«Արցախում Ապրում Է 140,000 Պահակ». Հարցազրոյց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանի Հետ
Հարցազրոյցը վարեց` ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԵԱՆ
1994-ին` զինադադար կնքելուց յետոյ, Արցախը կանգնեց կոշտ իրականութեան դէմ յանդիման: Երկրի խաղաղութիւնը խաթարուած էր` աւերուած ենթակառուցուածքներ, կաթուածահար համակարգեր, փլատակների վերածուած բնակավայրեր, ահռելի ընկերային բեռ:
Անցաւ ընդամէնը երկու տասնամեակ: Թւում է բաւարար ժամանակ է ամէն ինչ զրոյից սկսելու եւ մեծ յաջողութիւնների հասնելու: Յատկապէս, որ կը գտնուեն մարդիկ, ովքեր օրինակներ կը բերեն համաշխարհային փորձից` Ճափոն, Գերմանիա եւ այլն:
Սակայն անարդարացի կը գտնուենք, եթէ զուգահեռներ տանելու դէպքում, ուշադրութիւնից բաց թողնենք մի չափազանց կարեւոր հանգամանք` Արցախը առ այսօր գտնւում է շրջափակման մէջ: Հարաւից սահմանակցում է Իրանին, որի հետ անցուդարձ չկայ, քանի որ առ այսօր սահմանը չունի սարքաւորումներով յագեցած վերահսկողական եւ մաքսային զննման ժամանակակից անցակէտեր: Միւս հարեւանը, որի հետ Արցախը սահմանակցում է արեւելքից եւ հիւսիսից, թշնամի երկիրն է, հասկանալի պատճառով` փակ սահմաններով: Միակ կապը արտաքին աշխարհի հետ` Հայաստանն է: Ահա այս պայմաններում, նաեւ միջազգայնօրէն չճանաչուած կարգավիճակում, Արցախը ոչ միայն գոյատեւում է, այլ զգալի ձեռքբերումների մասին կարող է խօսել:
Մեր զրուցակիցը Արցախի Հանրապետութեան փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանն է:
ՀԱՐՑՈՒՄ.- Իսկապէս, իրավիճակը վատթարագոյնն էր բոլոր առումներով: Բացի պատերազմի տուած վնասներից, տեղի են ունեցել մի շարք գործընթացներ, որոնք խոչընդոտել են տնտեսութեան կայացմանը` խօսքս մենատնտեսութեան մասին է: Հողերի սեփականաշնորհումն էլ իրականացուել է ոչ կատարեալ սկզբունքներով, որի արդիւնքում, երկար տարիներ, հողերը մնացին անմշակ, իսկ վերամշակման արտադրութիւնը կանգնեց: Մինչեւ 2007 թուականը իրականում տնտեսութեան մէջ աճ կար, բայց դանդաղ: Կը նշէ՛ք տնտեսութեան գերակայ ճիւղերը, որոնց վրայ այսօր սեւեռուած է կառավարութեան ուշադրութիւնը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Գիւղատնտեսութիւն, հանքարդիւնաբերութիւն, ելեկտրականութեան արտադրութիւն եւ զբօսաշրջութիւն:
Հ.- Ի՞նչ է այն շրջադարձը, որից յետոյ իշխանութիւններին բաւարարում է տնտեսութեան արձանագրած յառաջընթացը:
Պ.- Արդէն նշուած գերակայ ճիւղերում կառավարութիւնը նոր ռազմավարական ծրագրեր մշակեց, որոնք յաջողուեցին:
Մասնաւորապէս գիւղատնտեսութեան ոլորտում, հողամշակին մենակ չթողնելու համար, ստեղծուեց հիմնադրամ` «Գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան»:
Այս հիմնադրամի հիմնական նպատակներն են` ստեղծել մեքենաթրաքթորային կայաններ, քանի որ բոլոր գիւղերում հրատապ էր գիւղտեխնիկայի խնդիրը, ստեղծել փորձարարական տնտեսութիւններ, նպաստել նոր միջավայրի ձեւաւորմանը, ինչպէս նաեւ հողամշակման վարկերի տրամադրում: Արդիւնքում, գիւղատնտեսութեան ճիւղը հետաքրքրական դարձաւ մեր բնակչութեան համար:
Հ.- Արցախը, չնայած փոքրիկ տարածք ունի, սակայն, գիւղատնտեսական առումով բաւականին հարուստ նկարագիր ունի: Ո՞ր մասն է մշակութեան ենթական:
Պ.- Այսօրուայ դրութեամբ ունենք 64,000 գիւղատնտեսութեան յարմար տարածքներ, որի մեծ մասը պետական ֆոնտի հողեր են: Ընդարձակ հողատարածքներ ունենք Արաքսի ափին, դա հարաւային Քաշաթաղն է, Մարտակերտի շրջանում եւ Տիգրանակերտում:
Մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի հողը դառնայ գլխաւոր ներդրումների առումով հետաքրքիր միջավայր:
Վերջերս, Հայաստանից հրաւիրել ենք «Գիւղատնտես» ընկերութիւնը, որն ունի 90 հողամշակման յարմար գիւղատնտեսութեան գործիքներ եւ պատրաստ է ծառայութիւններ մատուցել հողօգտագործողին:
Հ.- Կարելի է համարել, որ վերամշակող արդիւնաբերութիւնը նոյնպէս հեռանկարային ճիւղ է Արցախում:
Պ.- Միանշանակ: Այսօր կայացած կարող ենք համարել խաղողի վերամշակման հարցը: Պէտք է խոստովանենք, որ խորհրդային տարիներին Արցախը յայտնի էր խաղողագործութեամբ: Իրադարձութիւնների հետ կապուած եւ ժամանակի ընթացքում բոլոր այգիները ոչնչացուել են: Մեզ յաջողուել է որոշակիօրէն վերականգնել այս ճիւղը, սակայն դեռ անելիքները շատ են: Մենք նպատակ ունենք խաղողագործութեանը վերադարձնել նախկին հռչակը: Այսօրուայ դրութեամբ ամբողջ բերքը վերամշակւում է Արցախի տարբեր գործարաններում:
Հ.- Արցախում նոր ձգտում է նկատւում: Համատարած սկսել են նռան այգիներ տնկել: Սա եւս կառավարութեան ծրագրերի՞ց է, թէ անհատական նախաձեռնութիւն է:
Պ.- Նուռը շատ քիչ հորիզոնականներում է աճում: Բարեբախտաբար, մեր երկրի կլիման նպաստաւոր է այս մրգի աճեցման համար:
Հնարաւորութեան դէպքում, համոզուած եմ, բոլորն էլ կը տնկէին նռան այգիներ: Խնդիրն այն է, որ մէկ հեկտար նռան այգի տնկելու համար պահանջւում է 10,000 ամերիկեան տոլար: Առաջին բերքը տալիս է միայն երեք տարի յետոյ:
Մենք արդէն պայմանաւորուածութիւններ ունենք իւրացման հետ կապուած: Իսկ նռան վերամշակման գործում բոլոր նախաձեռնութիւնները խրախուսում ենք:
Հ.- 2013 թուականը Արցախում նշանաւորուեց մոռացուած լաւագոյն աւանդոյթի վերակենդանութեամբ: Խօսքս գորգագործութեան մասին է, որը բոլոր ժամանակներում իր ուրոյն տեղն է զբաղեցրել արցախցու կենցաղում: Արդեօք գորգագործութեան արհեստանոցի բացումը մշակութային արժէքների պահպանման նպատակո՞վ է, թէ սա եւս տնտեսութեան հեռահար նպատակներից է:
Պ.- Ոչ միայն գորգագործութիւն, այլ մենք սկիզբ ենք դրել թեթեւ արդիւնաբերութեան: Սա կարեւոր ուղղութիւն է տնտեսութեան մէջ, ամէնից առաջ այն առումով, որ ստեղծում ենք աշխատատեղեր կանանց համար: Արտադրամասը տեղակայուել է նախկին «Ղարմետաքսկոմբինատ»-ի տարածքում, որտեղ ունենք 15,000 քառ. մեթր տարածք: Նպատակ ունենք այստեղ ձեւաւորել առեւտուրի միջավայր: Մենք տարածքը կը պատրաստենք ու գործարարներին կ՛առաջարկենք, որպէսզի նրանք ներդրումներ կատարեն արհեստագիտութիւնների մէջ:
Հ.- Արցախում աննախադէպ ծրագիր, որ մեկնարկեց մի քանի տարի առաջ, ջրելեկտրակայանների կառուցման ծրագիրն էր: Արդիւնքները ինչպիսի՞ն են:
Պ.- Մինչեւ 2007 թ. Արցախում արտադրւում էր ժամական ընդամէնը 100 միլիոն քիլովաթ ելեկտրականութիւն: Այսօր արդէն մեր սեփական արտադրանքը հասնում է մեր պահանջարկին: Արտադրում ենք 220 միլիոն քիլովաթ ելեկտրականութիւն, սպառում ենք` 240 միլիոն քիլովաթ ելեկտրականութիւն: Պէտք է նշել նաեւ, որ տարեկան արձանագրւում է 7 տոկոս սպառման աճ:
Ջրելեկտրակայանների կառուցումը շարունակական ծրագիր է: Մենք հնարաւորութիւն ունենք արտադրելու մինչեւ 800 միլիոն քիլովաթ/ժամ ելեկտրականութիւն:
Հ.- Ասում են` ով մէկ անգամ լինում է Արցախում, անպայման նորից վերադառնում է: Ի՞նչ էք կարծում, մենք ունե՞նք նախադրեալներ զբօսաշրջութիւնը զարգացնելու համար:
Պ.- Այս ոլորտում հիմնական ուղղութիւնը կը լինի` բնազբօսաշրջութիւնը: Սա նորութիւն է, որովհետեւ, նախկինում ենթակառոյցների բացակայութիւնը հնարաւորութիւն չէր տալիս այն խթանելու: Իսկ որ պէտք է զբօսաշրջութեանը առանձնայատուկ ուշադրութիւն դարձնել, դրա մասին խօսում են թուերը: Եթէ 2011 թուականին մեզ այցելել են 5000 զբօսաշրջիկ, ապա 2012-ին նրանց թիւը հասել է 15,000-ի: Արցախն ունի գրաւիչ, պատմամշակութային վայրեր ու յուշարձաններ, ինչը լաւ նախադրեալ է զբօսաշրջութեան զարգացման համար: Ուզում եմ նաեւ աւելացնել, որ այս տարի կը մեկնարկի Մարտակերտ Վարդենիս ճանապարհի կառուցումը: Սա եւս զգալի տեղաշարժ կը բերի Արցախի տնտեսութեան մէջ, մասնաւորապէս, զբօսաշրջութեան առումով:
Հ.- Դուք նշում էք, որ Արցախի տնտեսութեան տարբեր ճիւղերում ներդրումները հեռանկարային են ու շահաւէտ: Միւս կողմից` Ազրպէյճանի նախայարձակ քաղաքականութիւնը, պատերազմ վերսկսելու կոչերը կասկածներ են առաջացնում ներդրողների մօտ:
Պ.- Ես հիմա յայտարարում եմ, որ յառաջիկայ 50 տարին Ազրպէյճանը միայն խօսելու է, ոչ մի գործողութեան չի գնալու: Իսկ մենք, պարզապէս, պիտի հասկանանք, որ յաղթող երկիր ենք, պէտք է վայելենք այդ յաղթանակը` հզօրացնելով մեր երկիրը:
Աստուածաշնչում գրուած է` մեծացրու զաւակիդ բարերար հողի վրայ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ փնտռտուքների մէջ են, պարզապէս վեր կենան ու գան Արցախ: Իսկ մնացածներին խորհուրդ եմ տալիս, ապրել, արարել, բայց ուշադրութիւնը դէպի Արցախ պահել:
Հ.- Այստեղ տեղին կը լինի անդրադառնալ վերաբնակեցման խնդրին:
Պ.- Արցախի պիւտճէն ի վիճակի չէ մեծ գումարներ յատկացնել այս խնդրին: Մենք ունենք հազարաւոր չլուծուած ընկերային խնդիրներ, հաշմանդամներ, զոհուած ազատամարտիկների ընտանիքներ, դեռեւս չվերականգնուած ենթակառուցուածքներ:
Այս տարի առաջին անգամ նախաձեռնել ենք ազգային պետական վիճակախաղ` «Շահում ես դու, շահում է երկիրը»:
Այս վիճակախաղից ստացուած եկամուտները կ՛ուղղուեն վերաբնակեցման ծրագրին եւ աշխատատեղեր ստեղծելուն, յատկապէս թեթեւ արդիւնաբերութիւնում:
Փառք Աստծոյ, ըմբռնումով են մօտեցել այս վիճակախաղին եւ արդիւնքներից գոհ ենք:
Սա կը լինի շարունակական: Բացի դրանից, մտադիր ենք, տարուայ ընթացքում մի քանի նման վիճակախաղ կազմակերպել:
Սա ընդամէնը մի ձեւ է, հայութեան ուժերը սեւեռելու Արցախի ազատ տարածքների վերակենդանացման համար: Ես ստիպուած եմ խոստովանել, որ Արցախում ապրում է 140,000 «պահակ», ովքեր հնարաւորութիւն են տալիս բոլոր հայերին հպարտ քայլելու:
Սատարէք հայրենիքի պահապաններին:


1994-ին` զինադադար կնքելուց յետոյ, Արցախը կանգնեց կոշտ իրականութեան դէմ յանդիման: Երկրի խաղաղութիւնը խաթարուած էր` աւերուած ենթակառուցուածքներ, կաթուածահար համակարգեր, փլատակների վերածուած բնակավայրեր, ահռելի ընկերային բեռ: