50 Տարի Առաջ (16 Դեկտեմբեր 1963)
Ս. Յակոբ Եկեղեցւոյ Տօնախմբութիւնը
Վեհափառը Արժանացաւ
Ջերմ Ընդունելութեան
Երէկ` կիրակի, 15 դեկտեմբեր 1963, Ս. Յակոբի տօնին առթիւ, Էշրեֆիէի Ս. Յակոբ եկեղեցւոյ տօնակատարութիւնը կատարուեցաւ մեծ շուքով:
Այս առթիւ Խորէն Ա. կաթողիկոս պիտի հովանաւորէր տօնախմբութիւնը եւ պիտի տար իր հովուապետական առաջին այցելութիւնը:
Բոլոր պատրաստութիւնները տեսնուած էին ժողովրդային արժանավայել շուքով ընդունելու վեհափառ հայրապետը:
Ամբողջ թաղը դրօշազարդուած էր լիբանանեան ազգային դրօշակներով: Յաղթական կամարներ կանգնեցուած էին եւ պաստառներու վրայ գրուած էր` «Բարի եկաք, վեհափառ տէր»:
Անթիլիասէն մինչեւ Էշրեֆիէ վեհափառը աւելի քան 50 ինքնաշարժներու թափօրով մը առաջնորդուեցաւ: Ճերմակ տուներու սկիզբէն մինչեւ եկեղեցի խուռներամ հաւատացեալներու անդադրում ծափերուն արժանացաւ:
Եկեղեցւոյ անկիւնադարձի կամարին տակ ոչխար մը զենուեցաւ: Ոստիկանական ջոկատ մը զինուորական պատիւներ ընծայեց: Պուրճ Համուտի ՀՄԸՄ-ի սկաուտներու նուագախումբը հնչեցուց լիբանանեան ազգային քայլերգը: Ապա Էշրեֆիէի սկաուտներուն, արծուիկներուն եւ վարժարանի աշակերտութեան շարքերու ընդմէջէն վեհը առաջնորդուեցաւ եկեղեցի:
Արարողութեանց ներկայ գտնուեցան պետական հայ երեսփոխաններ` Մովսէս Տէր Գալուստեան, մեթր Խաչիկ Պապիկեան եւ մեթր Վարդգէս Շամլեան, Պուրճ Համուտի քաղաքապետ Յակոբ Աշճեան եւ երեւելի ազգայիններ:
Պատարագիչն էր լիբանանահայոց բարեխնամ առաջնորդ Տաճատ արքեպիսկոպոս. հանդիսաւոր Ս. պատարագը երգուեցաւ քառաձայն, եկեղեցւոյ «Զուարթնոց» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Յովսէփ Շմաւոնեանի:
Դպրեվանքի տեսուչ Գարեգին ծ. վրդ. Սարգիսեան հանդիսաւոր շուքով կարդաց վեհափառ հօր անդրանիկ կոնդակը:
Նոյն հանդիսաւորութեամբ, կոնդակը կարդացուեցաւ բոլոր եկեղեցիներուն մէջ:
Պատարագիչ սրբազանը հոգեշունչ քարոզ մը խօսեցաւ, եւ վեհափառը տուաւ իր հայրական պատգամը:
Տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօնական արարողութիւն եկեղեցւոյ բարերար, հանգուցեալ Յակոբ Ապաճեանի հոգւոյն համար:
Յաւարտ Ս. պատարագի, վարժարանի սրահին մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ աջահամբոյր:
Վեհափառը, առաջնորդ սրբազանը եւ ազգայիններ, կէսօրուան ճաշի հիւրը եղան Թաղական խորհուրդի ատենապետ Սարգիս Սարգիսեանի:
«Բազմավէպ»-ը 120 Տարեկան
Լրացաւ հայկական ամենաերկարակեաց ամսագրի` «Բազմավէպ»-ի 120 տարին:
1843 թ.ի յունուարին Իտալիոյ Վենետիկ քաղաքի մօտ գտնուող Սուրբ Ղազար կղզում լոյս տեսաւ «Բազմավէպ»-ի առաջին համարը, ծնունդ առաւ այն ամսագիրը, որը հետագայում մեծ դեր կատարեց հայագիտութեան զարգացման գործում: Նրա հրատարակութիւնը, առանց ընդմիջման, շարունակւում է առայսօր: «Բազմավէպ»-ը 120 տարեկան է: Աշխարհում մեծ չէ այդքան երկարակեաց ամսագրերի թիւը:
Նրա առաջին խմբագիրը Գաբրիէլ Այվազովսկին էր, աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկու եղբայրը: 1849-1851 թուականներին «Բազմավէպ»-ը խմբագրում էր մեծ պատմաբան ու բանաստեղծ Ղեւոնդ Ալիշանը: Առաջինը Ալիշանն էր, որ թարգմանեց եւ «Բազմավէպ»-ի էջերում տպագրեց Պայրընի «Չայլտ Հարոլտ»-ը:
Շատ ուշագրաւ է «Բազմավէպ»-ի առաջին համարը: Այն հետաքրքիր տեղեկութիւններ է պարունակում ազգային պատմութեան, դպրութեան ու մատենագրութեան մասին: Ահա «ՀԱՅԵՐՈՒՆ ՌՈՒՍԱՑ ՀԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍԿՍԻԼԸ» յօդուածը: Նրա մէջ պատմւում է, որ պարսկահայ վաճառական Զաքար Սարհատեանը 1600 թուականին հասնում է Մոսկուա եւ ռուսաց Ալեքսէյ կայսրին նուիրում մի թանկարժէք, զարդագործուած աթոռ, որը պատրաստել էր Զաքարի հայրը: Այդ աթոռի վրայ կային 876 ադամանդ եւ 1223 մանր ու խոշոր յակինթ: Իր ժամանակին այդ աթոռը գնահատուել է 24.443 ռուբլի: Այս դէպքից եօթը տարի անց ռուսաց կայսրը դաշնագրութիւն է կապում ջուղայեցոց հետ, որից յետոյ հայերը սկսում են առեւտրական գործերով յաճախակի երեւալ Ռուսաստանում:
«Բազմավէպ»-ի նկարագրած այս աթոռը ներկայումս ցուցադրւում է Մոսկուայի Քրեմլինի պալատում:
Ամսագրի երկրորդ եւ երրորդ համարներում խմբագիր Գաբրիէլ Այվազովսկու խմբագրութեամբ առաջին անգամ հայերէն լոյս են տեսնում Կռիլովի առակները:
«Բազմավէպ»-ը իր ընթերցողներին ծանօթացրել է հին աշխարհի դասականներից շատերի ստեղծագործութիւններին: Հոմերոսի «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը, Օրատիոսը («Արուեստ քերթողական»), «Վիրգիլիոսը» («Ենէական»), Եզովպոսը («Առակք»-ը), Եւկիլէսը, Եւրիպիդէսը, միջնադարեան հայ պոէզիայի ակնառու ներկայացուցիչներ` Յովհաննէս Սարկաւագի, Կոստանդին Երզնկացու եւ ուրիշների գործերը:
Այս ամսագրից է հայ ընթերցողն առաջին անգամ ծանօթացել հանճարեղ Տանթէի եւ «Ուքրանիայի Հոմերոս»` Շեւչենքոյի անմահ ստեղծագործութիւններին:
«Բազմավէպ»-ի էջերը երկար տարիներ զարդարել են Ղ. Ալիշանի, Բ. Սարգիսեանի, Ն. Բիւզանդացու հայագիտական մենագրութիւններն ու յօդուածները:
120 տարուայ ընթացքում «Բազմավէպ»-ի լոյս տեսած համարները կարող են կազմել մի ամբողջ գրադարան:
Հ. ԽԱՉԱՏՐԵԱՆ

