Լեւոն Գ. Մինասեանի Յիշատակին Յիշողութեանս Մէջ…
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Հայրս` Լեւոն Մինասեանը դեռեւս 20 տարեկան հասակում նուիրուել է ազգային կեանքի մեծածաւալ ասպարէզին եւ մինչեւ իր կեանքի վերջին օրերը, ինչպէս որ ականատես եղայ անցեալ սեպտեմբերին, ամբողջապէս տոգորուած էր հայ լեզուի ու հայ պատմութեան պահպանման ու յաւերժացման անդաստանին:
Յիշում եմ, հազիւ թէ 6-7 տարեկան լինէի, երբ հօրս հետ գնացի մեր գիւղի տան մօտ գտնուող հանգստարանը: Նկատեցի, որ հայրս տապանաքարից տապանաքար գնալով ինչ որ բաներ է գրի առնում: Շատ չանցաւ ինձ սովորեցրեց, թէ ինչպէս թարմ խոտը շփեմ տապանաքարերին, որպէսզի մաշուած ու փոշով պատած տապանաքարի գրութիւնը ընթեռնլի դառնայ: Ուրախացայ եւ իմ մանկական պատկերացումով հասկացայ, որ այս լուռ քարերի մէջ ինչ որ մի էական բան կայ. մի ամբողջ ժողովրդի պատմութիւն, սէր ու թախիծ կայ թաքնուած, ուր մենք Մեսրոպեան հրաշագեղ ու Աստուածային տառերի զօրութեամբ, մենք մեր լեզուով մեր պատմութիւնն ենք կերտում:
Հայրս շատ մօտ լինելով Յ. Շիրազին` նա գաղտնի, իր անտիպ բանաստեղծութիւններն էր ուղարկում հօրս եւ հայրս գրեթէ մասունքի պէս էր պահում դրանք: Նաեւ, կարծես թէ նրանք մրցում էին զաւակ ունենալու խնդրում: Մենք` ութ զաւակ ենք, վեց տղայ, երկու աղջիկ:
Տնում, հայրս խիստ ու բծախնդիր մարդ էր, ցանկանում էր, որ մենք ամէն բան ճիշդ ու կատարեալ գործադրենք: Ուրախանում էինք, երբ նա ժողովի էր գնում եւ դա շատ յաճախ էր պատահում: Օրուայ ընթացքում անպակաս էր ընտանեկան բարձր մակարդակի դաստիարակութիւնը, մասնաւորապէս հայոց լեզուի զուտ դասական խօսակցութեան պահպանումը: Սովորեցնում էր լինենք ճշմարտախօս, քաղաքավար, բարի, ազնիւ ու առաքինի:
Կիրակի օրերը, երբ Նոր Ջուղայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ զանգերն էին ղօղանջում, հայրս յար յիշեցնում էր մեզ չուշանալ … եւ որը տեղի տուեց ինձ տասներկու տարի եկեղեցու երգչախմբին մասնակցելու:
Մենք բոլորս մեծացել ենք գրաճանաչ ու գրասէր ընտանիքում: Մեծ հայրս Գալուստ Մինասեանը եղել է եկեղեցասէր, բարի ու վեհանձն նկարագրի տէր: Եղել է ուսուցիչ ու տիրապետել գրաբարին: Մինչեւ իր կեանքի վերջին օրերը նոյնիսկ մասնակից է եղել ժամերգութեան թէ՛ գիւղում եւ թէ՛ Նոր Ջուղայում: Հայրս Խոյգան գիւղում եղել է հիմնադիր ու դպրոց կառուցող, տեղադրել է հանրային գրադարան մեր տնում: Հեծանիւով գիւղից գիւղ այցելելով զարկ է տուել գիւղի դպրոցներին ու ազգային գործունէութեանց:
Գիւղերի պատմութիւնը նկարների միջոցով պահպանելու համար իր հօրից խնդրել է, որ մեր գիւղի տան մէկ մարագի դարմանանոցը լուսանկարչատուն դարձնի ու պահպանի դարերի մեր պատմութիւնը, որն այլեւս գոյութիւն չունի, բայց, կայ այսօր միայն մի բան, անցեալը պատմող այդ սեւ ու սպիտակ պատկերները:
Իսկ երբ քառասունական թուականներին պետութիւնը փակել տուեց գիւղի դպրոցները, հայրս մեր բնակարանի վերի սենեակներից մէկը տրամադրեց գիւղի մատաղ սերունդի դաստիարակութեան: Ինչպէս ասացի մեծ հայրս, հայրս, Ասպետ եղբայրս ու ես նաեւ եղել ենք ուսուցիչներ` ժառանգաբար:
Մենք մեր հօրը երբեք, նոյնիսկ մի վայրկեան պարապ չենք տեսել: Նա միշտ զբաղուած էր գրելով, վերին աստիճանի ժրաջան ու աշխատասէր էր: Նա յատուկ սէր ու յարգանք ունէր գրքերի հանդէպ, շատ էր նեղւում երբ գիրքը անխնամ թերթելու հետեւանքով, մասնաւորապէս երբ էջի անկիւնները ծալւում էին: Չեմ մոռանում, երբ մեզ սովորեցնում էր, թէ ինչպէս գրքի հետ նուրբ վարուենք, վերից թղթերը զգուշութեամբ թերթենք, որ թղթի անկիւնները չծալուի:
Յիշատակութեան արժանի է, որ նա 40 տարի ստանձնել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարանի, գրադարանի եւ տպարանի պատասխանատուութիւնը: Հեղինակ է աւելի քան 60 հայերէն եւ պարսկերէն լեզուով հայ պատմութիւնն ու հայ մշակոյթը ներկայացնող գրքերի:
Հայրս հաւատաւոր դաշնակցական էր դեռեւս շատ վաղ տարիքից: Եւ երբ ներգաղթի օրերին Խորհրդային Հայաստանի կողմից «հայրենասէր» քարոզիչները ներխուժեցին Պարսկաստանի հայկական գիւղերն ու հալածանքի մատնեցին դաշնակցականներին, հայրս, լուրը առնելով անմիջապէս վերցնում է ատրճանակն ու փախուստ տալիս դէպի գիւղի դաշտերը: Եւ երբ վտանգը անցնում է, տուն է վերադառնում, առաւել ուրախացնում իր մօրը, որն աչքը թաց սպասում էր իր միակ որդուն:
Հայրս չտեսնուած հայրենասէր էր, որեւէ պատմութիւն ու հայրենիքը յիշեցնող իր կամ շիւղ սրբութիւն էր նրա համար: Թէեւ հայր կորցնելը անասելի ծանր է մեզ համար, բայց եւ հպարտ ու ուրախ ենք իր գրական մեծածաւալ վաստակով ու ազգային նուիրական գործունէութեամբ:
Ազգերը գոյատեւում են իրենց մշակոյթով ու անձնուէր մարդկանց գործունէութեամբ: Երանի այն ազգերին, որ ունեն մեր հօր նման, իրենց մշակոյթն ու պատմութիւնը պահպանող կամաւոր զինուորներ:
Բանասէր Լեւոն Գ. Մինասեանը մահացաւ Նոր Ջուղայում 2012 թուի դեկտեմբերի 31-ին, 92 տարեկան հասակում, ազգային յուղարկաւորութիւն տեղի ունեցաւ 8 յունուար 2013-ին:
Լ. Գ. Մինասեանի յիշատակին, տարելիցի հոգեհանգիստ է կատարուելու Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցում 12 յունուար 2014-ին:
Նիւ Եորք, դեկտեմբեր 2013

