Հայաստանի, Արցախի Եւ Ջաւախքի Երիտասարդական Միաւորներու Կողմէ Վահագն Տատայեանի Խօսքը
Մեծ սիրով ընդունեցինք ԼԵՄ-ի կենտրոնական վարչութեան հրաւէրը` մասնակցելու միութեան կազմաւորման 40-ամեակի նուիրուած միջոցառումին:
Ջերմօրէն ողջունում եւ շնորհաւորում եմ բոլորիս, բոլոր տարիների համայնքային կեանքի կազմակերպիչներին, հայապահպանութեան համար իրենց ժամանակը եւ հանգիստը նուիրաբերած մարդկանց:
Հիմնադրման օրուանից ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնը իր բազմապիսի եւ բազմաբովանդակ ծառայութիւններն ուղղեց հայ ժողովրդի կարօտեալ հատուածի կրթական, դաստիարակչական, մշակութային, բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Մենք բարձր ենք գնահատում ձեր ղեկավարած միութեան գործունէութիւնը, որ իրագործւում է մեծ նուիրուածութեան եւ ջանքերի շնորհիւ: Ես վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ԼԵՄ-ի կատարած աշխատանքները ըստ արժանւոյս գնահատւում են թէ՛ հայրենիքով եւ թէ՛ Լիբանանում:
Հայերը Լիբանանում հաստատուել են անյիշելի ժամանակներում: Լիբանանը Մերձաւոր Արեւելքի այն պետութիւններից էր, որ կապ է հաստատել Կիլիկեան Հայաստանի հետ: Սակայն առաւել հոծ զանգուածներ հասան Լիբանան Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանութեան պատճառով, երբ մարդիկ կորցրեցին ամէն ինչ` հայրենիք, հարազատներ, ունեցուածք, լեզու եւ մշակոյթ:
Սարսափների եւ գեհենի միջով անցած հայերը, երբ այնտեղ հազիւհազ մէջքներն էին շտկում, այս անգամ էլ նրանց մի մասը զոհ դարձաւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Փա՛ռք բոլոր ընկածներին:
Սակայն հայ մարդը, իր մէջ կրելով ողջ յիշողութիւնն, կարողացաւ յարմարուել, համարկուել տուեալ լիբանանեան հասարակութեանը, սովորել լեզուն, մշակոյթը, մասնակցել տուեալ պետութեան վերականգնմանը եւ զարգացման գործին:
Այսօր տասնեակ հազարաւոր հայեր իրենց գիտելիքները, կապերը, հնարաւորութիւնները նոր են դնում Լիբանանի նորօրեայ պատմութեան զարգացմանը:
Ցեղասպանութեան վերապրած հայ ժողովուրդը ձգտում է ամուր կառչած մնալ իր ինքնութեանը, իր պատմութեանը, պայքարում է իր ոտնահարուած իրաւունքների վերականգնման համար: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնն էլ այս առումով բացառութիւն չէ: 40 տարի շարունակ դուք ձեր ներկայութեամբ հայն ու Հայաստանն էք ներկայացրել այստեղ: Ձեր ամէնօրեայ աշխատանքի արդիւնքում է, որ փորձում էք փոքրիկներին, պատանիներին եւ աղջիկներին փոխանցել ձեր լեզուն, ստեղծել մշակութային խմբեր, տեղեակ պահել պատմութեանը եւ, ի հարկէ, հայրենիք այցելելով` երիտասարդներին ծանօթացնել իրենց պատմական հայրենիքին:
Յատուկ շնորհակալութիւն ձեզ` այս հայապահպանման աշխատանքի համար, այս նուիրումի եւ ազգասիրութեան համար: Դուք մեր օգնականն էիք ցուրտ ու խաւար տարիներին` արցախեան գոյամարտի ժամանակ: Դուք նաեւ դարձել էք երկու մշակոյթի կրող:
Այսօր էլ դուք մեր կողքին էք, երբ զարգացման ծրագրեր ենք իրականացնում, Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գօտիներն ենք ամրացնում: Շնորհակալութիւն ձեզ` հայրենիքին օգնելու, ձեր հայրենիքը չմոռանալու, ձեր նիւթական եւ բարոյական աջակցութեամբ մեր բեռը թեթեւացնելու համար:
Այս օրերին բոլորիս մտահոգութեան առարկան Սուրիան է, որտեղ զոհւում են կանայք եւ երեխաներ, թափւում է անմեղ մարդկանց արիւն: Դուք գիտէք, որ Սուրիայում մենք ունենք խոշոր համայնք, որին մայր գաղութ էինք կոչում, այսօր այն հիւծւում է ու մաշւում: Տասնեակ հազարից աւելի հայեր հաստատուել են հայրենիքում եւ մենք անում ենք ամէն ինչ` նրանց հոգսերը հոգալու եւ նրանց հայրենիքում ամրացնելու համար:
Սիրելի՛ ներկաներ, ուզում եմ առանձնակի ընդգծել, որ դուք ձեր պահուածքով, ձեր գործերով դարձել էք Լիբանանում մնայուն ներկայութիւն, համարկուած համայնք եւ իրական եւ կենդանի կամուրջ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ: Հայ-լիբանանեան օրէցօր աճող քաղաքական եւ տնտեսական համագործակցութեան հիմքում դուք էք ձեր օրինակելի վարքով ու բարքով, հայ մարդկանց յատուկ աշխատասիրութեամբ ու պարկեշտութեամբ:
Հաւատացած եմ եւ խորապէս համոզուած, որ գնահատելով ու արժեւորելով մեր ազգային շահը` ջանք ու եռանդ չէք խնայելու ապագայում եւս նախաձեռնել եւ իրականացնել նորանոր ծրագրեր` ի շահ Հայաստանի, սփիւռքի եւ Արցախի գործակցութեան եւ համայն հայութեանը: