«Հայաստան» Հիմնադրամի Տնօրէնը Կոչ Է Անում Միանալ «Դէպի Արցախ» Խորագրով «Հեռուստամարաթոն 2013»-ին

1121aravartanian«Հայաստան» համահայկական հիմնադրամը լիովին պատրաստ է նոյեմբերի 28-ին արդէն 16-րդ անգամ անցկացուելիք «Դէպի Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին:

«Հեռուստամարաթոն 2013»-ին ընդառաջ «Արմէնփրես»-ը զրուցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանի հետ` դրամահաւաքի այս տարուայ նպատակի, դրա կարեւորութեան, մինչ դրամահաւաքն անցկացուող միջոցառումների մասին, տեղեկացաւ հիմնադրամի յաջորդ տարիների առաջնահերթութիւններին եւ գրանցեց նրա կոչը աշխարհասփիւռ հայերին:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Հաշուած օրեր են մնացել «Հեռուստամարաթոն 2013»-ի անցկացմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրա՞ստ է յաւուր պատշաճի այն իրականացնելու, եւ ո՞րն է այս տարուայ հեռուստամարաթոնի առանձնայատկութիւնը, խորհուրդը:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հեռուստամարաթոնին մենք պատրաստւում ենք նախորդ մարաթոնն աւարտուելու յաջորդ իսկ օրուանից: Դրամահաւաքի հետ կապուած աշխատանքները պէտք է բաժանել առնուազն երկու մասի. թեքնիք բնոյթի աշխատանքներ` հեռուստամարաթոնի, որպէս ծրագրի անցկացումն ու նիւթերով ապահովումը, եւ երկրոդը` դրամահաւաքի մասն է: Մենք միշտ ասել ենք, որ հեռուստամարաթոնը սոսկ դրամահաւաք-միջոցառում չէ, այն տարուայ մէջ միակ օրն է, երբ մենք ամբողջ հայութեանը ցուցադրում ենք, թէ ինչ նորութիւններ կան Հայաստանում եւ Արցախում, ինչ աշխատանք ենք կատարել մեր հայրենակիցների նուիրատուութիւնների շնորհիւ, ինչ ենք նախապատրաստւում անելու տուեալ դրամահաւաքի միջոցով: Այս տարուայ հեռուստամարաթոնին թեքնիք մասով հարիւր տոկոսով պատրաստ ենք, ինչ վերաբերում է դրամահաւաքին, ապա գրեթէ բոլոր 25 տեղական մարմիններն այս պահին իրականացնում են տարբեր դրամահաւաք-միջոցառումներ` սկսած ճաշկերոյթներից մինչեւ հեռուստամարաթոն, հեռախօսային մարաթոն, ռատիոմարաթոն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահաւաքը իւրայատուկ է նրանով, որ կիրառում է դրամահաւաքի բոլոր հնարաւոր ձեւերը: Կարծում եմ, տեղեակ էք, որ արդէն երեք շաբաթ է, ինչ Հայաստանում մեկնարկել են «Էս. Էմ. Էս.» հաղորդագրութիւններով եւ փոստային նուիրատուութիւնները: Մոսկուայում մօտ երկու ամիս առաջ տեղի ունեցաւ Հայաստանի եւ Արցախի նախագահների հանդիպումները մեր բարերարների հետ, ձեռք են բերուել պայմանաւորուածութիւններ, որոնց մասին կը զեկուցենք «Հեռուստամարաթոն 2013»-ի ժամանակ:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Գիտենք, որ դրամահաւաքի այս տարուայ գումարներն ուղղուելու են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ի՞նչ կը տայ այն Հայաստանին ու Արցախին:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Այս տարուայ դրամահաւաքի միջոցները նախատեսուած են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար, որը կազմում է 115.5 քմ: Այն տնտեսական զարգացման լուրջ խթան կը հանդիսանայ Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների համար, բացի դրանից, ճանապարհը կարեւոր է զբօսաշրջութեան զարգացման տեսանկիւնից: Եւ, ի հարկէ, չլինելով քաղաքական կառոյց, պէտք է նշենք, որ այս ուղղութեամբ հիմնադրամի գործունէութիւնն ունի քաղաքական նշանակութիւն եւս: Մայիսին, երբ հիմնադրամը յայտարարեց այս ծրագիրը, այն բաւականին լուրջ արձագանգ ստացաւ արտասահմանում, եւ դրսի լրատուամիջոցները յայտարարեցին, որ, ստանձնելով այս ծրագիրը, Հայաստանը կոշտացնում է իր բանակցային դիրքերը:

Համոզուած եմ, որ այս տարի կը կարողանանք ապահովել լուրջ մասնակցութիւն, քանի որ նշուած ճանապարհի կառուցումը Գորիս-Ստեփանակերտ ծրագրից յետոյ կարեւորներից է հիմնադրամի համար: Ինչպէս նշել ենք, 30 միլիոն տոլար է անհրաժեշտ ճանապարհի կառուցման համար, եւ չեմ կարող ասել` ի վիճակի կը լինե՞նք ամբողջ գումարը հաւաքելու, թէ՞ ոչ: Բայց դա չէ կարեւորը, եթէ մէկ տարում չհաւաքենք, կ՛անենք երկու տարում: Կարեւորը ծրագիրն է, որն ընտրուած է, եւ մենք հաւաքական ջանքերով այն կ՛իրականացնենք:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Արդէն որոշուա՞ծ է «Հեռուստամարաթոն 2013»-ի կարգախօսը, ինչպէս նաեւ երգը, որը կ՛ոգեւորի աշխարհասփիւռ հայերին հանգանակութիւններ կատարելիս:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Կարգախօս, որպէս այդպիսին, չկայ, մենք ընտրել ենք «Դէպի Արցախ» խորագիրը: Ծրագիրն այնքան կարեւոր է ինքնին, որ կարգախօս կամ որեւէ այլ տեղեկատուութիւն պէտք չի լինելու, քանզի համոզուած եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, քարտէսի վրայ տեսնելով, թէ ինչպէս է անցնում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, կը հասկանան դրա կարեւորութիւնը: Ինչ վերաբերում է երգին, ապա պէտք է ասեմ, որ այս տարի երգ չի լինելու: Մենք ոչ թէ ամէն տարի ենք երգ ընտրում, այլ այն ժամանակ, երբ կայ լաւ երգ: Այս տարի, ցաւօք, չունենք այդ լաւ երգը: Բայց պէտք չէ մոռանալ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 7 երգ, որոնք հեռարձակուելու են մարաթոնի ժամանակ: Մենք դիմել ենք Հայաստանում եւ սփիւռքում գտնուող մեր երաժիշտներին, որ նրանք մեզ տրամադրեն իրենց լաւագոյն տեսահոլովակները, որոնք կը հեռարձակենք հեռուստամարաթոնի ժամանակ, կը լինեն նաեւ առաջին ունկնդրութիւններ:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Արդէն խօսեցիք մինչ հեռուստամարաթոնը իրականացուող դրամահաւաք-ճաշկերոյթների, հեռախօսային մարաթոնների, տարատեսակ միջոցառումների մասին, որոնց օգնութեամբ միջոցներ են հաւաքւում: Դատելով աշխուժութիւնից, ինչպիսի՞ ակնկալիքներ ունէք հեռուստամարաթոնին մասնակցութեան առնչութեամբ:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Այս 10 տարուայ ընթացքում նկատում ենք, որ լրատուամիջոցները կենտրոնանում են միայն հեռուստամարաթոնի արդիւնքում գոյացած արժէքի վրայ` չխօսելով մասնակցութեան մասին, չնայած մենք անընդհատ նշում ենք մասնակիցների թուաքանակի կարեւորութիւնը: Մեզ համար շատ աւելի կարեւոր է, որ ծրագրին մասնակցի, օրինակ, 200 հազար հայ, քան երեք հայ, ովքեր կը տրամադրեն ողջ գումարը: Մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել մասնակիցների կայուն աճ: Ի հարկէ, կան նաեւ անհատներ, ովքեր մեծ գումարներ են նուիրաբերում, բայց ամէն տարի չենք կարող նրանցից նմանատիպ գումար ակնկալել: Օրինակ, 2009 թուականին Սամուէլ Կարապետեանը խոստացաւ 15 միլիոն տոլար Ստեփանակերտի հիւանդանոցի համար, որը մի քանի ամիս առաջ հանդիսաւոր կերպով բացուեց: Ասել, որ նա նորից յաջորդ տարի պէտք է այդքան գումար յատկացնէր, սխալ կը լինէր: Այս տարուայ համար կարող եմ ասել, որ ունենք շատ մասնակիցներ, եւ մեր դրամահաւաքները ցոյց են տալիս, որ մարդկանց մէջ կայ մեծ աշխուժութիւն, սակայն, գումարային առումով, չգիտեմ` ինչպէս կը լինի: Ուզում եմ յիշեցնել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մի օղակ է, որի միջոցով յատկացուող գումարները փոխանցւում են հասցէատիրոջը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Անցեալ տարի առաջարկութիւն եղաւ իրականացնելու արտահերթ դրամահաւաք, որը կ՛ուղղուէր սուրիահայերի կարիքների բաւարարմանը: Որոշուեց հեռուստամարաթոնի արդիւնքում հաւաքուած գումարի 10 տոկոսը նուիրաբերել նրանց: Այս տարի նախատեսւո՞ւմ է որոշակի միջոցների յատկացում սուրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Մայիսին, Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ որոշուել է, որ այս տարի գումարը հաւաքում ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար: Ուզում եմ` բոլորը յստակ իմանան, որ որոշումները կայացւում են խորհրդի կողմից, որում աւելի շատ սփիւռքի ներկայացուցիչներ են ներգրաւուած, քան` Հայաստանից եւ Արցախից, եւ որոշումը, որը կայացնում է խորհուրդը, ես կարող եմ համարել սփիւռքի որոշում: Այդ որոշման մէջ սուրիահայութեանն աջակցութիւն տրամադրելը չի նշուել որպէս խնդիր: Կարծում եմ, կը լինեն հիմնադրամի տեղական մարմիններ, որոնք իրենց հաւաքած գումարի ինչ-որ մասը սուրիահայերին ուղղելու որոշում կը կայացնեն:

Այս խնդիրը շատ հետաքրքրական է այն իմաստով, որ երբ անցեալ տարի որոշուեց հանգանակութեան 10 տոկոսը նուիրաբերել սուրիահայերին, ես ակնկալում էի նուիրատուութիւնների աճ, բայց աճ չգրանցուեց: Նոյնիսկ կարող եմ ասել, որ եղել են շատ զանգեր, երբ մարդիկ յատուկ նշել են, որ իրենք ցանկանում են իրենց գումարն ուղղել համայնքային կենտրոնների կառուցման ծրագրին: Երբ առաջացաւ սուրիահայերին օգնութեան անհրաժեշտութիւնը, մենք տեղեկացրինք, որ բացուել է սուրիահայերի օգնութեան հաշուեհամար, եւ կոչով դիմեցինք բոլոր աջակցել ցանկացողներին: Բայց այդ դէպքում եւս, ցաւօք, լուրջ մասնակցութիւն չգրանցուեց: Շատ մարդիկ ասում են, որ պէտք է օգնել, ես դիմում եմ այդ մարդկանց` հարցը խօսելով լուծում չի ստանայ, տուէք այդ գումարը, եւ մենք մեծ հաճոյքով կ՛ուղղենք այն սուրիահայերի հիմնախնդիրների լուծմանը: Պէտք է գումարներ գոյանան, որ մենք օգնենք նրանց: Ես կրկին դիմում եմ մեր հայրենակիցներին, որ եթէ ցանկանում են օգնել, մեր դռները միշտ բաց են, փոխանցէք գումարը` նշելով, որ ուղղում էք այն սուրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրին, եւ մենք, խորհրդակցելով սուրիահայերի հիմնախնդիրները համակարգող յանձնաժողովի հետ, կը տրամադրենք այն` նրանց կարիքների բաւարարմանը: Նախորդ տարիներին բաւականին ծրագրեր ենք իրականացրել` սուրիահայերի յուղարկաւորութեան ծախսերից, սրտի վիրահատութիւններից մինչեւ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում: Կանխիկ գումար ենք ուղարկել Սուրիա, որ հայկական դպրոցների ուսուցիչների վճարումներն իրականացուեն: Պատերազմի սկզբում ֆինանսաւորել ենք երկու ինքնաթիռով Սուրիայից Հայաստան սուրիահայերի տեղափոխումը, որի գումարը տրամադրել էին Վահագն Յովնանեանը եւ Արա Աբրահամեանը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Յետադարձ հայեացք գցելով հիմնադրամի գործունէութեանը` հասկանում ենք, որ բաւականին աշխատանք է կատարուել մեր հայրենակիցների ջանքերով, որո՞նք են լինելու յաջորդ տարիների մեր առաջնահերթութիւնները:

ԱՐԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Այդ հարցին պատասխանելով` միշտ ասում եմ, որ Աստուած տայ` գայ մի օր, որ այլեւս չունենանք խնդիրներ: Տեսնելով աշխարհի անգամ հարուստ երկրների փորձը` գիտակցում եմ, որ խնդիրներն անսպառ են: Օրինակ, Միացեալ Նահանգներում այսօր գոյութիւն ունեն հազարաւոր կազմակերպութիւններ, որոնք իրականացնում են նմանատիպ դրամահաւաքներ: Մի կազմակերպութիւն կայ, որը գումար է հաւաքում Ամերիկայի բանակում ծառայողներին սննդամթերքով ապահովելու համար: Կարծես խօսքը հարուստ երկրի մասին է, բայց արի ու տես, որ այդ երկրում եւս կան ֆինանսական խնդիրներ: Հայաստանում եւ Արցախում կան բազմաթիւ խնդիրներ, բայց այստեղ խօսքն այն մասին պէտք է լինի, թէ ինչ տիպի խնդիրներ հետագայում կը լուծի հիմնադրամը: Յուսով եմ, որ տարիների ընթացքում մենք կը հասնենք այն մակարդակին, որ կը լուծենք զբօսաշրջութեան, գիւղատնտեսութեան զարգացման ծրագրեր:

Այսինքն մօտակայ 5-10 տարում կը կարողանանք աւարտին հասցնել բոլոր ենթակառուցուածքային ծրագրերը եւ անցնել զարգացման ծրագրերին:

Վերջում, կը ցանկանամ կոչով դիմել մեր հայրենակիցներին ու յիշեցնել, որ հեռուստամարաթոնը մի առիթ է իւրաքանչիւր հայի համար մասնակցելու սեփական երկրի զարգացմանը:

Տարին մէկ-երկու անգամ քեզ ինչ-որ բանից զրկելով` դու կարող ես գումարը ուղղել մարդկանց օգնելուն: Բարեգործութիւնը մարդկային արժէքներից ամենակարեւորն է, եւ բարեգործը չի կարող երբեք չար մարդ լինել: Ցանկացած մարդ, ով նուիրատուութիւն է անում, այդ օրը շատ հանգիստ է քնում` հասկանալով, որ կատարել է բարի գործ: Ես կոչ եմ անում, որ ինչ-որ բանով օգուտ բերենք մեր երկրի զարգացմանը եւ համատեղ կառուցենք Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր նշանակութեան Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը:

1992 թուականին Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծուեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ` որպէս եզակի մի կառոյց, որը կոչուած է համախմբելու Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայերին: Հիմնադրամի աշխատանքներին աշխուժ մասնակցութիւն ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում: Գործունէութեան ողջ ընթացքում հիմնադրամի միջոցներով կառուցուել են աւելի քան 476 քմ ճանապարհ` Հայաստանում եւ Արցախում, 517 քմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 քմ կազատար, 70 քմ ելեկտրական հոսանքի գիծ: Կառուցուել, վերակառուցուել ու կահաւորուել է 334 դպրոց եւ մանկապարտէզ: Կառուցուել ու վերակառուցուել է 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատութիւն, 53 մարզական ու մշակութային կենտրոն: Իրականացուել է աւելի քան 159 կրթական, մշակութային եւ գիտական ծրագիր:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )