Սգաւոր Խթում. (Մի Հատուած Յ. Քաջազնունիի «Յետ Մահու» Անտիպ Հատորի Յառաջաբանից)
Գրեց` Ս. ՎՐԱՑԵԱՆ
1919 թ. յունուարի հինգն էր: Երեւանի ձիւնառատ եւ ցուրտ օրերից մէկը: Ես դեռ նորազատ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքում բնակարան չունէի եւ ապրում էի մի ճեմարանական դասընկեր եւ Հայաստանի Խորհուրդի անդամ Եփրեմ Սարգիսեանի մօտ:
Եփրեմը լուր բերեց, թէ վարչապետ Քաջազնունին երեկոյեան հրաւիրուած է ճաշելու որբերի հետ եւ ուզում է, որ ես էլ ներկայ լինեմ հետը: Գնացի:
Ուրեմն 1919 թ. յունուար 5-ի խթումի երեկոն էր: Գիմնազիայի ընդարձակ դահլիճը վերածուած էր ճաշարանի: Շարք շարք դասաւորուած էին, առանց սփռոցների, հասարակ սեղաններ, որոնց վրայ շարուած էին կապոյտ չինկօ բաժակներ եւ ուտելիքներ – իւրաքանչիւր որբի համար գարիի եւ լոպիի ալիւրի խառնուրդից մէկ բոմբի հաց, կապոյտ չինկօ ամանների մէջ ինչ որ փիլաւի նման անորոշ մի կերակուր եւ կողքին` չոր միրգի նմանուող մի բան:
Սրահը դեռ պարապ էր: Մեզ առաջնորդեցին վեր, «պատուոյ սեղանը», որպէսզի այնտեղից դիտենք որբերի մուտքը: Քաջազնունին եւ ես էինք: Յետոյ մեզ միացաւ բժիշկ Տէր Թովմասեանը, առաքելատիպ մեր ընկերը:
Սկսուեց որբերի մուտքը, առաջ փոքրերը` 5-6 տարեկան, յետոյ մեծերը եւ աւելի մեծերը, շարք-շարք: Ամէնքը միեւնոյն տեսքը ունէին: Հագնուած էին Խնամատարութեան Նախարարութեան ջուլհականոցներում պատրաստուած բամպակէ գորշագոյն կտորէ հագուստներ, որ բանտարկեալի կերպարանքն էին տալիս նրանց: Բոլորը` նիհար, ոսկրի վրայ կաշի, լուցկիի նման բարակ վիզ ու մեծ գլուխ` ներս ընկած խոշոր աչքերով: Անցնում էին շարքերով, լուռ, անշշուկ, տրտում դէմքերով, անժպիտ, կարծես ստուերներ լինէին: Անաղմուկ նստում էին իրենց ցոյց տրուած տեղերը` սպասողական հայեացքով: Սրահը բերնէ բերան լեցուեց, բայց թւում էր, թէ պարապ էր: Մանկութիւնից զուրկ երեխաներ…
Փորձեցին խմբով «Հայր Մեր» երգել -բան դուրս չեկաւ: Կերակուրներն էլ, ըստ երեւոյթին, չէին գրաւում: Ծամում էին, կարծես պարտականութիւն էին կատարում: Խթումի ճաշկերոյթ չէր-տառապանք էր սարսափելի…:
Քաջազնունին մէկ կտոր հաց չդրեց բերանը: Լուռ դիտում էր տղաներին: Եւ երբ սեղանների վրայի ուտելիքը վերջացաւ, մեծ որբերից մէկը գրաւոր մի ուղերձ կարդաց, որով իր ընկերների կողմից շնորհակալութիւն էր յայտնում ճաշակերոյթը սարքողներին եւ, յատկապէս, Հայաստանի «սիրելի վարչապետին», որ իր ներկայութեամբ պատուել էր որբերի սեղանը:
Քաջազնունին ոտքի ելաւ պատասխանելու համար եւ ներքին յուզումից երկար չկարողացաւ խօսք արտասանել: «Սիրելի՛ երեխաներ» շշնջաց վերջապէս, թոյլ ձայնով ու յանկարծ, փղձկաց ջղային ցնցումներով, սկսեց հեկեկալ ու գետին պիտի ընկնէր եթէ բժիշկ Տէր Թովմասեանը եւ ես չբռնէինք եւ տեղը չնստեցնէինք: Գլուխը երկու ձեռների մէջ առած լալիս էր անզուսպ: Լալիս էին եւ որբերը իրենց ուսուցիչ, ուսուցչուհիների հետ միասին:
Սգաւոր խթում եղաւ մեզ համար…:
23 դեկտեմբեր 1963

