50 Տարի Առաջ (16 Նոյեմբեր 1963)
Հայաստանի
Նոր Հրատարակութիւնները
Սայաթ Նովայի «Տետրակը» Եւ
Այլ Աշխատութիւնները
Հայաստանի ակադեմիայի գրականութեան կաճառը մշակած է ծրագիր մը՝ լաւագոյն ձեւով նշելու համար Սայաթ Նովայի ծննդեան 250-ամեակը։
Մշակուած ծրագրին մաս կը կազմէ նոր գիրքերու հրատարակութիւնը։
Ինչպէս յայտնի է, Սայաթ Նովայէն մեզի հասած են 2 արժէքաւոր ձեռագրեր. առաջինը անոր խաղերուն ինքնագիր հաւաքածոն է, ծանօթ «Տետրակը» («Դաւթարը»), որ ներկայիս կը գտնուի Հայաստանի գրականութեան եւ արուեստի թանգարանը, իսկ երկրորդ Սայաթ Նովայի ընդօրինակած գրչագիր մատեանն է՝ իր արժէքաւոր յիշատակարաններով։ Այս վերջինը կը գտնուի Երեւանի Մատենադարանին մէջ։
Հակառակ այն իրողութեան, որ Սայաթ Նովայի երգերը արժանացած են բազմաթիւ հրատարակութիւններու, այսուհանդերձ, «Տետրակը» դեռ կը կարօտի մանրակրկիտ ուսումնասիրութեան։ Արդարեւ, վերջնականապէս չեն վերծանուած բոլոր, մասնաւորաբար ազրպէյճաներէն երգերը, յիշատագրութիւնները եւ յաւելուածները, կան տառանդարձման եւ վերծանման կարօտ գործեր։ Հրատարակելով «Տետրակ»-ին լուսապատկերը, գրականութեան կաճառը նպատակ ունեցած է ուսումնասիրողներու տրամադրութեան տակ դնել մեծ աշուղին ինքնագիր հաւաքածոն։
Հայ գրողներէն ամէնէն աւելի Սայաթ Նովայի գործերով զբաղած է Յովհաննէս Թումանեան։ Շքեղ հրատարակութեամբ լոյս տեսած է Թումանեանի յօդուածներու, ճառերու հատորը Սայաթ Նովայի մասին։ Սայաթնովայագիտութեան լաւագոյն էջերը կը կազմեն Յ. Թումանեանի այդ յօդուածները, որոնք մեծ օգտակարութիւն ունին աշուղին գործերուն խոր, բազմակողմանի ուսումնասիրութեան համար։
Յոբելենական հրատարակութիւններուն մէջ բացառիկ տեղ կը գրաւէ Յ. Անասեանի «Սայաթ Նովան աշխարհի լեզուներով» մատենագրութիւնը։ Այս աշխատութիւնը կը բովանդակէ լիակատար ցանկը տպագիր եւ անտիպ այն բոլոր նիւթերուն, որոնք կը վերաբերին Սայաթ Նովային։
Ակադեմիային հրատարակութեամբ լոյս տեսած են նաեւ Խ. Սարգսեանի «Սայաթ Նովա», Ա. Ղանալանեանի «Սայաթ Նովայի ստեղծագործութեան ժողովրդական ակունքները» եւ Պ. Մուրատեանի «Սայաթ Նովան ըստ վրացական աղբիւրներու» գիրքերը։
Վերջապէս լոյս տեսաւ Վ. Բրիւսովի ռուսերէնի թարգմանուած աշուղին հայերէն գործերը։
Յառաջիկային կաճառի պիտի պատրաստէ Սայաթ Նովայի երկերուն ակադեմական հրատարակութիւնը երեք հատորով։ Նաեւ հատոր մը, ուր զետեղուած պիտի ըլլան Անդրկովկասի սայաթնովայագէտներուն լաւագոյն աշխատութիւնները։
Հոլանտայի Թագուհին Նոր Ջուղայի
Հայոց Վանքին Մէջ
(Սեփական Թղթակցութիւն «Ազդակ»-ի)
Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի դարպասից ներս, հոկտեմբեր ամսի առաջին օրից մեծ պատրաստութիւն էր տեսնւում սոյն առիթով ընտրուած մասնաւոր յանձնախումբի կողմից, ընդունելու հոկտեմբեր 6-ին, Հոլանտայի թագուհի Ժուլիանային, իշխան Պեռնհատին, իշխանուհի Պէաթրիքսին, որոնց ընկերանալու էին Մոհամետ Ռիզա շահնշահը եւ կայսրուհի Ֆարահը։
Հոկտեմբեր 6-ին, կիրակի, յետմիջօրէի ժամը 5։00-ին, վանքի դարպասի առջեւ կանգ են առնում արքայական հիւրերի ինքնաշարժները ազգային վարժարանների աշակերտ-աշակերտուհիների ծափերի տակ։
Վանքից ներս բարի գալուստի ուղերձ է կարդում Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսէս վրդ. Բախտիկեանը։ Երեք երեխաներ ծաղկեփունջ են տալիս հիւրերին։ Դժբախտաբար այցելուների խմբից բացակայում էին Իրանի բարեխնամ թագաւորն ու թագուհին։
Առաջնորդ հայր սուրբը, տոքթ. Ֆարուղին, Մինաս Մինասեանը եւ Լեւոն Մինասեանը հիւրերին առաջնորդում են ծաղկազարդ կամարների ներքեւից։ Կամարների զոյգ կողմերում հայկական տարազով հայ պարմանուհիներ ծաղիկ են սփռում հիւրերի ոտներին։ Մինչ մայր եկեղեցիի զանգերը անընդհատ ղօղանջում են, հիւրերը մտնում են եկեղեցի։
Եկեղեցում թագուհին եւ հիւրերը մեծ հիացումով են դիտում որմնանկարները։ Ուղղուած հարցերին պատասխանում են հայր սուրբը, տոքթ. Ֆարուղին եւ Մ. Մինասեանը։
Հիւրերը անցնում են եկեղեցւոյ գաւիթում գտնուող մի առանձին սենեակ, ուր պատերից կախուել են Նոր Ջուղայի մի կարգ շիրմաքարերի վերարտադրուած պատկերները։ Հիւրերը հոս եւս գոհ հետաքրքրութեամբ աչքի են անցկացնում պատկերները եւ իրենց գոհունակութիւնը յայտնում։
Ապա հիւրերը առաջնորդւում են թանգարան, Նոր Ջուղայից որոշ թուով հրաւիրեալների եւ քահանայից դասի ծափերի ընդմէջէն։ Թանգարանում թագուհու ուշադրութեան է յանձնւում Ամսթերտամում 1666 թուին տպագրուած Աւետարան եւ այլ գրքեր, նաեւ՝ աշխարհացոյց մեծ քարտէս, որ արժանացեր է մրցանակի իր ժամանակում։ Թագուհին եւ իր ընկերակիցները մեծ հետաքրքրութեամբ են հետեւում տրուած բացատրութիւններին։ Նրանք մեծ հետաքրքրութիւն են ցոյց տալիս նաեւ հայկական ձեռագրերին եւ մանրանկարչութեան ի տես։
Արքայական հիւրերը իրանց յատուկ տոմարի մէջ ստորագրելուց յետոյ, հայր սուրբը թագուհուն յանձնում է մի ալպոմ՝ վանքի պատկերներից։
Թանգարանից դուրս ելլելիս՝ վանքի զոյգ զանգերը դարձեալ սկսում են ղօղանջել։ Հայր սուրբը առիթից օգտուելով՝ թագուհու եւ իշխան Պեռնհատի ուշադրութեանն է յանձնում, որ այդ զանգերը հոլանտական են եւ բերուել են Պարսից ծոցում գտնուող Խարք կղզուց, որ պատկանելիս են եղել հոլանտական մի եկեղեցու։
Մեծ գոհունակութեամբ են մեկնում վանքից արքայական հիւրերը եւ նրանց հետեւորդները՝ Հոլանտայի արտաքին գործոց նախարարը, դեսպան եւ կցորդ ու Սպահանի նահանգի նահանգապետ տոքթ. Փարսա, զօրաց հրամանատար եւ բարձր պաշտօնատարութիւն։
Հոկտեմբեր 6-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքը մի անգամ եւս ապրեց իր պատմական օրերից մին։
ԹՂԹԱԿԻՑ

