88-ը, Աղջիկն Ու Դաշնամուրը
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Դեկտեմբերի 7-ից օրեր առաջ մեր դասարան մտաւ դասղեկը: Ես երկրորդ դասարան էի: Այդ ժամանակ դասղեկը վերերկրային արարած էր ինձ համար: Նրա ասած ամէն բառը կնքում էի իմ մտքում: Մեր դասղեկի ձեռքին սեւ, փայլուն թղթեր էին: Այդ թղթերի վրայ սպիտակ տառեր էին, յանգաւորուած բառեր: Նա խնդրեց մեր դասարանի աւագին մեզ բաժանել դրանք: Ինչպէս ծարաւ մարդը կը խմէր ջուրը, այդպէս էլ մենք էինք ուսումնասիրում այդ թուղթը: Սեւ թղթի վրայ սպիտակ տառերը ժանեակների նման էին, ասեղնագործ, գեղեցիկ…թղթի գլխամասում մի պապիկի նկար էր: Մենք չգիտէինք, թէ ով էր այդ պապիկը: Դասղեկը կանխելով մեր հարցը` ասաց, որ նա ֆրանսահայ յայտնի երգիչ Շարլ Ազնաւուրն է, իսկ նկարի տակ գրուած էին «Քեզ համար, Հայաստան» երգի տողերը: Յետոյ դասղեկն աւելի մանրամասնեց, ասաց, որ այդ երգը նուիրուած է 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմեղ զոհերի յիշատակին: Ես այդ տողերն էլի կնքեցի իմ մտքում: Տուն հասայ, հեռուստացոյցը միացրել էր տատիկս: Նրա կապոյտ աչքերը թրթրռում էին յուզմունքից: Ես ճաշում էի, բայց հպանցիկ հետեւում էի տատիկիս: «Տա՞տ»,- դիմեցի նրան: Տատս լռեց, թաշկինակի ծայրով մաքրեց աչքերը: Պատասխան չստացայ: Ես շարունակեցի իմ «յոյժ» կարեւոր գործը. բացեցի պայուսակս, գրքերիս հանեցի ու ձեռքս ընկաւ սեւ թուղթը: Տուեցի տատիկս: Յետոյ յիշեցի, որ ես իմ դպրոցական համեստ պիւճէից 20 դրամ էի վճարել դրա համար: Դա իմ ամենամեծ գնումն էր մինչ օրս: «Էդ անտէր երկրաշարժը քանի-քանի մարդու կեանք խլեց»,- նորից յուզուեց տատս, այնուհետ պատմեց, որ երկրաշարժից յետոյ մեծ հօրաքոյրս որբացած մանուկների էր խնամում: Նրանք Սպիտակից էին: «Բալես, գիտես, էդ որբերի աւագ տղան պատմում էր, որ իր քոյրը երազում էր դաշնամուր նուագել սովորել, դաշնամուրը գնել էին, բայց յետոյ էդ դեկտեմբերի 7-ը…բալես, դաշնամուրը ջարդուեց..Տղան լացում էր, ասում էր, որ քոյրն այդպէս էլ չսովորեց դաշնամուր նուագել, որովհետեւ քոյրն իր երազանքը տարաւ իր հետ»,- կնճռոտուած ձեռքերի մէջ տարուբերելով իմ «մեծ» գնումը` խօսում էր տատս: Նա մերթընդմերթ կանգնում էր խօսելիս, յետոյ շունչ հաւաքեց ու ասաց. «Քոյրն ու մայրը մնացել էին փլատակների տակ, բալես»:
Իմ մանկական հոգում ամէն ինչ խառնուեց: Երկրաշարժ ասուածը մինչ այդ այնքան վերացական էր հնչում ինձ համար: Իսկ աղջիկը, դաշնամուրը, երազանքները… Արագ դուրս նետուեցի սենեակիցս, որովհետեւ չէի ուզում, որ տատս տեսնէր իմ արցունքոտուած կոպերը:
Օրեր յետոյ ես գնացի թաղամասի գրադարան: Գրադարանի աշխատակցուհուն խնդրեցի ինձ տալ 88-ի երկրաշարժի մասին գրքեր: «Բարդ է, մեծացիր, նոր հետաքրքրուիր»,- անտարբերութեամբ ասաց նա: Վիրաւորուեցի, բայց ցոյց չտուեցի, պնդեցի, որ ինձ իմ ուզած գրքերը տայ: «Մանկական գրականութիւն պիտի կարդաս սկզբից»,- յորդորում էր նա: Ես զայրացել էի: Գրադարանից լացակումած դուրս եկայ ու այնքան էի ատում այդ գրադարանն այդ օրը: Երեկոյեան խնդրեցի մեր հարեւանուհու աղջկան, որ 9-րդ դասարանում էր, գրադարանից բերել այդ գրքերը: Յաջորդ օրն ունեցայ այդ գրքերը: Ինձ թւում էր, թէ կը կարողանայի գտնել այդ աղջկայ, դաշնամուրի, կիսատ մնացած, անկատար երազանքների ինչուները: Բայց գրքերում ամէն ինչ վերացական էր: Կային հարցեր, որոնք շատ աւելի ուշ ստացայ:
Արդէն լրագրող էի: Մի առիթով գնացել էի Գիւմրի: Շուկայի մօտ իջայ: Քայլում էի, ուշադիր հետեւում էի մարդկանց: Ամէն ինչ միւս քաղաքների պէս էր` սովորական անցուդարձ, հոգսեր, հոգսերի մէջ լողացող մարդիկ: Գիւմրիի աւտոկայանի մօտ հասայ: Այստեղից Գիւմրին փոխուեց: Տնակային թաղամասն էր բացւում: 88-ից յետոյ հազարաւոր ընտանիքներ կորցրեցին իրենց տները: Նրանցից շատերը ժամանակաւոր ապաստան գտան երկաթեայ տնակներում: Բազմանդամ ընտանիքները ապաստան են ստացել երկաթեայ մի փոքրիկ տնակում, որտեղ դժուար է պատկերացնել անգամ այդ տեղաշարժուելը: Մէկ սենեականոց տնակն իր մէջ ամբողջացնում է խոհանոց, ննջասենեակ, հիւրասենեակ: Մարդիկ յարմարուել են, բայց յարմարուել են ոչ թէ այդ պայմաններին, այլ տարիների սպասմանը, որ մի օր բնակարան ստանալու իրենց հերթն էլ կը գայ: Այսօր 4000-ից աւելի ընտանքիներ դեռեւս անօթեւան են Գիւմրիում: Հիմա ինչ էլ գրենք, ինչ էլ մտածենք, միեւնոյնն է` դժուար է պատկերացնել նրանց յոյզերը: Իսկ ամենայուզիչն այն է, որ կարիքներից կծկուած այս մարդիկ իրենց հացի վերջին կտորը պատրաստ են կիսել հիւրի հետ:
Ես նորից յիշեցի իմ «մեծ» գնումը, սպիտակ ժանեակներով սեւ թուղթը, որ որտեղ մի բարի պապիկ գրել էր. «Քեզ համար, Հայաստան»` «Քեզ համար նոր գարուն կը գայ եւ պայծառ կը շողաս նորից…»…
Երեւան

