Թոնի Մորոյեան. «Երբ Ընտրութեան Հարց Է Առաջ Գալիս, Առաջնայինը Հայ Լինելն Է»

Թոնի Մորոյեան
Ութերորդ տարին ըլլալով հայրենիքի մէջ կը շարունակուի հրատարակուիլ «Էկոնոմիկա» եռամսեայ պարբերականը, որ նախատեսուած է որոշ զարգացման մակարդակ ունեցող վերնախաւի մը համար: Թէեւ պարբերականի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներու վերլուծումներն ու պարզաբանումներն են, սակայն իբրեւ տնտեսական կողմնակի լծակներ, հոն կ՛արծարծուին նաեւ ազգային կրթամշակութային եւ հասարակական-ընկերային հարցեր:
«Էկոնոմիկա» պարբերականը յաճախ կ՛անդրադառնայ նաեւ սփիւռքը յուզող կենսական հարցերու: Իբրեւ օրինակ ստորեւ կու տանք, ամերիկահայ յայտնի գործարար` «Վիասֆէյր ինթըրնէշընըլ» ընկերութեան նախագահ` Թոնի Մորոյեանի համոզումը «հայ ըլլալու» ազգային պատկանելիութեան մասին, քաղելով զայն «No 2 (24) 2013» ամրան թիւէն:
Շատ ծանր եւ դժուար հարց է, որի մասին ինքս շատ յաճախ եմ մտածում: Հարցին կարելի է երկար պատասխանել, կարող ես նաեւ կարճ պատասխան տալ: Միւս կողմից` ամէն մէկը փորձելու է իր սեփական փորձից ելնելով պատասխան տալ: Իմ կեանքի օրինակով եթէ ասելու լինեմ, պիտի գնամ սկիզբ եւ յիշեմ, որ կեանքիս ողջ ընթացքում` պզտիկութիւնից սկսած, իբրեւ հայ մեծացած եմ, եւ միշտ զգացել եմ, որ հայը զօրաւոր է: Հօրս, մօրս կեանքի պատմութիւնները շատ խորը նստած են մէջս, հայկական ուսում եմ ստացել, հայրենասիրութիւնը, բանաստեղծութիւնները, Արարատը, շատ բան է մէջս արմատաւորուել հէնց ամենասկզբից, բայց, միեւնոյն է, կեանքիս ընթացքում այդ հարցումը միշտ կանգնել է իմ առաջ: Մեր ժողովրդի կենսագրութիւնն այնպիսին է, որ, կարծում եմ, բոլորն էլ ինչ որ մի ժամանակ անպայման փորձում են հասկանալ` ով է հայը, զանազան հանգրուաններ եմ անցել կեանքիս մէջ, եւ ամէն հանգրուանին նորէն ու նորէն այդ հարցը կը քննեմ այն պատասխան է ուզում` ով է հայը: Եւ պատասխաններում բաւական տարբերութիւններ կան:
Օրինակ, սկզբում, երբ Հայաստանն ազատագրուեց, մենք զօրաւոր ձեւով նետուեցինք այստեղ, ցանկանում էինք օգնել, յետոյ զանազան յուսախաբութիւններ եղան: Բայց վերջը կը մտածես, որ եթէ քեզ հայ ես համարում, ու հանգամանքների բերումով դրսում ես ապրում, ինչպէս կարող ես քեզ դուրս թողնել Հայաստանի կեանքից: Կարող ես հայերէն խօսել, հայկական կերակուրներ ուտել, կամ անունդ հայ է, յետո՞յ: Ինձ համար դա հայի մի մասն է, բայց իրականը չէ: Այն բանը, որ կը զատորոշէ հային, շատ բարդ ու խրթին բան է, դժուար է ընկալել, մանաւանդ եթէ գիտելիքներդ սուղ են: Բայց, միւս կողմից, երբ զբաղուած ես քո անձնական խնդիրներով, աշխատանքով, այնքան արագ է կեանքն անցնում, որ մէկ էլ տեսնում ես, որ շատ քիչ բան ես արել հայ լինելուդ պատասխանատուութեան առաջ: Կեանքի ռիթմը այնքան է արագացել, որ ժամանակը շատ սուղ է դառնում ազգային գործերի եւ հայրենասիրութեան յստակ դրսեւորման համար: Եւ որպէսզի դա այդպէս չլինի ու մարդուն մի օր տառապանք չպատճառի իբրեւ հայ կայացած չլինելու իրականութիւնը, պէտք է պզտիկներու մէջ դեռ փոքրուց պատասխանատուութիւն մտցնես, հայ մեծացնես, եւ անպայման անձնական կեանքումդ նոյնպէս պիտի ժամանակ յատկացնես դրա համար, որովհետեւ ինքդ անձամբ ես ուզում ինչ որ բան արած լինես:
Երբեմն երբ կշիռքի վրայ եմ դնում հայրենասիրութիւնը եւ միւսները զգում եմ, որ այն շատ-շատ զօրաւոր ծանրութիւն ունի անձնական կեանքում: Բայց ամէն օր մշտապէս զբաղուած լինելով զանազան գործերով` շատ յաճախ քո կամքից անկախ, մէկ էլ պարզւում է, որ անձնական կեանքում երկրորդական, երրորդական է դարձել այն: Եթէ հայրենասիրութիւնը եւ հայ լինելուդ պատասխանատուութիւնը գիտակցաբար քո կեանքի կարեւոր գործերից մէկը չհամարես, ժամանակ չյատկացնես, եթէ ուշադրութիւնդ քիչ լինի` յաջողութիւն չես ունենայ:
Հարցին պարզ պատասխաններ նոյնպէս կան` ոչ թէ հոգեկան երազներ է պէտք ունենալ, այլ` յստակ գործունէութիւն: Եթէ քո կեանքում հայ լինելու պատասխանատուութիւնը տեղ չունենայ, ոչ մի ծրագիր իրականացնել չես կարող, չես կարող յաջողութիւններ ունենալ հայկականութեան ուժեղացման համար: Աշխարհը շատ սոսկալի ձեւով փոփոխութիւններ է ապրում, քիչ մը ցաւալի կը զգամ, որ մենք ժամանակին արագութիւնը չենք պահել եւ յետ ենք ընկել, բայց շատ մարզերում հայ ազգը կարող է առաջանալ, եւ եթէ հանգամանքները մեզ օգնական լինէին` արդէն վաղուց որոշ մարզերում, օրինակ բարձր արհեստագիտութեան որոշ ճիւղերում, յաջողութիւններ կարող էինք ունենալ, որովհետեւ մենք ուժ ունենք: Այսօրուայ պայմաններում տեղեկութիւն ունեցողն է ուժեղը, շատ բաներում հայը կարող է առաջ գնալ, օրինակ, եկեղեցական գործերում: Ես կարեւոր եմ համարում, թէ ինչպէս անել, որ հայ երիտասարդը, անձը եկեղեցի յաճախի: Ինչպէս կարող ենք լաւացնել, օրինակ, կուսակցութիւնների աշխատանքը: Ես բոլորին էլ յարգում եմ, բայց պէտք է օգնենք, որ նրանք ճիշդ աշխատեն, չեմ կարծում, թէ նրանք սխալ են աշխատում, բայց պիտի անընդհատ արդիականացնել մօտեցումները, աշխատանքի ձեւերը, թէ չէ կը կորցնենք երիտասարդութեանը:
Հայ լինելը շատ պատասխանատուութիւններ ունի, ծանրութիւններ ունի: Ես ողջ կեանքիս ընթացքում միշտ ծանրութիւնն զգացել եմ, քանի որ` երբ ընտրութեան հարց է առաջ գալիս, առաջնայինը հայ լինելն է:
ԹՈՆԻ ՄՈՐՈՅԵԱՆ

