Սպիտակի Աղէտին 25-ամեակին Առիթով Յղած Իր Ուղերձին Մէջ. «Էլ Աւելի Ենք Հզօրանալու Մեր Համախմբուածութեամբ` Յաղթահարելով Ծառացած Բոլոր Մարտահրաւէրները» Կ՛ըսէ Դեսպան Աշոտ Քոչարեան

Ashod KocharianԵրէկ Լիբանանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան Սպիտակի երկրաշարժին 25-ամեակին առիթով լիբանանահայութեան յղեց հետեւեալ ուղերձը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 7-ին լրանում է 1988 թուականի Սպիտակի աւերիչ երկրաշարժի 25-ամեայ տարելիցը: Կործանարար երկրաշարժի հետեւանքով աւերուեցին 11 քաղաքներ, 58 գիւղեր,  տուժեցին 21 քաղաքներ եւ 342 գիւղեր: Աւերիչ երկրաշարժը պատճառ դարձաւ մեծ թուով մարդկային զոհերի: Երկրաշարժը խլեց աւելի քան 25,000 մարդու կեանք, վիրաւորուածների եւ անօթեւան մնացածների թիւը հասաւ համապատասխանաբար 31,000-ի եւ 514,000-ի: Շուրջ 13,000 վիրաւորուածներ տեղափոխուեցին հիւանդանոց, որոնցից 75,000` Հայաստանից դուրս` նախկին Խորհրդային Միութեան առողջարաններ: Աղէտի գօտուց տարհանուեցին 120 հազար մարդիկ: Աշխարհի տարբեր երկրները, միջազգային կազմակերպութիւնները, անհատներն ու բարերարներն իրենց մարդասիրական օգնութեան ձեռքը մեկնեցին Հայաստանին: Տարբեր երկրներից ժամանած փրկարարների եւ նրանց յատուկ սարքաւորումների օգնութեամբ փլատակների տակից յաջողուեց հանել 45,000 մարդու:

Երկրաշարժը մեծ հարուած հասցրեց Հայաստանին` պատճառելով  տնտեսական եւ նիւթական վիթխարի վնաս: Երկրաշարժի հետեւանքով նիւթական կորուստները կազմեցին շուրջ 10 միլիառ ամ. տոլար:

Այսօր մենք կրկին անգամ յարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհուածների յիշատակին: Օգտուելով առիթից,  կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպութիւններին, անհատներին, մեր հայրենակիցներին, լիբանանահայ եղբայրներին եւ քոյրերին իրենց մեծահոգի աջակցութեան համար երկրաշարժից տուժած ընտանիքներին:

Ձեր կազմակերպուած ու հետեւողական համայնքը զօրավիգ եղաւ եւ աջակցեց Հայաստանին եւ Արցախին ճակատագրական պահերին:

Մեր նորանկախ պետութիւնն էլ իր ստեղծման օրուանից դիմակայել է բազմաթիւ դժուարութիւնների: Այսօր մենք ունենք ամրացած հայոց պետութիւն, հզօր հայոց բանակ, որ գոյութեան ու անվտանգ ընթացքի անսասան երաշխիքն է, բաց զանազանեցուած տնտեսութիւն, կանգուն հասարակական կառոյցներ, իր իրաւունքներին իրազեկուած բնակչութիւն: Յաջողութիւններ են արձանագրւում տեղեկատուական արհեստագիտութեան, գիւղատնտեսութեան, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին օժանդակութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան բնագաւառներում, զարգանում է զբօսաշրջութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնն այդ ամէնին հասել է համեստ միջոցների, Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից շարունակուող անօրինական շրջափակման պայմաններում:

Հայաստանը գրաւիչ է դարձել աշխարհասփիւռ մեր հայրենակիցների եւ օտարերկրեայ զբօսաշրջիկների համար: Հայաստանում անց են կացւում կարեւոր միջազգային համաժողովներ, շարժապատկերի եւ երաժշտական փառատօններ, մարզական մրցաշարեր, միջազգային եւ համահայկական կարեւորութիւն ունեցող միջոցառումներ: Օրէցօր խորանում է Հայաստան-սփիւռք գործակցութիւնը:

Համոզուած եմ, էլ աւելի ենք հզօրանալու մեր համախմբուածութեամբ, մեր միասնութեամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամութեամբ` յաղթահարելով ծառացած բոլոր մարտահրաւէրները:

ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ

 

Share this Article
CATEGORIES