«Սեւով» Արտագաղթ-Կեցութիւն

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴԵԱՆ

1220migration«Մի տարի էր սեւով էի մնում` բռնեցին, բայց նոր փաստաթղթերս արդէն պատրաստ են ու վաղը թռնում եմ», պատմում է «Հետք»-ին 25-ամեայ Արմինէն:

Արտագաղթողների բառապաշարում «սեւով» մնալ` նշանակում է ապօրինի ապրել օտար երկրում: Արմինէն մօտ երեք տարի է, որ լքել է Հայաստանը. մեկնել է Պելճիքա, ամուսնացել: Այնտեղ ապրում էր կեսրոջ ու ամուսնու հետ:

«Իմ գործի ուսումնասիրութիւնը երկու տարի տեւեց, բայց մերժեցին, երրորդ տարին էլ սեւով մնացի` մինչեւ օթոպիւսի մէջ բռնեցին», պատմում է նա:

Պելճիքայում անօրինական գաղթը կանխելու համար խիստ հսկողութիւն կայ սահմանուած: Յատկապէս փոխադրամիջոցների մէջ մշտապէս ստուգում են փաստաթղթերը, որի արդիւնքում էլ Արմինէին բռնել էին:

Արմինէն պատմում է, որ Հայաստանից գնալու համար յատուկ մարդիկ կան, որոնց վճարում են` իրենց համար «ճիշդ» պատճառաբանութիւններ յօրինելու համար:  «Օրինակ, կեսուրս մարտի 1-ի գործով է գնացել, գրում ես, որ քո երկրում քեզ հետ լաւ չեն վերաբերւում, անձնական խնդիրներ ունես: Յետոյ յանձնաժողով կայ, որն ուսումնասիրում է փաստաթղթերդ, որ հասկանայ` թոյլ տա՞յ քեզ ապրելու այդ երկրում, թէ՞ ոչ», ասում է նա:

Արմինէն ասել է, որ Պելճիքայում ազգական ունի, որտեղ կարող է ապրել, այդ պատճառով նրան ճամբար չեն ուղարկել, սակայն այն մարդկանց, ովքեր տուեալ երկրում ոչ ոք չունեն, հիմնականում ուղարկում են ճամբարներ: Պելճիքայում նրան ամսական վճարել են 200 տոլար:

Պետութեան կողմից կազմակերպուած ճամբարները մանրամասնօրէն նկարագրուած են Ճոն Սթայնպեքի «Ցասման ողկոյզներ» Նոպելեան մրցանակի արժանացած վէպում: Թէպէտ այնտեղ պատկերուած է ամերիկեան իրականութիւնը` 20-րդ դարի սկզբին, սակայն սկզբունքային առումով դրանք նոյնն են, միայն թէ վրաններին փոխարինում են փոքրիկ տնակները:

Ըստ Հայաստանում դեռեւս գործող աւանդոյթի, Արմինէին «կամ» էին տեսել մի երիտասարդի համար, ով ապրում էր «եւրոպաներ»-ում: Ապագայ ամուսնուն տեսել էր միայն նկարով ու համացանցով էլ շփուել էին: Երկար չէր մտածել ու ինքնաթիռի տոմսը` որպէս հարսանեկան նուէր գրպանում, ճանապարհուել էր դէպի իր համար հեռու-անյայտ «եւրոպաներ»-ը: Նրա բախտը բերել էր ու ամուսնու հետ լեզու էր գտել. իրար հաւանել էին ու ընտանեկան կեանքում ոչ մի խնդիր չկար:

«Բայց ընկերուհիս նոյն ձեւով Ֆրանսա էր պսակուել` 6 ամսից յետ եկաւ. մարդը թմրամոլ, հարբեցողի մէկն էր դուրս եկել, էդ բոլոր ծախսերն էլ ընկել էր խեղճի տնեցիների վրայ», ասում է նա:

Երբ Արմինէին մերժել էին կարգավիճակ տալ, նա յետ չէր վերադարձել, որովհետեւ, իր ասածի պէս` «սեւով» ապրել հնարաւոր էր: Նա պատմում էր. «Շատ տեղեր կան, որտեղ կարող ես առանց փաստաթղթի աշխատել` աման լուալ, տուն մաքրել եւ այլն, վատ էլ չեն վճարում` ամսական 1000 եւրօ, ու գործատուներին էլ է ձեռ տալիս, որովհետեւ մեր համար պետութեանը հարկ չեն վճարում»:

Եւրոպա ժամանած ներգաղթեալները այդ պետութիւնների պիւտճէի հաշուին տարիներով մնում են ճամբաներում եւ այլուր` մի կողմից լրացուցիչ բեռ լինելով  այդ երկրների համար, միւս կողմից` կորցնելով իրենց մասնագիտական հմտութիւնները, քանի որ չունենալով կարգավիճակ եւ չիմանալով լեզու` աշխատանք են գտնում միայն սեւագործ աշխատաշուկայում:

Արմինէն մասնագիտութեամբ դիմայարդար է, սակայն ամուսնուն օգնելու համար ժամանակ առ ժամանակ այնտեղ աման է լուանում ճաշարաններում եւ ոչ մի ցանկութիւն չունի Հայաստանում ապրելու եւ բացատրում է. «Որովհետեւ փողը կայ, աշխատանքը կայ, յարգանքն էլ` վրադիր, ո՞վ է մեզ էստեղ բանի տեղ դնում: Մնացողներին իմ կողմից կ՛ասէք` յաջող, պետութեանն էլ` որ իր քաղաքացուն մարդի տեղ դնի, այլ ոչ թէ` էշի»:

Համաձայն «ՀՌԿԿ-Հայաստան»-ի 2011թ. անցկացրած հարցումներին, հեռանալ ցանկացողների հիմնական պատճառաբանութիւնը երկրի քաղաքական համակարգի հանդէպ անվստահութիւնն է:

Արմինէին հանդիպեցի քաղաքի մարդաշատ վարսավիրանոցներից մէկում, որտեղ գտնուող մօտ 10 հոգուց 6-ը ճամպրուկային տրամադրութիւններով էին:

Պատկառելի արտաքինով մի միջին տարիքի կին պատմեց, որ 15 տարի առաջ մեկնել է Ս. Փեթերսպուրկ ու երկու տարին մէկ գալիս է Հայաստան` ազգականներին տեսութեան:

«Բայց Եւրոպա չեմ ուզում գնալ, որովհետեւ չեմ սիրում ողորմութիւն  խնդրել», ասում է նա:

Վարսաւիրի օգնական Միհրան Սայադեանը, որ Ս. Փեթերսպուրկից եկել էր «էժանով» վարսաւիրութիւն սովորելու, ասում էր, որ այնտեղ նրանց հեգնում են` ասելով. «Հայաստանում երեւի մենակ Սերժն ա մնացել»:

Նրան ընդմիջում է մէկ այլ յաճախորդ, ով շարունակաբար կրկնում էր` «երկիրս երկիր չի» ծեծուած խօսքը. «Գիւղում լոլիկ-սմբուկ ենք մշակում, որ մի կերպ ապրենք, բայց էտի ապրել չի, մի վարկը վերցնում ենք, որ միւսը փակենք. հարսանիքի վարկ, կնունքի ու պարարտանիւթի վարկ, ինչ վարկ ասես էլ չլսեցինք, բա սա երկի՞ր ա. մի հատ դրանց ասէք, թող գան` տեսնեն գիւղացին ոնց ա ապրում»:

Թէպէտ արտագաղթի ոլորտը կարգաւորելու եւ ներգաղթը խթանելու համար կառավարութիւնը 2012-2016թթ. համար ընդունել է հայեցակարգ եւ մշակել գործողութիւնների ծրագիր, այդուհանդերձ, Հայաստանից մեկնողների եւ չվերադարձողների թիւը, որ մի քանի տարի կանգ էր առել, վերջին տարիներին նորից սկսել է աճել:

2006թ. գաղթականութեան շարժը նոյնիսկ ունեցել է դրական սալտօ` 22 հազար մարդ եկել է Հայաստան: Այդուհանդերձ, 2009թ. սկսած գաղթականութեան շարժը երկրում սկսեց արձանագրել  բացասական սալտօ` կազմելով մօտ 25 հազար մարդ:  2013թ. յունուարի 1-ի տուեալներով, անցած տարուայ կտրուածքով Հայաստանից մեկնել են 2 միլիոն 230 հազար եւ ժամանել են 2 միլիոն 190 հազար մարդ, այսինքն Հայաստանը լքել են 42 հազար մարդ: Վերջին հինգ տարիներին Հայաստանից մշտապէս հեռացել են մօտ 140 հազար մարդ:

Մշակութային մարդաբան, ազգագրագէտ Աղասի Թադէոսեանը «Հետք»-ին ասում է, որ գաղթի բացասական կողմերից մէկը երեւոյթի ոչ թէ քանակական կողմն է, այլ` որակականը, քանի որ, երբ երկիրը լքում են որակեալ մշակութային դրամագլուխ ունեցող մարդիկ, ազգային մակարդակով խնդիր է առաջանում` հասարակական կեանք կազմակերպելու առումով:

«Օրինակ, լաւ մաթեմատիկոսների կամ ֆիզիկոսների մեծ արտահոսքի դէպքում խնդիրը նոյնիսկ համալսարանում դասաւանդողների քիչ քանակութիւնը չէ, այլ այն, որ որոշակի պահից յետոյ երկրի մշակութային դրամագլխի վերարտադրութիւնը ուժական ձեւով խզումներ է ունենում, այսինքն որակի հիմնական զանգուածի պահպանման հարց կայ, ու եթէ որեւէ տեղ դրա սահմանը գերազանցւում է, այդ հասարակութիւնները կորցնում են իրենց զարգացման հնարաւորութիւններն ու աւելի մեծ է լինում հաւանականութիւնը, որ նրանք կախման մէջ կը լինեն ուրիշ հասարակութիւններից», մեկնաբանում է նա:

Թադէոսեանը նշում է, որ արտագաղթը ունի նաեւ բազմաթիւ դրական կողմեր, մասնաւորապէս, երկկողմանի գաղթի դէպքում` մարդիկ այլ երկրում աշխատելուց եւ  վերադառնալուց յետոյ բերում են ձեռք բերած փորձառութիւնն ու մշակութային դրամագլուխը, որը կարելի է դիտարկել որպէս Հայաստանի մշակութային կեանքում դրամագլուխի ներդրում:

«Նրանք անձնական աճ են ունենում, իսկ ձեռք բերուած նոր որակները ներդրւում են ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլեւ առօրեայում, ասում է նա, որովհետեւ այդ նոյն մարդիկ դրսում ունենալով լայն բազմամշակութային շփումներ` փոխում են ոճի, հագուստի, սննդի եւ տարատեսակ այլ ոլորտների նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ Հայաստան գալով` դառնում մշակութային միջնորդներ»:

Ու թէպէտ վերադարձողները քիչ են, սակայն այդպիսիք կան: 16-ամեայ Անայիսը, որ ծնուել է Ֆրանսայում, «Հետք»-ին ասում է, որ չի ցանկանում ապրել այնտեղ: Նրա ծնողները երկիրը առաջինը լքողների շարքում են. մեկնել են մօտ 20 տարի առաջ, իսկ ինքը առաջին անգամ Հայաստան է եկել անցեալ տարի ու այնպէս է հաւանել, որ ծնողներին ստիպել է, որ միւս տարի իրեն ուղարկեն Հայաստան: Անայիսը այստեղ սովորում է տեղական քոլեճներից մէկում ու ապրում հօրեղբօր տանը: «Էնտեղ հազար ձեւի մարդիկ կան, ու ինձ դուր չի գալիս էնտեղի վարքն ու բարքը, ինձ էստեղ աւելի դուր եկաւ ու մնալու եմ», պատճառաբանում է Անայիսը:

Անայիսի հետ համաձայն է 22-ամեայ Մելինէն, որը Հայաստանը ութ տարի առաջ լքած նախկին ոստիկանի դուստր է: Նրա ծնողներն ապրում են Ս. Փեթերսպուրկում, որտեղ հայրը դարձել է գովազդային գործակալ, իսկ ինքն այստեղ ազգականներին տեսութեան գալով` սիրահարուել է ու պատրաստւում է ամուսնանալ:

«Ես էնտեղ իմ «ափսէում» ինձ չէի զգում, մերոնք չեն ուզում գալ, բայց ես ամուսնանում եմ ու կը մնամ այստեղ. փառք Աստծոյ, ամէն ինչ էլ ունեն», պատմում է նա: Նրա ամուսինը ձուկ է աճեցնում մօտակայ գիւղերից մէկում ու ապրուստի միջոցներից չեն դժգոհում:

Ներգաղթը խթանելու, ինչպէս նաեւ արտագաղթի ուղղութեամբ խորհրդատուական բնոյթի ծառայութիւններ մատուցելու համար այս տարուայ յունուարից կառավարութեան 4-ամեայ հայեցակարգի շրջանակներում մեկնարկել է ԵՄ «Աջակցութիւն շրջանակաձեւ գաղթին եւ վերահամարկմանը Հայաստանում» 3 տարի տեւողութեամբ եւ մէկ միլիոն եւրօ արժողութեամբ ծրագիրը, որն իրականացւում է չեխական «Փիփըլ ին Նիտ» կազմակերպութեան միջոցով:

Ըստ ծրագրի, Հայաստանի չորս` Արմաւիր, Սիւնիք, Վայոց Ձոր եւ Արարատ մարզերի Զբաղուածութեան պետական ծառայութիւն կենտրոններին կից բացուել են գաղթի կենտրոններ, որոնց նպատակն է Հայաստանից մեկնել ցանկացողներին իրազեկել իրենց իրաւունքների մասին, ինչպէս նաեւ վերադառնալու դէպքում` օգնել նրանց, որ վերահամարկուեն հասարակութեանը:

Արմաւիրի գաղթականութեան ծառայութեան ղեկավար Գագիկ Գաբրիէլեանը «Հետք»-ին ասում է, որ քաղաքացիներից շատերն իրենց դիտարկում են որպէս երկրից մեկնելուն օժանդակելու համար մարմին:

«Սակայն իմանալով, որ մեր ծառայութիւնները խորհրդատուական են, նրանց մօտ որոշակի հիասթափութիւն է առաջանում. այդուհանդերձ, ոմանք նաեւ օգտւում են մեր տրամադրած տեղեկութիւններից», ասում է նա:

Գաբրիէլեանն ասում է, որ նրանք մարդկանց օգնում են` այլ երկրի իրաւական դաշտի եւ իրենց իրաւունքների պաշտպանութեան մասին տեղեկատուական ու խորհրդակցական փաթեթ տրամադրելով:

«Որովհետեւ, եթէ մարդը որոշել է գնալ, գոնէ թող տեղեկացուած գնայ, սակայն նրանցից շատերն իրենց ծանօթների ու բարեկամների միջոցով արդէն նախնական տեղեկութիւններ ունեն տուեալ երկրի մասին», ասում է նա:

Գաբրիէլեանը նշում է, որ մինչ այժմ իրենց դիմել են մօտ 100 մարդ, իսկ կենտրոնի մասին տեղեկութիւններ տարածում են համայնքների ղեկավարների ու մարզպետարանի միջոցով:

«Հիմնականում մարդը, որը ինչ-ինչ պատճառներով վերադարձել է, մտածում է նորից մեկնելու ուղղութեամբ,- նշում է Գաբրիէլեանը,- բայց եթէ շատ է հիասթափուած լինում, նորից մտածում է` էստեղ արմատաւորուել»:

Գաղթի կենտրոնը դասընթացների եւ այլ միջոցներով վերադարձողներին օգնում է, որ աշխատանք գտնեն` ըստ իրենց նախասիրութիւնների: Կայ նաեւ պիզնըս բաղադրիչ, որի շրջանակներում վերադարձող քաղաքացուն տրամադրւում է 3000-5000 եւրօ դրամաշնորհ` փոքր պիզնըս սկսելու համար:

Հայաստանում ներգաղթի առիւծի բաժինն ընկնում է Ռուսաստանում իրականացուող աշխատանքային գաղթին, որը, Հայաստանի հետ ունենալով նոյն խորհրդային անցեալը, շատ զարգացած չէ եւ այնտեղից նոր որակի մշակութային դրամագլուխ չի գալիս:

«Բացի այդ` նրանք հիմնականում սեւագործ գաղթականներ են, ովքեր իրենց անձնական եւ առօրեայ կեանքում հնարաւորութիւն չեն ունենում աշխուժ շփումներ ունենալու այդ հասարակութիւնում, նրանցից շատերն ապրում են իրենց աշխատավայրում` գումարած ապօրինի պայմանները, ինչը չի նպաստում, որ իրենց ազատ ժամանակն իրացնեն հաղորդակցութեան լայն շրջապատում: Դա է պատճառը, որ Ռուսաստանից յետ եկած գաղթականները ոչ այնքան մշակութային ներդրում են ունենում Հայաստանում, որքան` ֆինանսական», ասում է Թադէոսեանը:

Թադէոսեանը նշում է, որ դա ոչ պակաս դրական դեր ունի, քանի որ ֆինանսական դրամագլխի մի մասը ներդրւում է երեխայի կրթական եւ ընտանիքի զարգացման վրայ: «Այս տիպի գաղթականների ընտանիքներում երեխաները աւելի մեծ հնարաւորութիւն ունեն մինչ համալսարանական եւ համալսարանական լաւ կրթութիւն ստանալու: Ի դէպ, հարցումների ժամանակ, նրանցից շատերն աշխատանքային գաղթի պատճառը համարել են երեխայի կրթութիւնը, ասելով, որ համալսարանն աւարտելուն պէս` մնալու են երկրում», ասում է նա:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների, 2035թ.ին Հայաստանի բնակչութիւնը կը կազմի 2.9 միլիոն մարդ:

 

 

Share this Article
CATEGORIES