Թուրք Յօդուածագիր. «Իսլամացուած Հայերի Շշուկները Ճիչ Են Դարձել»
«ԷՐՄԵՆԻՀԱՊԵՐ» կայքէջ
Թուրք յայտնի լրագրող Ճենկիզ Աքթարը նոյնպէս անդրադարձել է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, իսլամացուած հայերի հարցերին: Նրա յօդուածում, որը հրապարակուել է թուրքական «Թարաֆ» թերթում հակադրւում են մի կողմից Թուրքիոյ պատմագիտական ընկերութեան նախագահ Մեհմեթ Մեթին Հիւլկիւի, միւս կողմից` Հրանդ Տինքի այրու` Ռաքելի եւ պատմաբան Թաներ Աքչամի կարծիքները:
Ըստ Թուրքիոյ Պատմագիտական ընկերութեան նախագահի` Թուրքիոյ պատմութեան մէջ որեւէ ամօթալի արարք չի եղել եւ դեռ հակառակը` նրանք Սպանիայից փրկել են հրեաներին: Իսկ 2015 թուականից չեն վախենում, քանի որ այսօր էլ նոյն հարցի առաջ են կանգնած, եւ 2015 թ. որեւէ փոփոխութիւն չի բերելու:
«Որեւէ փաստ չկայ, որ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, եթէ լինէին, դրանք բերելու համար 100 տարի չէին սպասի», ասել է Հիւլկիւն` յայտարարելով, որ Հայկական հարցը Տարտանելի հարցի մի մասն է, քանի որ եթէ Ֆրանսան չմտնէր Տարտանել, Հայկական հարց էլ չէր լինի: Իսկ հայերին էլ խորհուրդ է տալիս իրենց հարցերի պատասխաններն Անգլիայից, Ֆրանսայից, Ռուսաստանից պահանջել:
Յօդուածագիրը Պատմագիտական ընկերութեան ղեկավարի կարծիքը բնորոշել է որպէս պետութեան քարացած մտածելակերպ, որի անօգնականութեանը հակառակ` հասարակութիւնը իրականութիւնը իմանալու համար շարունակում է իր փնտռտուքները:
«Սրի տակով անցածների շշուկները հնչեղութիւն են ստանում: Ինչե՞ր էին ասում շշուկով, իրենց ցաւե՞րն էին պատմում, կարօ՞տը, թէ՞ կորուստները: Գուցէ շշնջում էին` ինչպիսի՞ դաժանութեամբ են իրենց բաժանել սիրելիներից, կամ գուցէ շշնջում էին իրենց ոչնչացուած մշակոյթի՞, գուցէ եւ լեզուի՞ մասին, որն այլեւս չէր կիրառուելու, կամ էլ ստիպողաբար փոխած հաւատքի՞ մասին: Իսկ նրանց այլեւս ոչ ոք իրենց իսկական անուններով չկանչեց… Պարզապէս կրկին ապրելու համար իրականում ոչնչացուեցին, մահացան, մինչդեռ ողջ էին: Իսկ այժմ այդ թաքուն շշուկները հզօր ճիչի են վերածւում», յօդուածագիրը, մէջբերելով իսլամացուած հայերի մասին Ռաքել Տինքի ելոյթից մի հատուած, նշում է, որ կեանքը փրկելու համար աղջիկների մահմետականացման պատճառով այսօր Թուրքիայում հայկական արմատներ ունեցող գրեթէ միլիոնի հասնող մահմետական կայ:
Աքթարը ներկայացնում է նաեւ Թաներ Աքչամի կարծիքը, ըստ որի, Ցեղասպանութեան մշակութային չափերը ակներեւ են: Աքչամը ընդգծում է, որ Անատոլիայի քրիստոնեայ բնակչութեան գոյութիւնը երիտթուրքերի կողմից դիտարկւում էր որպէս թուրք ազգի սպառնալիք եւ այդ հարցը փորձում էին լուծել աքսորի, կոտորածի եւ ձուլումի միջոցով:
Սակայն միեւնոյն է` ո՛չ յիշողութիւնը կարողացան ջնջել, ո՛չ էլ պատմութիւնը: Այժմ այդ յիշողութիւնը վերադառնում է: