղինակաւոր «Կլոպըլ Սի. Էս. Թի.» ընկերութեան պատուիրակութիւնը, որը մասնագիտացած է պաշտպանական ու անվտանգութեան ոլորտներում, այցելեց Աբխազիա: Ընկերութիւնը մտադիր է առաջիկայում համագործակցել Աբխազիայի հետ ինչպէս պաշտպանական, այնպէս էլ ընկերային-տնտեսական բնագաւառներում: Բանակցութիւններից յետոյ «Կլոպըլ Սի. Էս. Թի.» ընկերութեան ներկայացուցիչները յայտարարեցին, որ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Աբխազիային մատակարարել ոչ յարձակողական տեսակի պաշտպանական արհեստագիտութիւններ անվտանգութեան ապահովման համար նախատեսուած սարքաւորումներ, բժշկութեան նորարարական արհեստագիտութիւններ: Բանակցութիւնների արդիւնքում ընկերութիւնը մտադրութիւն է յայտնել նաեւ ներդրումներ իրականացնել Աբխազիայի գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան, օգտակար հանածոների արդիւնահանման ոլորտներում:

Նպատակայարմար ենք համարում երկու խօսքով անդրադառնալ նաեւ «Կլոպըլ Սի. Էս. Թի.» ընկերութեանը` շեշտադրելու վերջինիս` Աբխազիա կատարած այցի ու կայացած բանակցութիւնների կարեւորութիւնը: Իսրայէլեան ընկերութիւնը գլխաւորում են Իսրայէլի պաշտպանութեան բանակի նախկին բարձրաստիճան սպաները: Ընկերութեան ղեկավար, Իսրայէլի պաշտպանութեան բանակի սպայակոյտի գործողութիւնների վարչութեան նախկին պետ Իսրայէլ Զիւը սերտ կապեր է պահպանում Իսրայէլի իշխանական վերնախաւի հետ: Ընկերութեան գործունէութիւնն ուղղուած է այդ թւում եւ ռազմական արհեստագիտութիւնների ու զինատեսակների մատակարարումների ապահովմանը, ինչպէս նաեւ` յատուկ զօրամիաւորումների պատրաստմանը (օրինակ` Կուինէայում եւ Քոլումպիայում): Որոշ հաղորդագրութիւնների համաձայն, իսրայէլեան կողմը կարող է համաձայնել աբխազական կողմին յանձնել այդ թւում եւ անօդաչու թռչող ինքնաթիռներ: Սոխումում կայացած բանակցութիւններին իսրայէլեան կողմը ներկայացնում էին Իսրայէլ Զիւն ու Պ.  Նեթանեահուի նախկին ռազմական քարտուղար Մէիր Քլիֆին (ընկերութեան գլխաւոր տնօրէն): Նախագահ Սերգեյ Պակափշն ու վարչապետ Սերգեյ Շամպան յայտարարեցին, որ` «իսրայէլեան ընկերութիւնները մտադիր են ներգրաւուելու երկրի օգտակար հանածոների հանքավայրերի մշակման գործընթացին, ինչի նպատակով առաջիկայում նախատեսւում է իսրայէլացի մասնագէտներից բաղկացած խմբի այցը` ոլորտում համատեղ նախագծերի ծրագրման նպատակով»: Խօսքը ածխի, կապարա-զինկային եւ մոլիպտենի հանքաքարերի, պարիթի, արծաթի, նիկելի ու պղնձի հանքավայրերի շահագործման մասին է: Նկատենք, որ Աբխազիա «Կլոպըլ Սի. Էս. Թի.» ընկերութեան պատուիրակութեան այցի նախօրէին` ընդամէնը մէկ օր առաջ, այս տարուայ ապրիլի 13-ին Մոսկուայում կայացան նախագահ Ս. Պակաբշի եւ «Կլոպըլ Սի. Էս. Թի.»ի ղեկավարութեան միջեւ բանակցութիւններ, որին կրկին իսրայէլեան կողմից մասնակցում էին Իսրայէլ Զիւն ու Մէյիր Քլիֆին: Հանդիպման ընթացքում Իսրայէլ Զիւն ընդգծեց Աբխազիային անվտանգութեան ոլորտում սարքաւորումների եւ ոչ յարձակողական բնոյթի պաշտպանական արհեստագիտութիւնների մատակարարումների հարցում իսրայէլեան ընկերութեան պատրաստակամութիւնը: Իսկ մոսկովեան հանդիպմանը նախորդել էր Իսրայէլում այս տարուան մարտին աբխազ պաշտօնեաների ոչ պաշտօնական այցելութիւնը` Աբխազիայի վարչապետի օգնական եւ խորհրդական Պեսլան Էշպայի գլխաւորութեամբ: Վերջինս համակարգում է Իսրայէլի հետ տնտեսական համագործակցութեան ուղղութիւնը:

ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Աբխազիայի հետ իսրայէլեան կողմի համագործակցութեան հաստատումը խօսում է հարաւկովկասեան զարգացումներում Իսրայէլի ներգրաւուածութեան ընդլայնման մասին: Աբխազիայում իսրայէլեան գործօնի ի յայտ գալը վկայում է տարածաշրջանում Իսրայէլ պետութեան ռազմավարութեան որոշակի փոփոխութեան մասին: Ի հարկէ, ինչպէս նկատում է փորձագէտների մեծ մասը, մեղմ ասած, անիրատեսական է ենթադրել, որ Իսրայէլը կարող է ճանաչել Աբխազիայի անկախութիւնը: Սակայն այն, որ Աբխազիայի հետ իսրայէլեան կողմի համագործակցութեան խորացումն առաջիկայում կը յանգեցնի Աբխազիայի տարածաշրջանային ու միջազգային հեղինակութեան բարձրացմանը, իսկապէս հիմնաւորուած է: Միւս կողմից, ներգրաւուելով աբխազական զարգացումներում` իսրայէլական կողմը լուրջ յայտ է ներկայացնում Վրաստանի հետ ունեցած յարաբերութիւններն իր ծրագրած ուղով տանելու ուղղութեամբ, հետեւաբար եւ մեծապէս ընդլայնելով մեր տարածաշրջանում իսրայէլեան գործօնի խուսանաւելու նախկին հնարաւորութիւնները: Առաջիկայում Հարաւային Կովկասում իսրայէլեան գործօնի աշխուժացման համար լուրջ ու նպաստաւոր նախադրեալ է հանդիսանում իսրայէլեան կողմի` Պաքուի ու Մոսկուայի հետ համագործակցութեան խորացման հանգամանքը:

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

«Նորավանք»

Share this Article
CATEGORIES