50 Տարի Առաջ (4 Դեկտեմբեր 1963)
Ակսել Բակունցի Նորայայտ Նամակը
Հայկական ՍԱՌ Պետական կենտրոնական պատմական արխիւում պահուող «Կովկասի հայոց բարեգործական ընկերութեան» (Ֆոնտ թիւ 28) նիւթերում գտնւում է խորհրդահայ տաղանդաւոր արձակագիր Ակսել Բակունցի մի դիմումը, որը մեր կարծիքով կարեւոր նշանակութիւն ունի նրա երիտասարդական շրջանի կեանքի ու գործունէութեան ուսումնասիրման համար: Դիմումը ուղղուած է Կովկասի հայոց բարեգործական ընկերութեան կից պատերազմից վնասուածներին օգնող հայկական կենտրոնական կոմիտէին: Գաղթականներին օգնող այդ կոմիտէն ստեղծուել է 1914 թ. եւ վերամիաւորուել բարեգործական ընկերութեանը 1915 թ.: Այդ շրջանում համաճարակները անարգել տարածւում, մեծ թիւով կեանքեր էին խլում: Կենտրոնական կոմիտէն բժշկա-սանտիարական օգնութիւն կազմակերպելու նպատակով կոչով դիմում է հայ ժողովուրդին եւ աջակցութիւն խնդրում: Ահա այդ կոչի արձագանգներից է Ակսել Բակունցի դիմումը: Նա սիրայօժար եւ ինքնակամ յանձն է առնում գործելու փախստականների կարիքները հոգալու համար կազմակերպուած սանտիարական կամ այլ խմբերում (պատերազմի պատճառով ճեմարանը ժամանակաւորապէս փակ էր):
Բ. ԲԷՅԲՈՒԴԵԱՆ
Հայկ. ՍԱՌ պետական կենտրոնական
պատմական արխիւի կրտսեր
գերաշխատող
«Գրական թերթ»
22 նոյեմբեր 1963
Թանկագին Նուէրներ
Հայաստանի Մատենադարանին
Աստղագէտ Վ. Համբարձումեան Մ. Նահանգներէն վերադարձին իրեն հետ բերած է արեւելեան ութ հին ձեռագրեր` վեցը արաբերէն (երկրաչափութիւն, օրացոյց եւ չորս ղուրան), մէկը պարսկերէն (Գիրք հնդկական աղանդներու մասին) եւ մէկն ալ հինտի լեզուով գրուած ձեռագիր մը:
Հայաստանի հեռագրական գործակալութիւնը, որ կը հաղորդէ այս լուրը, կ՛աւելցնէ, թէ ութ հին ձեռագրերը Երեւանի Մատենադարանին նուիրողն է ամերիկաբնակ ազգային մը` Յար. Նազարեան, որ ուրիշ առիթներով արաբերէն, պարսկերէն եւ թրքերէն 277 ձեռագրեր ալ նուիրած է:
Աւելցնենք, որ այս տարի Մատենադարանը ձեռագրեր ստացած է Թուրքիայէն, Սուրիայէն եւ Հնդկաստանէն եւ Հայաստանի զանազան շրջաններէն: Նոր ստացուած ձեռագրերուն մէջ են ԺԴ. դարու «Աստուածաշունչ» մը ԺԸ. դարու «Բժշկարան» մը, Ղուկիանոս երգիչին 1843-ի «Տաղարան», 1346-ին Սեբաստիոյ մէջ կազմուած «հաւաքածոյ» մը, որ կը բովանդակէ միջնադարեան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացիի, Գրիգոր Մագիստրոսի, Ներսէս Շնորհալիի եւ այլոց տաղերը:

