Երզնկայի Կատուն. Երեւանից Արեւմտահայաստանով Պոլիս՝ Ինքնաշարժով

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul-HagopianԱռաւօտեան վեցին, երբ մօտեցայ իմ ինքնաշարժին, խանութպան թուրքը, որի խանութի դիմաց էի կէսգիշերին կայանել ինքնաշարժը, մօտենալով՝ թուրքերէնով ասաց. «Քո ինքնաշարժի մէջ կատու կայ»:

Ցուրտ Երզնկայում գիշերելուց յետոյ, վաղ առաւօտեան ես պատրաստւում էի ճանապարհը շարունակել եւ անպայման նոյն օրը, թէկուզ կէսգիշերին, հասնել Պոլիս: Ես մտածեցի, որ կատուն ինքնաշարժի տակ է: Կռացայ մարմնով, սակայն կատու չկար: Բայց լսւում էր մլաւոցը:

Խանութպան թուրքը ասաց, որ կատուն ինքնաշարժի շարժիչի վրայ է: Երբ բացեցի շարժիչի վրայի կափարիչը, կատուն մլաւելով թաքնուեց խորքերում: Դա կատուի ձագ էր, որը ցուրտ երեկոյեան տաք տեղ էր գտել, երբ ես կայանել էի ինքնաշարժը:

«Գրողը տանի,- խօսում եմ ինքս իմ մէջ.- Սա էր պակասում, ես վաղ առաւօտեան ճամբայ եմ ընկնում՝ Պոլիս հասնելու յոյսով, իսկ այս կատուն թոյլ չի տալիս»:

Ի՞նչ անել: Եթէ ես շարժուեմ, գուցէ կատուի ձագը մեքենայի շարժիչի ձայնից դուրս պրծնի այն նեղ անցքերից մէկով, որտեղով մտել է: Բայց եթէ յանկարծ չկարողանայ ու ճանկռի ելեկտրական լարերը, ապա հնարաւոր է ինքնաշարժը շարքից հանի: Ու այդ դէպքում ես իմ կիսատ-պռատ թուրքերէնով ինչպէ՞ս դուրս գամ այդ վիճակից:

Մի քանի րոպէների ընթացքում ինքնաշարժի շուրջ հաւաքուեցին հինգ-վեց թուրքեր: Նրանք փորձում էին ինձ օգնել: Թուրքերից մէկն առաջարկեց ինքնաշարժը վարել մինչեւ մօտակայ լուացման կէտ եւ շարժիչի վրայ ջուր լցնել: Կատուները ամէնից շատ ջուր չեն սիրում: Գուցէ այդ ձեւով կատուի ձագը դուրս պրծնէր: Մօտ կէս ժամ անց մեզ մօտեցան Երզնկայի արտակարգ իրավիճակների ծառայութեան աշխատակիցներ: Թուրքերից մէկն էր զանգել եւ բացատրել իրողութիւնը: Նրանք կարողացան կատուի ձագին դուրս հանել:

Ես բոլորին շնորհակալութիւն յայտնեցի եւ ճամբայ ընկայ դէպի Պոլիս: Բոլորիս տրամադրութիւնը շատ բարձր էր: Ես Արեւմտեան Հայաստանում եւ Թուրքիայում եղել եմ տասնեակ անգամներ, սակայն առաջին անգամ էի գնում իմ ինքնաշարժով եւ ընտանիքիս անդամների հետ՝ կնոջս ու երեք երեխաներիս հետ:

Մեր նպատակակէտը Պոլիսն էր, որտեղ նոյեմբերի 5-ին կայանալու էր իմ «Արցախեան օրագիր» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի շնորհահանդէսը: Հաշուի առնելով, որ նոյեմբերը իմ արձակուրդային ամիսն է, ինչպէս նաեւ՝ ընտանիքիս անդամները չէին եղել Արեւմտեան Հայաստանում, որոշեցի օգտակարն ու հաճելին համատեղել՝ Երեւանից Պոլիս հասնել ինքնաշարժով՝ ընտանիքիս հետ միասին:

Մենք Երեւանից ուղեւորուեցինք Վրաստան եւ առաջին օրուայ գիշերն անցկացրինք հայաշատ Ախալցխա քաղաքի մի հիւրանոցում, որի տէրը հայ է: Քանի որ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը փակ է, ստիպուած ես օգտուել վրաց-թուրքական սահմանային երկու անցակէտերից, որոնցից մէկը Վալէում է, միւսը Սարպիում՝ Սեւ ծովի ափին:

Եթէ մեկնում ես Արեւմտեան Հայաստան, ապա նախընտրելի է օգտուել Վալէի անցակէտից: Կէսօրին արդէն Կարսում էինք: Հոկտեմբերի 30-ն էր: Հէնց 1920 թուականի այդ օրն են քեմալականները Քեազիմ Քարապեքիրի գլխաւորութեամբ գրաւել Կարսը: Նաիրեան այս քաղաքը Հայաստանի Առաջին Հանրապետութեան մեծութեամբ երրորդ քաղաքն էր Երեւանից ու Գիւմրիից (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ) յետոյ:

Բարձրացանք Կարսի բերդ, մօտեցանք մզկիթի վերածուած Առաքելոց վանքին, ապա այն տանը, որտեղ ապրել է Եղիշէ Չարենցը: Մի քանի ժամ ման եկանք Կարսում եւ ուղեւորուեցինք Բագրատունիների մէկ այլ մայրաքաղաք՝ չքնաղ Անի: Ես այնքան շատ եմ եղել Կարսում ու Անիում, որ պարզապէս գրելու նոր բան չունեմ այլեւս: Մթնում էր, երբ Անիից ուղեւորուեցինք դէպի Իգդիր եւ Պայազետ: Գիշերեցինք Պայազետի «Արարատ» հիւրանոցում: Վաղ առաւօտեան մեր առջեւ բացուեց բիբլիական լեռը: Պայազետը Արարատի հէնց ստորոտին է:

Պայազետից ուղեւորուեցինք Վան: Աշնանային գերազանց եղանակ էր, հաճելի արեւ կար, օդը մաքուր էր: Այդ եղանակին Վանայ ծովը քո առջեւ բացւում է իր ողջ հմայքով: Մի քանի թուրք զբօսաշրջիկների հետ նաւակ վարձեցինք եւ հասանք Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի: Ապա Վանից Մշոյ դաշտերով ուղեւորուեցինք դէպի Մուշ քաղաք, այնտեղից միացանք Կարին-Երզնկա մայրուղուն: Արդէն պատմեցի, որ գիշերեցինք Երզնկայում:

Թուրքիայում վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարւում ճանապարհաշինութեան ոլորտում: Գրեթէ ամէնուր լայն, արագընթաց ճանապարհներ են: Երզնկայից յետոյ մեզ հանդիպող յաջորդ քաղաքը Սեբաստիան էր: Ճանապարհին ես յիշեցի Մելքոն Յակոբեանին՝ Պէյրութից, ով ոչ միայն օժանդակել էր Պոլսում իմ գրքերի շնորհահանդէսը կազմակերպելու չափազանց կարեւոր գործին, այլ «Արցախեան օրագիր» գրքիս թուրքերէն հատորի թարգմանութեան եւ հրատարակութեան ծախսերը հոգացել: Նա այդ գիրքը նուիրել էր իր մեծ հօր` սեբաստացի Մելքոն Չաւուշ Յակոբեանի յիշատակին:

Սեբաստիայից յետոյ անցանք Եոզկաթով, ապա հասանք Թուրքիայի մայրաքաղաք Անգարա: Երեկոյ էր արդէն: Անգարայում ընթրելուց յետոյ շարունակեցինք ճանապարհը ու կէսգիշերին հասանք Պոլիս՝ արեւմտահայ գրի ու գրականութեան կենտրոն:

Նախքան շնորհահանդէսի օրը՝ ես բաւարար ժամանակ ունէի եւ այցելեցի Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրատուն եւ, ինչպէս միշտ, հաճելի զրոյց ունեցայ գրեթէ յիսուն տարիների խմբագրապետ Ռոպէր Հատտեճեանի, նրա հաւատարիմ օգնական խմբագիր Մաքրուհի Յակոբեանի ու միւսների հետ:

Մէկ օր պտոյտ արեցինք Պոլսի հայկական թաղերով, այցելեցինք Պալեան ճարտարապետների կառուցած Տոլմապահչէի հոյակերտ պալատները, Այա Սոֆիայի տաճար, մէկ օր անցկացրինք Մարմարայի կղզիներում: Ես իմ լրագրական գործունէութեան երկու տասնամեակների ընթացքում այցելել եմ տասնեակ երկրների հարիւրաւոր մեծ ու փոքր քաղաքներ: Շատ հազուադէպ է լինում, երբ ժամանակ ես ունենում այցելել տեսարժան վայրեր կամ պարզապէս նաեւ հանգստանալ: Այս անգամ, բարեբախտաբար, ժամանակ եղաւ:

Սեպտեմբերի 5-ի երեկոյեան Գալաթասարայի «Ճեզէյիր» նշանաւոր կենտրոնում կայացաւ իմ գրքերի թուրքերէն եւ անգլերէն հատորների շնորհահանդէսը: Այն կազմակերպել էին «Անատոլու քիւլթիւր» կենտրոնի տնօրէն Օսման Քաւալան ու Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Գոչունեանը: Մի քանի տասնեակ մարդ էր ներկայ՝ հայեր եւ թուրքեր: Քոչունեանը թուրքերէնով ներկայացրեց ինձ եւ իմ գրքերը:

Ապա ես ելոյթ ունեցայ անգլերէնով: Կարճ խօսեցի: Ասացի, որ հայ հեղինակի համար Պոլսում շնորհահանդէս կազմակերպելը արդէն իսկ կարեւոր իրադարձութիւն է: Ասացի նաեւ, որ գրքերում հիմնականում փաստեր են եւ իրադարձութիւններ, իսկ մեկնաբանութիւնները թողել եմ ընթերցողին: Յոյս յայտնեցի, որ թուրք ընթերցողը կը հաւանի իմ գրքերը եւ դրանք կարդալուց յետոյ այլ հայեացքով կը նայի արցախեան հակամարտութեանն ու հայ-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների պատմութեանը: Վերջում եղան հարցեր ու պատասխաններ, ծաւալուեց քննարկում:

Օսման Քաւալայի առաջարկով ես նախատեսուածից երկու օր աւելի մնացի Պոլսում, որպէսզի «Հայ-թուրքական յարաբերութիւնները եւ կովկասեան հակամարտութիւնները» թեմայով դասախօսութիւն կարդամ Շեհիր համալսարանում: Ես չեմ կարող ասել, թէ ինչքանով դուր եկաւ թուրք ուսանողներին եւ մտաւորականներին իմ ելոյթը: Բայց կարող եմ ասել, որ նրանք ուշադրութեամբ էին հետեւում իմ անգլերէն ելոյթին:

Նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան Պոլսից դուրս եկանք դէպի Հայաստան: Այս անգամ ընտրեցինք այլ ուղի՝ Սեւ ծովի ափերով: Անցանք Սամսոնով, Կիրասոնով, Տրապիզոնով, Ռիզէով եւ երեկոյեան հասանք վրացական Պաթում քաղաք: Այդ օրը ես կտրել էի 1400 քիլոմեթր ճանապարհ: Գիշերելուց յետոյ յաջորդ առաւօտեան Թիֆլիսով հասանք Երեւան: Ամէն ինչ լաւ անցաւ: Միակ տհաճութիւնը Երզնկայում տեղի ունեցածն էր: Բայց լաւ էր, որ ո՛չ մեքենան տուժեց, ո՛չ էլ՝ կատուի ձագը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )