Այստեղ Ոեւէ Մէկը Կա՞յ
Ասոցիացիան վտանգաւոր փոխադրամիջոց է, որը պատճառ է դառնում, որ մի պահ վերանաք ժամանակի եւ տարածութեան մէջ: Յայտնի չէ, թէ ուր կը հասնէք, բայց եթէ մի անգամ նրա շնորհիւ ճանապարհ էք ընկել, ուրեմն անպայման որեւէ իմաստ կրում է այդ ճամբորդութիւնը: Դուք նոյնիսկ չէք հասկանայ, թէ ինչ է կատարւում այդ պահին:
Հրանդ Տինքի անուան հիմնադրամի կազմակերպած «Իսլամացած հայերը» թեմայով խորհրդաժողովն ասոցիացիաների մի տեղատարափ էր առաւելապէս: Իրենց լեզուն, կրօնը, անունը մոռացած, իրենց ընտանիքներից եւ երկրից պոկուած, տառապանքներով լի մի սերնդի թոռները, ծոռները երբ մէկտեղուեցին, սկզբում կակազելով, ապա` հետզհետէ աւելի բարձրագոչ լեզուով սկսեցին խօսել` այդքան տարուայ լռութեանը հակառակ: Ներկայացուող փոքրիկ մարդու պատմութիւններին դէմ-յանդիման` շողարձակեցինք ամէն անգամ:
Խորհրդաժողովի ամենաբուռն քննարկումների թեմաների մէջ գլխաւորը յիշողութեան եւ ինքնութեան խնդիրն էր անշուշտ: Այդպէս է. երբ բռնի կերպով են քեզ լռեցրել, ստիպել, որ ինքդ ժխտես սեփական գոյութիւնդ, ուրեմն յուշերդ էլ են բռնութեան ենթարկուել: Եւ ինքնութիւնդ միշտ «արդեօք»-ի՞ հետ է ուղեկցւում:
Խորհրդաժողովի ընթացքում մի պահ ինձ թուաց, թէ լսում եմ Մարմարայի երկրաշարժի ժամանակ աւերակների միջից լսուող «Այդտեղ ոեւէ մէկը կա՞յ» ճիչը: Հասցէատէր էր որոնում ձայնը, ուզում էր, որ հաւատան իրեն, եւ ինքը կարողանայ ասել` «ես կամ»:
Խորհրդաժողովի վերջին օրը Ռոպեր Քոփթաշի նախագահութեամբ կայացած կլոր սեղանի քննարկումը լեցուն էր խիստ ուշագրաւ տուեալներով` ոչ միայն պոլսահայ համայնքին եւ յատկապէս պատրիարքարանին փորձարկող ոչ քրիստոնեայ հայերի փաստերի, այլ նաեւ` հայկական ինքնութիւն ունեցող մահմետականների եւ հաւատացեալ շրջանակների միջեւ արձանագրուող քննութեան տեսանկիւնից: Աստուածաբան Հիտայեթ Շէֆքաթլի Թուքսալը որպէս ներքին բանավէճ՝ իր ձայնի մէջ արտացոլուող անկեղծ ցաւով ցոյց տուեց, թէ կոտորածի հետագայ նախանշանները ինչ են արժեցել նման հայերին. «այստեղի հայերին լռութեան պատիժն է տրուել: Որքա՜ն դաժան բան է դա: Եկէք՝ բոլորով միասին վերացնենք այդ պատիժը: Պէտք է ցաւերի հանդէպ յարգանք տածել եւ հնարաւորութիւն ստեղծել, որ նրանք խօսեն»:
Կորածն էլ հէնց դա էր` ձայնը… Ապրիլի 24-ի գիշերը հայ համայնքի մօտ 250 մտաւորականները, երբ մի հսկայական գործողութեան միջոցով ձերբակալուելով` անվերադարձ աքսորուեցին դէպի Չանքըրը եւ Այաշ, ըստ էութեան առեւանգուեց մի ողջ ժողովուրդի ձայնը: Այնուհետեւ զուգագուլպայից քաշուած թելի պէս` Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի, «Ակունք»-ի խմբ.) չորս կողմում կանայք, մանուկներն ու ծերերը անթաղ ոսկորների էին վերածուելու այդ աքսորի ճամբաների մի կէտում ` սովից, յարձակումներից եւ հիւանդութիւններից կոտորուելով:
Ցեղասպանութիւնը չի սահմանափակուել միայն Անատոլիայի մի հինաւուրց ժողովրդին արմատախիլ անելով. այն կեանքից զրկել է նաեւ հետագայ սերունդներին: Նաեւ հանրապետութեան` ոչ մուսուլման փոքրամասնութիւնների նկատմամբ վարած խտրական քաղաքականութեան ազդեցութեամբ հայ համայնքի ձայնը կտրուել է, մի ծպտուն իսկ չի կարողացել արտաբերել:
Իսկ այդ լռութիւնը խախտել ցանկացող մարդը սկսել է ձայն հանել 1990-ականների կէսերից սկսած: Հրանդ Տինքի ձայնը, առանց քէնի, սակայն այլեւս ժխտելու հնար չթողնելով, շալակել է այդ պատմութիւնը: Որքա՜ն դառը հեգնանք է, որ նրա ձայնը եւս ցածրացնելու ուղղութեամբ համակարգուած գործողութիւններ մեկնարկեցին` Աթաթուրքի հոգեդուստր եւ առաջին կին ռազմական օդաչու Սապիհա Կեօքչենի հայ լինելու վերաբերեալ ենթադրութիւններ պարունակող հրապարակումից յետոյ:
Այնինչ, Հրանդ Տինքը Սապիհա Կեօքչենի` ողջ մնացած եւ որդեգրուած մի հայ որբ աղջիկ լինելու մասին ենթադրութեան միջոցով երազում էր, որ 1915-ը կարողանայ ազատագրուել այդ բանտարկուած լռութիւնից: Առանց յանձնուելու թուերի անհաճոյ մրցակցութեանը, մրցաշարի կերպարանքով անգիր արուած քարոզչութեանը, ապաքինուելու էինք` իրար լսելով:
Այն օրը, երբ այս հողերի կորուսեալ թոռները, ծոռները մէկտեղուեցին, իրականութիւն դարձաւ տարիներ առաջ եղած մի երազանք:
Իսկ իրականացուած այդ առաջին քայլը երազած մարդը, այդ ամենավերջին, ամենաէական ձայնը, ինչպէս յայտնի է, սպանուեց, լռեցուեց: Բայց արի ու տես, որ այդ ձայնը շարունակում է արձագանքել երկնքում: Եւ իրականում անընդհատ նոյն հարցն է տալիս բոլորիս. «Այդտեղ որեւէ մէկը կա՞յ» «իմ ձայնն անսացող կա՞յ»…
«Այո՛»,- ասացինք այդ օրը,- «այստեղ ենք, լսում ենք: Աւելի՛ն. լսում ենք միմեանց: Թէեւ անհետացած ոչ ոք, ոչ մի բան հետ չի գայ, սակայն այսօր ի յայտ եկաւ անցեալի իջնող հոգիներին սիրով փարուելու, տարբերուող ինքնութիւն կրողների եւ սովորական ինքնութեան կաղապարները հարկադրող ներկայիս մարդկանց գրկախառնուելու հնարաւորութիւնը: Եւ Աստուած է վկայ, թէ որքան շատ բան արժէ այդ հնարաւորութիւնը փորձարկելը:
«Ակօս»
Թարգ. ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»