Լիբանանահայութեան Ուղղուած Իր Ուղերձին Մէջ. «Համատեղ Ջանքերով Կառուցենք Հայաստանի Եւ Արցախի Համար Ռազմավարական Նշանակութիւն Ունեցող Վարդենիս – Մարտակերտ Ճանապարհը» Ընդգծեց Դեսպան Աշոտ Քոչարեան

Ashod-KocharianԵրէկ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան լիբանանահայութեան ուղղեց հետեւեալ ուղերձը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր վարչութեան կազմակերպած այսօրուան ռատիոթոնին առիթով:

Յարգելի՛ հայրենակիցներ,

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրուել է 1992 թուականին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով: Հիմնադրամը եզակի մի կառոյց է, որը կոչուած է համախմբելու Հայաստանում եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում իրականացուող ծրագրերը մշտապէս առնչուել եւ առնչւում են Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորութիւն ունեցող ոլորտների հետ` Ճանապարհաշինութիւն, գիւղատնտեսութիւն, դպրոցաշինութիւն, ջրամատակարարում, առողջապահութիւն, մշակոյթ եւ այլն: Նպատակադրած ծրագրերը իրականացնում է գործադիր վարչութիւնը, որը գտնւում է Երեւանում:

Հիմնադրամի աշխատանքներում աշխուժ մասնակցութիւն եւ մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում.

Տեղական մարմինները սերտօրէն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական եւ բարեգործական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնների, ինչպէս նաեւ սփիւռքահայ ճանաչուած բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչութիւնը եւ աշխարհասփիւռ տեղական մարմինները հաշուետու են հոգաբարձուների խորհրդին:

1996 թուականից հիմադրամը ամէնամեայ հեռուստամարաթոններ եւ հեռախօսամարաթոններ է անցկացնում հայերի համախմբման եւ դրամահաւաքի նպատակով: Որպէսզի մեր ունկնդիրները պատկերացում ունենան իրականացուած ծրագրերի մասին, բերեմ մի քանի ծրագրերի մանրամասներ:

  • Աւելի քան 470 քմ ճանապարհի կառուցում Հայաստանում եւ Արցախում
  • 517 քմ ջրազտման եւ ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 քմ բնական կազատարների կառուցում
  • 334 դպրոցի եւ մանկապարտէզի կառուցում/վերակառուցում/կահաւորում
  • Հարիւրաւոր տների եւ բնակարանների կառուցում/վերակառուցում
  • 70 առողջապահական հաստատութիւնների կառուցում/վերակառուցում
  • 53 մարզական եւ մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Աւելի քան 159 կրթական, մշակութային եւ գիտական ծրագրերի իրականացում

Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին

Այս տարուայ դրամահաւաքը անց է կացւում «Դէպի Արցախ» խորագրով:

Արցախը Հայաստանին կապող Ճանապարհաշինութիւնը ռազմավարական կարեւորութիւն ունի:

Վարդենիս-մարտակերտ մայրուղիի կառուցման նպատակը ոչ միայն աւելի բարեկարգ եւ յարմարաւէտ մայրուղի ունենալն է, այլ նաեւ ունի տնտեսական եւ քաղաքական նշանակութիւն, բացի այդ դառնալու է Արցախը Հայաստանին հիւսիսից կապող հիմնական մայրուղին:

Հաշուի առնելով այս ամէնը` սոյն թուականի մայիսին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամէնամեայ նիստի ընթացքում քննարկուեց Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղիի անհրաժեշտութեան հարցը: Որոշուեց Հեռուստամարաթոն 2013-ի արդիւնքում հաւաքագրուած միջոցներն ուղղել Վարդենիս-քարվաճառ-մարտակերտ մայրուղիի ասֆալթապատման եւ բարեկարգման աշխատանքներին:

Նախնական հաշուարկներով ծրագրի արժէքը կազմում է 30 միլիոն ամ. տոլար: Ծրագիրը կը մեկնարկի 2014 թուականի յունուարին` Համաեւրոպական հեռախօսամարաթոնի, Միացեալ Նահանգներում անցկացուելիք հեռուստամարաթոնի եւ տարբեր երկրներում կազմակերպուող դրամահաւաք-ճաշկերոյթների արդիւնքում հաւաքագրուած միջոցների ամփոփումից յետոյ:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան համաֆինանսաւորմամբ այստեղ հողային աշխատանքներ կատարուել են, ուստի հիմնադրամի միջոցներով պէտք է ասֆալթապատուի Վարդենիս-Սոթք-Գետաւան-Դրմբոն մայրուղու ընդհանուր առմամբ 115.5 քմ երկարութեամբ ճանապարհահատուած: Մասնագէտները պնդում են, որ եթէ մօտ ապագայում չսկսուեն ասֆալթապատման աշխատանքները, ապա մինչ այդ իրականացուած հողային աշխատանքները կը վտանգուեն յորդարատ անձրեւների եւ ձեան պատճառով: Դրմբոնից այս ճանապարհը միանում է Ղարաբաղ տանող «Հիւսիս-հարաւ» մայրուղուն, որը տարիներ առաջ շահագործման յանձնուեց սփիւռքահայութեան նուիրատուութիւնների շնորհիւ:

Արդէն իսկ ժամանակն է արդիականացնել Ղարաբաղ տանող ճանապարհը, մանաւանդ որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին բաւականին դժուարանցանելի է: Նոր ճանապարհը էականօրէն կը նպաստի ոչ միայն զբօսաշրջութեան զարգացմանը, այլ նաեւ ուղիղ կապ կը հաստատի Հայաստանի եւ Արցախի հիւսիսային շրջանների միջեւ:

Հիմնանորոգուած մայրուղու գործարկումը մեծ խթան կը հանդիսանայ Արցախի ամրապնդման, ընկերային-տնտեսական եւ քաղաքական կեանքի զարգացմանը:

Մայրուղիի ասֆալթապատումը կ՛օգնի լուծել բազմաթիւ ոչ պակաս կարեւոր խնդիրներ` կապուած լեռնարդիւնահանման ճիւղի զարգացման հետ: Յատկանշական է, որ այն շրջանները, որտեղով կ՛անցնի նոր մայրուղին, փորձագէտների գնահատմամբ հարուստ են օգտակար հանածոներով` մասնաւորապէս ոսկով եւ պղնձով:

Օգտուելով առիթից կոչ եմ անում իմ հայրենակիցներին` լիբանանահայութեանը աշխուժօրէն մասնակցելու այս տարուայ ռատիոթոնին: Սա լաւագոյն առիթն է իւրաքանչիւրի համար մասնակցելու երկրի զարգացմանը: Բարեգործութիւնը կարեւորագոյն մարդկային արժէքներից է: Մեր անձնական մասնակցութեամբ, մեծահոգի նուիրատուութեամբ օգուտ բերենք մեր հայրենիքի զարգացմանը, համատեղ ջանքերով եւ նուիրումով կառուցենք Հայաստանի եւ Արցախի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող Վարդենիս- Մարտակերտ ճանապարհը:

ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )