Նամակ Երեւանին

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

p12-armine-minasianԵրեւան ջան, ես քեզ սիրում եմ . . .  Ո՛չ,  ո՛չ,  Երեւան ջան, ես քեզ շա՜տ շա՛տ եմ սիրում . .

Ուշ գիշեր է, ու դարձեալ չեմ կարողանում քնել. . . խնդիրներ կան, որոնք նեղում են հոգիս. սիրտս լիքն է, ուզում եմ կիսուել քեզ հետ ու լսելի դարձնել չլսողներին, անտեսներին, անտարբեր մարդկանց ու հայրենասէրներին:

Թէեւ կարճ ժամանակով, բայց եւ երազներիս ու կեանքիս ամենավառ պահերն եմ ապրում, երբ լինում եմ քո մօտ, քո գրկում. շնչում ու ապրում եմ կրկին ու կրկին քո սիրով, քո քարակերտ պատմութիւնով, քո վէրքերով, երգերով ու վերելքներով:

Անկախութեան օրից մինչ հիմա շա՜տ ամպեր են անցել գլխովդ, ունեցել ես նաեւ վերելքներ, որոնք պարծանքն են ամէն մի հայի:

Ծաղկազարդ քաղաք, աննման իմ Երեւան, ների՛ր ինձ, որ բաց պիտի անեմ բոլորի առջեւ մի քանի կարեւոր կէտեր, որոնք մրոտում են քո աննման դէմքը:

Շէնքերի մուտքին ու նրանց շրջակայքում կուտակուած աղբի նեխուածութեան անախորժ հոտն անտանելի է դառնում անցնող-դարձողների համար: Քաղաքի մաքրութեան հանդէպ մարդկանց անտարբերութիւնը ինձ տխրեցնում է:

Պետութեան կողմից շատ գեղեցիկ ու յարմարաւէտ նստարաններ են դրուած Երեւանի գեղատեսիլ այգիների, որոշ փողոցների ու շէնքերի մօտակայքում. բայց արի ու տես, որ որոշ անդաստիարակ մարդիկ նստած` արեւածաղիկ են չռթում, ծխում ու թափում հէնց իրենց ոտքերի տակ չորս ոտանի կենդանու պէս ու թողնում հեռանում: Մաշտոցի լայնատարած ու գեղեցիկ պողոտայի վրայ տեղադրուած նստարանների եւ հաստաբուն ծառերի շուրջը վերածուած է հանրային մոխրամանի եւ գործ է ածւում որպէս աղբաման: Չեմ հասկանում` ինչո՞ւ չի արգելւում արեւածաղկի սերմի վաճառքը փողոցներում: Միայն ո՛չ քաղաքակիրթ ժողովուրդն է կարող այդպէս անվայելուչ կերպով ուտել ու թափել փողոցներում: Մեր քաղաքը մեր տունն է: Ինչո՞ւ քարոզչութիւն չի լինում այս նպատակով:

Քարոզչութիւն չի արւում նաեւ արտագաղթի դէմ: Հաւատացէ՛ք, ժողովուրդ, դրսում գտած թանկագին քարերը երբեք քո իրական զարդը չեն դառնայ: Դա փայլում, փայլատակում է միայն հեռուից. . . բայց երբ մօտենաս ու ձեռք  տաս, կ՛այրի ձե՛ռքդ, հոգի՛դ եւ նոյնիսկ` մարմինդ:

Երեւան ջա՛ն, քո լեզուն հայերէնն է, քո մայրենի սուրբ լեզուն, քո անուշահամ բարբառը, բայց ես տեսնում ու լսում եմ օտար լեզուի բառերի ներմուծութիւնը քո գանկի մէջ: Այս ովքե՞ր են պղտորում քո հոգին ու մրոտում քո սուրբ օճախը` մեսրոպատառ քո սուրբ դէմքը:

Ա՛խր, ժողովուրդ ջան ինչո՞ւ, ի՞նչ ենք ցանկանում ապացուցել օտար լեզուի բառերը հնչեցնելով մեր նորահաս սերնդի հոգու խորքերը, երբ մենք ունենք նոյն բառի ճիշդ միտքն ու նշանակութիւնը: Հապա ինչո՞ւ ենք  մեզ սփիւռքի մէջ չարչարւում հայ դպրոցներ, հայ մշակոյթ, հայ լեզուն պահպանելով, երբ հայրենիքի մէջ օրէցօր աճում են օտար լեզուի բառերը:

Բաղրամեան փողոցով քայլելիս տեսայ, որ մի տեղ հայերէնով գրուած էր` «Չիլդրընս Փլես, եւ ոչ թէ` մանկատուն կամ երեխաների վայր-խաղավայր, եւ այլն. արդեօք ո՞ւմ համար է գրուած այդ, հայ մօր համար, թէ՞ «երեխայիս ուղարկում եմ Չիլդրնս Փլես»ը», թէ՞ հէնց այդ նորահաս մանուկի, որ խօսի օտար լեզւով, հայերէն տառերով: Բայց չէ՞ որ կարելի է գրել անգլերէն անունները անգլերէնով եւ հայերէնը` հայերէնով: Մի ուրիշ ցուցափեղկի վրայ խանութը փակուելու կապակցութեամբ գրուած է` լիկվիդացիոն գներ: Յաղթանակի այգու մի խաղավայրի ցուցափեղկի վրայ գրուած է` Էթենցիասոն, արդեօ՞ք սա յաղթութիւն է, թէ՞ նուաստացում ու պարտութիւն… Հեռուստատեսութեան մի ծրագրում խօսւում է, թէ այստեղ քննարկում ենք լոքալ խնդիրներ, մասնակցողներից մի ուսուցիչ  թէ` տղան զգացել էդիսքամֆըրթ:  Նոյնիսկ մեր  գրականութեան, եւ օրաթերթերի մէջ յաճախ են ներխուժում օտար բառերը հայերէն տառերով: Կրթութեան եւ մշակոյթի պաշտօնեաներից մէկը խօսք ուղղելով սփիւռքից ժամանած երիտասարդութեան` ասաց «Շատ ուրախ եմ ձեր ներկայութեան համար, աշխատէք ակտիւօրէն մասնակից լինել հայերէն խօսելու»:  Սովորական խօսքերի մէջ են եւ նոյնիսկ հայերէնով գրւում` ինշուրենս, կոնկրետ, ռիալ, պրակտիկ, իւնիվըրսալ, դիզայն, ակտիւիստ, փիարի խնդիր ունենք, կոնկրետ սբջեկտիվ եմ խօսում… եւ հարիւրաւոր նման բառեր: Եթէ մեր լեզուի մէջ չկայ նոյնանիշ բառերը, հասկանալի է, բայց ինչո՞ւ, ինչու՛ այսքան օտարամոլութիւն:      Ինչու՞ քարոզչութիւն չի լինում խօսելու մեր դասական մաքուր լեզուն, բարձր պահելու եւ պահպանելու մեր հայ ազգի ինքնութեան նկարագիրն ու իր հարուստ մշակոյթը, նաեւ` աշխատանք տանել մեսրոպեան ուղղագրութեան խնդրում: Չէ՞ որ նոր ուղղագրութիւնը ստեղծուեց սփիւռքահայութիւնը բաժանելու Հայաստանից: Միանանք, հայե՛ր:

Հայաստան ջա՛ն, ների՛ր ինձ, որ գալիս եմ քո տրտմութիւնդ  խանգարելու,  մի միայն ցանկութիւնս էր դրսեւորել ա՛յն, ինչ որ յարատեւ տանջում, տոչորում է նաեւ քո վեհ հոգին, ինչ որ տրորում է քո բարձունքները: Գիտե՛մ, երբ քո սիրտն էլ  է լիքն  ու խօսել չես կարողանում, երբ օտար մարդիկ ճեղքում են սիրտդ, վիրաւորում ծաղկաշէն բարձունքներդ, լեռներդ ու տանում այն ինչ որ քոնն է, ինչ որ քո բնատուր հանքերի հարստութիւնն է…  յետոյ, անխնայ պղտորում քո զուլալ ջրերը, մի ողջ ժողովրդի կենսատու գոյութեան հիմնական նիւթը: Ախր իմ սիրտն է լիքը, Հայաստան ջան, ու լացել չեմ կարողանում… Ների՛ր ինձ:

Եւ վերջապէս, հայրենի՛ք ջան, ի խորոց սրտի ցանկանում եմ քեզ խաղաղութիւն, մեծամեծ վերելքներ, բարութիւն եւ արդարութիւն` անխտիր բոլորի համար:

 Ամենայն սիրով`
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նոյեմ. 2013,  Նիւ Եորք

Share this Article
CATEGORIES