Հայերի Արիւնը, Մուսուլի Նաւթը Եւ Միջազգային Հանրութիւնը
Այսօր, երեկոյեան ժամը 8:00-ին, Համազգայինի «Լեւոն Շանթ» կեդրոնի «Արմէնեան» սրահին մէջ, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան Աշոտ Քոչարեանի հովանաւորութեամբ, Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութիւնը պիտի մեծարէ վաստակն ու յիշատակը 2 սեպտեմբեր 2013-ին վաղաժամօրէն մահացած Հայաստանի Գրողներու միութեան նախագահ, գրող, հրապարակագիր, բանաստեղծ եւ հասարակական ու գրական գործիչ Լեւոն Անանեանի։
Լեւոն Անանեանի կանխահաս մահուան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարանէն վերջերս լոյսին եկած «Ժամանակ եւ ոգի» հատորին առիթով կազմակերպուած այս ձեռնարկը լուսարձակներ դարձեալ պիտի կեդրոնացնէ այս գաղափարապաշտ հայ մտաւորականի բազմաճիւղ գործունէութեան, խիզախ կեցուածքներուն եւ նոյնքան յանդուգն տեսակէտներուն վրայ՝ իբրեւ Հայաստանի Հանրապետութեան յետանկախացման տարիներու հիմնահարցերու եւ տագնապներու պերճախօս վկայագրութիւն։ Ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք բնորոշ յօդուած մը։
Մեր մեղքով ու կամքով չէ, այլ մեզ բաժին ընկած ճակատագրի պարտադրանքով, որ ժամանակ առ ժամանակ հաւաքւում ենք սգալու մեր թանկ կորուստները։ Դա մեր նուիրական պարտքն ու պարտաւորութիւնն է։ Բայց այսօր արդէն անհնար է չխօսել այն չարագոյժ առանձնայատկութիւնների մասին, որոնք ողբերգական օրինաչափութիւն են դառնում հայ ժողովրդի տարեգրութեան մէջ։ Ոչ միայն չլռել, այլ, ի վերջոյ, ստոյգ եզրակացութիւնների յանգել եւ գործնական միջոցներ ձեռնարկել գոնէ ապագայում հնարաւոր կորուստները կանխելու, համազգային մոլորութիւնները չկրկնելու մտահոգութեամբ։
Ցաւալի օրինաչափութեամբ, հայերի ոչնչացման առաւել ծաւալուն փորձերը, թէ՛ իբրեւ առաջին քրիստոնէական ազգ եւ թէ՛ իբրեւ պետականութեան սուբյեկտ, ամէն անգամ նիւթւում են կա՛մ դարավերջին եւ կա՛մ յաջորդ դարասկզբին։ Եւ երկրորդ (ինչը պարզապէս յուսահատեցնում է)՝ մեզ վրայ փլուող հերթական արիւնահեղութիւնից առաջ հայ ժողովուրդն ընկղմւում է ինչ-որ դիւային մտախաւարման մէջ, եւ ցեղասպանութեան հերթական աղէտը վերստին յանկարծակիի է բերում մեզ։ Եւ հէնց այդ պահերին մենք դէմ առ դէմ միայնակ ենք մնում թշնամական ուժերի՝ մարդասպանների ու բարբարոսների հետ, առանց պաշտպանութեան նոյնիսկ (թուացեալ) բարեկամների կողմից։
Տխուր զուգադիպութեամբ, փետրուարեան հէնց այս օրերին է լրանում 1894-96 թթ. Թուրքիայում կատարուած արիւնալի ջարդերի 110-ամեակը, որոնք 300 հազար հայի կեանք խլեցին Սասունում եւ տասնեակ հազարաւորների՝ Փոքր Ասիայում։ Այս սեւ տարելիցի առիթով տեղին է վկայակոչել ռուս նշանաւոր ժուռնալիստ Ալեքսանդր Ամֆիտէատրովի «Հայկական հարցը» յօդուածը։ «1896 թ. փետրուարին Կոստանդնուպոլիսը դեռեւս լի էր… ոչ վաղուցուայ «յեղափոխութեան» հետքերով. չգիտես ինչու, այսպէս էին կոչում քաղաքում տեղի ունեցած սպանդը՝ մահմետական Պոլիսն տականքների ձեռքով, կանոնաւոր զօրքերի հսկողութեամբ…», գրում է նա եւ, սահմռկած թուրքական վայրագութիւններից, եզրայանգում. «Սասունի եղեռնագործութիւնը ստուերի տակ թողեց թէ՛ Բարդուղիմէոսեան գիշերը, թէ՛ Քրիստիան 2-րդի արիւնոտ բաղնիքը եւ թէ՛ անգամ Վարդերի հովտում պուլկարների ջարդերը»։ Իսկ նրա՝ մինչեւ ուղնուծուծը թուրքոֆիլ նրա ծանօթը, ձեռքերը երկինք կարկառելով, բացագանչում է.
– Սրանք իսկական վայրի գազան են, որոնց շղթայակապ պէտք է պահել վանդակում։ Օ՜, ապագայում ինչպէ՞ս է զղջալու Ռուսաստանը, որ թուրքերին թոյլ տուեց թուլացնել գամերը եւ դուրս գալ վանդակից։
Իսկապէս, ինչո՞ւ տեղի ունեցաւ այդ ողբերգութիւնը, երբ ականատեսների վկայութեամբ, միջազգային նաւատորմը եւ ռուսական նաւերը կառանած էին Թուրքիայի ափերին, եւ նրանց դոյզն-ինչ միջամտութիւնը կը կանխէր հազարաւոր անմեղ մարդկանց սպանութիւնը։
Սուլթան Համիտի մաքիաւելիական դիւանագիտութեանը յաւելենք արեւմտեան տէրութիւնների ու Ռուսաստանի աւանդական թողտուութիւնը հայոց ճակատագրի նկատմամբ բախտորոշ պահերին՝ 1896, 1915 եւ 1988 թթ. ցեղասպանութիւնների ժամանակ, եւ վերյիշենք Չըրչիլի լկտի արդարացումը. «Մուսուլի նաւթը աւելի թանկ է, քան՝ հայերի արիւնը»։ Ահա թէ ինչո՛ւ, հայատեացութեան տենդով շլմորած ազրպէյճանցի ազգայնամոլները, թուրքական յատուկ ծառայութիւնների գործուն աջակցութեամբ, իրականացրին այն, ինչ չյաջողուեց ո՛չ արիւնարբու սուլթան Համիտին, ո՛չ ոճրագործ նախարար Թալէաթին. Ազրպէյճանում հիմնովին բնաջնջեցին հայկական տարրը։ Խորհրդային Միութեան վերակառուցման եւ ապա փլուզման խժալուր աղմուկի մէջ նրանք նսեմացրին նախորդ դարի իրենց վայրագ նախնիների փառքը։ Այսօր Ազրպէյճանը միակ պետութիւնն է աշխարհում, որի տարածքում չի մնացել եւ ոչ մի հայ, երբ անցեալ դարի 80-ականներին նրանց թիւը հասնում էր կէս միլիոնի։ Ցաւօք, այս հրէշաւոր վիճակագրութիւնը եւ նրա պատճառները արդի յոյժ ժողովրդավար միջազգային հանրութեանը բնաւ չի անհանգստացնում։
Բնօրրան հողերի վրայ ապրող հայերին գնդակահարում, խեղդամահ էին անում, հրկիզում եւ արտաքսում իրենց օջախներից Սումկայիթում, Պաքւում, Գանձակում եւ Լեռնային Ղարաբաղում սոսկ… ազգային պատկանելութեան պատրուակով։ Եւ աշխարհն անվրդով կուլ տուեց այլատեացութեան (քսենոֆոպիայի) այս դառը դեղահաբը։ Այժմ արդիականութեան տիրազօր քաղաքագէտների մտքով չի էլ անցնում, որ Լեռնային Ղարաբաղի տարածքային հիմնախնդիրը կարգաւորելուց առաջ, տարրական արդարութիւնը պահանջում է անյապաղ իրենց նախկին բնակավայրերը վերադարձնել Ազրպէյճանից բռնագաղթած հարիւր հազարաւոր հայերին եւ փոխհատուցել նրանց բարոյական ու նիւթական անհաշուելի կորուստները։ Այս մասին՝ ոչ մի ծպտուն համաշխարհային մայրաքաղաքներից։ Փոխարէնը՝ տենդի պէս հալածում է նաւթի հոտը… նոյն այն տխրահռչակ նաւթի, որ Չըրչիլի յիշեալ բանաձեւումով՝ աւելի թանկ է, քան… հայերի արիւնը։ Պատմութիւնը կրկնւում է՝ յաւելեալ անգամ յուշելով ու յիշեցնելով, որ վերահաս իրադարձութիւնների հնարաւոր զարգացումը կանխատեսելու լաւագոյն ուղեցոյցը մօտիկ անցեալում պատուհասած աղէտները չմոռանալն է։
Այս ամէնի հենքին խիստ ներդաշնակ է վերջերս Պաքու այցելած Վլատիմիր Փութինի արմանք-զարմանք յայտարարութիւնը առ այն, որ Ռուսաստանի եւ Ազրպէյճանի ժողովուրդները կապուած են… դարաւոր բարեկամութեամբ։ Ա՜յ թէ հրաշապատում հեքիաթի նիւթ են տուել ՌԴ նախագահի փորձագէտները, երբ անցեալ դարասկզբի բոլոր ռուսական հանրագիտարաններում եւ պաշտօնական փաստաթղթերում չկայ որեւէ ակնարկ ազրպէյճանցիների մասին եւ ոչ իսկ Ազրպէյճան տեղանունն է յիշատակւում։ Փաստն այն է, որ մինչեւ խորհրդային իշխանութեան հաստատումը Անդրկովկասում ապրել են կովկասեան թաթարները։ Նրանք միշտ էլ միասնական ճակատ են կազմել իրենց թուրք հաւատակիցների հետ՝ ընդդէմ ոչ միայն հայերի, այլեւ ռուսների։ Պարզապէս թուրքի ատամը դեռ չի կտրում ռուսների հետ վարուելու այնպէս, ինչ դարերով սադրել են անպաշտպան հայերի գլխին։ Ուրեմն ի՞նչ է սա,- անտեղեակութի՞ւն, թէ՞ իրականութեան միտումնաւոր նենգափոխում, եւ արդեօք, ժամանակը չէ՞ լրջօրէն վերանայելու յարաբերութիւնները նրանց հետ, ովքեր բարեկամի դիմակ հագած՝ ջուր են լցնում թշնամու ջրաղացին։ Ահա այսպէս, արդէն 18 տարի միջազգային «յոյժ արդարադատ» ատեանները, նաեւ աչք փակելով Ազրպէյճանի հակաժողովրդավարական վարչակարգի ապօրինութիւնների առաջ, շարունակում են ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան զաւեշտախաղը, որտեղ շատ լաւ յայտնի են թէ՛ բեմադրիչները, թէ՛ դերասանները, եւ կռահելի է գործողութիւնների հանգուցալուծումը։
Մենք արդէն յոգնել ենք գիտակցուած անըմբռնողութեան տաքուհովում փոթորկուելուց, 24 ժամ մշտապէս ուշացող խաղաղապահ զօրքերից, դահճին ու զոհին չտարբերելու հաւկուրութիւնից, գերտէրութիւնների՝ սեփական շահից թելադրուող պայմաններից ու նախապայմաններից, որոնց արդիւնքում… ազրպէյճանական խոջալուների վիրթուալ բեմադրութիւնը տարեց-տարի վեր է ածւում ապսուրդի թատրոնի, իսկ ռազմամոլ կոչերը բերնէ-բերան լցնում են ժողովրդի համբերութեան բաժակը։
Այս թեման, աւաղ, հայերիս համար անսպառ հումք է, բայց ես կ՛ուզենայի սահմանափակուել մի կարեւոր ամփոփումով։ Հայոց ողջ հազարամեայ պատմութիւնը յուշում-յորդորում է, որ հայ ժողովրդի եւ հայրենիքի փրկութիւնն ու բարեկեցութիւնը ամէնից առաջ կախուած են մեզնից, մեր համախմբուածութիւնից եւ կամքից՝ դիմել կանխատես քայլերի, չսպասելով, թէ հերթական աղէտը երբ է բախելու մեր դուռը։ Իսկ բոլոր նշանները կան, որ մեր հետագայ կեցութիւնը վտանգուած է վերստին կուտակուող մութ ամպերով։
Ուստի եւ առաջարկում եմ.
Նկատի առնելով, որ Ազրպէյճանը բազմակի մեծացնում է իր ռազմական ծախսերը եւ աշխուժօրէն զէնք ու զինամթերք գնում մասնաւորապէս Պերմի ու Թուլայի զինագործարաններից՝ օրաւուր թէժացնելով սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցէին, պահանջել ՀՀ ղեկավարութիւնից առաւելագոյնս ուժեղացնել երկրի պաշտպանունակութիւնը։ Պատրաստ լինել ազերիական ռազմամոլ ջղագարութեան առաջին իսկ դրսեւորման դէպքում կանխարգելիչ-ջախջախիչ հարուած հասցնելու նրանց, ովքեր կը փորձեն կրկին ոտնձգութիւններ կատարել հայերի կեանքի եւ կայքի նկատմամբ։
Երեւանում անյապաղ հիմնել հայոց ցեղասպանութիւնների փաստերի ուսումնասիրման եւ արտերկրում քարոզչութեան կենտրոն։
Դիմել բոլոր միջազգային դատարաններին՝ Թուրքիայի եւ Ազրպէյճանի դէմ հայցով՝ փոխհատուցելու մեր ժողովրդի կրած նիւթական ու բարոյական վնասները, հիմք ընդունելով վերջին քստմնելի փաստերը՝ կապուած Ջուղայի հայկական խաչքարերի եւ Թուրքիայում հայոց ճարտարապետական կոթողների աւերման հետ։
Պահանջել ՀՀ կառավարութիւնից՝ պետական պիւտճէից բաւարար միջոցներ յատկացնել 1894-96 թթ., 1915 եւ 1988 թթ. հայոց ցեղասպանութիւններին նուիրուած գեղարուեստական եւ վաւերագրական ժապաւէնների ստեղծման համար։ Աշխարհը վաղուց ի վեր պէտք է տեղեակ լինէր հայոց ողբերգութեան մասին, գոնէ կիսով չափ այն ամէնի, ինչ արդէն գիտի Հրէական ողջակիզման մանրամասների մասին։
Եւ, վերջապէս, ես կը խնդրէի ՀՀ նախագահին՝ ազրպէյճանցիներին խոստացուած մոսկովեան հանդիպմանը մասնակցելու Փութինի հրաւէրն ընդունելուց առաջ, նուիրել նրան Ամֆիտէատրովի «Հայկական հարցը» ժողովածուն, մի այլ առիթով՝ Պուշին յանձնել Մորկենթաուի «Յուշեր»-ը։ Ծանօթանալով անհերքելի վաւերագրերին՝ գուցէ նրանք իրատեսօրէն գնահատեն այն արհաւիրքները, որ պատուհասել են մեր ժողովրդին անցեալ դարում դիմադրականութեամբ, եւ որ առայժմ դարանակալ սպասում են մեզ։
Պատմութեան դատաւոր գերտէրութիւնները, որոնք բնաւ էլ օժտուած չեն անսխալականութեան դիմադրողականութեամբ, վճիռ կայացնելուց առաջ, պարտաւո՛ր են սերտելու նոյն այդ պատմութեան դասերը։
2006


Այսօր, երեկոյեան ժամը 8:00-ին, Համազգայինի «Լեւոն Շանթ» կեդրոնի «Արմէնեան» սրահին մէջ, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան Աշոտ Քոչարեանի հովանաւորութեամբ, Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութիւնը պիտի մեծարէ վաստակն ու յիշատակը 2 սեպտեմբեր 2013-ին վաղաժամօրէն մահացած Հայաստանի Գրողներու միութեան նախագահ, գրող, հրապարակագիր, բանաստեղծ եւ հասարակական ու գրական գործիչ Լեւոն Անանեանի։