Ինչին Արժանի Ենք, Դա Էլ Ստանում Ենք. Հարցազրոյց ԱԺ ՀՅԴ Խմբակցութեան Ղեկավար Արմէն Ռուստամեանի Հետ

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Rustamyan_168ՀԱՐՑՈՒՄ.- Երէկ Վիլնիւսում նախագահ Սերժ Սարգսեանի կողմից ստորագրուեց Հայաստանի եւ Եւրոպական միութեան միջեւ համատեղ յայտարարութիւն, ըստ որի` Եւրոպական միութիւնն ու Հայաստանն ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց յանձնառութիւնը` զարգացնել եւ ամրապնդել Արեւելեան գործընկերութեան շրջանակներում փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցութիւնը: Ինչպէ՞ս էք գնահատում համատեղ այս յայտարարութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մեզ համար համատեղ այս յայտարարութիւնը միանշանակ սպասելի էր: Մինչեւ յայտարարութեան ընդունելը` մեր գնահատականն այն էր, որ սեպտեմբերի 3-ի յայտարարութիւնից յետոյ խօսել ԵՄ Արեւելեան գործընկերութեան համաձայնագրի նախաստորագրման մասին` տեղին չէ, որովհետեւ այն անհամատեղելի է Մաքսային միութեանն անդամակցելու ու հետագայում Եւրասիական միութեան անդամակցութեան գործընթացը սկսելու` Հայաստանի քաղաքական որոշումներին: Միանգամայն հաւանական էր, որ կ՛ընդունուէր նման յայտարարութիւն, որը կ՛արձանագրէր ստեղծուած իրավիճակը, որը միաժամանակ տեղ կը թողնէր հետագայում Եւրամիութեան հետ շարունակելու համագործակցել` ստեղծուած նոր պայմաններով: Յայտարարութիւնը մէկ բան յստակ նշում է` կայ նոր յանձնառութիւնների դաշտ, որը չէր համապատասխանում նախկին յանձնառութիւններին: Համատեղ յայտարարութիւնն արծարծում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գծի փոփոխութիւն, ինչը յայտարարութեան տողատակում երեւում է: Կարծում եմ` յայտարարութիւնը հիմք է տալիս ասելու, որ առնուազն բարեփոխումների ընթացքը Հայաստանը ԵՄ-ի հետ պէտք է շարունակի, բացի դրանից, խնդիր է դրւում անդրադառնալու երկկողմ յարաբերութիւնների հիմքին, այն թարմացւում է, եւ, բնականաբար, կ՛արդիականացուի գործողութիւնների նոր ծրագիր: Եւ պէտք է արձանագրել` ստեղծուած վիճակում գտնուել է փոխզիջումային լուծում:

Հ.- Ասացիք, որ յայտարարութեան տողատակում արծարծւում է այն, որ Հայաստանը փոխում է իր քաղաքական գիծը: Փաստօրէն Եւրոպան ընդունո՞ւմ է, որ այս մենամարտում յաղթեց Ռուսաստանը:

Պ.- Յաղթանակի մասին չէ խօսքը… Եւրոպան վաղուց է յայտարարել` մենք կը յարգենք ցանկացած որոշում, եւ սրանով իրենք արձանագրում են, որ Հայաստանը` որպէս ինքնիշխան երկիր (այսպէս է ընկալւում այն Եւրամիութեան կողմից), իրաւունք ունի որոշել իր ճակատագիրը: Եւ սա յարգանքի արձանագրումն է:

Հ.- Պարոն Ռուստամեան, Հայաստանը մինչ այժմ էլ համագործակցում էր Եւրոպայի հետ` առանց այս փաստաթղթի գոյութեան: Սեպտեմբերի 3-ի յայտարարութիւնից յետոյ փաստօրէն վտանգուա՞ծ էր ԵՄ-Հայաստան համագործակցութիւնը, եւ կա՞ր կարիք համագործակցութեան շարունակութիւնն ամրագրելու:

Պ.- Նախկին ելակէտային գործընկերութեան համաձայնագիրն արդէն իսկ նուազագոյն հարթակն էր, որը գոյութիւն ունէր, եւ դրանից պակաս համաձայնութիւն, չեմ կարծում, որ կ՛արձանագրուէր, որովհետեւ դա կը նշանակէր` յարաբերութիւնների խզում: Պարզապէս առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար Եւրոպան պատրաստակամութիւն յայտնեց արդիականացնել նոր փուլ, եւ աւելի բովանդակային կամ խորքային, մանրամասն փաստաթղթի ակնկալիքն իմաստ չունէր: Խօսել Գործընկերութեան մասի՞ն… իրենք հէնց սա են նշում` Գործընկերութեան մասին այլեւս խօսք լինել չի կարող, եւ իրենք գիտեն` որտե՛ղ է անհամատեղելիութիւնը, գիտեն, որ Մաքսային միութեան եւ Գործընկերութեան համաձայնագրի խաղի կանոնները տարբեր են`միմեանց չեն համապատասխանում, եւ Եւրոպան չի պատրաստւում փոխել իր կանոնները` յանուն համատեղելիութեան: Մենք ենք մտնում այդ կազմակերպութեան մէջ ու սեփական կանոններով «ուրիշի ընտանիք» մտնել չենք կարող: Եւրոպան, այո, յարգում է մեր որոշումը, բայց չի փոխի իր կանոնները` շարունակելու համար այն տրամաբանութիւնը, որը մինչ այդ կար: Պէտք է փաստել, որ Արեւելեան գործընկերութեան ծրագիրը, եթէ չասենք` տապալուած է, ապա չի կայացել, որովհետեւ երկու երկրները չեն ապահովում Եւրոպայի համար ամբողջական արեւելեան գործընկերութեան ամբողջութիւնը:

Հ.- Դուք ընդունո՞ւմ էք, որ Հայաստանի իշխանութիւնը յաջողութիւն գրանցեց արտաքին քաղաքականութեան հարցում` իրականացնելով «եւ-եւ» քաղաքականութիւնը:

Պ.- Մասամբ ընդունում ենք: Գործընկերութեան համաձայնագիրը, որը նախատեսւում էր, չի արուել, եւ սա փաստ է: Բայց կայ նաեւ այն, որ կապերը Եւրամիութեան հետ չխզուեցին, եւ իրենք կարող են համարել, որ «եւ-եւ» քաղաքականութիւն է: Ժամանակին ես ասել եմ, որ իրենք կը ներկայացնեն սա` որպէս մեծագոյն յաղթանակ, այն դէպքում, երբ Գործընկերութեան համաձայնագրի իմաստով «եւ-եւ» չկայ: Բայց այո, կայ այն, որ մենք չենք խզել մեր կապերը Եւրամիութեան հետ, ինչը ես համարում եմ դրական, կարեւոր ձեռքբերում, ինչի հարցում նպաստեց Ուքրանիայի  որոշումը, որը յայտարարեց, թէ չեն տեսնում Ռուսաստանի հետ կապերի խզման այլընտրանք: Եթէ Ուքրանիան չի տեսնում այդ այլընտրանքը, մենք ի՞նչ այլընտրանք կարող ենք ունենալ… Դրա համար մենք համարում ենք, որ եթէ չկայ այլընտրանք, պէտք է ամրապնդենք այն, ինչ ունենք: Եւ սա եղաւ այն ճիշդ մօտեցումը, որը մեզ իրավիճակից քիչ կորուստներով դուրս բերեց:

Հ.- Փաստօրէն, Հայաստանը ո՛չ ձախողուեց, ո՛չ էլ շահե՞ց:

Պ.- Չէ՛, ձախողուած չենք: Չեմ կարծում, թէ ընդունուած յայտարարութիւնը Ռուսաստանի կամ Մաքսային միութեան հետ մեր յարաբերութիւնների վրայ կ՛ազդի, կը պարտադրի, որ մենք հրաժարուենք դրանից: Եւ հիմա ժամանակն է, որ մենք դիւանագիտական մեծ հմտութիւն գործի դնենք` չկորցնելու ազգային շահերից բխող նուաճումները: Այս քայլը եղածն ամրապնդելու տրամաբանութեանն է միտուած: Հիմա Ուքրանիայի նման պետութիւնը չկարողացաւ այլընտրանք գտնել, բա մե՞նք… Եւրոպան էլ գիտի` ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ այն տրամաբանութիւնը, որը բոլոր պետութիւններին կապել էր Մոսկուային, այդ կապերը շատ երկրներին այդպէս էլ չյաջողուեց փոխհատուցել, չյաջողուեց դրանց այլընտրանք գտնել, եւ նրանք, ովքեր մնացին կապերի մէջ, կախուածութեան տակ շարունակելու են ամրապնդել այդ կապերը, որովհետեւ ուրիշ այլընտրանք չառաջացաւ:

Հ.- 3,5 տարուայ բանակցութիւններից յետոյ Հայաստանն, ըստ ձեզ, արժանի՞ էր հէնց նման` համատեղ յայտարարութեան ընդունման:

Պ.- Այո, ինչին արժանի ենք, դա էլ ստանում ենք: Ինչին իրականում ձգտում ես, դա էլ ստանում ես, սա է աստուածաշնչեան իրականութիւնը: Դատարկ կուռքի ես ձգտում` դատարկ ես մնում, ձգտում ես իրական ճշմարտութեան` իրական ճշմարտութիւն ես որդեգրում: Ինչ ցանես, այդ էլ կը հնձես, սա է իրականութիւնը, եւ իշխանութիւնները սա պէտք է հասկանան: Յաճախ նրանք հէնց այս մոլորութեան մէջ են, եւ երբ այդ հրամայականը չի երեւում, իրենց թւում է, թէ չի էլ երեւալու, բայց այդպէս չէ: Ժամանակը իր օրինաչափութիւններով յանձնում է քեզ որոշակի իրավիճակի, երբ ստիպուած ես լինում տեսնել արածներիդ արդիւնքները բաց աչքով:

Հ.- Ընկերային ցանցերում քննադատութիւններ էին հնչում, թէ նախագահի մակարդակով պատուիրակութիւնը մեկնեց Վիլնիւս` կէս էջանոց յայտարարութեան հետեւից: Դուք արդարացուած համարո՞ւմ էք, որ համատեղ յայտարարութիւն ստորագրելու համար Սերժ Սարգսեանը մեկնեց:

Պ.- Այո. փաստաթուղթը ստեղծուած իրավիճակում հնարաւոր լաւագոյն ձեռքբերումն էր: Դրա համար, ի հարկէ, արժէր գնալ…

Հ.- Այսինքն այս փաստաթո՞ւղթն էլ կարող էր չլինել:

Պ.– Ի հարկէ՛:

 

168.am

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )