Հայ Եւ Ազրպէյճանցի Լրագրողների Շփումներից . Ինչո՞ւ Ազրպէյճանը Պատերազմ Չի Սկսում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Նոյեմբերի վերջերին Ուքրանիայի Օտեսա քաղաքում, իսկ դեկտեմբերի կէսերին Թիֆլիսում միջազգային տարբեր նախագծերի շրջանակներում ես հերթական հնարաւորութիւնը ստացայ շփուելու ազրպէյճանցի յայտնի լրագրողների եւ փորձագէտների հետ: Նման հանդիպումները ինձ համար, որպէս լրագրողի, շատ կարեւոր են Ազրպէյճանի ներքին եւ արտաքին զարգացումները աւելի լաւ հասկանալու տեսանկիւնից: Մէկ բան է, երբ դու օրը օրին հետեւում ես ազրպէյճանական լրատուամիջոցներին, մէկ այլ բան, երբ սուրճի սեղանի շուրջ անկեղծ զրուցում ազրպէյճանցի քո գործընկերների հետ:
Ինձ, ինչպէս եւ շատ հայերի, հետաքրքրում եւ մտահոգում է սպառազինութիւնների այն մրցավազքը, որ պարտադրում է Ազրպէյճանը: 2014-ի համար Ազրպէյճանը պետական պիւտճէով ռազմական կարիքների համար նախատեսել է ծախսել շուրջ 3.8 միլիառ տոլար, որը զգալիօրէն աւելի է, քան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ողջ պետական պիւտճէները միասին: 2014-ին Հայաստանի ռազմական պիւտճէն կամ պաշտպանութեան նախարարութեան ծախսերը կազմելու են մօտ 470 միլիոն, իսկ Վրաստանինը` ընդամէնը 390 միլիոն տոլար: Յունիսին ազրպէյճանական բանակի տօնի առիթով կազմակերպուեց հերթական ռազմական շքերթը, որ ընթացքում ունեցած ելոյթում Իլհամ Ալիեւը յիշեցրեց, որ 2003-ին Ազրպէյճանի ռազմական պիւտճէն կազմում էր ընդամէնը 163 միլիոն տոլար: Այսպիսով, տասը տարուայ ընթացքում Ազրպէյճանի ռազմական պիւտճէն աւելացել է 23 անգամ:
Ամէն տարի Ազրպէյճանը աւելացնում է ռազմական պիւտճէն եւ ձեռք բերում զէնքի ու զինամթերքի նոր խմբաքանակ, հետեւաբար` անսպասելի չի լինի, եթէ մի օր այդ երկիրը պատերազմ յայտարարի եւ փորձի արցախեան հակամարտութիւնը յօգուտ իրեն լուծել հէնց ռազմական ճանապարհով: Աւելի՛ն, Պաքուի իշխանութիւնները եւ անձամբ Իլհամ Ալիեւը, ամէն առիթով սպառնում են, որ եթէ «հայկական ուժերը դուրս չգան գրաւեալ ազրպէյճանական հողերից», ապա «հակամարտութիւնը կը կարգաւորուի ռազմական ճանապարհով»:
Հայաստանում եւ Արցախում տիրապետողն այն կարծիքն է, որ Ազրպէյճանը պատերազմ կը սկսի միայն այն բանից յետոյ, երբ հարիւր տոկոսով հաւատացած կը լինի, որ այդ պատերազմում յաղթելու է: Արդէն մի քանի տարի Ազրպէյճանը մարդկային, ռազմական եւ ֆինանսական պաշարներով գերազանցում է Հայաստանին եւ Արցախին, սակայն պատերազմ չի սկսում: Հայկական իրականութեան մէջ կայ նաեւ այն կարծիքը, թէ Ազրպէյճանը պատերազմ չի սկսի, քանի դեռ միջազգային շուկաներ է արտահանում զգալի քանակութեամբ նաւթ եւ կազ:
Հայ եւ ազրպէյճանցի լրագրողների անմիջական շփումների ժամանակ խօսակցութեան հիմնական թեմաներից մէկը, բնականաբար, նոր պատերազմի հաւանականութեան մասին է: Ազրպէյճանցի լրագրողներն ու փորձագէտները եւս կարծում են, որ առաջիկայում պատերազմի հաւանականութիւնը ցածր է: Սակայն նրանց կարծիքով` Ազրպէյճանի հիմնական մտահոգութիւնը Ռուսաստանն է: Նրանք նշում են, որ Ազրպէյճանը պատերազմ չի սկսի այնքան ժամանակ, քանի դեռ համոզուած է, որ ռազմական գործողութիւններին միջամտելու է Ռուսաստանը: Այդ միջամտութիւնը կարող է լինել ոչ ի նպաստ Ազրպէյճանի կամ յօգուտ Արցախի ու Հայաստանի: Ռուսաստանի համար առաջնային է Արցախ-Ազրպէյճան շփման գօտում ունենալ ռազմական ներկայութիւն, ինչն անընդունելի է Ազրպէյճանի համար, ասում են ազրպէյճանցի լրագրողներն ու փորձագէտները: Բաւական է Ազրպէյճանը պատերազմ սկսի, Ռուսաստանը` հայերին պաշտպանելու պատրուակով, իր խաղաղապահ ուժերին տեղակայելու է հակամարտութեան գօտում, համոզուած են ազրպէյճանցի լրագրողներն ու փորձագէտները:
Ինչպէս յայտնի է` Հայաստան-Ազրպէյճան սահմանի եւ Արցախ-Ազրպէյճան շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պաշտպանւում է առանց արտաքին միջամտութեան: 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր հայկական եւ ազրպէյճանական բանակների միջեւ ստեղծուել է ռազմական հաւասարակշռութիւն, որն էլ թոյլ է տալիս արդէն 20 տարի պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրադրութիւնը: Ռուսաստանը միշտ էլ ձգտել է ռազմական ներկայութիւն ունենալ հայ-ազրպէյճանական հակամարտութեան շրջանում, ինչը իրականութիւն չի դարձել Ազրպէյճանի առարկութեան պատճառով:
Անդրկովկասի ճանաչուած, մասամբ ճանաչուած կամ չճանաչուած վեց երկրներից երեքում` Հայաստանում, Աբխազիայում եւ Հարաւային Օսիայում, Ռուսաստանը ունի ռազմական ներկայութիւն: Բացի այդ, ռուս խաղաղապահներ են տեղակայուած վրաց-աբխազական եւ վրաց-հարաւօսական շփման գծի երկայնքով, ինչպէս նաեւ` ռուս սահմանապահ զօրքերը հայ սահմանապահների հետ համատեղ հսկում են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանը: Ռուսական ռազմական ներկայութիւն չկայ Վրաստանում, Ազրպէյճանում եւ Արցախում:
Յատուկ «Ազդակ»-ի համար

