Մարդն Իբրեւ Երկրի Ջիղ
ԴԱՒԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Զուարթնոցի հարեւանութեամբ մի ջրհոր կայ` վաղեմի, պատմական, որի խորութիւնը մօտաւորապէս 58 մեթր է, ճիշդ այնքան, որքան եղել է տաճարի բարձրութիւնը: Սա ընդամէնը ֆիզիքական իրողութիւն է, բայց հազիւ թէ պատահական համապատասխանութիւն, որովհետեւ սրա մէջ կամայ թէ ակամայ ընթերցւում է մի առանձնայատուկ խորհուրդ. իսկական բարձրութիւնները չափւում եւ դրանով իսկ կրկնակի բովանդակութիւն են ստանում… խորութեամբ, քանի որ կենսատու ջրերը գալիս ու յագեցնում են մեր ծարաւը ընդերքներից, իսկ բարոյական ձգտումները` մղում դէպի վեր:
Սօս Սարգսեանին հրաժեշտ տալու տխրալի օրերին ես անընդհատ մտաբերում էի այդ փիլիսոփայական ջրհորը, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր իրենց ստեղծագործութեամբ ու վարքով կարողանում են նուաճել համաժողովրդական սէր, որին եւ տարիների ընթացքում գումարւում է ոչ պակաս համաժողովրդական պատկառանքը, այդ ջրհորի նման բարձրախորն են` ամէնքիս ակունքների հետ կապող:
Հայ մարդու ինքնահասցէն` հայ արուեստագէտի կերպարի մէջ: Այսինքն` հողի ու մարդու դաշնութիւն: Սօսն այդպէս էր ընկալւում ահել ու ջահելի հայեացքով` իւրաքանչիւրիս տան շեմին խնձորի ծառ տնկող Նահապետից մինչեւ հրացանը պինդ բռնած Ձորի Միրոն: Նրա դերը չէր մնում դեր. դառնում էր համարժէք կեցութիւն, շարունակւում բնականօրէն ու հաւաստի, որպէս տղամարդու ու մտաւորականի վարքագիծ: Հաստատուն առանցքի ներկայութիւնը` մանաւանդ անհաստատ ժամանակների բովում: Հրանդ Մաթեւոսեանը կ՛ասէր` երկրի ջիղ:
Զարմանալի դէմք էր` անընդհատ հոսող ժամանակի մէջ աւելի ու աւելի մօտենալով հայկական խստախորհուրդ բնապատկերին, մեր հողի կնճիռներին, ժայռեղէն ելուստներին, մագաղաթի ծալքերին եւ այդ մագաղաթների վրայ դաջուած մեսրոպատառ գրին: Հնարաւոր է` հէնց այդ դէմքն է ունեցել Արարատեան դաշտավայրում ցորենի առաջին հասկը քաղող մշակը: Կամ միջնադարեան դպիրը: Կամ խաչքարագործը: Հեռաւոր լեռնավանքի ճգնաւորը եւ, ի հարկէ, ռանչպարն ու այգեպանը, Մարաղայի ճակատամարտից հարիւրամեակների միջով դէպի Սարդարապատի ճակատամարտ շտապող աշխարհազօրականը:
Այս զգացողութիւնն արթնանում էր «Մատենադարան» հեռուստապատումի յաջորդուող պրակները դիտելիս: Ասացողը` Սօս Սարգսեան, ֆիլմից ֆիլմ նոյնանում էր այն անձանց ու կերպարների հետ, լինեն դրանք անանուն թէ յայտնի, ում մասին պատմում էր մեզ եւ ում անունից խօսում: Գեղեցիկ ու խորհրդանշական մի տեսիլք, երբ անհատ մարդու անկրկնելի Ես-ը դառնում է համաժողովրդական Մենք:
Այդ Մենք-ը ծափահարում էր նրան` Մաշտոցի պողոտայի պատշգամբներից ու պատուհաններից, երբ Սօս Սարգսեանը անցնում էր իր վերջին, արդէն անմահկանացու ճանապարհը: Այսպիսի տեսարանները հնարաւոր չէ բեմադրել: Այսպիսի դէպքերում ստեղծագործում է կեանքը` արուեստագէտի ստեղծագործութեանն ու կեանքին ի պատասխան:

