Ազրպէյճանցի Գրող. Պատերազմում Պարտուել Ենք Բաղրամեանին, Ազնաւուրին, Սարեանին, Փարաջանովին, Սարոյեանին, Այվազովսկուն

«Փանորամա»

Վահիտ Կազի

Վահիտ Կազի

Շուէտում բնակուող ազրպէյճանցի գրող, հրապարակախօս Վահիտ Կազին «քավքազինֆօ» կայքում հրապարակուած իր բաց նամակում պատմում է, որ վերջերս գովազդային մի ցուցանակի վրայ` «Պատերազմի քամիներ» անունով երաժշտական ծրագրում եւրոպական դասական երգահանների շարքում նշուած էր նաեւ Արամ Խաչատրեանի անունը:

«Ինձ դա յիշեցրեց մանկութեանս տարիները, երբ հեռուստատեսութեամբ ցուցադրւող խորհրդային ժապաւէնների եւ ծրագրերի տողատակերում ազրպէյճանցու ազգանուն էի փնտռում, եւ եթէ մեր ազգանուններին նմանուող ազգանունի էի հանդիպում, չէի կարողանում տարբերակել ազրպէյճանակա՞ն է, թէ՞ այլ մահմետական ազգի: Բայց ամէն հաղորդման ժամանակ հանդիպում էի հայի ու վրացու ազգանունի: Նուազագոյնը` ժապաւէններ երաժշտութեան խմբավարը հայ էր լինում:

Մի անգամ «Նիքոլօ Փականինի»-ի ժապաւէններ գլխաւոր դերակատարի` Վլատիմիր Մսրեանի անունը կարդալուց յետոյ հայրիկիս հարցրեցի. «Հայերն ամէնուր են, նրանք շա՞տ են»: «Շատ չեն: Նրանք պարզապէս զարգացած, գործունեայ եւ շրջահայեաց են: Մէկը միւսին օգնում, ընդառաջում է: Այդ պատճառով էլ ամէն տեղ երեւում են, պատասխանեց հայրս»,- յիշում է Կազին:

Հեղինակը նշում է, որ հետագայում այդ ամէնը նա տարբեր վայրերում նկատում էր. սկսած Նիւ Եորքի կեդրոնական փողոցներից, որտեղ հսկայական ճաշարանի վրայ փայլում է «Petrossian» ազգանունը, մինչեւ Շուէտի գիւղական գրադարանները, որտեղ գովազդւում է օսմանական Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գիրքը:

«1940-ական թուականներին Խաչատրեանի` «Սթալինկրատի մարտը» խորհրդային ժապաւէնի համար գրած նուագաշար ընդգրկուելը փոքրիկ քաղաքի նուագախմբի երգացանկում ինձ զարմանալի չթուաց: Ուզում եմ ասել, որ մենք միայն Ղարաբաղում չէ, որ պարտուել ենք, եւ այդ պարտութեան մեղաւորները բոլորն են` Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնէական աշխարհը, մասոնները, միայն թէ ոչ մենք», նշում է հեղինակը:

Կազիի ասութեամբ, ազրպէյճանցիները չէին ճանաչում ոչ միայն հային, ով իրենցից ոչնչով չէր տարբերւում, այլ նաեւ` հային, ով աշխարհի միւս ծայրում էր գտնւում:

«Չգիտէինք, որ Ղարաբաղում պարտուել ենք ոչ միայն «միացումականներին»: Պարտուել ենք պատերազմում մարաջախտ Բաղրամեանին, մարաջախտ Բաբաջանեանին, քաղաքականութեան մէջ` Միկոյեանին, այլախոհների մէջ` Պարոյր Հայրիկեանին, իրաւապաշտպանութեան բնագաւառում` Ալիխանեան-Պոններին, դասական երաժշտութեան մէջ` Արամ Խաչատրեանին, ժամանակակից երաժշտութեան մէջ` Միշէլ Լեկրանին, ջութակում` Սամուէլ Երւինեանին, տուտուկում` Ջիւան Գասպարեանին, ուտում` Ճոն Պերպերեանին, էսդրատայում` Շարլ Ազնաւուրին, գրականութեան մէջ` Ուիլիըմ Սարոյեանին, նկարչութեան մէջ` Այվազովսկուն, շարժապատկերում` Փարաջանովին, դերասանութեան մէջ` Ջիգարխանեանին, նորաձեւութեան բնագաւառում` Քիմ Քարտաշեանին, գործարարութեան մէջ` Քըրք Քըրքորեանին, բարեգործութեան մէջ` Ճերարտ Գաֆեսճեանին, ճարտարագիտական կառուցման գործում` Արտեմ Միկոյեանին, աստղագիտութեան մէջ` Վիքթոր Համբարձումեանին, վարսաւիրութեան մէջ` Մովսէսին, փինաչիութեան մէջ` Աշոտին, թթու դնելու մէջ` Հայկանուշին»,- գրում է հեղինակը:

Ինչպէս նշում է Կազին, ազրպէյճանցիները այդ ամէնի պատճառը հայերի կեղծարարութեան, ստախօսութեան, խորամանկութեան, քրիստոնէութեան, եկեղեցու, Ռուսաստանին, Իրանին, Ամերիկային օգտակար լինելու, դաւաճանութեան մէջ են տեսնում, բայց երբեք չեն փնտռում պատճառն իրենց մէջ: Ըստ հեղինակի, իր նշուած անձանցից իւրաքանչիւրն յաջողութեան է հասել այն պատճառով, որ իր թիկունքին զգացել է բազմաթիւ հայերի աջակցութիւնը:

«Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, թիկունք են կանգնում բարձրացողին: Գիտութեան, քաղաքականութեան, արուեստի, մարմնամարզի, զինուորականութեան մէջ, ամէն տեղ մէկի յաջողութեան համար հինգը ճանապարհ է բացել: Առաջ անցնողին չեն վատաբանել, չեն խոչընդոտել, չեն չարախօսել, դիմացը փոս չեն փորել», նշում է հեղինակը:

 

 

Share this Article
CATEGORIES