Մենք Մերն Ենք Լինելու

ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ 

HamoSahyan_AR_Նոր տարի է գալիս: Ուզում եմ շնորհաւորանքի խօսքեր գտնել իմ տոհմ ու տակի աւագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի եւ փոքրերի համար…

Ուզում եմ յետ նայել, յետ գնալ, վերապրել անցածը, մէկ տարուայ մնացածը: Ուզում եմ շնորհակալութեան ու շնորհաւորանքի խօսքեր գտնել իմ ժողովրդի փետրուարեան խիստ ու խելօք ընդվզումների համար, դարաւոր ստրկութեան վախից ձերբազատուելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթօնքի, միահամուռ կամքի, միասնութեան ու միաբանութեան նրա աստեղային ժամի համար. իր ինքնաճանաչման գիտակցութիւնը դարի ճակատին արձանագրելու համար. իր երդաշէն վաստակի եւ երդանուէր ոգու համար, կորցրածը յետ բերելու իր առաջին յանդուգն փորձի համար:

Ուզում եմ, բայց… բառերն արտասուք են դառնում, մտքերը` մշուշ, զգացմունքները բոց ու կրակ են դառնում եւ ինձ այրում են: Ես մի բուռ մոխիր եմ դառնում, յետոյ մոխրից յառնում եմ եւ ինձ գտնում եմ դարձեալ նոյն դժոխքի մէջ…

Նորից որբի հայրենիք, նորից ողբի հայրենիք: Քանդուքարափ քաղաքներ, ծուխը կտրուած գիւղեր, պատրանք դարձած բարուրներ, դագաղ դարձած օրօրոցներ, գերեզման դարձած տներ, որբեր, որբեւայրիներ, անօթեւան այրեր…

եւ Նոր տարի է եկել: Ես ու անտառի եղեւնին իրար ենք նայում եւ իրարից ամաչում ենք: Նա իր երեսը ծածկում է ձիւնով, եւ իմը` ձեռքով… Նոր տարին է եկել…

Այսքա՜ն մեռել. այսքա՜ն ցաւեր.
Որի՞ն ողբամ, ո՞րը ողբամ:
Ա՜խ. մեր բախտի սեւ դեկտեմբեր.
Քո եօթերորդ օրը ողբամ:
Երբ աշխարհ է մեզ հետ ողբում.
Շատ չէ. եթէ մինչեւ անգամ
Ես այս Ամանորը ողբամ:

Դաժան էր այս Ամանորի նախօրէն: Թող ինքը բարի լինի, համախմբուածութիւն, կամք ու կորով տայ մեր ժողովրդին` իր վէրքերն ապաքինելու համար: Մեր ժողովուրդը պինդ ժողովուրդ է: Նա աւելի մեծ աղէտների միջով է անցել, իր հողի վրայ ծիլ տուել ինքն իր միջից. աճել, զօրացել է` էութեան մթին խորքերոմ թաքուն պահպանելով իր ինքնութիւնը, իր գոյնը, իր համն ու հոտը:

Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կայ, քանի աշխարհում մարդկութիւն կայ եւ մարդկութեան մէջ` մարդկայնութիւնը: Իսկ մարդկայնութիւնը մեզ կարեկից եւ աջակից եղաւ մեր ամենածանր վշտի պահին:

Ով իր խղճի ստրուկն է, նա իր գլխի տէրն է դառնալու, ինչ էլ պատահի….

Մենք մերն ենք լինելու,
Մենք տէրն ենք լինելու…

Այս հաւատով էլ ոտք դնենք Նոր տարուայ սեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք` շնորհաւո՜ր Նոր տարի:

 

 

 

Share this Article
CATEGORIES