ԹՈՒՐՔԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔԸ

Կիրակի, յունիսի 12-ին, տեղի ունեցան Թուրքիայի 17-րդ խորհրդարանական ընտրութիւնները:

Թուրքիան մի երկիր է, որ կառավարւում է խորհրդարանական դրուածքով: Խորհրդարանը, այսինքն` օրէնսդիր ուժը, որոշում է երկրի հանրապետութեան նախագահին (այսինքն` գործադիր ուժին): Խորհրդարանում մեծամասնութիւն շահած կուսակցութիւնը կազմում է կառավարութիւն, եւ կառավարութեան նախարարներն էլ հաշուետու են խորհրդարանին (մի ձեւով` օրէնսդիր ուժն ու գործադիր ուժը հիւսուած են իրար): Այս ընտրութիւնների արդիւնքում էլ կը ձեւաւորուի Թուրքիայի 61-րդ կառավարութիւնը:

Քանի որ Թուրքիան ունի նաեւ բազմակուսակցական համակարգ` երկրի խորհրդարանի պատգամաւորների ընտրութեան համար կուսակցութիւնները ներկայացնում են թեկնածուների ցանկ եւ դրանք պէտք է շահեն քուէների տաս տոկոսից աւել ամբողջ երկրի մակարդակում քուէներից:

2002 թուականից է, որ Թուրքիայում իշխանութեան գլուխ է Արդարութիւն եւ բարգաւաճում  կուսակցութիւնը (կամ ինչպէս թուրքերն են կոչում` Ատալեթ վա քալքընմա փարթիսի` ԱՔՓ կամ ԱՔ փարթի): Այս տարուայ խորհրդարանական ընտրութիւններում էլ շահեց ԱԲԿ-ը. այսպիսով, մի կուսակցութիւն երեք շրջան շարունակ կարողանում է խորհրդարանում մեծամասնութիւն լինել եւ կառավարութիւն կազմել, առանց որ կարիք ունենայ քոալիսիոնի. մի երեւոյթ, որ նախընթաց չի ունեցել Թուրքիայում:

ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Ինչպէս անցեալ չորեքշաբթի օրուայ սիւնակում էի գրել, այս տարուայ ընտրութիւններին մասնակցում էր 15 կուսակցութիւն, բայց միայն երեք գլխաւոր կուսակցութիւններ կային, որոնք պատեհութիւն ունէին երկրում շահել քուէների տաս տոկոսից աւելին, եւ հէնց այդպէս էլ եղաւ: Այդ երեք կուսակցութիւնները, որոնք յաջողել են իրենց պատգամաւորները ունենալ խորհրդարանում, հետեւեալներն են` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն (ԱԲԿ), Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւն (ԺՀԿ) եւ Ազգային շարժում կուսակցութիւն (ԱՇԿ): Կայ մի այլ` չորրորդ կուսակցութիւն եւ դա քրտական Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութիւնն (ԽԺԿ) է, որին կ՛անդրադառնամ յօդուածի վերջում:

Թուրքիայի խորհրդարանը ունի 550 պատգամաւոր կամ աթոռ: Այս տարուայ ընտրութիւններում ԱԲԿ-ը շահեց քուէների աւելի քան 50 տոկոսը: Հիմա ունի 326 պատգամաւոր խորհրդարանում (անցեալ շրջանում, այսինքն` 2007 թ. խորհրդարանական ընտրութիւններում շահել էր 341 աթոռ. ուրեմն` 15 պատգամաւոր պակսել են այս տարի): ԺՀԿ-ը շահել է քուէների շուրջ 30 տոկոսը եւ հիմա ունի 135 պատգամաւոր (նախորդ շրջանում ունէր 112 պատգամաւոր, այսինքն նրա պատգամաւորների թիւը բարձրացել է 23 հոգով): ԱՇԿ-ն շահել է շուրջ 13 տոկոս. հիմա ունի 53 պատգամաւոր` խորհրդարանում (նախորդ շրջանում ունէր 71 պատգամաւոր, թիւը պակսել է 18 հոգով): ԱՇԿ-ն շահել է շուրջ 13 տոկոս. հիմա ունի 53 պատգամաւոր` խորհրդարանում (նախորդ շրջանում ունէր 71 պատգամաւոր. թիւը պակսել է 18 հոգով) (վերի թուերը վերցուած են թուրքական մամուլից):

Երկրի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը շատ յոյս ունէր, որ իր կուսակցութիւնը, այսինքն` ԱԲԿ-ը, շահի ոչ թէ մեծամասնութիւն, այլ` գերմեծամասնութիւն խորհրդարանում, բայց այդպէս չեղաւ: Խորհրդարանը ունի 550 աթոռ եւ գերմեծամասնութիւն լինելու համար պէտք էր շահէր 367 աթոռ, այսինքն` երկու երրորդ` գումարած մէկ: Իսկ ինչո՞ւ էր Էրտողանը ուզում գերմեծամասնութիւն լինել: Իր ընտրապայքարի օրերում նա խոստացել էր, որ շատ բաներ է անելու ընտրութիւններից յետոյ. դրանցից ամենակարեւորն էր երկրի սահմանադրութեան  փոփոխութիւնը, որը շատ բռնատիրական եւ հակաժողովրդավարական սահմանադրութիւն է եւ գրուել է 1982 թուականին, այն ժամանակ, երբ զինուորականներն էին ղեկավարում Թուրքիան: Այժմ սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ առաջացնելու համար` կարիք ունի հանրաքուէ կազմակերպելու ու նաեւ պէտք է, որ խորհրդարանի միւս կուսակցութիւնների հաւանութիւնն էլ ունենայ ու նման հարցերում ստանայ իր ընդդիմադիր կուսակցութիւնների հաստատումն ու համաձայնութիւնը, բայց եթէ լինէր գերմեծամասնութիւն, դրանց կարիքը չէր ունենայ, միահեծան կերպով կարող էր գործադրել իր քաղաքականութիւններն ու որոշումները:

ՔՐՏԵՐ

Չորրորդ կուսակցութիւնը, որ այս ընտրութիւններում ուժեղ ընտրապայքար ունեցաւ եւ յաջողեց իր թեկնածուներին ուղարկել խորհրդարան, քրտական Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութիւնն էր, որը հիմա խորհրդարանում ունի 36 պատգամաւոր. նախորդ շրջանում ունէր 21 պատգամաւոր: Քրտերի հիմնական հարցն է ունենալ ներքին ինքնավարութիւն, ազատ լինել իրենց լեզուի գործածութեան մէջ, դպրոցներում սովորել քրտերէն եւ տնօրինել իրենց վարչական ու հասարակական հարցերը: Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը` ՓՔՔ-ն (որի ղեկավար Օճալանը բանտում է) մինչեւ յունիսի 15-ը ժամկէտ է տուել թուրք իշխանութիւններին` բանակցութիւններ սկսելու եւ քրտական հարցի կարգաւորման գործընթացը վերսկսելու համար, այլապէս կը դիմեն բռնի միջոցների:

Նորընտիր խորհրդարանի եւ, հետեւաբար, կառավարութեան ամենաշտապ ու հիմնական հարցերից է քրտական խնդրի կարգաւորումը:

Խորհրդարանը եւ կառավարութիւնը շատ ուրիշ հարցեր էլ ունեն զբաղուելու, որոնց կ՛անդրադառնամ հետագայ սիւնակներում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

 

Share this Article
CATEGORIES