«Ասեկոս» Կայքի Հարցազրոյցը Հայաստանում Սփիւռքի Գործարար Կարպիս Թիթիզեանի Հետ – «Լեւոն Թրաւել»
«Հայաստանում Պիզնեսի Ոլորտում
Աշխատելու Համար Պէտք Է
Մեծ Կամք Ու Համբերութիւն Ունենալ»

Վարուժան Գունտաքճեան, Միքայէլ Պօղոսեան, Հրանդ Թոխադեան եւ Կարպիս Թիթիզեան
ՀԱՐՑՈՒՄ.- Դուք Հայաստանում գործարարութեամբ զբաղուած առաջին սփիւռքահայն էք: Ի՞նչ դժուարութիւններ կային այն տարիներին եւ, ըստ ձեզ, որո՞նք են այսօրուայ դժուարութիւնները սփիւռքահայ գործարարների համար Հայաստանում:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- 1989-90թթ., երբ ես սկսում էի իմ գործունէութիւնը Հայաստանում, այն դեռ անկախութիւն ձեռք չէր բերել: Այն տարիներին դեռ չկար պետականութիւն, եւ դաշտում գործում էին ԽՍՀՄ օրէնքներ: Հիմնական խնդիրը օրէնսդրային դաշտի բացթողումներն էին, վստահութեան պակասը, համակարգային մի շարք թերութիւններ: Բարեբախտաբար ժամանակի ընթացքում մի շարք խնդիրներ մեր երկրում կարգաւորուեցին հնարաւորինս: Պէտք չէ մոռանալ, որ երկիրը պատերազմական վիճակում էր, եւ մի շարք խնդիրներ հասկանալի էին դառնում: Ես առաջիններից էի, ով մտահոգուած էր պիզնեսի եւ օրէնքի համագործակցութեամբ: Առաջինն էի նաեւ որպէս սփիւռքահայ ներդրող Հայաստանում: «Լեւոն Թրաւել»-ի մեր գրասենեակը միակն էր այն տարիներին Հայաստանում, որ արեւմտեան չափանիշներով էր ստեղծուած` ե՛ւ աշխատանքի ոճով, ե՛ւ արտաքին տեսքով: Բոլորը զարմանում էին, անվերջ նկարահանումներ էին տեղի ունենում մեր գրասենեակում:
Այսօր սփիւռքահայ գործարարների համար մի շարք խնդիրներ կան հայկական շուկայում: Դրանցից ամենացաւալի խնդիրն ինձ համար ազատ շուկայական յարաբերութիւնների բացակայութիւնն է, բնակչութեան թուի նուազումը: Հայաստանում պիզնեսի ոլորտում աշխատելու համար պէտք է մեծ կամք ու համբերութիւն ունենալ: Բոլորն էլ սրտացաւ են սեփական հայրենիքի համար, բայց նաեւ խնդիր ունեն աշխատելու առողջ մթնոլորտում:
Հ.- Ձեր կազմակերպութեան անուանումը շատերին շփոթութեան էր մատնում ու ոմանք կարծում էին, թէ այն կապ ունի Հայաստանի առաջին նախագահի հետ: Նոյնիսկ անեկդոտ կար` Լեւոնը թռաւ էլ, իջաւ էլ® Դուք լսե՞լ էք այդ ասեկոսների մասին:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Բնականաբար ես լսել եմ այդ կատակների մասին, եւ դրանք իսկապէս զաւեշտալի էին այդ տարիներին: «Լեւոն Թրաւել»-ը ստեղծուել է 1958 թ.-ին, Լիբանանում, 1981 թ.-ին` Լոս Անճելըսում, 1990 թ.-ին` Երեւանում, 1995 թ.-ին` Թիֆլիսում եւ 2000-ին` Ստեփանակերտում: Պարզ է, Հայաստանի առաջին նախագահի հետ կապ կը տեսնէին անունների համընկման պատճառով, բայց դա չափազանց հեռու է իրականութիւնից:
Հ.- Այսօր նոյն աշխուժութեա՞մբ է աշխատում «Լեւոն Թրավըլ» ընկերութիւնը:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Մեր պիզնեսը զարգացող է եւ այդ պատճառով աւելի աշխուժ է աշխատում այսօր: Այն ժամանակ, երբ մենք սկսում էինք, զբօսաշրջութիւնը դեռ զարգացած չէր, իսկ այսօր բարեբախտաբար մեծ աշխատանք է տարւում այդ ոլորտում: Մեր գրասենեակները աշխուժօրէն աշխատում են չորս քաղաքներում: Մենք փորձում ենք Միացեալ Նահանգներից Հայաստան ուղեւորութիւնների թիւը զարգացնել: Բացի այդ, աշխուժ աշխատում ենք հասարակական գործունէութեամբ, խթանում ենք արուեստի ու շօ պիզնեսի զարգացմանը: Բարեգործական գործունէութիւն եւս ծաւալւում է, բայց այդ մասին խօսել չեմ սիրում:
Հ.- Դուք նաեւ սերտ յարաբերութիւններ ունէք շօ պիզնեսի հետ. դրանք համագործակցութեա՞ն սահմաններում են, թէ բարեգործութեան:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ես երբեք ֆինանսական նպատակներ չեմ հետապնդել արուեստի եւ շօ պիզնեսի մարդկանց հետ համագործակցութեան դէպքում: Ինձ համար կարեւոր է իմ ուժերի սահմաններում օգնել հայ արուեստագէտին` կատարելու իր աշխատանքը, մնալ Հայաստանում ու զարգացնել ոլորտը: Սա ինձ հետաքրքրող դաշտ է: Ես ստեղծել եմ «Կլոպալ արթս» ընկերութիւնը, որը նախաձեռնել է մի շարք ներկայացումներ, համերգներ ինչպէս արտերկրում, այնպէս էլ` Երեւանում: Օրինակ, մեր նախաձեռնութեամբ համերգներով Երեւանում են եղել աշխարհահռչակ Խուլիօ Իկլեսիասը, Եանին եւ այլոք:
Հ.- Ի՞նչ կարծիքի էք Հայաստանում առկայ այժմեան շօ-պիզնեսի, կատարումների, տեսահոլովակների մասին:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Եթէ շօ պիզնեսը համեմատենք նախկին տարիների հետ, ապա այսօր այն բաւականին բարձր մակարդակի է: Մի շարք հարցեր զարգացել են, ամենակարեւորն ինձ համար` ժամանակ առ ժամանակ տեսնում եմ ստեղծագործական մօտեցում: Ամէն կերպ պէտք է խրախուսել երիտասարդներին` ցոյց տալու համար իրենց հոգու ու մտքի կապը:
Հ.- Որո՞նք են մեր շօ պիզնեսի առանձնայատկութիւնները, թերութիւնները, զաւեշտները, գրաւչութիւնն ու վանող փաստերը:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ես հակուած եմ յայտնի գովազդի նման` բաժակը կիսով չափ լիքը տեսնել, ոչ թէ` կիսով չափ դատարկ: Պարզ է, թերութիւններ կան, բայց դա պէտք է համեմատել երկրի ու տնտեսութեան չափերի հետ: Բոլոր ժամանակներում էլ եղել են անորակութիւններ, թերութիւններ ու անճաշակ արտադրանք: Բայց դրանք անմիջապէս մոռացւում են, երբ տեսնում եմ տաղանդաւոր երիտասարդ սերնդի ձգտումները: Հայկական շօ պիզնեսի ներկայացուցիչները յաճախ հեռու են միջազգային չափանիշներից, բայց դա միշտ չէ, որ կապուած է տաղանդի հետ:
Հ.- Հայ շօ պիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ էք ընկերութիւն անում եւ համագործակցում:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Արձագանգում եմ բոլոր խելամիտ ու նորարար առաջարկներին: Մենք կազմակերպում ենք ոչ միայն համերգներ, այլեւ` թատերական ներկայացումներ: Վերջին աշխատանքներից` համերգներ Լոս Անճելըսի լաւագոյն համերգասրահներում Արման Յովհաննիսեանի, Ռազմիկ Ամեանի, Լիլիթ Յովհաննիսեանի, Միհրան Ծառուկեանի, Ռաֆայէլ Երանոսեանի, Արփինէ Գաբրիէլեանի եւ այլոց հետ: Ներկայացումներ` Հրանդ Թոխատեանի, Նարեկ Դուրեանի, Լալա Մնացականեանի եւ այլոց հետ: Նոր մօտեցմամբ Կոմիտասի դասական երգերով համերգ` Երգի պետական թատրոնի եւ Արթուր Գրիգորեանի հետ: Մեր աջակցութեամբ են ի կատար ածուել նաեւ Միքայէլ Պօղոսեանի «Եթէ բոլորը» ժապաւէնը եւ «Բարի գալուստ» ներկայացումը: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, դա տարիների աշխատանքն է:
Հ.- Դուք յաճախ էք Երեւանում` ձեր տանը, մտերմիկ հանդիպումներ կազմակերպում. ովքե՞ր են լինում հիւրերն ու ինչ նպատակներ ունեն այդ հաւաքները:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Իմ տան դուռը միշտ բաց է ոչ միայն շօ պիզնեսի, այլեւ իւրաքանչիւր արուեստագէտի համար: Հայաստանում ժամանակ առ ժամանակ եմ լինում եւ յաճախ ընկերներիս հասցնում եմ կարօտել: Յարմար առիթի դէպքում միշտ հաւաքւում ենք իմ տանը: Բոլոր այդ հանդիպումները ընկերական են, բայց միշտ էլ հետաքրքիր գաղափարներ են ծնւում արդիւնքում:
Հ.- Երեւանում ի՞նչ փոփոխութիւններ էք նկատում անցած 25 տարիների ընթացքում: Դրանք դրակա՞ն, թէ՞ բացասական էք գնահատում:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Փոփոխութիւնները ժամանակի արդիւնք են: Բնական է` դրանք ե՛ւ դրական են, ե՛ւ, ցաւօք, բացասական: Տեսանելի դրական փոփոխութիւններից բացի, կան մի շարք թերութիւններ, որոնք իսկապէս ցաւալի են: Ինձ մեծ ցաւ է պատճառում, երբ տեսնում եմ առողջ, բայց աշխատել չցանկացող երիտասարդի, շատ աշխատող, բայց սոված մարդու® Կրթութիւնը բարձր մակարդակի է, բայց արդիւնքում չեն ստեղծւում համապատասխան հաստիքներ տաղանդաւոր ու խելացի շրջանաւարտների համար: Իրականութիւնն այն է, որ աշխատատեղեր չկան, արդիւնաբերութեան խնդիրներ կան, ուղեղների արտահոսք ու արտագաղթ կայ:
Հ.- Ո՞րն է հայի իտէալական կերպարն ըստ ձեզ:
ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶԵԱՆ.- Հայը ամենահամբերատար, տաղանդաւոր, ազգային ոգի ունեցող, բանական ազգերից է: Ես ուզում եմ հային այսօր տեսնել հայի նման: Այն հայի, որ եղել է ու դեռ շարունակելու է մնալ այդպիսին: