«Հանրապետութիւնը»` Հանրապետութեան Հայելին

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

cumhuriyetԹուրքիոյ Հանրապետութեան հռչակումից անմիջապէս յետոյ` 1924թ., Պոլսում հիմնադրուեց «Ճումհուրիյեթ» (հանրապետութիւն) օրաթերթը: Թերթի հրատարակիչ Եունուս Նատին շատ սերտ կապեր ունէր Աթաթուրքի հետ եւ նրա խնդրանքով թերթն անուանեց «Ճումհուրիյեթ»: Թերթը պէտք էր հանդիսանար հանրապետականների խօսափողը:

Մինչեւ համապատասխան շինութեան հայթայթումը, թերթն իր գործունէութիւնը սկսեց իթթիհատականների հիմնական կենդրոնատեղիներից մէկում` «Փեմբէ քէօշքում» (Վարդագոյն պալատ): Իթթիհատականների գաղափարախօսութեան կենտրոններից մէկում գործունէութիւն ծաւալելն առաջին իսկ օրուանից մատնանշում էր թերթի քաղաքական  ուղղուածութիւնը:

Աթաթուրքը Նատիին առաջարկեց Պոլսում գտնուող Մաթոսեանի հրատարակչութիւնը: Վահան Մաթոսեանը, 1915-ից յետոյ այլեւս չցանկանալով մնալ Թուրքիայում, որոշել էր վաճառել պապերից ժառանգած եւ օսմանեան շրջանում բազմաթիւ գրքեր եւ օրացոյցներ հրատարակած իր տպագրատունը: Մինչ մեկնումը «պարզուեց», որ Մաթոսեանը 4000 լիրայի պարտք ունի պետութեանը, եւ այս պատճառով կալանք դրուեց նրա 100 000 լիրայ գնահատուած տպագրատան վրայ: Մաթոսեանին «մեծահոգաբար» թոյլատրեցին  հեռանալ` խոստանալով հետագայում ստանալ իր իսկ գոյքի վաճառքից ստացուելիք գումարը:

Մաթոսեանն իր կեանքի ապահովութեան մասին մտածելով` անմիջապէս մեկնեց Զուիցերիա, եւ նրա հեռանալուն պէս տպագրատունը 4000 լիրայ պարտքի դիմաց եօթ տարուայ ապառիկով եւ առանց կանխավճարի յանձնուեց Եունուս Նատիին: Հայի ապրանքը «փեշքեշ» էր տրւում պետական պաշտօնեաներին կամ բռնագրաւուում էր պետութեան կողմից, ինչպէս տեղի ունեցաւ Չանքայայում` (Թուրքիոյ նախագահի նստավայրը) Գասապեանների սեփականութեան հետ:

Ստեղծւում էր թուրքական ընտրանին. թուրքական լրատուութիւնը, եւ հայ ընտանիքին պատկանող մօտ մի քանի հարիւր տարուայ տպարանը եւ հրատարակչութիւնը, որն այդ օրերին Թուրքիոյ ամենաժամանակակից սարքաւորումներն ունէր, վերածուեց նորակառոյց թուրքական պետութեան  քարոզչութեան գործիքի:

Եունուս Նատին հաշուի չառաւ Մաթոսեանի` Զուիցերիայից ուղարկած բողոքի նամակները եւ հարցի քննարկումը Մէճլիսում: Աւելի՛ն, Նատին իր խլած տպարանի համար ընդամէնը երեք ամիս վճարելուց յետոյ դադարեցրեց վճարումներ անել պետութեանը եւ նոյնիսկ պահանջեց իր գումարի վերադարձը, քանի որ տպարանում հրդեհ էր բռնկուել, եւ ամէն ինչ իբր մոխրի էր վերածուել: Իրականում Նատին նախապէս վաճառել էր բոլոր սարքաւորումները, իսկ Մաթոսեանների երկարամեայ ջանքերի արդիւնքում ստեղծուած գրադարանը վաճառել էր Թուրքիոյ կրթութեան նախարարութեանը: Այդ օրերին լոյս տեսնող «թանին» օրաթերթը գրել է, որ Մաթոսեանի միայն գրքերը 4000 լիրայից շատ աւելին արժէին:

«Ճումհուրիյեթ» օրաթերթը համարւում էր Թուրքիոյ ամենաառաջատար եւ արդիական թերթը: Մինչեւ 1934թ. ցրիչ Արթին Էֆենտին իր ձեռքերով բաժանորդներին էր հասցնում թերթի թարմ համարները: Առաջին իսկ օրուանից, ինչպէս եւ նախատեսւում էր, թերթը քեմալականութեան եւ Հանրապետական կուսակցութեան խօսափողն էր: Հետագայ տարիներին «Ճումհուրիյեթը» ողջունեց զինուորական բոլոր յեղաշրջումները, վատաբանեց եւ փնովեց միւս քաղաքական եւ հասարակական ուժերին: Թերթը նաեւ իսլամի գլխաւոր թշնամին էր Թուրքիայում: 1980-ական թթ. ազատականութեան եւ իսլամական արժէքների հետեւորդ Թուրկիւթ Օզալը թերթի իշխանամէտ քաղաքականութեան համար այն անուանեց Թուրքիոյ «Փրաւտա»:

Վերջին տարիներին ուրուային պետութեան բացայայտումների ժամանակ ի յայտ եկաւ «Ճումհուրիյեթի», բացի պետութեան ու զինուորականութեան հետ ունեցած կապերից, նաեւ խորքային պետութեան լրատուական օրկանը հանդիսանալու հանգամանքը: «Էրկենեքոն»-ի դատավարութեան ժամանակ լուսաբանուեցին թերթի պատմութեան այլ մութ էջեր եւս: Բ. Համաշխարհային պատերազմի տարիներին «Ճումհուրիյեթ»-ը ֆինանսաւորուել էր գերմանական ֆաշիստների կողմից:

Ուշագրաւ է, որ թերթի ամենակարեւոր սիւնակագիրներից եւ երկարամեայ խմբագիրներից Իլհան Սելճուքը, որը յայտնի էր իր մոլի ազգայնական, փանթիւրքական հայեացքներով, որպէսզի  կարողանար մնալ պաշտօնում, տարիներ շարունակ հերքում եւ թաքցնում էր իր մօր հայ լինելը:

Ինչպէս Թուրքիոյ Հանրապետութիւնը, հիմնուած լինելով թալանի, ստի եւ խաբէութեան վրայ, այնպէս էլ իր ազգայնական, հակաքրիստոնէական, հակահայկական ուղղուածութեամբ յայտնի թերթը ստեղծուեց հայկական սեփականութեան թալանի արդիւնքում, տարիներ շարունակ խմբագրուեց իր հայութիւնը հերքող եւ թաքցնող Սելճուքի կողմից: «Ճումհուրիյեթ»-ն այսօր կորցրել է իր երբեմնի հեղինակութիւնը, տպաքանակը եւ ամենակարեւորը` պետութեան աջակցութիւնը,  ինչի հետ այդպէս էլ չի կարողանում հաշտուել:

 

 

Share this Article
CATEGORIES